07/02/2019

«Մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտահոգիչ են».Տիգրան Աբրահամյան

Irates.am կայքը գրում է.
Ղարաբաղյան բանակցությունները շարունակում են քաղաքական օրակարգի բուռն քննարկումների թեմա մնալ։ Ընդդիմադիր ճամբարից հնչում են մտահոգություններ, իշխանությունն էլ հայտարարում է, թե անհանգստության պատճառ չկա։ Սակայն առնվազն տարօրինակ են հարցի շուրջ միջազգային հանրության շտապողականությունը և Ադրբեջանի պահվածքը։ Սահմանում լարվածությունը թուլացել է, բայց սա ամենևին չի նշանակում, թե Ալիևն իսկապես քաղաքակիրթ դարձավ ու հետ կանգնեց իր նպատակներից. ուրեմն ինչի՞ ակնկալիք ունի նա, կամ ի՞նչ են խոստացել նրան։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը չի պատասխանի փոխզիջումներին առնչվող հարցին, քանի դեռ այդ մասին իր դիրքորոշումը չի հայտնել Ադրբեջանը։ Սակայն այստեղ մի «բայց» կա. տարիներ շարունակ Ադրբեջանն ունեցել է հստակ դիրքորոշում՝ վերադարձնել, այսպես ասած, գրավյալ տարածքները։ Հայաստանի նախկին իշխանությունները հակադրվել են ու հարցը թողել ՄԽ համանախագահներին, որոնց քաղաքականությունն անպտուղ էր, ապացույցը` 2016-ի քառօրյա պատերազմը։
Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե իրենք նախկիններից տարբեր քաղաքականություն են վարում ղարաբաղյան հարցում, սակայն հստակ չէ` եթե փոխզիջումների հարցը տեղափոխում ենք Ադրբեջանի դաշտ, ո՞րն է մեր մարտավարությունը, կարգավորման մեր օրակարգը, սպասել, թե ի՞նչ կպատասխանի Ադրբեջանը։ Սրան զուգահեռ, Արցախում տրամադրություններ են փոխվել, բանակցություններից դժգոհություններ կան, որոնց առնչությամբ էլ մի քանի հարց ուղղեցինք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ։

-Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության շուրջ ինտենսիվ հանդիպումները տարաբնույթ քննարկումների դաշտ են բացել, հաճախ է հիշատակվում տարածքների վերադարձի թեզը, այն է՝ խաղաղություն՝ տարածքների դիմաց։ Այս առնչությամբ ի՞նչ տրամադրություններ են Արցախում։ 
-Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքը չի կարող սակարկման առարկա լինել: Այդ հարցը քննարկման դնելը առաջին հերթին վիրավորում է Արցախում ապրող և սեփական արյունով իր հայրենիքի ազատագրմանը հասած մարդուն: Ես չգիտեմ, թե ինչ նպատակով է անընդհատ թարմ պահվում այդ թեզը, սակայն դա մեզ համար քննարկման ենթակա չէ: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ակտիվ քննարկումներին, ապա տևական ժամանակ գրեթե քննարկում չի եղել, և միջնորդները փորձում են կողմերին բանակցությունների դաշտ բերել։

-Պարոն Աբրահամյան, Դուք զինվորների հետ մշտական կապի մեջ եք, բանակում ի՞նչ են մտածում այսօրվա բանակցային գործընթացի մասին, և ինչպե՞ս է դա անդրադառնում զինվորների, սպայական կազմի տրամադրությունների վրա։ 
-Քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող որևէ ձևով չանդրադառնալ սահմանին կանգնած զինծառայողի վրա: Սակայն մեր զինված ուժերի վրա անչափ կարևոր առաքելություն է դրված, և մեր սպաների ու զինվորների ուշադրությունն այդ ուղղությամբ է կենտրոնացած:

-Արցախի ղեկավարությանը Հայաստանի վարչապետը կամ արտգործնախարարը տեղեկացրե՞լ են, թե ինչ են քննարկել ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։ Կա՞ որոշակի լարվածություն, չհասկացվածություն երկու հայկական պետությունների ղեկավարների միջև։ 
-Արցախն այս փուլում անուղղակի է ներգրավված գործընթացում և տրամաբանական է, որ պետք է մանրամասն տեղեկացվի անցկացվող հանդիպումների մասին: Դրանք անընդհատ գտնվում են Արցախի և Հայաստանի խորհրդակցությունների դաշտում:

-Այսօր միջազգային հանրությունը կոչ է անում պատրաստվել խաղաղության, դրան զուգահեռ սահմանում լարվածությունը համեմատաբար նվազել է. այս թվացյալ հանգստությունը մտահոգիչ չէ՞։ 
-Ոչ թե թվացյալ հանգստությունն է մտահոգիչ, այլ մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները: Միջնորդ երկրների խնդիրն է՝ իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, ինչը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն կապահովի:

-Այսօր Արցախի իշխանությունը, արցախցին ի՞նչ ակնկալիք ունեն Հայաստանի իշխանություններից՝ հակամարտության լուծման հարցում։
-Գերխնդիրը Արցախի բանակցային կողմ լինելն է, և Հայաստանն այս առումով ամենաշահագրգիռ կողմն է: Այս հարցի կարևորությունը, կարծում եմ, գիտակցում են նաև միջնորդները, այլ բան է, որ դա Ադրբեջանի համար «կյանքի ու մահվան» հարց է:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Էդպիսի մարդ չկա, որ գա պարտադրի բոլորին՝ հողեր հանձնել. Դավիթ Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի հետ հայտնի հանդիպման մասին

News.am կայքը գրում է.
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երբեւէ տարածքային զիջումների պարտադրանք չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջերս Արցապի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե 2016 թվականին Սերժ Սարգսյանը Արցախի վերնախավին հավաքել եւ խոսել է տարածքային զիջումների մասին, իսկ վերնախավը որեւէ կերպ չի ընդդիմացել նրան:

Նրա խոսքով, այն, որ Արցախի հետ կապված խնդիրները, առավել եւս տարածքների, սահմանների կարգավիճակի հետ կապված, գտնվում են քննարկումների կիզակետում սա շատ կարեւոր եւ ողջունելի է, որովհետեւ այդ թեմաները իրոք մեր պետականության համար, թե ՀՀ, թե Արցախի համար շատ կարեւոր են:
«Նման զարգացումները ընդհանրապես միշտ ուշադրության կենտրոնում պահելը շատ կարեւոր է: Կարեւոր է, որ արտահայտվի այնպիսի կարծիք, որ անընդունելի են միակողմանի զիջումներ: Այսինքն զուտ այդ տեսանկյունից, գաղափարախոսական եւ հիմնական մեսիջների տեսանկյունից ողջունելի է ցանկացած այսպիսի հայտարարություն: Նույնիսկ եթե այդ հայտարարությունները չեն համապատասխանում բուն էությանը, բայց այն, որ այդ հարցերը արծարծվում են եւ արծարծվում են տարբեր մարդկանց կողմից, քաղաքական գործիչների, պատերազմի վետերանների, ռազմական գործիչների եւ այլն, շատ կարեւոր է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, Հայաստանի երրորդ նախագահի մասնակցությամբ քննարկումների վերաբերյալ արդեն համապատասխան մարդիկ խոսել են եւ ասել են իրենց կարծիքը. «Բոլորը միաձայն ասում էին, որ նման առաջարկ չի եղել: Ես եղել եմ մի այդպիսի հանդիպմանը, նման առաջարկ չի եղել: Եթե չի եղել, պիտի ասենք չի եղել, եթե եղել է, պիտի ասենք՝ եղել է: Դրան գումարած՝ էսպիսի մի գաղափար կա. սահմանների եւ կարգավիճակի առումով չի կարող լինել վերադարձ անցյալին, դա անհնարին է, որովհետեւ ժամանակին բոլոր մեխանիզմները գործարկվել են, որպեսզի խաղաղ կարգավորում լինի այդ հակամարտությանը, չի ստացվել:

Ժամանակին Արցախը որեւէ սահմանային փոփոխություն չի ակնկալել: Հիշում եք 88 թվականին, երբ որ սկսվել է շարժումը, այնուհետեւ Ադրբեջանի ագրեսիան, պատերազմը բերել են նրան, որ ստիպված տեղի է ունեցել սահմանների փոփոխություն: Սա պատերազմի արդյունք է: Հիմա խոսել հետեւանքների վերացման մասին՝  առանց պատճառների հետ փոխկապակցելու, դա ճիշտ չէ: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլեւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Չի լինելու վերադարձ, լինի դա սահմանների կամ կարգավիճակի առումով: Արցախը երբեւիցե չի լինելու Ադրբեջանի մաս եւ երբեւիցե մեր սահմանները չպետք է լինեն այնպիսին, որ մեզ համար վտանգ ներկայացնեն»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ դրա մասին մշտապես բարձրաձայնել են:

«Սա համազգային խնդիր է, նաեւ բոլորիս համար անձնական հարց է, որովհետեւ մեր երեխաների, մեր ապագան է: Եվ հետո, էնպիսի մարդ չկա, որ գա, իրեն մարգարեի, Աստծո տեղ դրած՝ պարտադրի բոլորին, որպեսզի հողեր հանձնվի կամ այլ քայլ կատարվի: Չկա այդպիսի անձնավորություն, չի էլ լինելու, բարեբախտաբար, որովհետեւ սա համազգային պայքար է եւ ողջ ժողովուրդն է մասնակցել այս պատերազմին, արյուն է թափել, լինի դա առաջին Արցախյան պատերազմը, Ապրիլյան պատերազմը, եւ առհասարակ երեք տասնամյակի ընթացքում:
Դրա համար մի կողմից ողջունում ենք, որ այդպիսի բուռն քննարկումներ կան, մյուս կողմից էլ ասում ենք՝  սա է իրավիճակը, սա էլ մեր տեսլականն է, որ հանկարծ որեւէ մեկը կասկած չունենա, առավել եւս նաեւ չվախենա, որ կարող են քայլեր կատարել Արցախի իշխանությունները կամ ժողովուրդը ՝ անհասկանալի եւ անորոշ ապագա ստեղծելու համար: Նման բան չի լինելու: Եթե որեւէ մեկը այդ քայլին դիմի, բնական է որտեղ է լինելու նրա տեղը պատմության մեջ»:
Նշենք, որ Սամվել Բաբայանն օրերս հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցութուն չի եղել: Նա նաեւ անուններ է տվել, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/02/2019

Այսօր Գոռ Գարեգինյանի մահվան տարելիցն է

Գյումրի 06.02.2019թվ.Banak.info

2017թվ. փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: 
Գոռը ծնունդով Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր: 2016թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում:
Արցախի Նախագահի հրամանագրով Գոռ Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ

ՀԱՊԿ. Միջնորդների եւ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը թուլացրին լարվածությունը Ղարաբաղի շուրջ

News.am կայքը գրում է.
Միջազգային միջնորդների եւ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը հանգեցրել են լարվածության թուլացման, ինչպես նաեւ երկխոսության ակտիվացման Ղարաբաղի շուրջ։ Այս մասին փետրվարի 6-ին, Երեւան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Աստանա հեռուստկամարջի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները թույլ են տվել հասնել որոշակի պայմանավորվածությունների, որպեսզի ձեռնարկվեն վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացին անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցներ։ «Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ հաստատվել է ուղիղ կապ բարձր մակարդակով»,- ասել է նա։
Ի պատասխան մեկ այլ հարցի, թե ինչպես է ՀԱՊԿ սահմանների անվտանգության վրա ազդում Հայաստանի կողմից ռուսական բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը, Սիդորովն ասել է, որ չի կարող մեկնաբանել այն որոշումը, որն ընդունել են Կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները։
Մեկ այլ հարցի պատասխանելով, որը վերաբերում էր նրան, թե արդյոք ՀԱՊԿ ղեկավարությունը տեղեկություն ունի Նախիջեւանի տարածքում թուրքական ռազմակայանի կառուցման մասին, գեներալ-գնդապետն ասել է, որ իրենք նման տեղեկություն չունեն։
Պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հայ ներկայացուցչի նշանակման հարցին՝ Անատոլի Սիդորովն ասել է, որ վստահ է՝ մասնակից երկրների ղեկավարները բոլորի համար ընդունելի որոշում կկայացնեն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռուսական Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մասնագիտական պարապմունքներ խաղաղապահ բրիգադում


5-րդ զորամիավորման ենթակա խաղաղապահ ուժերի բրիգադում շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքները:

Զորամասի հրամանատարությունը հատկապես առավել մեծ ուշադրություն է դարձնում անձնակազմի նեղ մասնագիտական պատրաստվածությանը, քանզի աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծառայություն իրականացնող խաղաղապահ բրիգադի զինծառայողներից պահանջվում են բարձր մասնագիտական ունակություններ և վարպետություն:
Ինժեներասակրավորների տեսական գիտելիքները, մասնագիտական ու գործնական հմտությունները, վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով զորամասի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Մ. Թովմասյանի ղեկավարությամբ կազմակերպվել և ընթանում են սակրավորային ստորաբա¬ժանումների մասնագիտական պարապմունքները՝ ամբողջ խորությամբ հաշվի առնելով խաղաղապահ առաքելությունների ժամանակ ձեռք բերված փորձը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը


Փետրվարի 4-ից 6-ը աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը, մասնավորապես` Լիտվայի օժանդակությունը Հայաստանում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման գործընթացում:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Լիտվայի զինված ուժերի վարժանքների և դոկտրինի հրամանատարություն ղեկավար, բրիգադի գեներալ Գինտաուտաս Զենկեվիչիուսի հետ: Հայկական կողմին ներկայացվել են բրիֆինգներ Լիտվայի զինված ուժերի կառուցվածքի, վարժանքների կազմակերպման և զարգացման տեսլականի վերաբերյալ:
Փետրվարի 5-ին գեներալ-մայոր Ա.Մակարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կաունասում տեղակայված Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոց: Ուսումնական հաստատության պետ, գնդապետ Էգիդիուս Կարվելիսը ներկայացրել է Լիտվայի զինված ուժերում սերժանտական կազմի դերն ու նշանակության, դպրոցի կառուցվածքը, ուսումնական գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական և մեթոդական ծրագրերը, դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացը: Հայկական պատվիրակությունը ծանոթացել է նաև Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոցի ուսումնանյութական բազային և կենցաղային պայմաններին:
Լիտվայի ԶՈւ ղեկավարության հետ ամփոփիչ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների եւ ՀՕՊ արդի համալիրներով. Կառավարության ծրագիր

News.am կայքը գրում է.

Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով եւ ավտոմատացված ու ռոբոտացված օդային եւ վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի եւ կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը եւ արդյունավետությունը: Այս մասին ասված է կառավարության ծրագրի պաշտպանության ոլորտի քաղաքականության բաժնում:
Ըստ այդմ, նշվում է, որ անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետեւողական համալրումը եւ մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։
Միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն եւ տեխնոլոգիական գերակայություն ու  հագեցվածություն, ինչպես նաեւ կիբեռ- պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու եւ գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:
Մարդկային կապիտալի զարգացման նպատակով անձնակազմի կառավարման, կրթության եւ պատրաստության ոլորտների բարեփոխումները  նպատակաուղղվելու են զինծառայողների կրթական ցենզի եւ ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, պետական կառավարման եւ քաղաքացիական հանրության կարող ուժերն առավելագույնս ներգրավելուն եւ առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելուն:
Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված եւ կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը եւ զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:
Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական եւ որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային եւ բժշկական ապահովման ծրագրեր։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/02/2019

Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Նույն օրը Նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարեւորությունը մեր երկրի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:





Այս մասին տեղեկացնում է՝ Արցախի Նախագահի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`