Showing posts with label Mediamax.am. Show all posts
Showing posts with label Mediamax.am. Show all posts

08/04/2019

Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. Դավիթ Տոնոյան

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ
- Պարոն նախարար, երբեմն թվում է, որ մեր հասարակությունը միշտ չի ռացիոնալ ընկալում «պատերազմ» եւ «խաղաղություն» եզրույթները: 
- Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք: 
Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, եւ նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում: 

- Վերջին ամիսներին, երբ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, դա հաճախ բացասական արձագանքի է արժանանում մեր հասարակության մոտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:
- Կարծում եմ՝ ձեւակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

- Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:
- Թերեւս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետեւանք է: 
Խնդիր կա նաեւ այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք: 
Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի:
Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարեւան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու:

- Բանակցային գործընթացի մասին որքանո՞վ եք տեղեկացված: Երբ ԱԳ նախարարը կամ վարչապետը հանդիպում են իրենց պաշտոնակիցներին, դուք տեղեկատվություն ստանո՞ւմ եք: 
- Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բավարար տեղեկություններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը: 

- 2018թ. հուլիսին Դուք ներկայացրեցիք Ձեր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որը, կարծում եմ, շատ քիչ քննարկվեց փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ձեր տեսլականի առանցքային կետերից մեկը սա էր. «Պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ»: Ի՞նչ է պետք է անել, որ այս բառերը գործողություններ դառնան: Եվ արդյո՞ք այդ առաքելության զգացողությունը մինչ այդ չկար:
- Այդ շեշտադրումն անելիս ես խոսել եմ ոչ միայն Զինված ուժերի եւ պաշտպանական համակարգի, այլեւ մեր ամբողջ հանրության մասին: 
Երբ հանրությունն ընկալում է Զինված ուժերին զուտ որպես պարտականություն կատարողի, դա նշանակում է, որ բանակը սահմանափակ թվով խնդիրներ ունի լուծելու: Հայ ժողովուրդը եւ մեր Զինված ուժերը պետք է իրենց առջեւ թռիչքային նպատակներ դնեն, եւ հիմքում պետք է առաքելությունը լինի: Չենք կարող սահմանափակել մեզ կանոնադրությամբ, ժամանակով կամ տարածությամբ: Երբ առաջնորդվում ենք առաքելությամբ, անում ենք առավել, քան մտածում ենք, առավել, քան պլանավորում ենք, առավել, քան կարող ենք:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/03/2019

«Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է». Դավիթ Փախչանյան

Մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Դավիթ Փախչանյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Այդ պաշտոնում Դավիթ Փախչանյանը նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին: Մինչ այդ, 2016 թվականի հունիսի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Փախչանյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։

Դավիթ Փախչանյանը «Այբ» եւ «Արար» հիմնադրամների հիմնադիրներից է:

- Թեթեւությո՞ւն եք զգում, պարոն Փախչանյան։

- Շատ։ Անչափ։

- Լուրը հայտնվելուն պես՝ ենթադրություններից բացի, նաեւ «դավադրության տեսություններ» են հրապարակվել՝ հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառների մասին։

- Ծառայությունից դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, որը համաձայնեցված էր վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ:

Ես պաշտոնը ստանձնեցի 2016-ի մայիսին՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Բոլորս բանակին որեւէ կերպ օգտակար լինելու պարտքի զգացում ունեինք։ Երբ Սերժ Սարգսյանից առաջարկը ստացա, շատ դժվար էր մերժելը, բայց ես նաեւ հասկանում էի, որ պետական կառավարման համակարգում իմ երկար գտնվելն արդյունավետ չի կարող լինել։ Պատճառն այն է, որ նույնիսկ բիզնեսում իմ դերակատարությունն ես տեսնում եմ ոչ թե որպես մենեջեր, այլ որեւէ ստարտափ կամ նախաձեռնություն մտահղացող, հիմնադրող, բայց եւ այն փոխանցող։

Առաջարկին համաձայնելիս՝ ասացի, որ պաշտոնը կստանձնեմ երկու տարով, եւ իմ գլխավոր խնդիրը «սայլը տեղից պոկելն» ու ուղղություն տալն է լինելու։ Երբ դա հաջողեի, պետք է այն փոխանցեի այն մարդկանց, որոնք պետական կառավարման համակարգում պատրաստ են մնալ երկար տարիներ եւ կատարել  նմանատիպ աշխատանք։

Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է։ Թերահավատությունը շատ մեծ էր, որովհետեւ կար կարծրատիպ՝ եթե հայկական է, ուրեմն լավը չէ։ Միջոցներ չկային, բայց պետք էր ապացուցել։ Ես գնացի ապացուցելու լուծումներ գտնելու ճանապարհով, եւ այն, ինչ արվեց, հիմնականում ոչ պետական միջոցներով էր։ Հետո, երբ առաջին ապացույցները ներկայացվեցին, 2017-ի աշնանը կառավարությունը որոշեց գիտահետազոտական աշխատանքների բյուջեն ավելացնել՝ մեր գումարը 1,5 միլիարդ դրամից դարձավ 2,4 միլիարդ՝ այն միտումով, որ ամեն տարի որոշակի ավելացում պետք է լինի։ Երկու տարին լրացավ 2018թ. մայիսին։ Քաղաքական իրադարձությունների արդյունքում, երբ զրուցեցինք նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը տեղյակ էր իմ պայմանավորվածության մասին, որովհետեւ այն ժամանակ ՊՆ առաջին փոխնախարարն էր, հասկացանք, որ անցումային շրջանում իմ դուրս գալն այնքան էլ ճիշտ չէ։ Պայմանավորվեցինք, որ ես որոշ ժամանակ էլ կմնամ։

Այս ընթացքում վարչապետի հետ քննարկումների ժամանակ ծագեց այն գաղափարը, որ ռազմարդյունաբերության զարգացման համար ավելի նպատակահարմար է, որ ոլորտը պաշտպանության նախարարությունից դուրս գա։ Կառավարության վերջին նիստի ժամանակ սա հաստատվեց, եւ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում օրենսդրական փոփոխությունը տեղի կունենա։

Այսպիսով, պաշտպանության նախարարությունում իմ ստանձնած ուղղությունն ավարտվեց։ Գործն այս մասով արված է, փոխանցված է, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով, բայց շատ բան է արվել՝ գործը սկսել ենք, հավատ ներշնչել, որ Հայաստանում կարող ենք ստանալ այնպիսի ռազմական տեխնիկայի նմուշներ կամ համակարգեր, որոնք առաջնագծում կարող են իրավիճակ փոխել։

Որոշման պատճառների հիմքում կար նաեւ անձնական հարց։ Ընտանիքս՝ կինս եւ դուստրս 2.5 տարի է Մոսկվայում են բնակվում։ Այս ընթացքում, իհարկե, հանդիպել ենք, բայց կարող եք պատկերացնել այդ հանդիպումների քանակն ու տեւողությունը։

- Եվ ի՞նչ եք անելու արդեն հաջորդ շաբաթ, մեկնելո՞ւ եք Մոսկվա։

- Մոսկվա մեկնելու եմ։ Բայց ժամանակիս 40 տոկոսն անցկացնելու եմ Հայաստանում, որովհետեւ կան որոշ նախագծեր, որոնցով զբաղվում էի մինչեւ պաշտպանության նախարարություն գալը, եւ հիմա պլանավորում եմ մեծացնել դրանց ծավալները։

Դրանց մի մասը վերաբերում է պաշտպանության ոլորտին՝ անվտանգության նախագծերին, որոնք մենք իրականացնում էինք «Արար» հիմնադրամի շրջանակներում։ Այն պաշտպանության նախարարությանն աջակցում էր մինչեւ իմ՝ նախարարությունում հայտնվելը, որտեղ գալուն պես սառեցրեցի իմ  մասնակցությունը եւ դուրս եկա հոգաբարձությունից, հիմա կվերականգնեմ։ Այնտեղ ունենք խոշոր ծրագրեր:

Նաեւ հասարակական եւ բիզնես այլ նախագծեր կան: Բիզնես նախագծերը լինելու են քաղաքացիական ոլորտում, ոչ թե պաշտպանական։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/03/2019

Դավիթ Փախչանյանը ազատվել է ՊՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից

Mediamax.am կայքը գրում է.
Որոշումն այդ մասին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Փախչանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2016 թ. հունիսին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/03/2019

Միջնորդները բացել են փակագծերը եւ հիշեցրել հիմնական սկզբունքները


Mediamax.am կայքը գրում է.
«Համանախագահները՝ սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են առաջնորդների այդ կարեւոր հանդիպումը, որը կլինի նրանց առաջին ուղիղ շփումը՝ համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ:

«Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանության կարեւորությունը եւ շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայությունը ռազմաճակատներում: Համանախագահները նաեւ ողջունում են բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը: Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարվածության թուլացման եւ ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարեւորությունը: Համանախագահները, մասնավորապես, կողմերին կոչ են անուն ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին, համանախագահները վերահաստատում են, որ արդար եւ տեւական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը եւ հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն:


«Երեք սկզբունք, վեց տարր, Մադրիդ
, Կազան եւ
«Լավրովի պլան»
Համանախագահները շեշտում են իրենց կարծիքն այն մասին, որ այս սկզբունքները եւ տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար եւ տեւական կարգավորման հիմքը եւ պետք է ընկալվեն որպես միասնություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծումը», - ասել են միջնորդները:

Նրանք նաեւ հայտնել են, որ «համանախագահների հովանու ներքո Բաքվի եւ Երեւանի շարունակական եւ ուղիղ երկխոսությունը շարունակում է վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացն առաջ տանելու կարևոր տարր մնալ»:

«Համանախագահները նաեւ կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության ուղղակի ազդեցությունը կրող հետաքրքրված կողմերի հետ՝ ճանաչելով, որ նրանց տեսակետները եւ մտահոգությունները պետք է հաշվի առնվեն՝ ցանկացած բանակցային լուծման հաջողության համար», - ասված է հայտարարության մեջ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/05/2018

Հարցազրույց ՊՆ Նախարար Դավիթ Տոնոյանի հետ. Մեդիամաքս

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին 


- Պարոն նախարար, Ձեր կողմից պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո շատերը փորձում են կռահել, արդյո՞ք կշարունակվեն բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց սկիզբը դրվել էր նախկին նախարարի օրոք եւ ընդհանրապես՝ ի՞նչ վիճակ եք արձանագրել պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու պահին։ 

- Բնականաբար, այն ծրագրերը, որոնք ունեն երկարաժամկետ բնույթ եւ ուղղված են բանակաշինության գործին, անկախ պաշտպանական կառույցի ղեկավարի փոփոխությունից, պետք է շարունակվեն։ 

Բանակը մեր պետության ամենահաստատուն, ամենակայացած կառույցն է, որը ոչ միայն ապահովում է մեր անվտանգությունը, այլեւ բարենպաստ պայմաններ է ստեղծում բոլոր մյուս ոլորտներում շարունակական զարգացում ունենալու համար։ Ուստի բանակաշինության գործում փորձարկումները, պաշտպանական բարեփոխումները ղեկավարների անձերով պայմանավորելը, բացառապես նրանց վերագրելը եւ ընդհանրապես՝ բանակում պլանավորվող եւ իրականացվող գործընթացները քաղաքականացնելու փորձերը կարող են մեծ բացասական ազդեցություն ունենալ մեր պաշտպանունակության վրա։ 

Ասածս ամենեւին չի նշանակում, որ պաշտպանական կառույցի ղեկավարը չպետք է ղեկավարի, ուղղորդի, համակարգի, քաղաքական առաջնահերթություններ սահմանի, հետեւաբար՝ նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի Զինված ուժերի զարգացման գործում։ Ասածիս հիմնական իմաստն այն է, որ պաշտպանության ոլորտի զարգացման ոլորտում, առավել՝ քան մյուս բոլոր ոլորտներում, չի կարելի այս կամ այն ծրագիրը չեղարկել զուտ նրա համար, որ դա մշակվել եւ ներդրվել է մեկ այլ քաղաքական ուժի կամ կառույցի ղեկավարի կողմից։ 



Օրինակ. պատկերացրեք՝ մենք հիմա վերցնում եւ կասեցնում ենք նախկին պաշտպանության նախարարի նախաձեռնած պարտադիր զինվորական ծառայության նոր տեսակները։ Ի՞նչ հիմնավորմամբ, եթե դրանք իսկապես լավն են, եթե իսկապես այլընտրանք են առաջարկում ժամկետային զինվորական ծառայության հիմնական մոդելին։ Իհարկե՝ ժամանակը կարող է նոր մարտահրավերներ ձեւավորել, որոնց լուծումները կարող են եւ նոր մոտեցումներ պահանջել։ Բայց ցանկացած պարագայում շարունակականությունը չափազանց կարեւոր գործոն է։ 


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`