01/08/2020

7 օր առաջնագծում. ԱՀ ՊՆ

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1700 կրակոց:
     ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/07/2020

Բանակը կյանքի կարևոր օղակներից է, ու այն պիտի կոփի ինձ. «Զինվորից 5 պակաս»


«Զինվորից 5 պակաս» շարքը մոտենում է ավարտին: Վերջին զինակոչիկը Banak.info կայքի լրագրող Սիմոն Հովհաննիսյանն է:
Ապագա զինվորը մի քիչ շատախոս է, բայց մտերիմներն ասում են, որ հետաքրքիր զրուցակից է. «Շփվող եմ, մի քիչ բարի, վերլուծում եմ գրեթե ամեն ինչ ու փորձում եմ ամեն ինչին նայել երկու կողմից։ Ես սիրում եմ ստեղծագործել, շփվել ընկերներիս հետ, նկարներ խմբագրել հեռախոսով և այլն»,- ասում է Սիմոնն ու հավելում, որ նաև ինքնավստահ ու բծախնդիր է:

Ծառայության դժվարությունների մասին շատ է մտածել, բայց հաշվի առնելով ծառայության առավելություններն ու այն՝ ինչ տալու է իրեն ծառայությունը, երբևէ չի  մտածել խուսափելու մասին. «Հաշվի առնելով ծառայության կարևորությունը տղայի կյանքում, գիտակցված ու հոգեբանորեն պատրաստվելով՝ անցկացնում եմ նախազինվորական օրերս»։ 
Սիմոնի կարծիքով կարևորը կոփվելն ու հայրենիքին ծառայելն է, իսկ թե որտեղ, արդեն էական չէ։ Հայկական բանակում տեղի ունեցող փափոխություններին զորակոչիկը հետևում է լրատվամիջոցների օգնությամբ. «Բացի այդ սնունդի, հագուստի և այլնի մասին փոփոխությունները տեսել եմ, իսկ մնացածի մասին կգնամ, անձամբ կտեսնեմ ու կհամեմատեմ լսածս՝ տեսածիս հետ»։  
Սիմոնի ընտանիքի անդամներն իր նման են մտածում. «Բանակը կյանքի կարևոր օղակներից է ու այն պիտի կոփի ինձ։ Գուցե ներքուստ տանը նեղվում են, բայց ցույց չեն տալիս»,- պատմում է ապագա զինվորն ու մյուս զորակոչիկներին մաղթում՝ լինեն վստահ, անկոտրում և ազնիվ. «Պետք է գիտակցել բանակի կարևորությունը»։ 

Բլից հարցում.

1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
- Զոռով կուտեմ:

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
- Կսպասեմ հնարավորության, կամ կփորձեմ ինքս ստեղծել այն:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Կծառայեի։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
- Կփորձեմ հնարավորինս ընկերական տոնով դիմել հենց իրեն` սերժանտին։

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Չեմ մտածել այդ մասին, երևի կուրախանամ ու կփորձեմ հնարավորինս լավ սերժանտ լինել զինվորների համար:

6․ Եթե փախուստի հնարավորություն ունենաս…
- Ցանկություն հաստատ չեմ ունենա։

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
- Ինձ նորմալ կպահեմ, հարկ եղած դեպքում կշփվեմ:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կուրախանամ:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
- Հիմա մտածում եմ, որ գուցե շատ ուրախ լինեմ, բայց հնարավոր է կապվածության հետևանքով նաև շատ տխրեմ:

                                                                               
Իննա Թումանյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը հանուն Տավուշի սահմանապահ 8 գյուղերի


 «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը համատեղ իրականացնում են բարեգործական ծրագիր՝ նախատեսված Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի խաղաղ բնակչությանը ապաստարաններում  անհրաժեշտ իրերով ապահովելուն:  

«Ադրբեջանական կողմը առաջին և վստահաբար վերջին անգամը չէ, որ թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այդ պատճառով մեր հերթական ծրագիրն ուղղված է խաղաղ բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։

 Մասնավորապես Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չորաթան, Արծվաբերդ,  Բերդ և Տավուշ համայնքների ռմբապաստարանների վերակահավորման ծրագրի գնումների ընդհանուր բյուջեն կազմել է 606.000 դրամ, որից 441.071դրամ հանգանակել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և 180.000 դրամ հատկացրել է «Նեյտրոն» ԳԱՄ-ը։

«Մենք մշտապես թարմացնում և համալրում ենք ապաստարաններն անհրաժեշտ իրերով, սակայն մարտական գործողությունները ցույց տվեցին, որ կան որոշակի կարիքներ։ Շարունակելով կարիքների գնահատումը այս պահին կարելի է ասել առաջնային էր լույսի խնդիրը և նաև առաջին բուժօգնության պարագաները։ Ուստի ստացած օգնությունը կարևոր էր, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում»,- նշեց Տավուշի մարզի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։
Գնված պարագաներն այսօր արդեն Տավուշում են, իսկ հատկացումներն ըստ անհրաժեշտության կկատարեն պատկան մարմինները։

Լուսանկարները՝ ստորև։


Լիանա Բրյան







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտավարական զորավարժություն 5-րդ զորամիավորումում


5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձությամբ մարտավարական զորավարժություն: 
Բարդ ռելիեֆային տեղանքում անցկացված զորավարժության ընթացքում ստուգվել են վաշտի մարտական պատրաստականությունն ու մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների համակարգված և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են հաստիքային զենքերից մարտական խնդիրների կատարման հմտությունները։ 







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Տոնոյանն անցել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի


«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ: 

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի». Դավիթ Տոնոյան


Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել  է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացելով սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին,  անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը: Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առնչությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ


Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջացկությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին:
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» միջոցառմանն օժանդակել և հանգանակություններ են կատարել մի շարք անհատներ եւ կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Որպես հանգանակություն ստացված 50.000 հատ բազմակի օգտագործման եռաշերտ և հնգաշերտ պաշտպանիչ դիմակները հուլիսի 30-ին հատկացվել են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը:
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններով իրենք նպատակ ունեն օժանդակել զինված ուժերում վարակի տարածման կանխարգելմանը:
Ավելի վաղ հիմնադրամը զինված ուժերին նվիրաբերել է կորոնավիրուսի ախտորոշման հազարավոր թեստեր և նմուշառման պարագաներ:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ԶՈւ զորքերում անցկացվում են հանկարծակի ստուգումներ


«ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`