07/11/2018

էդգարը դասընթացների էր գնում, որ բանակում ծառայեր որպես վարորդ. ողբերգական ավտովթարից մահացած վարորդը Հրազդանից էր

Armtimes.com կայքը գրում է.
Այսօր ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանն է:
Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր: Մեր զրույցում նրա ընկերը՝ Հարութ Ավետիսյանը, նշեց, որ մի քանի ամսից Էդգարը զորացրվելու էր: Նա երկու քույր ուներ: «Էդգարը Հրազդանում հատուկ դասընթացների էր գնում, որպեսզի բանակում ծառայեր որպես վարորդ: Մայրը մարզպետարանում էր աշխատում, չգիտեմ՝ հիմա աշխատում է, թե՝ ոչ, իսկ հայրը նախկին ոստիկան է, հիմա չի աշխատում»,- պատմեց ընկերը:
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարից զոհված Դավիթը Ներքին Բազմաբերդից էր (ֆոտո)

News.am կայքը գրում է.
Որոտան–Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված 20–ամյա զինծառայող Դավիթ Մելքոնյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր. զորացրվելու էր այս ձմռանը։  NEWS.am–ի հետ զրույցում Ներքին Բազմաբերդի համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը հայտնեց, որ Դավիթը երկու եղբայր ունի, որոնցից մեկը ծառայում է Մատաղիսում։
«Հայրը հիմնականում արտագնա աշխատանքով է զբաղվում, երեք որդիներից մեկը ծառայել՝ վերադարձել է, մյուսը՝ Մատաղիսում է ծառայում՝ կարատեի Հայաստանի չեմպիոն է, Դավիթն էլ խելոք՝ սովորող տղա էր»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով մահացել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), շարքային Հրանտ Արայի Գասպարյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):
Վթարի պահին բեռնատարում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Արման Ստեփանյանի տարեդարձն է


Գյումրի 07.11.2018թվ.Banak.info
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ  զոհված Արման Ստեփանյանը կդառնար 37 տարեկան։
Արմանը ծնվել է 1981թվ. Ստեփանակերտ քաղաքում:2003թվ.-ից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում:Կոչումով ավագ լեյտենանտ էր, հոգեբան:
Ամուսնացած էր, ունի 3 երեխա։
2015թվ. սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ՝ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Երկու զոհված սպաներն էլ բարեխիղճ ծառայության համար բազմաթիվ անգամներ պարգևատրվել են։
Արցախի նախագահի հրամանագրով Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը հետմահու պարգևատրվել են ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտարկվում է երեք թեկնածություն. Ուշակովը փակագծեր է բացել


News.am կայքը գրում է.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք հնարավոր թեկնածություն. «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը: Հարցը քննարկվելու է փակ ռեժիմով»,-ասել է նա:

Ուշակովը նշել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ ընտրվի, բայց դրանից զատ կան եւս երկու տարբերակներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանին պետք է փոխարինի Բելառուսը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր տեղի ունեցած վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: 
Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար:
  
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 7-ին, խոշոր ուողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ
հատվածում։ Ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռազմական լրագրողները անցան կրակային պատրաստության դաս՝ մարտական հրաձգությամբ․ ֆոտոռեպորտաժ

ՀՀ ՊՆ կողմից կազմակերպված «Ռազմական լրագրություն» դասընթացի մասնակիցները նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ N զորամասի կրակադաշտում անցել են կրակային պատրաստություն՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Կրակային պարապմունքի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել կրակ վարել ԴԴՀ-ից (СВД) և ԿԻ-ից (АК)։
















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Բնակարանների վերանորոգման և գնման ծրագրով զոհված ազատամարտիկների ընտանիքներին հատկացվել է 219 միլիոն դրամ

Artsakhpress.am կայքը գրում է.
Զոհված ազատամարտիկների՝ Ստեփանակերտում բնակվող ընտանիքների բնակպայմանների բարելավման, վերանորոգման, բնակարանների գնման-տրամադրման ծրագրով ԱՀ պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել է 219 միլիոն դրամ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ ծրագրի շրջանակներում դրամական փոխհատուցում է տրամադրվել շուրջ 38 ընտանիքների` սեփական ուժերով բնակարանային պայմանները բարելավելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դրանցից 15 ընտանիքների բնակարանները վերանորոգվել են շինկազմակերպությունների միջամտությամբ: Մինչ այժմ նշված 219 միլիոն դրամից իրացվել է 210 միլիոնը: Ծրագիրն ընթացքի մեջ է և կշարունակվի 2019 թվականին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Երկարաձգել զինծառությունից խուսափածների քրեական հետապնդումից ազատվելու օրենքի ժամկետը․ առաջարկ

ՀՀ  ԱԺ «Ելք» խմբակցություն պատգամավոր Գևորգ Գորգիսյանը առաջարկում է երկարաձգել այն օրենքի ժամկետը, որով Հայաստանից դուրս գտնվող, պարտադիր զինծառայություն չանցած 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կարողանում են տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:
Այսպիսով, օրենքի գործողության ժամկետը առաջարկվում է երկարաձգել մեկ տարով՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքն, քրեական հետապնդումից կկարողանան ազատվել նրանք, որոնց 27 տարին լրացել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարությունը օրինագիծը քննարկելու է նոյեմբերի 8-ին։
Անցած տարի օրենքի ժամկետը նույնպես երկարաձգվել էր, սակայն ի սկզբանե պաշտպանության նախարարությունը առաջարկել էր օրենքում ամրագրել հոդված, որով օրենքի ժամկետը այլևս  հնարավոր չի լինի փոփոխել-երկարաձգել: Առաջարկը չէր ընդունվել, որովհետև այն սահմանափակում էր պատգամավորների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը:
Նշենք, որ փոփոխությունների այս օրինագծով նույնն է մնում տույժի վճարման ժամկետը։ Այսինքն, 27 տարին մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը լրացածները իրավունք կունենան գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, ոչ ավելի ուշ։ 
Սա ներդրվել էր որպես զգուշացում ներկայում խուսափել պատրաստվողների համար, որպեսզի նրանք «հույս չունենան»՝ հետագայում գումարի դիմաց խուսափել ծառայությունից:
Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից ազատվում են ամեն զորակոչի համար ա 200 հազարի դիմաց


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`