06/12/2018

Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը


Դեկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշել է, որ 15 տարվա համագործակցության ընթացքում ՀՀ զինված ուժերը և Կանզասի ազգային գվարդիան իրականացրել և շարունակում են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք հանդիսանում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության կարևոր բաղադրիչներ:
Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի ազգային գվարդիան, որպես նահանգային համագործակցության ծրագրով Հայաստանի գործընկեր, շարունակելու է զարգացնել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության և այլ ավանդական դարձած ուղղություններով, միևնույն ժամանակ դրական արձագանքելով բոլոր նոր նախաձեռնություններին:
Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին է հանձնել Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերի կողմից ստորագրված հռչակագիրը, որով 2018թ, դեկտեմբերի 6-ը հռչակվել է Կանզաս-Հայաստան համագործակցության օր:
Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերը դեկտեմբերի 7-ին կժամանի Հայաստան և Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակության ուղեկցությամբ կմասնակցի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներին:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանը հայտարարում է՝ Ռուսաստանից «Բալ–Է» հրթիռային համալիր չեն ցանկացել գնել

Razm.info կայքը գրում է.
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Ադրբեջանը Ռուսաստանից ցանկացել է գնել «Բալ–Է» տեսակի առափնյա հրթիռային համալիրներ, սակայն Ռուսաստանը մերժել է գործարքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը փոխանցում են ադրբեջանական լրատվակայքերը։
Ըստ պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանը ««Բալ–է» համակարգերի գնման համար ոչ մի բանակցություն չի ունեցել Ռուսաստանի հետ, անգամ չի եղել այդ համակարգը գնելու մտադրություն»։
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հղում անելով իր անանուն աղբյուրներին, հայտնում էր, որ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:
Ըստ աղբյուրի՝ գործարքի չեղարկման երկու պատճառ կար՝
  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

N զորամասի հատուկ նշանակության ռազմական ոստիկան-վարորդը տարիներ շարունակ աշխատանքի չի ներկայացել, փոխարենը՝ անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրենին

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելու  դեպքերի  առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մեկ այլ հանցագործության՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից իշխանությունը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության դասակի ռազմական ոստիկան-վարորդը, ով հետագայում նույն զորամասում նշանակվել է որպես պահպանության և սպասարկման վաշտի պահպանության և սպասարկման դասակի ռազմական ոստիկան, շուրջ 14 տարի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը, չի հաճախել աշխատանքի և չի կատարել աշխատանքային իր պարտականությունները։ Փոխարենը, վերջինս անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լ.Սարգսյանին: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ համապատասխան ընթացք չեն տվել զինծառայողի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, ավելին՝ նրան վճարվել է աշխատավարձ, փոխհատուցվել արձակուրդի գումարը, իսկ 2018 թվականի մայիսի 17-ին հատկացվել արձակման նպաստ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով պահեստազոր արձակվելու կապակցությամբ:

Քննության արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով , առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Հայկ Քարամյանը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում չորս պայմանագրային զինծառայողներին նույն օրը հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար: 
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի դին (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Սիսիանի զ/կ): 
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Հայկ Քարամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտական հրաձգություն ականանետերից 5-րդ զորամիավորումում


Դեկտեմբերի 4-ին, համաձայն մարտական պատրասության պլանի, «Արարատ» զորավարժադաշտում, փոխգնդապետ Ս. Մեսրոպյանի ղեկավարությամբ, ենթակա զորամասերի ականանետային դասակների հրամանատարների հետ անցկացվել են հրետանու հրաձգության և կրակի կառավարման մարզումներ՝ մարտական կրակով՝ 82մմ և 120մմ ականանետերից։
Հընթացս կազմակերպվել են հաշվարկներ սպաների ընդգրկմամբ, որոնք էլ գործնականում ցուցադրել են ականանետերից կրակ վարելու հմտությունն ու վարպետությունը՝ կրակային խոցումից արձանագրելով լավ և գերազանց գնահատականներ:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ, մեկին չի հաջողվել գտնել. ՊՆ

Armeniasputnik.am կայքը գրում է.
Երեկ` դեկտեմբերի 5-ին, Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/12/2018

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Նիկոլայ Օսեպյանի տարեդարձն է


Գյումրի 05.12.2018թվ.Banak.info
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված Նիկոլայ Օսեպյանը կդառնար 65 տարեկան։
Ադրբեջանի Հանրապետության Կիրովաբադ քաղաքում ծնված Նիկոլայը ծառայել է ԽՍՀՄ բանակում, զորացրվելուց հետո ծառայության անցել Կիրովաբադի զորամասերից մեկում, որպես ենթասպա։
1988թվ. սկսված Արցախյան ազատագրական պայքարում Նիկոլայը կարևորագույն դերակատարություն է ունեցել, կատարել բազմաթիվ վտանգավոր առաջադրանքներ ի շահ Արցախի պաշտպանության։
1989թ. Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ռազմական գործողություններին,1990թ. Կռվել է Երասխի մարտերում, 1992թ. «Գագիկ» անվան ջոկատի կազմով մասնակցել է ԼՂՀ և ՀՀ գյուղերի պաշտպանական մարտերին:1993-1994թթ. մասնակցել է Քարվաճառի մարտերին, Օմարի, Շուշիի ազատագրմանը և մի շարք բնակավայրերի համար մղվող մարտերին: Զորացրվել է հրադադարից հետո:
2016թվ. ապրիլին թշնամին կրկին խախտելով հրադադարի ռեժիմը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով բացահայտ մարտական գործողություններ սկսեց։
Նիկոլայը, ով պատկառելի տարիքում էր անտեսելով այդ ամենը, Էջմիածնի կամավորական ջոկատի կազմով մեկնեց առաջնագիծ՝ Մեխակավանի մարտական դիրքերի ուղղությամբ։ Զոհվել է ապրիլի 6-ին։
Նիկոլային հարազատներն ու ընկերները դիմում էին Կոլյա անվամբ, կինը՝ Տիկին Ռայիսան առանձնահատուկ ջերմությամբ է պատմում ամուսնու հետ կապված ցանկացած հիշողություն, հիշում է, թե ինչքան հայրենասեր էր, ինչքան պատրաստակամ նույնիսկ այդ տարիքում ռազմադաշտում թշնամու դեմ պայքարել ու հաղթել նրան։
Նիկոլայ Օսեպյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով։ Ինչպես նաև Արցախյան ազատամարտում ունեցած ավանդի համար կենդանության օրոք պարգևատրվել է բազմաթից մեդալներով, շքանշաններով և պատվոգրերով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Նյութը՝ Ալվինա Հարությունյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Անդրեասյանի





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա սերժանտներին հաջողություն է մաղթել առաջիկա ավարտական քննություններում:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին։










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`