14/02/2019

Հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ

Գործնական, ցուցադրական և ստուգողական դասընթացների միջոցով հրետանային ստորաբաժանումների, ջոկերի հաշվարկների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ու վարպետությունը ամրապնդելու և համատեղ խնդիրներ լուծելու կարողությունների զարգացման նպատակով ՊՆ 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում` զորամասի հրետանու պետի անմիջական հսկողությամբ շարունակվում է գումարտակների հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստության գործընթացը:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/02/2019

Շարունակվում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 13-ին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ կիպրական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համագործակցության հետագա ձևաչափը:

























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` ինչ է իր բուն նպատակը. հայոց պետականության կործանումն է. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարությունների մասին

Tert.am կայքը գրում է.
Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` ինչ է իր բուն նպատակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Ադրբեջանի բուն նպատակը չի փոխվել, դա հայոց պետականության` և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության կործանումն է: Սրա մասին Ադրբեջանը միշտ խոսում է, ավելին` մեղադրում է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ: Սակայն իր այդ հայտարարություններով հենց ինքն է խոչընդոտում բանակցային գործընթացին: Բայց Ադրբեջանն այսպիսին է, մենք միշտ պետք է հասկանանք ու չմոռանանք, թե ում հետ գործ ունենք: Չպետք է ակնկալել Ադրբեջանից դիրքորոշման փոփոխություն կամ ակնկալել, որ նա ինչ-որ կառուցողական քայլեր է կատարելու, հնարավոր չէ»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի «գրավման» հետ: Այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը. «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»»,-ասել էր Ալիևը։
Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանի այս վարքագիծն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմք ունի իր մեջ: «Ադրբեջանը բազմազգ երկիր է և անելու է ամեն ինչ, որպեսզի չճանաչի Արցախը: Ուշ թե շուտ ճանաչելու է, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի դա հետաձգվի, որովհետև բազմազգ է: Եթե Արցախը ճանաչի, այլ ազգեր նույնպես կարող են անկախության ձգտման իրենց քայլերը գործնական դարձնել: Ադրբեջանի համար նույնիսկ շատ ավելի վտանգավոր է Արցախի ինքնավարությունը ճանաչել, քան անկախությունը: Իհարկե, մեզ համար անընդունելի է ինքնավարության ճանաչումը, բայց այդ ինքնավարությունն ավելի վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև այլ ժողովուրդներ նույնպես ինքնավարություն կուզեն, ինչը կնշանակի, որ Ադրբեջանն իրոք արհեստական է, իսկ փոքրամասնություններին ներկայացնում են որպես ադրբեջանցի»,- պարզաբանեց նա:
Նա նշեց, որ Ադրբեջանի համար կա երկու տարբերակ` փորձել ոչնչացնել մեր պետականությունը կամ պարզապես սսկվել: «Որպեսզի Ադրբեջանը չկարողանա կործանել մեր պետականությունը, դրա բանաձևը պարզ է` միշտ պետք է ունենանք ուժեղ բանակ, ներհայկական միասնականության բարձր մակարդակ և միշտ պետք է վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն` խորացնելով, ամրապնդելով մեր ավանդական բարեկամների ընկերների դաշնակիցների հետ կապերը, ինչպես նաև զարգացնելով մեր հարաբերություններն այլ երկրների հետ: Սա է բանաձևը՝ ինչպես անել, որպեսզի Ադրբեջանի երազանքներն այդպես էլ մնան երազանքներ»,- շեշտեց նա։
Միևնույն ժամանակ Բաբայանն ընդգծեց, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված անկախ իշխանափոխությունից նույն կարևորագույն գաղափարները պահպանվել են: «Կառավարության, Ազգային ժողովի և այլ փոփոխությունները ժողովրդավարական գործընթացներ են, որոնք կան ու պիտի լինեն թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում,  բայց կան գաղափարներ, որոնք անփոփոխ են, և որոնց փոփոխությունը և ոչ ճիշտ ձևով փոփոխությունը կարող է լինել ճակատագրական:
Այդ խնդիրների շարքին է դասվում նաև Արցախի հիմնախնդիրը: Այս առումով մենք չենք տեսնում որևէ վտանգավոր փոփոխություն: Պաշտոնական Երևանը շարունակում է համարել Արցախը, Արցախյան հիմնախնդիրը որպես հայոց պետականության համար կարևորագույն հարց, կողմնակից է խաղաղ կարգավորման և անպայման Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին լիիրավ ձևով: Հետևաբար, կան գաղափարներ, որոնք պետք է լինեն անփոփոխ, բարեբախտաբար, Արցախի հիմնախնդրի հարցով որևէ լուրջ նեգատիվ բացասական զարգացում չկա, լինի դա Արցախում, թե ՀՀ-ում»,- եզրափակեց նա:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հանդիպում ՊՆ-ում

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Պիեռ-Էմանուել Դյուքրուեն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:
Բանակի հրամանատարն էլ նշել է, որ դեռևս բանակի շտաբի պետ եղած ժամանակներից քաջածանոթ է ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում կազմակերպության առաքելությանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/02/2019

Մահացել է Ֆրունզիկ Թամազյանը

Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախյան շարժումից մինչև ազատագրված Վաղուհաս

 1988 թվականի փետրվարի 12-ին հիմք դրվեց  արցախյան ազատագրական պայքարին։ Առաջին հանրահավաքը տեղի ունեցավ Հադրութ քաղաքում, որտեղ ժողովուրդը միաբերան գոչում էր «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի- ա- ցում». Արցախը մայր հայրենիքին միավորելու պահանջ էր դա։

Կարճ ժամկետում հանրահավաքների ալիքը շրջաններից հասավ մայրաքաղաք Ստեփանակերտ: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլք: Կոմիտեն հետագայում վերափոխվեց «Ղարաբաղ» կոմիտեի:
Շրջանից շարժման առաջամարտիկներից էին Վիգեն Շիրինյանը, Ներսես Օհանջանյանը, Ռուդիկ Հյուսնունցը, Ժորա Առաքելյանը, Արամայիս Բեկնազարյանը, Նաիրա Առստամյանը, Վագիֆ Գալստյանը եւ այլք: 

 1993 թվականի փետրվարի 12-ին արցախյան  ինքնապաշտպանական  ուժերը  ազատագրեցին Մարտակերտի  Վաղուհաս գյուղը և  մոտեցան Սարսանգի ջրամբարին, լիակատար վերահսկողություն հաստատեցին Քելբաջար-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի նկատմամբ: Հայկական կողմի 7 զոհի դիմաց ադրբեջանցիներն ունեին 100 սպանված:

 Վաղուհասը գտնվում է  ԱՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին։ Տարածքը՝ 1483 հեկտար։
Գյուղում պահպանվել է Վաղուհասի վանքը (12-րդ դար), շրջակայքում են Կարմիր վանքի (13-րդ դար), Հին Վաղուհաս բնակավայրի, Մայրաքաղաք կամ Տիրամայր եկեղեցական հուշահամալիրների (12-13-րդ դդ.) ավերակները։




Արմինե Պողոսյան
լուսանկարները՝ Վազգեն Միքայելյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ժամկետային զինծառայողը իրեն ամրացված զենքից կրակահերթ է արձակել սպայի ուղղությամբ, ով վերջինս մահացել է. ՔԿ

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել». Դավիթ Տոնոյան

Այսօր Կիպրոսի ՊՆ նախարարի և ՀՀ ՊՆ նախարարի մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ  Տոնոյանը Նոր տարվա գիշերը Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը թաքցնելու մասին  լրագրողների հարցին ի պատասխան ասաց՝ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել եւ դա չի արել տարիներ շարունակ:

«Այժմ ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված: Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»:
Ինչպես նշում է  Տոնոյանը,  լրագրողները  տեղեկատվություններ ստանում են տարբեր գերատեսչություններից, այդ թվում Պաշտպանության նախարարությունից, սակայն ավելացնում.

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»:
Հիշեցնենք նաև, որ տվյալ դեպքի մասին  չէր տեղեկացվել: Լրագրողների՝ ՊՆ-ին հարցման արդյունքում է հաստատվել տեղեկությունը:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով: 

Մերի Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`