Showing posts with label aravot.am. Show all posts
Showing posts with label aravot.am. Show all posts

13/08/2019

«Ադրբեջանը շատ բան կարող է ասել». նոր մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի և նրա ընտանիքի մասին



«Իսկ ո՞վ է ասել, որ զինծառայողը լքել է մարտական դիրքը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություններ ունեն երեկ մարտական դիրքը լքած 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանից, նրա ընտանիքից, դիրքը լքելու պատճառներից, այսպես արձագանքեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Արայիկ Ղազարյանն այդ գյուղի բնակիչ է: 

Նշենք՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: 

Արթուր Ստեփանյանն ասաց, որ երեկ երեկոյան իմացել են լուրը, որ Արայիկ Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, բայց դիրքը լքելու մասին տեղեկություն չեն ունեցել: Գյուղապետը պատմեց, որ միանգամից այցելել է Արայիկի ընտանիքի անդամներին. «Հակահետախուզության տղաների հետ մենք երեկ երեկոյան եղել ենք նրանց տանը: Հայրը տանը չէր: Նա, լուրը լսելով, միանգամից մեկնել էր Արցախ: Մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող էր, սահմանից իջեցրին, իրեն տեղափոխեցին Վայքի ռազմական կայազոր, իսկ մենք մնացինք տանը: Եղբորն ենք խնդրել, որ լուրն ասի մորը: 

Մենք նման տեղեկություն չունեինք, թե Արայիկ Ղազարյանը դիրքն է լքել, մորն ասեցինք, որ իր որդին գտնվում է Ադրբեջանի տարածքում. հակահետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ եղանակի ոչ բարենպաստ պայմաններում հայտնվել է թշնամու սահմանում: Երբ երեկ երեկոյան Արայիկ Ղազարյանի մայրն իմացավ լուրը, վատացավ, նրան տեղափոխել ենք Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այժմ վիճակը նորմալ է»: 

Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ առողջական խնդիրներ ունի՞ Արայիկ Ղազարյանը, ի՞նչ ընտանիքում է ապրում: Նա նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Իսկ Արայիկ Ղազարյանը առողջական խնդիրներ չի ունեցել. «Արայիկ Ղազարյանն ութ ամիս էր ծառայում, արդեն տասն օրով արձակուրդ էր եկել: Զինվորական ընկերներին շնորհակալ էր, որևէ խնդրի մասին չի պատմել զորամասի հետ կապված: Ադրբեջանական մամուլը, որ ներկայացնում է, թե զինվորը լքել է դիրքը իբր զորամասի անմարդկային պայմանների պատճառով, վարկաբեկում են, ապատեղեկատվություն տարածում: Մենք հո ականատեսն ենք մեր բանակի այսօրվա իրավիճակին: Մի քանի օր առաջ Համահայկական խաղերի առիթով Արցախում էինք, եղանք Մարտակերտի զորամասում, հետաքրքրվեցինք, տեսանք, ամեն ինչ նորմալ էր, սնունդը մաքրությունը, կարգուկանոնը»: 



Նյութը՝ Aravot.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2019

Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները




Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները` 2018 թվականի  ձմեռային զորակոչին համընթաց: Արդյունքում ձևավորվել է 16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանում և 11-ը` մարզերում: Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, առաջացել են  խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատող այն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում չեն ներգրավվել  նոր կազմավորված հանձնաժողովներում: 

Խնդրի կարգավորման կապակցությամբ` Հայաստանի վարչապետի աշխատակազմ, առողջապահության նախարարություն  և մարզպետարաններ են դիմել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և չվարձատրված մի շարք բուժաշխատողներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` իրականացվել է հարցի համապարփակ ուսումնասիրություն: Հարցում է արվել նաև Հայաստանի զինվորական կոմիսարին՝ խնդրին առավել հանգամանորեն տեղեկանալու նպատակով: Արդյունքում պարզվել է, որ 106 բուժաշխատող ներգրավված է եղել  զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չեն շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում: 



Նյութը՝ Aravot.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/04/2019

«Այն, ինչ արել եմ ես, կարող էր անել ցանկացած պատրաստված զինվոր»


Ասում է ապրիլյան պատերազմի մասնակից Գեւորգ Մանուկյանը։

Ապրիլյան պատերազմը ցավոտ էջ էր յուրաքանչյուր հայի համար։ Այդ օրերը հիշելիս կրկին իրար են խառնվում կորստի ցավը, հպարտությունն ու հաղթանակի զգացումը։ 2016 թվականի ապրիլ ամսին հերոսացան տասնյակ երիտասարդներ, ովքեր ապրել ու ապրում են մեր կողքին։ Նրանցից մեկը Գեւորգ Մանուկյանն է, ով այդ ժամանակ ծառայում էր Եղնիկներ կոչվող զորամասում։ Գեւորգը ճիշտ պահին նկատել է հակառակորդի ուղղաթիռը, եւ երեք կմ հեռավորության վրա «Իգլա» տեսակի զենքով նշան է բռնել եւ խոցել ուղղաթիռը՝ փրկելով շատերի կյանքը։ Ուղղաթիռը իր անձնակազմի հետ տապալվել էր։ 

– Գեւորգ, մինչ բանակ զորակոչվելը սովորել եք Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում, սակայն զորացրվելուց հետո ուսումը շարունակել եք Իրավագիտության ֆակուլտետում, ի՞նչը ստիպեց ձեզ փոխել ձեր որոշումը։ 
– Յուրաքանչյուրն ուզում է արդարություն լինի ու արդարության կայացման գործում փոքրիկ քայլ արած լինի, մասնակցություն ունենա, երեւի որոշումս փոխելու հիմնական պատճառը դա է եղել։ 

– Սիրո՞ւմ եք զինվորական ծառայության ոլորտը։ 
– Փոքր տարիքից միշտ հետաքրքրվել եմ բանակով։ Հիշում եմ, որ երբեք բաց չէի թողնում «Զինուժ» հաղորդաշարը, անգամ մինչ բանակ զորակոչվելս ցանկացել եմ դեսանտային զորքերում ծառայել, բայց այնպես ստացվեց, որ ծառայեցի ՀՕՊ զորքերում, որից ամենեւին դժգոհ չեմ։ 

Ինչպիսի՞ն էին զգացողությունները, երբ ուսումնական զորամասում ծանոթացար «Իգլա» զինատեսակին, կմտածեի՞ր, որ երբեւէ գործնականում կկիրառես այն։ 
– Եթե տեսնում ես զենքը, ուսումնասիրում ես նրա կառուցվածքը, սովորում ես օգտվել դրանից, մտքի ծայրով պատկերացնում ես, որ այն կիրառվում է ու ինչ-որ ժամանակ հնարավոր է, որ դու եւս այն կիրառես։ Պատկերացրել եմ, որ հնարավոր է պետք լինի կիրառել, ոչ թե պատերազմ լինի ու այդ ժամանակ օգտագործեմ, այլ ասենք՝ ուսումնական զորավարժության ժամանակ։ 

– Ինչպե՞ս է տեղի ունենում ուսուցումը ուսումնական զորամասում։
 – Զենքիս շատ լավ եմ տիրապետել, մեզ զենքի հետ ծանոթացնում էին ոչ թե զինվորա-կաններ, այլ դասախոսները, մեթոդիստները, ովքեր նախկինում ծառայել են զինված ուժերում, նրանք էին սովորեցնում օգտվել զենքից ամենայն մանրամասնությամբ։

– Ծառայության մեծ մասը անց եք կացրել դիրքերում. Ինչո՞վ է տարբերվում սպա-զինվոր հարաբերությունները դիրքերում ու զորամասում։ 
– Հիմնականում տարբերությունը խստությունն է, եթե զորամասում սպայի խստությունը պայմանավորված է արտաքին տեսքի հետ, որի մեջ մտնում է հագուստի, կոշիկների մաքրությունը, սափրված լինելը, օրվա կարգացուցակի պահպանումը՝ տողան, անվանականչ, դիրքերում խստությունը ուղիղ համեմատական է անվտանգության հետ՝ առաջին հերթին սահմանին կանգնած զինվորի, երկրորդ հերթին՝ թիկունքի։ Յուրաքանչյուրը սահմանին պետք է պահպանի իր առջեւ դրված պարտականությունները։ 

– Սահմանին միշտ հնչում են կրակոցներ, ու դրանց բացակությունը զինվորների համար հաճախ անսովոր է լինում։ Անսպասելի՞ էր ադրբեջանական կողմի ապրիլյան հարձակումը։ 
– Առաջին հերթին հետեւանքները մեզ ցույց տվեցին, որ անսպասելի էր, որովհետեւ եթե սպասված լիներ, էդ աստիճան դաժան հետեւանքներ չէինք ունենա։ Սպասելի այնքանով էր, որ եթե ունես թշնամի, նման բանի բացարձակ չսպասելն անմտություն է։ Ընդհանուր առմամբ՝ սպասելի էր, քանի որ եթե ունես հակառակորդ, ուրեմն պիտի գիտակցես, որ կարող է օր լինել, որ նրանք կհարձակվեն։ 

– Ուղղաթիռը խոցելով փրկեցիր շատերի կյանքը, այդ պահին գիտակցո՞ւմ էիր քայլիդ լրջությունը։ 
– Լրջությունը պետք է գիտակցել զորակոչի ծանուցում ստանալու օրվանից։ Պետք չէ տարբերություն դնել քաղաքային զորամասում ծառայության, առաջնագծից հեռու ծառայության, առաջնագծում ծառայության միջեւ, քանի որ բոլորն էլ լուրջ են, իրենց լրջությունն ունեն։ Ծառայության սկսված օրից պետք է լուրջ վերաբերվել ծառայությանը, որպեսզի կարողանաս ճիշտ կազմակերպել քո գործողությունները, ճիշտ կազմակերպել քո անվտանգությունը։ Բայց այդ օրվա, այդ պահի հետ կապված՝ բնականաբար, նման բան չես տեսել, կրակոցներ տեսել ես, լսել ես, արկերի պայթյունը լսել ես, տեսել ես, բայց ինչ-որ բան, որ չես տեսել, այն էլ այդ մասշտաբի, արդեն լրջությունը պատկերացնում ես, մանավանդ որ գիտես, թե որ դեպքերում են այդպիսի զինատեսակներ կիրառվում, այդ ժամանակ զգում ես լրջությունը, ուղղակի նույն լրջությամբ պիտի վերաբերվես տեսածիդ ու ճիշտ պահին անցնես գործողությունների։ 

– Նման իրավիճակներում ի՞նչն է կարեւոր ճիշտ կողմնորոշվելու համար։ 

– Առաջին հերթին կարեւոր է պատրաստվածությունը, հասարակ զինվորն առանց պատրաստվածության հակառակորդի զրահատեխնիկայի, օդուժի դեմ ոչինչ չի կարող անել: Այն, ինչ արել եմ ես, կարող էր անել ցանկացած պատրաստված զինվոր, ուղղակի այդ պահին ես էի այդտեղ։ 


Նյութը՝ Aravot.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/03/2019

«Բանակում ոչ մարտական կորուստների վերաբերյալ որոշ քրեական գործեր վերաբացվել են». Ավետիք Իշխանյան

Aravot.am կայքը գրում է.
Օրերս ԱՄՆ պետդեպի հրապարակած՝ ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող տարեկան զեկույցում անդրադարձ կա նաեւ բանակում մահվան դեպքերին. «Ոչ մարտական պայմաններում զոհված բազմաթիվ զինվորների ընտանիքներ, որոնք շարունակում են պահանջել քննել նրանց մահվան դեպքերը, պնդում են, որ Մովսես Հակոբյանը (ԶՈՒ ԳՇ նախկին պետ) մահվան դեպքերը թաքցնելու հարցում առանցքային կերպար էր»: 
«2010թ.-ից մենք հրապարակում ենք բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը: Քննչական մարմին չեմ, որպեսզի ասեմ՝ այդ դեպքերի հետ կապված Մովսես Հակոբյանը հրաման տվե՞լ է, թե ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցի նշյալ հատվածին՝ ասաց  իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: 
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նշեց՝ Պաշտպանության նախարարությունը չունի հստակ չափորոշիչներ եւ սահմանումներ, թե որ դեպքերն են համարվում մարտական եւ որ դեպքերը՝ ոչ մարտական կորուստներ: Նույն զեկույցում ասվում է նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իրավապահ մարմինները վերաբացել են ոչ մարտական կորուստների հետ կապված որոշ գործեր: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց. «Որոշ քրեական գործեր վերաբացվել են, բայց ընթացքի մասին տեղեկություններ չունեմ: Խոսքը նաեւ հայտնի սեւազգեստ մայրերից որոշների որդիների մասին է: Բայց, ինչպես իրենք են մամուլով պնդում, իրենց գործերի պարագայում տեղաշարժ չկա»: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/12/2018

Այսօր Գոռ Գրիգորյանի տարեդարձն է

Գյումրի 26.12.2018թվ.Banak.info

Այսօր՝ դեկտեմբեր 26-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գոռ Գրիգորյանը կդառնար 28 տարեկան։
Գոռը ծնունդով Արմավիրի մարզի՝ Ջանֆիդա գյուղից էր։Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, որն ավարտել էր 2012թվ. և ծառայության անցել Արցախում:
Գոռը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, արիությամբ իր հոգատար ու նվիրված աշխատանքով։
2014թվ. օգոստոսի 1-ին Արցախի ՊԲ մարտական հենակետերից մեկում, համածառայակցի կողմից՝ զենքի կանոնների խախտման արդյունքում՝ հերթապահության ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող լեյտենանտ Գոռ Գրիգորյանը(Aravot.am):
Aravot.am կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ասել է, մեջբերում եմ.
«Գոռ Գրիգորյանը յոթերորդ պաշտպանական գոտու ամենաբարդ դիրքում է կանգնած եղել, ինքը դիրք էր պահում, մարտական հերթապահության ժամանակ է զոհվել, հետո ի՞նչ, որ համածառայակցի կողմից կանոնների խախտման արդյունքում է զոհվել, բայց ինքը սահմանը պահում էր ամենադժվարին պահին, եւ պետությունը գնահատել է»: 
Գոռ Բաբկենի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/12/2018

«Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է». ԱԳՆ խոսնակ

Aravot.am կայքը գրում է.
«Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի կանխարգելման օրակարգը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Սպառազինության մրցավազքը հանգեցնում է ապակայունացման աճին: Տարբեր մակարդակներում մեր գործընկերների առաջ այս հարցն արծարծում ենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված այն նկատառմանը, թե ինչու նա Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում չի քննադատում ՌԴ նախագահին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքը պետք է կանխվի. «Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»: 

Աննա Նաղդալյանի խոսքով՝ նշյալ դիրքորոշումը պետք չէ նույնականացնել ՀՀ կարողությունների եւ վճռականության պակասի հետ. «Այդպես չէ. ՀՀ զինված ուժերն ունեն բարձր պատրաստվածություն եւ ռազմատեխնիկական հագեցվածություն՝ ապահովելու համար ՀՀ եւ Արցախի անվտանգությունը: Մենք գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետեւանքները, ուստի Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորությունը մշտապես մեր օրակարգում է»: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2018

Հովիվն ականատես է եղել Մարալիկում Սու-25 ինքնաթիռի կործանմանը․ այս տեղանքում ևս երկու ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ) Aravot.am


Այսօր ժամը 10.20-ի սահմաններում Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող հատվածում ուսումնամարզական թռիչք իրականացնող «ՍՈՒ-25» մարտական ինքնաթիռի կործանմանը, որի պատճառով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանն ակամա ականատես է դարձել Իսահակյան գյուղի հովիվը՝ Համբարձում Սիմոնյանը։ Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց․ «Անցնում էի Լուսաղբյուրի տարածքով, անասուններին տարա վերև, ստույգ ժամը չնայեցի, բայց, երևի թե, ժամը 10-ի մոտ էր, երբ ինքնաթիռի ձայնը լսեցի, գնում էր ու վայրկյան չանցած՝ տարօրինակ ձայն հանեց։ Ուժեղ պայթյուն լսեցի, ոնց որ երկու վագոն խփեն իրար, շատ ուժեղ էր։ Ինքս ինձ ասի՝ վայ սամալյոտը ընկավ, երբ սկսեցին որոնողական աշխատանքները, ես արդեն մոտավոր տեղը գիտեի, ցույց տվեցի որտեղից, որ հատվածում է եղել, որտեղից էի ձայնը լսել։ 


Դա հին Ձորաշենի մոտ է, քանդված գյուղ կա, կողքի ձորերում է։ Մառախուղ էր, ծուխը չեմ տեսել, բայց ձայնը լրիվ լսել եմ ու բարձր ձայնով ինքնս ինձ ասել՝ վայ ինքնաթիռն ընկավ», -պատմեց Համբարձում Սիմոնյանը։ Մեր դեպքի վայրի մոտակայքում լինելու պահին այնտեղ աշխատում էին ոստիկաններ, քննիչներ, զինվորականներ։ Այնտեղ էին շտապում նաև տեղանքի բնակիչները, սակայն դեպքի վայրում աշխատող իրավապահները հորդորում էին մոտ չգնալ, քանի որ չեն կարողանա ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Նշենք, որ քաղաքացիներից մեկը կռիվ սարքեց, հայհոյանքների տարափ տեղաց իրեն առաջ գնալու հնարավորություն չտվող իրավապահներին։ Վերջիններս փնտրում էին նաև օդաչուների մարմնի մասերը, դեպքի վայրում աշխատում էր նաև շտապօգնության մեքենա։ 

Որոնողական աշխատանքներին մասնակցել էր նաև Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը։ Նա պատմեց, որ ժամը 10․30-ի սահմաններում տարբեր տեղերից հեռախոսազանգեր է ստացել, թե Անիի տարածքում ինքնաթիռ է կործանվել, իր հերթին ահազանգել է Անի համայնքի վարչական ղեկավարներին, որպեսզի իրենց տարածքներում սկսեն որոնողական աշխատանքները։ Մոտ 2,5 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել դաշտերի տարբեր հանդամասերում։ Այնուհետ հստակ տեղեկություն են ստացել, որ ինքնաթիռը Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող տեղանքում է վթարի ենթարկվել։ Գնալով դեպքի վայր՝ ականատես են եղել սարսափելի տեսարանի։





Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/11/2018

Ստեփանակերտը «շանտաժ» է որակում Բաքվի առաջարկությունը գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ


Aysor.am կայքը գրում է.
Հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով «Ինտերֆաքս-Ադրբեջանի» հրապարակմանը, ըստ որի Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։


Գործակալությունը տեղեկությունը հրապարակել էր՝ հղում անելով աղբյուրին։



«Նախ տեղեկատվության հավաստիության վերաբերյալ չեմ կարող ասել, համենայնդեպս, Արցախին, Ստեփանակերտին նման դիմում, առաջարկ չի եղել», - ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով.
«Իսկ եթե խոսքը վերաբերում է Գուլիևին և Ասքերովին, ապա այդ մարդիկ մարդասպաններ ու ահաբեկիչներ են, իսկ ադրբեջանական կողմում գտնվող մարդիկ պատահական մարդիկ են, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել՝ ըստ միջազգային նորմերի և օրենքների»։



Նա ընդգծեց՝ չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել ԼՂՀ սահմանն ապօրինի հատած, առևանգում, սպանություն ու սպանության փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևին ու Ասկերովին և Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված ՀՀ քաղաքացիներին։



«Ինչպե՞ս կարելի է ահաբեկչին, մարդասպանին փոխանակել անմեղ մարդու հետ։ Սա բարոյական կողմն է, իսկ իրավական տեսանկյունից այդ մարդիկ մարդասպաններ են, որոնք դատապարտվել են հանցանք կատարելու համար և փոխանակե՞լ անմեղ մարդկանց հետ, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել...Սա ոչ թե առաջարկություն է, այլ՝ պարզապես շանտաժ», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։



Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն ԲաղդասարյանըԿարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։



Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա։ Երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/10/2018

Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպման մասին

Aravot.am կայքը գրում է.
Նոր ձեռքբերում որպես այդպիսին չկա. հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է խաղաղության ու կայունության պահպանման և բանակցային գործընթացի շարունակականության ապահովման վրա: Այս մասին Aravot.am-ի զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ունեցած հանդիպմանը: «Դա ևս ինքնին կարևոր է, սակայն ամեն մի հանդիպումից պետք չէ ակնկալել մեծ առաջընթաց, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել և Ադրբեջանը շարունակում է մնալ միակ խոչընդոտողը հակամարտության կարգավորման գործում»,-նշեց Դ. Բաբայանը: Անդրադառնալով վերջերս Արցախի խորհրդարանում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման վերաբերյալ բարձրացված հարցին՝ Դ. Բաբայանը ասաց, որ չնայած դե յուրե նման պայմանագիր կամ համաձայնագիր չկա դեռևս, սակայն դա չի նշանակում, որ ռազմական փոխգործակցություն երկու հայկական պետությունների միջև առկա չէ: «Խնդիրը այստեղ ոչ թե ինչ-որ փաստաթղթի առկայությունն է, այլ ռեալ իրավիճակը: ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում գրված է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, հետևաբար դա նույնիսկ ամենակարևոր փաստաթղթային հիմքն է, որ թույլ է տալիս զարգացնել ռազմական փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում: Մնացած հնարավոր զարգացումները ցույց կտա ժամանակը, բայց այս պահի դրությամբ դե յուրե նման փաստաթղթի չլինելը որևէ ձևով չի խոչընդոտում այդ ոլորտում Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը»,- ընդգծել է Դ. Բաբայանը: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/10/2018

Այսօր Մհեր Շահնազարյանի տարեդարձն է


Գյումրի 30.10.2018թվ.Banak.info
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Մհեր Շահնազարյանը կդառնար 33 տարեկան։
Արարատի Մարզի Արմաշ գյուղում ծնված Մհերի ընտանիքը դեռ նրա ծնունդից առաջ բնակվել էր Գորիսում։
«Դպրոցում միջակ էր սովորում, բայց, որ ուզենար, ավելի լավ կարող էր սովորել,պարզապես շատ աշխույժ էր, ամեն մի խոսքը հումոր էր»,- հիշում է Մհերի մայրը՝ տիկին Կիման:  (Aravot.am)
Մհերին համագյուղացիները հիշում են որպես աշխատասեր ու սրտաբաց տղայի, ով մշտապես օգնում էր բոլորին, թե՛ գյուղի աշխատանքների ժամանակ, թե՛ առօրյայում ծագած այլ աշխատանքերի ժամանակ։
«Մի օր դաշտից շատ հոգնած եկա, տեսնեմ՝ հեծանիվի ինչ-որ մաս ա սարքում, ասեցի՝ էս ի՞նչ գործի ես, ասեց՝ պա՛պ ջան, երկու հատ հավ են խոստացել հեծանիվը սարքելու համար: Հեծանիվի անիվը հավաքեց, ամրացրեց, տվեց տիրոջը: Հավերը վերցրեց, մեկը տվեց ընկերոջը, մյուսն էլ՝ տեղում մորթեցին, խորոված արեցին»,- պատմում է Մհերի հայրն ու հավելում, որ որդին երբեք իր ունեցած գումարը մենակ չէր ծախսում:(Aravot.am)
2005թվ. մարտի 22-ին Մհերը զոհվել է թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ դիպուկահարի կրակոցից։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

  
Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/09/2018

Այսօր Անուշավան Կիրակոսյանի տարեդարձն է

Գյումրի 27.09.2018թվ. Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Անուշավանը կդառնար 28 տարեկան։
Անուշավանը ծնվել էր 1990թվ. Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում: Փոքր տարիքից ակտիվորեն սպորտով էր զբաղվել՝ բազմաթիվ մրցաշարերի ժամանակ գրավել էր պատվավոր տեղեր։
Անուշավանի ընտանքը երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, սակայն նա, 18 տարին լրանալուն պես, վերադարձել էր Հայաստան՝ ծառայության անցնելու նպատակով։
2008թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
2010թվ. հունիսի 16-ին արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է ՊԲ շարքային զինծառայող Անուշավան Սուրենի Կիրակոսյանը:
«Ուսուցիչներն Անուշավանին շատ էին սիրում, շատ ակտիվ էր դպրոցում: Բոլոր միջոցառումներն ինքն էր կազմակերպում: Ուսուցիչներն ասում էին, որ բոլոր հանձնարարություններն անթերի է կատարում եւ մեծ պատասխանատվությամբ»,- հիշում է մայրը Aravot.am-ի հետ զրույցում։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Նյութի տվյալները վերցված են՝ Aravot.am կայքից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/09/2018

Այսօր Էդուարդ Միրզոյանը կդառնար 31 տարեկան

Գյումրի 13.09.2018թվ. Banak.info
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված  Էդուարդը կդառար 31 տարեկան, նա զոհվել է 19 տարեկան հասակում:
Էդուարդը ծնվել է 1987թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սովորել տեղի թիվ 7 դպրոցում:
«4-րդ դասարանում էր դեռ սովորում, մի օր մի պուճուր ճյուղ բերեց տնկեց, ասեցի՝ Էդգա՛ր ջան, դա ինչ ա՞, ասեց՝ մա՛մ ջան, կմեծանա, կտենաս, թե ինչ լավ լիմոնի ծառ ա դառնալու: Հիմա ամեն տարի լիմոն ա բռնում, ամբողջ սենյակում անուշ բույր ա ընկնում: Ծաղիկներ շատ -շատ էր սիրում. կբերեր, կդներ հողի մեջ ու սիրով կմշակեր»,- Aravot.am կայքին տված հարցազրույցներից մեկում պատմել է Էդուարդի մայրը՝ Վարդիթերը:
Դպրոցն ավարտելուց  հետո Էդուարդ որոշ ժամանակով մեկնել է ՌԴ, սակայն 2005թվ. վերադարձել է ծառայության անցնելու նպատակով, ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանի  N զորամասում:
Ծառայության ընթացքում Էդուարդը հարազատներին բազմաթիվ նամակներ ու բանաստեղծություններ է ուղարկել, իր մտքերը գրել տարբեր թղթերի վրա, որոնք այս տարիների ընթացքում հարազատները խնամքով պահում են ամեն անգամ թերթում ու վերապրում ցավը:
2007թվ. հունիսի 12-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է  Էդուարդ Մուրազիկի Միրզոյանը:
Պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության համար Էդուարդ Միրզոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Նյութը պատրաստելիս օգտագործվել են՝ Aravot.am կայքի տվյալները։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/09/2018

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիս գյուղը եւ միջպետական ավտոճանապարհը.Aravot.am

Aravot.am կայքը գրում է. 
«Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 22.30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը:

Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակներից մեկը ընկել է իրենց առանձնատան բակում: Վնասների մասին տեղեկություններ չկան, դրանց առկայությունը կամ չլինելը հայտնի կլինի առավոտյան»: 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/09/2018

Կրակոցներ եւ հրդեհ Նոյեմբերյանի սահմանագոտում.Aravot.am

Aravot.am կայքը գրում է.
Այսօր`սեպտեմբերի 2-ին, ժամը 19-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի սահմանագոտում եղել են ադրբեջանական կրակոցներ: Դրանից հետո, հավանաբար, ադրբեջանական կրակոցների հետեւանքով Ոսկեվան գյուղի սահմանագոտում հրդեհ է բռնկվել, որը մինչեւ հիմա շարունակվում է: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել է մեր պաշտպանական դիրքերի վրա,նաեւ մի քանի լուսածիր գնդակներով կրակել Բաղանիս գյուղի վրա, որոնք գյուղին վնաս չեն պատճառել: Նա հայտնեց, որ ժամը 20.40-ի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն այդ հանգստությունն ամեն պահ կարող է խախտվել : 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/09/2018

Լևոն Մնացականյանը Արցախի սահմանին տիրող իրավիճակի մասին



Aravot.am կայքը գրում է.
«Առաջնագծում իրավիճակը հանգիստ է, մտահոգվելու ոչ մի առիթ չկա»,- այս մասին Aravot.am-ի հետ ճեպազրույցում ասաց Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Այն հարցին, թե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հակառակորդի կողմից առաջնագծում հնարավո՞ր է ակտիվություն, հաշվի առնելով հենց իր կողմից հուլիս ամսում նշված նման կանխատեսումը, Լևոն Մնացականյանը պարզաբանեց. «Սովորաբար մենք կանխատեսում ենք ընդամենը հնարավոր է որոշակի լարվածություն վերաբերյալ, որպեսզի մեր անելիքները նախանշենք: Օգոստոս ամսում հակառակորդի կողմից, որոշակի աշխուժություն կար, որոնք չեզոքացնելու համար տեղում լուծումներ են տրվել»:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/08/2018

Պատերազմի վտանգ միշտ կա. ինչ որ փուլում դրա հավանականությունը ավելանում է կամ նվազում. Տիգրան Աբրահամյան

Aravot.am կայքը գրում է.
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի
խորհրդական Տիգրան Աբրահամյանը

– Մամուլում հրապարակումներ եղան, որ Արցախում են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մի փոքր կգաղտնազերծե՞ք, երեք նախագահների հավաքի «ինֆորմացիոն առիթը» ո՞րն էր, ի՞նչ մտահոգություններ են ունեցել նախագահները, ի՞նչ հարցեր են քննարկել:

– Ճիշտն ասած ինձ լիազորված չեմ համարում մեկնաբանելու նմանատիպ այցերը, բայց չեմ կարծում, որ դրանց պետք է ինչ որ խորհրդավոր երանգներ հաղորդել:
Արկադի Ղուկասյանն Արցախի նախկին նախագահներից է, Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Անկախ նրանց քաղաքական գործունեության հետ կապված տարբեր մոտեցումներից, երկուսն էլ կանգնած են Արցախյան շարժման, բանակաշինության ակունքներում: Ավելին, տարօրինակ կդիտվեր, եթե նրանք Արցախ չայցելեն:

Այս հարցը արծարծվում էր հատկապես այն համատեքստում, որ որոշ ուժեր Արցախը փորձում էին ներկայացնել որպես հակահեղափոխական հարթակ: Ինչպե՞ս կգնահատեք այս միտումները:

– Եթե մեկ բառով՝ շատ վտանգավոր: Նկատելի է, որ որոշ խմբեր փորձում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործել սեփական անբիցիաների բավարարման, մեր ժողովրդի՝ արցախյան եւ հայաստանյան հատվածում ապրող մարդկանց միջեւ թշնամություն սերմանելու, ստեղծված էմոցիոնալ դաշտը՝ բացասական լիցքերի մասով ուղղորդելու՝ առաջին հայացքից Արցախի իշխանությունների, սակայն իրականում Արցախի դեմ:
Ակամայից կամ միգուցե միտումնավոր, վերջին մի քանի ամսում Արցախի մասին մեծ թվով ապատեղեկատվություն հոսեց դաշտ, որը անվտանգության սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի համար: Մենք անվտանգության միեւնույն համակարգում, նույն հայրենիքի տարբեր հատվածներ ենք. Արցախի դեմ ներքին կամ արտաքին ոտնձգությունները հարված են եւ Արցախին, եւ Հայաստանին:

Առանց ուժեղ Հայաստան չկա ուժեղ Արցախ եւ հակառակը: Արցախը բացառապես պետք է դիտել որպես միասնության, համերաշխության, համախմբվածության հարթակ:

Ինչպիսին է Արցախի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել, ինչպես 1-2 ամիս առաջ ներկայացնում էին որոշ գործիչներ:

– Արտահերթ ընտրությունների առաջ քաշումը կեղծ օրակարգ է, որը հանրային աջակցություն չունի: Իրականում այն պահից սկսած, երբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին չի մասնակցելու, քաղաքական դաշտում որոշակի աշխուժություն նկատվեց:
Իրականում նույնիսկ արտահերթ ընտրությունների մասին խոսող գործիչները գիտակցում են, որ այս պահին դրա նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը չկա, իսկ նրանց գործունեությունն ավելի շատ ուղղված է 2020 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստմանը:
Տպավորության կա, որ որոշ ուժեր ժամանակից շուտ ընտրական կամպանիա են սկսել: Դա է միգուցե պատճառը, որ կողքից այդ ակտիվությունը որպես արտահերթ կամ ստանդարտից դուրս գործընթացի մեկնարկ է դիտվում:

Իր հրավիրած հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր մոտեցումը`Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչը Ադրբեջանում ջղաձգումների տեղիք էր տվել: Այս հայտարարություններն արդեն գործնական փուլ մտնո՞ւմ են, պատշաճ դիվանագիտական խողովակներով այս հարցերն արդեն կարգավորման փուլ մտնում ե՞ն:

– ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ գործնական փուլ մտնելու կամ դիվանագիտական խողովակներով աշխատանքներ տանելու վերաբերյալ առավել հստակ կարող են մեկնաբանել այն կառույցները, որոնք օժտված են այդ լիազորություններով:

Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին հայտարարությանը, ապա այո, դա առաջնահերթություն է, առանց որի անհնար է խոսել գործընթացում էական տեղաշարժերի մասին:

Ադրբեջանի ջղաձգումները սպասելի էին, որովհետեւ դրանք մշտապես դրսեւորվել են այս հարցով մեր կողմից հնչեցվող նմանատիպ հայտարարությունների ժամանակ:

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններին ԵԱՀԿ Մինսկի խմբից եւս արձագանք չեղավ. տեղեկություններ ունե՞ք համանախագահ երկրներն ի՞նչ վերաբերմունք ունեն այս ամենին:

– Կարծում եմ՝ համանախագահները լիարժեքորեն կիսում են այն մոտեցումը, որը բանակցությունների արդյունավետության հիմքում Արցախի լիարժեք մասնակցության հարցն է, սակայն հասկանալի է, որ նրանք այս պահին չեն անի այնպիսի հայտարարություններ, որոնք մի քանի կետով կողմերին հետ կմղի տեսականորեն առկա հանդիպման հնարավորությունից:

Ադրբեջանում ՌԴ դեսպանը վերջերս խոսել էր բանակցային գործընթացում առաջընթացի մասին. բանակցությունները վերսկսվե՞լ են, արդյունքներ կա՞ն:

– Իսկ Ադրբեջանը պատրաստ է՞ դրան: Միանշանակ ոչ: Միայն հայկական կողմերի պատրաստակամ լինելն Ադրբեջանին չի կարող վերադարձնել բանակցությունների սեղան:Նախ պետք է կողմերի միջեւ վստահություն ստեղծել, ապա նոր մտածել բանակցությունների հնարավոր վերսկսման մասին: Ներկայումս այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ մի քայլ չի իրականացնում, դա է պատճառը, որ պատասխանս մի փոքր հոռետեսական ստացվեց:

Մեր նախորդ զրույցներից մեկում մտավախություն էիք հայտնել պատերազմական գործողությունների վերսկսման մասին, նման մտահոգություններ հնչեցին նաեւ Արցախի հասարակական շրջանակներից, նման մտավախությունների մասին խոսվում է նաեւ Հայաստանում, անգամ ժամկետներ են մատնանշվում: Պատերազմի վերսկսման վտանգը դեռ կա՞, աշխարհաքաղաքական իրավիճակի լարումը տարածաշրջանում մեծացնո՞ւմ է այդ վտանգը, թե՞ հակառակը:

– Պատերազմի վտանգ միշտ կա. ինչ որ փուլում դրա հավանականությունը ավելանում է կամ նվազում:Մինչեւ հարցին առավել հանգամանալից անդրադառնալը մի նկատառում. մեր հասարակության որոշ խմբեր սկսել են մի փոքր նյարդային արձագանքել պատերազմի կամ հակառակորդի ակտիվության մասին մեկնաբանություններին:
Չգիտես թե ինչու կեղծ օրակարգ է առաջ եկել. ով ասում է, որ պատերազմի հավանականությունը մեծ է՝ որակվում է «հակահեղափոխական», ով հակառակը՝ «հեղափոխության համակիր»: Շատ շատ վտանգավոր միտում է ոչ միայն հասարակությունը «մենք»-ի եւ «դուք»-ի բաժանելու առումով, այլ իրավիճակի մասին սթափ գնահատականները հասարակությանը փոխանցելու առումով:
Ընդ որում, ռազմաքաղաքական բարդ իրավիճակի մասին գնահատականներ հնչեցրել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը խոսում է այն մասին, որ վարչապետը իրավիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծություն ստանում է: Իսկ թե որն է՞ հասարակության որոշ խմբերի՝ իրավիճակի ակտիվացման մասին հայտարարություններին անհամաչափ արձագանքելը, բարդ է ասել:

-Ի՞նչ հիմքեր կան իրավիճակի ակտիվացման անխուսափելիության մասին բարձրաձայնվող կարծիքներում:

-Առաջին, բանակցությունների բացակայությունը: Երկրորդ`Ադրբեջանի կողմից շարունակվող սպառազինության մրցավազքը: Երրորդ` Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարության ամենաբարձր մակարդակով հարցը ռազմական ճանապարհով լուծելու շարունակական հայտարարությունները: Չորրորդ` չընդհատվող հայատյացության, ատելության ու պատերազմ սկսելու անհրաժեշտության մասին ակտիվ քարոզչությունը: Հինգերորդ` արտերկրի լոբբիստական խմբերի, փորձագետների, լրատվամիջոցների, առանձին լրագրողների հետ տարվող աշխատանքները՝ իրավիճակը Ադրբեջանի համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու վերաբերյալ: Վեցերորդ` տարբեր զորատեսակների մասնակցությամբ եւ տարբեր մասշտաբների զորավարժությունները (նաեւ առաջնագծին բավականին մոտ հատվածներում): Յոթերորդ`լրատվական դաշտի նախապատրաստումը, որն արտահայտվում է մի կողմից հակառակ տեսակետն արտահայտող, երկրի ու հատկապես զինված ուժերի մասին պաշտոնական տեսակետը չկիսող լրագրողների, սոցիալական ցանցի ակտիվ օգտատետերի նկատմամբ հաշվեհարդարից՝ մինչեւ լրատվական դաշտի կենտրոնացում` մեկ կենտրոնից տեղեկատվությունը փոխանցելու, եղածը ֆիլտրելու օրենսդրական հնարավորությունների ստեղծում: Շարունակելի…
Մի խոսքով, մեծ թվով գործոնների համադրումն ու ամենակարեւորը՝ ուղիղ տեքստով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները հարցի՝ ռազմական ճանապարհով լուծելու նպատակահարմարության մասին, թույլ են տալիս իրավիճակին առավել կոշտ գնահատականներ հնչեցնել:
Մեկ ոչ պակաս կարեւոր նկատառում եւս. Ադրբեջանական կողմից՝ խորհրդարանական, փորձագիտական, պաշտոնական հարթակներից առավել ակտիվ սկսվել է շրջանառվել այն թեզը, որ Ադրբեջանն ունի օրինական հիմքեր Արցախի հարցը պատերազմական ճանապարհով կարգավորելու համար:
Այսինքն՝ Ադրբեջանը նախապես փորձում է լեգտիմացնել հարցի ռազմական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը եւ հնարավոր բոլոր հարթակներում անընդհատ այս գիծն առաջ է մղում:
Քարոզչական ողջ ապարատն ընկած է բոլոր հնարավոր ուղղություններով այս թեզը զարգացնելու, տարատեսակ «հիմնավորումներ» ներկայացնելուն: Եվ եթե նախկին ակտիվացումների ժամանակ ադրբեջանական կողմի գործողությունները ներկայացվում էին որպես հակահարված, այսպես կոչված, «հայկական ագրեսիայի զսպում», ապա այժմ պատերազմի քարոզչության ու հնարավոր ագրեսիայի մասին առավել ուղիղ է հայտարարվում:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/08/2018

«Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել». ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին. Aravot.am

Aravot.am կայքը գրում է.

Aravot.am-ը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին (լուսանկարում` ձախից առաջինը)հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ես զենքի վաճառքի հարցը չեմ քննարկի, քանի որ բավականաչափ տեղեկատվության չեմ տիրապետում: Զենքի վաճառքի հարցն այն թեման է, որը կարգավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ միջազգային իրավական ակտերով: Եթե Բելառուսը, որպես այդ գործընթացների մասնակից, ինչ-որ բան խախտել է, դուք մեզ ասեք, թե պայմանագրի որ կետը»: 

Մենք հիշեցրինք, որ Բելառուսը, ինչպես եւ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ են: Իսկ ՀԱՊԿ-ի հռչակած նպատակներից է հանդիսանում խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հետեւաբար մեծ հարց է, թե Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը որքանով է նպաստում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Իգոր Նազարուկն ասաց. «Դուք էլ եք ՀԱՊԿ անդամ եւ դուք էլ ունեք հնարավորություն այս կամ այն գործողություններն անել, ես չեմ ասի, թե ինչպիսի ու չեմ մեկնաբանի: Վերաբերվեք այդ հարցերին հավասարակշռված, ասեք, թե կոնկրետ որ փաստաթղթի որ դրույթն ենք խախտել, չենք կատարել մեր պարտականությունները, այդ դեպքում կլինի կառուցողական փոխգործակցություն, ոչ թե էմոցիոնալ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, կարելի է բարելավել ու դրա համար պետք է այդ կազմակերպության մասնակիցները ճշգրտեն իրենց պարտավորությունները: Այս առնչությամբ մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք սրա մասին՝ Բելառուսի դեսպանը պատասխանեց. «Ցանկացած կազմակերպություն ունի իր կայացման մակարդակները՝ ձեւավորում, զարգացում: Բնականաբար, այս կամ այն պայմանագիրը, փաստաթուղթը դոգմա չէ, փոխվում է փոխգործակցությունը, դրա համար մենք չենք ասում՝ չէ, ասում ենք՝ եկեք քննարկենք հարցերը, այս կամ այն իրավիճակի ճշգրտում անենք»: 

Նազարուկն ասաց, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրը հավաքական անվտանգության պայմանագիր է, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն, այն, ինչ ձեռնտու չի լինի հայ գործընկերներին, չի մտնի փաստաթուղթ, դրա համար կաշխատեն՝ իրար հետ շփվելով ու իրար հետ աշխատելով ու կճշգրտեն այս կամ այն իրավիճակից բխող պարտավորությունները՝ նոր սպառնալիքներից ու նոր իրականությունից ելնելով: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/08/2018

Խնդրում եմ լինել զգոն, պատերազմը կարող է սկսվել օգոստոսին կամ սեպտեմբերին. Կարեն Օհանջանյան

Aravot.am կայքը գրում է.
Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջերս ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ավելի լուրջ են սկսել վերաբերվել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը: Եթե նախկինում սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական ռազմական և կենդանի ուժի ուժեղացմանը հայկական իշխանություններն ոչ ադեկվատ վերաբերմունք էին ցուցաբերում, ապա այսօր դրան վերաբերվում են ամենայն լրջությամբ: Ավելին, Արցախի իշխանությունների հետ միասին ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ նոր պատերազմը կանխելու համար: 

Բայց Մինգեչաուրի ՋԷԿ տեխնոգեն կատաստրոֆան և Գյանջայի իսլամիստական դեպքերը ժամանակի առումով հետ գցեցին Ադրբեջանի, Թուրքիայի և իրենց դաշնակիցների  մտադրությունները՝ ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծումը: Այսօր, չնայած սահմանին համեմատաբար հանգիստ է, սակայն ռազմական լուծումը չի կորցրել իր ակտուալությունը, մանավանդ որոշ «ընկերական» պետություններ կցանկանային պատժել Հայաստանի նոր իշխանություններին՝ նպատակ ունենալով կյանքի կոչել իրենց նպատակները:

Այսպիսով, ակնհայտ է երկու ինքնիշխան հայկական պետությունների դեմ Ադրբեջանի գլխավորությամբ միջազգային պրովոկացիայի սկիզբը: 2015 թվականի դեկտեմբերին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում  հայտարարել եմ, որ սահմանին տիրող իրադարձությունները շատ նման են պատերազմի: Ես այդ մասին հայտարարել եմ նաև միջազգային հարթակներում: Շատերը ծիծաղում էին իմ հետևությունների վրա, սակայն եկավ 2016 թվականի ապրիլ ամիսը և մեր դեմ հանդես եկավ ագրեսորների միջազգային կոալիցիան՝ Ադրբեջանը: Միայն ամբողջ հայության համախմբվածության շնորհիվ այդ ագրեսիան ֆիասկո ապրեց:

Այսօր ես նույնն եմ ասում, այն ամենը, ինչ կատարվում է Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի  սահմանի ողջ երկայնքով, լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախապատրաստում է, որը կարող է սկսվել արդեն օգոստոսին կամ սեպտեմբերին: Հնարավոր չէ, որ ագրեսորը ամեն օր միլիոնավոր դոլարներ ծախսի` համադրելի  հայկական բանակի ամսական բյուջեին, միայն հակառակորդին ցուցադրելու համար:

Չեմ ուզում բնակչության մեջ տագնապ առաջացնել, ուղղակի բոլորին խնդրում եմ լինել զգոն, պատերազմը կարող է սկսվել օգոստոսին կամ սեպտեմբերին՝ ցանկացած օր: Հանուն մեր Ազատության, ողջ հայ ժողովրդի դարավոր երազանքի՝ տեսնել մեր Հայրենիքը արժանի և հզոր, կոչ եմ անում բոլորին մի կողմ թողնել ամեն տեսակ վիրավորանքները, համախմբվել Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ՝ կանխելու բարբարոսների հարձակումը: Իսկ Արցախի և Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում, քանի դեռ ուշ չէ, օգտագործել բոլոր ներքին և արտաքին մեխանիզմները կանխելու տարածաշրջանային կատաստրոֆան: Պաշտպանենք մեր Հայրենիքը միասին»:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2018

Այսօր Գոռ Գրիգորյանի մահվան տարելիցն է

Գյումրի 01.08.2018թվ.Banak.info
2014թվ. օգոստոսի 1-ին Արցախի ՊԲ մարտական հենակետերից մեկում, համածառայակցի կողմից՝ զենքի կանոնների խախտման արդյունքում՝ հերթապահության ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող լեյտենանտ Գոռ Գրիգորյանը(Aravot.am):
Aravot.am կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ասել է, մեջբերում եմ.
«Գոռ Գրիգորյանը յոթերորդ պաշտպանական գոտու ամենաբարդ դիրքում է կանգնած եղել, ինքը դիրք էր պահում, մարտական հերթապահության ժամանակ է զոհվել, հետո ի՞նչ, որ համածառայակցի կողմից կանոնների խախտման արդյունքում է զոհվել, բայց ինքը սահմանը պահում էր ամենադժվարին պահին, եւ պետությունը գնահատել է»:

Գոռը ծնվել է 1990թվ. Արմավիրի մարզի՝ Ջանֆիդա գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, որն ավարտել է 2012թվ. և ծառայության անցել Արցախում:
Գոռը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, արիությամբ իր հոգատար ու նվիրված աշխատանքով։
Գոռ Բաբկենի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Նյութում օգտագործվել են Aravot.am կայքի տվյալները:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/06/2018

Խոստացիր, որ ողջ կմնաս... պա՛

«Լուրեր սահմանից. hրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել… »: 

Կարդում եմ այս գրեթե ամեն օր կրկնվող գույժն ու փորձում առաջ անցնել. թերթում եմ մյուս նորություններն ու զգում, որ ինքս ինձ չեմ լսում, նորից եմ նախորդը բացում ու կարդում անուն-ազգանունը, տարիքը. իմ տարիքին է…: 

Պա, լսե՞լ ես, էլի… պետք չէ շարունակել. գիտեմ՝ ամեն անգամ ինչ է կատարվում հորս հետ, երբ սահմանից վատ լուր է լսում: 

2016-ի ապրիլի գյուղական սովորական այդ օրը պապս ու հայրս քրտինքում կորած՝ բահով դաշտն էին վարում, երբ պայթեց ապրիլյանի մասին լուրը: Սրբեց ճակատի սառած քրտինքը, բահը ոտքով խրեց հողի մեջ ու պապիս ոչինչ չասելով՝ գնաց: Ապրիլյան սովորական այդ օրը ես համալսարան գնացի: Գրականության դասն էր. Ավագյանը կնճռոտված հոնքերով, ջղային շարժումներով փորձում էր դաս բացատրել. ինչ-որ չէր ստացվում… ի՞նչ էր պատահել: 

Կուրսեցիներից ինչ-որ մեկը բարձրաձայն կարդաց. «Մարտունիում արկի պայթյունից 12- ամյա Վաղինակը դպրոցի ճանապարհին մահացել է»: Նայում եմ Ավագյանի դեմքին. պարզ է՝ գիտեր ավելին. Վաղինակը միակ զոհը չէր, բայց այդ մասին քչերը գիտեին: Այլեւս հնարավոր չէր շարունակել դասը: 

Կայծակնային արագությամբ հիշեցի առաջնագծում կանգնած ընկերներիս, հարազատներիս… Արմա՜նը… Գոքո՜րը… Տիկո՜ն… 
Այդ մտածմունքերի հետ՝ ուղեղս ճեղքեց եւս մի միտք. արյունս սառեց երակներումս: Զանգեցի գյուղ. 
-Մա՛մ, պապան ո՞ւր է… 
-Տանը չի, դուրս է եկել… 
-Մա՜մ… չի գնա չէ՞, ասա որ չի գնա… 
-Չի՛, չի՛ գնա,-հեռախոսի մյուս ծայրին մորս ձայնը խեղդվում է: 
Ուրեմն կգնա, մաման հեռախոսն անջատեց… կգնա: 

Հայրս դեռ 92-ին էր իր համար ընտրել այդ ուղին: Միշտ գիտեինք. էնտեղ վիճակը լարվի՝ էլի գնալու է: 

Տանը դաս անելու տրամադրություն չկար: 

-Լի՛լ, պապան չի գնա, չէ՞ ,- հույսի նշույլներ եմ փնտրում մեծ քրոջս աչքերում: Նայում է դեմքիս ու ես այնտեղ չեմ գտնում «չի գնա»-ն: Մեզնից ոչ մեկը չհամարձակվեց զանգել նրան, միեւնույն է՝ ճիշտը չէր ասելու: 

Ապրիլի 2-ի գիշերը գնացին: Գյուղից 4-ով էին: Գիշերը տուն չէր գնացել: Ոչ մեկիս հրաժեշտ չտվեց: Իսկ հաջորդ առավոտյան արդեն այնտեղ էր: 
92-ին էլ հրաժեշտ չէր տվել. տանել չի կարողանում: «Պատերազմ է, պետք է գնայինք, անելիք ունեինք»՝ ասում է: 
Շատ խոսել չի սիրում, թեեւ ամեն խորամանկություն բանեցնում էի՝ տեսածից ու ապրածից մի բան պոկելու համար: 

Այս անգամ ստացվեց՝ չնայած արդեն 2 տարի է անցել: 

«Երբ Հադրութից Ջաբրայիլ էինք գնում, հրամանատարներ մոտեցան, ասացին՝ ինչքան հնարավոր է շուտ բաժանվենք մի քանի խմբի եւ հեռանանք այդ տարածքից: Այդ նույն տարածքում թշնամին «Սմերչ» կիրառեց: Բարեբախտաբար, չպայթեց. փառք Աստծո՝ ողջ ենք.. 

«Անընդհատ մտածում էի դիրքեր բարձրանալու մասին: Արդեն գիշեր էր, Ջաբրայիլում էինք, դիրքեր բարձրանալու համար պետք էր անցնել մոտ 5կմ, վտանգը մեծ էր, թշնամու համար մեծ կարեւորություն ունեցող դիրք էր դա, հիմնական ուժն էդ ուղղությամբ էր կենտրոնացած: Մեքենայի լույսերն անջատած, մեծ արագությամբ գնում էինք: Կարծես երկնքից կրակ էր թափվում: Երբ հասանք, ավելի շատ էի հասկանում իմ ու մնացածիս էնտեղ լինելու կարեւորությունը. մենք էնտեղ անելիք ունեինք»: 

Այնտեղ պատերազմ էր թշնամու հետ, թիկունքում մենք էինք կռիվ տալիս մեր վախերի ու սպասման, սպասման, անտանելի սպասման հետ:

Միշտ հանգիստ ու խաղաղ բնավորություն ունեցող հայրս խրամատում՝ զենքը ձեռքին՝ զինվորների նման կռվում է, իսկ ես, որ երբեք իմ կամքով հեռուստացույց միացրած չկայի, ժամերով անթարթ հետեւում էի լուրերին, ալիքից ալիք, հերթով, տենդագին… Անզորությունից հուսահատված՝ հանկարծ մի պահ սթափվում էի հեռուստացույցից հնչող «Նոր զոհեր առաջնագծում» նախադասությունից… Շունչս պահած մտքումս խնդրում էի Աստծուն, որ հորս անունը չհնչի, ու մինչեւ կասվեր բնակավայրը, տարիքն ու վերջապես անունը, վախից թուլանում էի:

Հետո… հետո ներողություն էի խնդրում Աստծուց ու բոլորից, որ եսասեր եմ դարձել, եւ հորս մասին եմ մտածում: 

«Վաղ առավոտյան, դիտակետի մոտ կանգնած էինք, մի քանի անգամ մոտեցա՝ նայեցի հեռադիտակից: Վերջին նայելուց հետո, երբ արդեն գլուխս հանում էի դիտակետի անցքից, մի պահ թույլ քամի զգացի, ու ինչ-որ անսովոր ձայն: Դիտակետի պատն ամրացնող պարկը ծակվել է եւ ավազը թափվում էր: 

-Զգո՛ւյշ տղերք, «սնայպեր» է աշխատում,-կողքի դիտակետից հայտնեցին: Թե մի վայրկյան ուշ էի գլուխս հանել էդ անցքից… կարեւորը ողջ ենք, բա մեր ջահելներն ինչ ասեն, որ ամեն օր են այդ վիճակում: Մի բան հաստատ էր. մենք մեր կորյուն տղերքին էինք թեւ տալիս, նրանք՝ մեզ: Ավելի մեծ ուժ չկա: Ինչքան «դուխ» կար էդ 18-20 տարեկանների մեջ, պատրաստ էին կողքի կանգնած ընկերոջ համար մեռնել: Թեթեւ շարժ նկատեին՝ առաջինն իրենք էին նետվում: Մերոնցից մեկին խփեին՝ ոնց էին վրեժխնդրորեն լցվում ու կռվում, կռվում առյուծի պես՝ սառնասիրտ, կարգապահ, իրենց գործն իմացողի պես: Հանգիստ եղեք, հորողբեր, քիթները կջարդենք. մեզ էին ասում՝ ղարաբաղի առաջին կռիվ տեսածներիս: Դրանից ավելի ուժեղ բան կա՞»,

- Ու մտաբերում եմ հորս զանգը սահմանից, որին սպասած յուրաքանչյուր րոպեն տարի է թվացել: Մի րոպե փորձում էի ինձ համոզել, որ իսկապես, նա է: Ձայնը լսելուց հետո մտքումս պատրաստած բոլոր հարցերը խեղդվեցին լացիս մեջ: Եվ միակ բանը, որ ուզում էի՝ հանկարծ հայրս չանջատեր հեռախոսը. անընդհատ լսեի ձայնը: Միայն մի նախադասություն կարողացա մեծ դժվարությամբ արտաբերել. 

Պապ… խոստացիր, որ ողջ կմնաս… 


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`