Showing posts with label Tert.am. Show all posts
Showing posts with label Tert.am. Show all posts

19/11/2019

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերի Ներսեսյանը՝ տեղակալներ


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որով հայտնում է ՊՆ-ում մի քանի նշանակումների մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.
- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,
- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը
նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,
- գնդապետ Վաչագան Վալերի Ներսեսյանը նշանակվել է
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատելու մասին։
Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էր նաև գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսիսյանը։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/11/2019

Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել


Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասաց համայնքապետը:

Հարություն Մանուչարյանը նաև հայտնեց, որ նրան, հավանաբար, այսօր կտեղափոխեն Երևան:


Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են:




Նյութը՝ Tert.am կայքի




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել


Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է : Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Երեկ Արցախում ականի պայթյունից վիրավորվել է ժամկետային զինծառակող Ա. Սադյանը: Նրան Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել են»,-ասաց համայնքի ղեկավարը: Նա հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են Ստեփակերտի հոսպիտալ:


Նյութը՝ Tert.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/11/2019

Եղբորս՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սխալ տեղեկատվություն են տարածում. Կարեն Մխիթարյան



Գնդապետ Արա Մխիթարյանը, ով սեպտեմբերի 17-ին Վայոց Ձորում մի խումբ մարդկանց կողմից ծեծի էր ենթարկվել, ոչ կոմայից, ոչ էլ կրիտիկական վիճակից դուրս չի եկել: Նրա վիճակը  շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պնդեց տուժողի եղբայրը՝  Կարեն Մխիթարյանը:

«Շատ սխալ տեղեկատավություն են տարածում, Արան կոմայի մեջ է, իրենք անձամբ Արային տեսել ե՞ն՝ որ այդպիսի բաներ են ասում: Ծայրահեղ ծանր պառկած է, մենք շատ ուրախ կլինեինք, որ իրանց ասածով լիներ՝ կոմայից դուրս եկած լիներ, բայց այդպես չէ: Կարող եք գրել՝ սխալ  տեղեկատվություն են տարածում, այդպիսի բան չկա: Մի աչքը դեղերի ազդեցւթյան տակ բացվում –փակվում է, դա ռեֆլեքսորեն է: Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակի ընթացքում  կարող է կոմայից դուրս գալ»,-նշեց նա:

Անդրադառնալով քրեական գործի ընթացքին՝ Կարեն Մխիթարյանն ասաց, որ մինչև վերջնական արդյունքները չտեսնի, ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ փոխգնդապետը կրիտիկական վիճակից դուրս է եկել:

«Նրա մոտ թեթև դրական շարժ կա, բայց վիճակը մնում է ծանր: Ուղղակի այդ կրիտիկական վիճակից է դուրս եկել, մի ստադիան փոխվել է, բայց այնպես չէ, որ նա նորմալ գիտակցություն ունի, կամ կարողանում է շփվել»,- ասել էր Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը 
ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը ՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:


Հոկտեմբերի 30 –ին Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Վայոց Ձորի դեպքի մասին 4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ունենք նաև մարզպետի շենքի դիմաց տեղադրված տեսանկարահանող սարք, ըստ որի՝ 22։30–ին մարզպետը մտնում է շենքի մուտք և 00։30-ին շքամուտքից դուրս գալիս։ Մյուս կողմից, զինծառայողներն առերես էլ պնդել են, որ մարզպետն այնտեղ է եղել:


Նյութը՝  Tert.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/09/2019

Արցախի սահմանին վիճակը նորմալ է, հակառակորդի տեղաշարժ չկա. Արցախի ՊԲ հրամանատար


«Սահմանին վիճակը նորմալ է, հարաբերական կայուն է շնորհիվ մեր բանակի, զգոն զինծառայության իրականացման։ Եթե համեմատենք այլ ամիսների հետ, կարող ենք նշել, որ որոշ հատվածներում ունեցել ենք սրման, զինադադարի խախտման դեպքեր, բայց շնորհիվ մեր իրականացրած միջոցառումների լիարժեք մարտական հերթապահության, այսօր ունենք խաղաղ սահման»,-ասաց նա։
Հարցին, թե խոսվում է հակառակորդի առաջխաղացման մասին, նման պատկեր կա՞, Կարեն Աբրահամյանն ասաց, որ նման պատկեր չկա. «Ոչ, ինչպես մենք ենք ուսումնական կենտրոններում, առաջնագծերում պարապմունքներ իրականացնում, նույնպես իրենք են իրականացնում այդ աշխատանքները»։
ՀՀ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ հարցին ի պատասխան ՊԲ հրամանատարն ասաց, որ դրա վերաբերյալ պաշտոնապես ոչինչ չեն ստացել, պարզապես տեղյակ են, որ ստեղծվել է հանձնաժողով, ինչ իրենցից պետք է, պատրաստ են տրամադրել։
Հարցին, թե հնարավո՞ր է աղմկահարույց բացահայտումներ լինեն, դավադրություններ, ՊԲ հրամանատարն ասաց՝ կարծում եմ՝ ոչ։


Նյութը՝ Tert.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2019

Ռազմական ոստիկանությունն զբաղվում է Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Ա. Հովհաննիսյան


ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Tert.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», - ասաց Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել «Եռաբլուր» պանթեոնի շիրիմները։ Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։


Նյութը՝ Tert.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2019

Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյանը՝ սպառազինությունների ձեռքբերման մասին



Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, Հայաստանում կլինեն արդեն այս տարվա վերջ–հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին՝ արդյոք նոր սպառազինության տեսակներ ձեռք բերելու են, թե ոչ նախարարը պատասխանեց. «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»,-ընդգծեց նա:

Դավիթ Տոնոյանը նաև անդրադարձավ զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին՝ նշելով, որ կան որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զինծառայողի հոգեվիճակը: 

Նախարարը վստահեցրեց, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին բանակ զորակոչելու դեպքերի նվազում կա: «Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են: Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննությունն է անցկացվում»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Յուրի Բրոյանը դուրս էր գրվել ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ից և չէր ներկայացել զորամաս, պարզվել էր, որ ազգությամբ եզդի զինծառայողը բանակ էր զորակոչվել նախորդ տարվա օգոստոսին ՝թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ:


Նյութը՝ Tert.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/05/2019

Կենսաթոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվելու է նաև շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը

Կառավարության հերթական նիստին այսօր ներկայացվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է՝ 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառել նաև հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը:


Կենսաթոշակը նշանակվում է.

1. կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

2. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս` նախկին օրենսդրությամբ հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե գործող օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ, իսկ եթե նշանակվող կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակի գործը տեղափոխելը Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:  Կառավարությունը ընդունեց նախագիծը:


Նյութը՝ Tert.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/05/2019

Հակառակորդի գնդակից ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. Արծրուն Հովհաննիսյան

Մայիսի 4–ին Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ զինծառայողը հիմա կարողանում է նաև հաղորդակցվել:
«Ընդհանուր առմամբ նրա մոտ առկա է դրական դինամիկա»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել 21 -ամյա ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը:
Զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Նյութը՝ Tert.am  կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/05/2019

Արցախում վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան.վիճակը ծանր է

Մայիս 4-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանին այսօր կտեղափոխեն Երևան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Օրվա մեջ կտեղափոխեն»,-ասաց նա և նշեց, որ զինծառայողի վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: 

Նյութը՝ Tert.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/04/2019

Թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար


Ադրբեջանում մայիսի 1-3-ը կանցկացվեն «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները, գրում է minval.az-ը: Այդ նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:

Դրանց հիմնական նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, անձնակազմերի մարտունակության մակարդակի բարձրացումը, և այլն:

Վարժանքներին կմասնակցեն ռազմատեխնիկա, հրետանային կայանքներ, նռնականետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումները:


Նյութը՝ Tert.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/04/2019

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից. Ն. Փաշինյանը՝ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի մասին

Այսօր Եռաբլուրում 2016 թվականի քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ հետևություն է արել Ապրիլյան պատերազմից հետո, Փաշինյանն ասաց, որ այսօր էլ այդ խնդիրը կառավարության օրակարգում է:
«Մենք պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և հետևություններ անենք»,- նշեց վարչապետը:
Հարցին՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կարելի՞ է ասել, որ սահմանին լարվածություն չի լինի, և այլևս քառօրյա պատերազմներ չեն լինի, նա պատասխանեց. « Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պաշտպանության նախարարի արած հայտարարության վերաբերյալ աղմուկն անիմաստ է: «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Պաշտպանության նախարարն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է  հաղթելն այդ պատերազմում, եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,- շեշտեց վարչապետը:
Նշենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
Հարցին էլ՝ այսինքն համաձայնեցվա՞ծ էր Տոնոյանի խոսքը իր հետ, վարչապետը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո, դրա հետ կապված որևէ հարց ունե՞ք»:

Նյութը՝ Tert.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/04/2019

Եթե Ադրբեջանը կրկին գնա սադրանքի, լինելու է այն, ինչ Դավիթ Տոնոյանը հայտարարեց․ պաշտպանության փոխնախարարի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին

Անցած զորավարժությունների հետ կապված հաղորդագրություններում էլ հայտնել ենք, որ փորձում են նաև հարձակվողական կոմպոնենտը մտցնել՝ պահպանության  ռեժիմից դուրս գալով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սադրիչ որակելուն, Գաբրիել Բալայանը շեշտեց, որ գրեթե չկա մեկ շաբաթ, որ ադրբեջանական կողմից սադրիչ հայտարարություն չլինի։
«Պարզապես մենք ապավինում ենք մեր պատրաստվածությանը, մենք ապավինում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը, այս պատճառով էլ ամեն անգամ նրանց սադրիչ հայտարարություններին չենք արձագանքում»,- շարունակեց Բալայանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հարցադրմանը, թե արդյո՞ք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համապատասխանում է ՀՀ բարձրագույն ղեկավարության տեսակետին, փոխնախարարը հիշեցրեց, որ պաշտպանության նախարարն իրականացնում է Կառավարության ծրագիրը։
«Եթե բացենք կառավարության ծրագիրը՝ հաստատված ԱԺ-ի կողմից, կտեսնենք, որ այնտեղ ևս խոսք է գնում բանակի զարգացման, այդ թվում սպառազինության վերաբերյալ։ Կառավարության ծրագիրը միասնական է, իսկ ՊՆ-ն՝ որպես կառավարության մաս, իրականացնում է իր ծրագիրը։ Համոզված եմ, որ սա այն քաղաքականության մասն է, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Միգուցե չենք գրում կառավարության ծրագրի մեջ այն ամենն, ինչ անում ենք, բայց որպես մի ուղղությունն էլ մենք դրել ենք մարտական պատրաստվածությունը, սպառազինության թարմացումը։ Մեր գործը մեր պաշտպանությունը զգոն պահելն  ու պաշտպանական  հզորություններն ավելացնելն է։ Սա ենթադրում է նաև որոշակի դեպքերում այլ գործողությունների իրականացում, որոնք միգուցե զարմանք  ենք առաջացրել մեր հակառակորդի մոտ»,- եզրափակեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նյութը՝ Tert.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/03/2019

«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը (տեսանյութ)

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը:   
«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրել է նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են»:



Նախարարն ընդգծել է՝ կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:

Նյութը՝ Tert.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/03/2019

Մեղրիի զորամասի շարքայինները ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով «դըմփ, դըմփ, հու»-ն և «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը. միջադեպի մասնակից


Մեղրիի զորամասի շարքայիններն անհնազանդ կերպով ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով քաջ հայտնի «դըմփ, դըմփ, հու»-ն և գողական հեղինակություններին բնորոշ «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը:
Իսկ գլխավոր գործող անձ շարքային Մուսայելյանը բարձրաձայնում էր՝ «Տղե՛րք, դուխով, ես նստող տղա եմ, ուր էլ նստեմ, սաղիդ տեր եմ»:
Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին Սյունիքի մարզային «Զանգեզուր TV»-ին պատմել է միջադեպի անմիջական մասնակիցներից մեկը, որը, սակայն, ցանկացել է գաղտնի մնալ: «Դասալիք զինվորների հետ բանակցելուց հետո հրամանատարությանը հաջողվել է զինվորներին վերադարձնել գունդ, բայց պայմանով՝ իրենց «թագավոր ախպորը» չեն տեղափոխի այլ զորամաս: Հրամանատարական կազմն էլ ներկայացրել է իր պայմանը՝ չի տեղափոխում անկարգություն արած զինվորին, բայց մեղավորները, օրենքի սահմանված կարգով, պատժվելու են»,-ասել է նա:
Վերջինս նաև հայտնել է, որ այդ նույն շարքայինը՝ Կարոն, զորամասում առանձին սենյակ է ունեցել և ծառայել է արտոնյալ պայմաններում. «Ինչպես ժողովուրդն է ասում՝ «յախշի» էր»: Նրա խոսքով՝ բացի դա, զորամասում որոշ շարքայիններ հրաժարվում էին պահպանել օրենքով սահմանված կանոններ, ինչպես օրինակ՝ փոխում են հագուստի ձևը՝ դարձնելով այն քաղաքացիական, չէին սափրվում՝ պատճառաբանելով, որ վարչապետ Փաշինյանը նույնպես մորուք ունի. «Ինչպես նաև վերջերս Կառավարության զորամասում հատուկ սահմանված կարգով բջջային հեռախոս ունենալու թույլտվությամբ պայմանավորված՝ տեղի էր ունենում չարաշահում, այսինքն՝ զինվորը իր պարտականությունը կատարելու փոխարեն տարված էր համացանցով»:
Միջադեպի ականատեսներից մեկն էլ, ով ևս չի ցանկացել ներկայանալ, հեռուստաընկերությանը պատմել է, որ երբ այդչափ զինվոր դուրս եկավ զորամասից, ժողովուրդը վախեցավ. «Ես ասացի՝ հեսա մտան: Իրավունք չունի զինվորը զորամասը լքի: Նույնն է, ոնց որ նահանջի: Պայքարի զորամասի ներսում, բռնի գնդապետի բերանից, խեղդի, բայց մի լքի»:
Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:

Նյութը՝ Tert.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/03/2019

«Մոնթե Մելքոնյան» վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ. Դավիթ Տոնոյան

Tert.am կայքը գրում է.
«Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանը, թե արդյոք շարունակելո՞ւ է գործել «Մոնթե Մելքոնյան» վարժարանը, պատաասխանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Մոնթե Մելքոնյանի վարժարանը որպես կառույց գործելու է, և իմ դիրքորոշումը հետևյալն է, որ մինչև վարժարանը չունենա ավելի լավ պայմաններ, իսկ լավ պայմանները հատկապես վերաբերում են ռազմակրթական գործընթացին, այդ վարժարանը այդ տարածքում շարունակելու է գործել»:
Հիշեցնենք, որ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան, որը հատկացվել է վարժարանին, և տարածքն ամբողջությամբ չի օգտագործվում:



Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունն էլ հայտարարություն էր տարածել Նարեկ Բաբայանի ելույթի մասին, նշելով, որ  Հայաստանի լավագույն ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ համեմատելն առնվազն հեգնանք է:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/03/2019

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել

Tert.am կայքը գրում է.

Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին, սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, այս մասին տեղեկացնում է INTERFAX-ի ադրբեջանական ծառայությունը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին: 

Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: 

Աղբյուրը հայտնում է, որ զինված խմբի անդամներին հաջողվել է փախուստի դիմել, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/03/2019

2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել.Tert.am

Tert.am կայքը գրում է.
Tert.am-ի տեղեկություններով` մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։
Տեղեկության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցադրումներով, թե սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ը քանի զոհ է գրանցվել ԶՈւ-ում ու ՊԲ-ում։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ԶՈւ-ում ու ՊԲ-ում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել,4  մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում։
Այսինքն՝ 1 ամիս 21 օրվա ընթացքում զոհվել է 7 զինծառայող։ ՀՀ գլխավոր դատախազությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են.
«2019 թվականի հունվարի 1-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան 3 դեպք։

1․ Էդ․ Գրիգորյանի՝ 01․01․2019թ․ մարտական հերթապահության ընդգրկված լինելու ընթացքում մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
2․ Մ․ Գրիգորյանի՝ 11․02․2019թ․ մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում ժամկետային զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
3․ Ֆ․ Թամազյանի՝ 12․02․2019թ․ առողջական վիճակի հետ կապված մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Տեղեկացնում ենք նաև, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 4 դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել հիվանդության, և 2-ը՝ ավտովթարի հետևանքով»։
Նշված չորս դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Արցախի պաշտպանության բանակը չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն կամ գրառում չի արվել։
Նշենք, որ Էդգար Գրիգորյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, Մեսրոպ Գրիգորյանի մահվան փաստի առթիվ՝ սպանության հատկանիշներով, Թամազյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Tert.am-ը լրացուցիչ հարցումներ է ուղարկել չորս զինծառայողի մահվան դեպքի հանգամանքների և հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին զոհված Էդգար Գրիգորյանի մասին ևս չէր հայտնել, տեղեկությունն առաջինը հայտնել է Tert.am-ը։ Այդ լուրի հրապարակումից հետո մեկ այլ դեպքի՝ զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի զոհվելու մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Մեկ այլ զինծառայողի մահվան մասին հայտնել է Արցախի ՊԲ-ն. «Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին, նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը»։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/02/2019

Ադրբեջանը պետք է մտածի պաշտպանության նախարար Հասանովի ոչ ամբողջական ռազմական կրթության ու «փառավոր» ծառայողական անցյալի մասին. Ա. Հովհաննիսյանի պատասխանն Ադրբեջանին

Tert.am կայքը գրում է.
Կարծում եմ, որ նման բարձր պետական մակարդակում սթափություն է պետք, և իրականության զգացողությունը կորցնելը ճիշտ չէ:  Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունեն Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի վերաբերյալ:
«Ռազմավարության, հարձակման ու պաշտպանության մասին միայն կարող են խոսել հաղթանակած բանակի ղեկավարները:
Նոր ու շատ զենքեր առնելով դեռ հաղթող չեն դառնում։ Այս ամենի մասին Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես պետք է մտածի՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի ոչ ամբողջական ռազմական մասնագիտական կրթությունն ու «փառավոր» ծառայողական անցյալը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայոց բանակի փիլիսոփայությունը փոխվել է՝ պաշտպանականից դառնալով հարձակողական: Դրան արձագանքել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ անհնար է իրենց վախեցնել «քարոզչական բնույթի հայտարարություններով»:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/02/2019

Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` ինչ է իր բուն նպատակը. հայոց պետականության կործանումն է. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարությունների մասին

Tert.am կայքը գրում է.
Ահաբեկիչ երկիրը բացեիբաց հայտարարում է` ինչ է իր բուն նպատակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Ադրբեջանի բուն նպատակը չի փոխվել, դա հայոց պետականության` և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության կործանումն է: Սրա մասին Ադրբեջանը միշտ խոսում է, ավելին` մեղադրում է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ: Սակայն իր այդ հայտարարություններով հենց ինքն է խոչընդոտում բանակցային գործընթացին: Բայց Ադրբեջանն այսպիսին է, մենք միշտ պետք է հասկանանք ու չմոռանանք, թե ում հետ գործ ունենք: Չպետք է ակնկալել Ադրբեջանից դիրքորոշման փոփոխություն կամ ակնկալել, որ նա ինչ-որ կառուցողական քայլեր է կատարելու, հնարավոր չէ»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի «գրավման» հետ: Այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը. «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»»,-ասել էր Ալիևը։
Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանի այս վարքագիծն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմք ունի իր մեջ: «Ադրբեջանը բազմազգ երկիր է և անելու է ամեն ինչ, որպեսզի չճանաչի Արցախը: Ուշ թե շուտ ճանաչելու է, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի դա հետաձգվի, որովհետև բազմազգ է: Եթե Արցախը ճանաչի, այլ ազգեր նույնպես կարող են անկախության ձգտման իրենց քայլերը գործնական դարձնել: Ադրբեջանի համար նույնիսկ շատ ավելի վտանգավոր է Արցախի ինքնավարությունը ճանաչել, քան անկախությունը: Իհարկե, մեզ համար անընդունելի է ինքնավարության ճանաչումը, բայց այդ ինքնավարությունն ավելի վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև այլ ժողովուրդներ նույնպես ինքնավարություն կուզեն, ինչը կնշանակի, որ Ադրբեջանն իրոք արհեստական է, իսկ փոքրամասնություններին ներկայացնում են որպես ադրբեջանցի»,- պարզաբանեց նա:
Նա նշեց, որ Ադրբեջանի համար կա երկու տարբերակ` փորձել ոչնչացնել մեր պետականությունը կամ պարզապես սսկվել: «Որպեսզի Ադրբեջանը չկարողանա կործանել մեր պետականությունը, դրա բանաձևը պարզ է` միշտ պետք է ունենանք ուժեղ բանակ, ներհայկական միասնականության բարձր մակարդակ և միշտ պետք է վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն` խորացնելով, ամրապնդելով մեր ավանդական բարեկամների ընկերների դաշնակիցների հետ կապերը, ինչպես նաև զարգացնելով մեր հարաբերություններն այլ երկրների հետ: Սա է բանաձևը՝ ինչպես անել, որպեսզի Ադրբեջանի երազանքներն այդպես էլ մնան երազանքներ»,- շեշտեց նա։
Միևնույն ժամանակ Բաբայանն ընդգծեց, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված անկախ իշխանափոխությունից նույն կարևորագույն գաղափարները պահպանվել են: «Կառավարության, Ազգային ժողովի և այլ փոփոխությունները ժողովրդավարական գործընթացներ են, որոնք կան ու պիտի լինեն թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում,  բայց կան գաղափարներ, որոնք անփոփոխ են, և որոնց փոփոխությունը և ոչ ճիշտ ձևով փոփոխությունը կարող է լինել ճակատագրական:
Այդ խնդիրների շարքին է դասվում նաև Արցախի հիմնախնդիրը: Այս առումով մենք չենք տեսնում որևէ վտանգավոր փոփոխություն: Պաշտոնական Երևանը շարունակում է համարել Արցախը, Արցախյան հիմնախնդիրը որպես հայոց պետականության համար կարևորագույն հարց, կողմնակից է խաղաղ կարգավորման և անպայման Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին լիիրավ ձևով: Հետևաբար, կան գաղափարներ, որոնք պետք է լինեն անփոփոխ, բարեբախտաբար, Արցախի հիմնախնդրի հարցով որևէ լուրջ նեգատիվ բացասական զարգացում չկա, լինի դա Արցախում, թե ՀՀ-ում»,- եզրափակեց նա:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`