Showing posts with label ռազմաբժշկական վարչություն. Show all posts
Showing posts with label ռազմաբժշկական վարչություն. Show all posts

31/07/2020

ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ


Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջացկությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին:
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» միջոցառմանն օժանդակել և հանգանակություններ են կատարել մի շարք անհատներ եւ կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Որպես հանգանակություն ստացված 50.000 հատ բազմակի օգտագործման եռաշերտ և հնգաշերտ պաշտպանիչ դիմակները հուլիսի 30-ին հատկացվել են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը:
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններով իրենք նպատակ ունեն օժանդակել զինված ուժերում վարակի տարածման կանխարգելմանը:
Ավելի վաղ հիմնադրամը զինված ուժերին նվիրաբերել է կորոնավիրուսի ախտորոշման հազարավոր թեստեր և նմուշառման պարագաներ:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/07/2020

Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության


Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ Վարչական Համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։
Բժշկական համալսարանի շրջանավարտները զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը, իսկ մի խումբ շրջանավարտներ էլ կստանան լեյտենանտի կոչում։ Վիճակահանությունից առաջ տղաները 20 օր զորային ստաժավորում են անցել ԶՈՒ զորամասերում։
ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը ներկաներին մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ բժիշկներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնեն և ծառայության ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ։  






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2020

ՀՀ զինված ուժերին բարեգործական նախաձեռնության շրջանակում նվիրաբերվել են նմուշառման պարագաներ


Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին:  
Հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը: 
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր խոսքում կարևորել է հիմնադրամի աջակցությունը հատկապես ամառային զորակոչի նախաշեմին։ Օրեր անց կմեկնարկի զինված ուժերի համալրման հերթական գործընթացը, որն այս տարի իրականացվելու է արտակարգ պայմաններում և զինակոչիկները վիճակահանությանը մասնակցելու են նմուշառում անցնելուց հետո։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։ 
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում հիմնադրամն իր նախաձեռնության շրջանակում կարողացել է օգնություն ցուցաբերել մի շարք հաստատությունների, ընդգծել, որ շարունակելու են պայքարել համավարակի դեմ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես զինված ուժերը։









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/04/2020

Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից 6-ն ապաքինվել է և վերադարձել ծառայության


Հայաստանում կորոնավիրուսով վարակված զինծառայողներից 6-ն ապաքինվել է և վերադարձել ծառայության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
«Այսօր առավոտյան, ժամը 11։00-ի դրությամբ` 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել` հետագա ծառայությանը մասնակցելու համար»,- ասաց Օհանյանը։
Հստակ թիվ չնշելով՝ Սահակ Օհանյանն ասաց, որ այս պահին կորոնավիրուսից բուժում ստացող զինծառայողների թիվը չնչին է։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։



Նյութը՝ Armenpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/01/2020

Կենտրոնական զինվորական հոսպիտալն աննախադեպ վերանորոգման փուլում է

Հայաստանի ռազմական բժշկությունը բարձր մակարդակի վրա է և պատրաստ կատարելու իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր: Բանակի օրվան ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը նշեց, որ բժշկական վարչությունը ստեղծվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Պաշտպանության նախարարի հրամանով: Արցախյան պատերազմի ընթացքում շատ ծանր մարտեր էին ընթանում, այդ ժամանակ վիրավոր, տուժած ազատամարտիկները բավական դժվարին պայմաններում էին ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժիշկների անձնուրաց աշխատանքի շնորհիվ փրկվեցին բազմաթիվ կյանքեր:

«Դժվարին պայմաններով ձևավորված ռազմական բժշկության ինստիտուտը զարգացման լուրջ ճանապարհ անցավ և այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ լուրջ ձեռքբերումներ ունենք: Ներկայում Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն ունի տասնյակից ավելի հաստատություններ: Մենք ունենք 1000-ից ավելի բժշկական անձնակազմ: Անհրաժեշտ բոլոր օղակները համալրված են մասնագետներով»,-ասաց Սահակ Օհանյանը:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանը սկզբում իր մասնագիտական գործունեությունը ծավալել է քաղաքացիական բուժհաստատություններում, սակայն պատերազմի ժամանակ, ինչպես բազմաթիվ մասնագետներ, այդ թվում ինքը, իր հմտությունները գործի դրեց վիրավորներին փրկելու, բուժելու գործում:  
«Պատերազմի ժամանակ բոլորը նվիրյալներ էին, դիմում էին Պաշտպանության նախարարությանը և գործուղվում էին հիվանդանոցներ: Ես նույնպես ներգրավվեցի այդ աշխատանքներում: Դաշտային ծանր պայմաններում վիրահատելուց անցել է երկար ճանապարհ և այսօր ունենք բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ  հոսպիտալ: Այսօր մենք ունենք մեծ հնարավորություններ, օրեցօր թարմացվում են մեր տեխնիկական միջոցները»,-ասաց Վահան Գևորգյանը: Կենտրոնական հոսպիտալը ներկայում գտնվում է աննախադեպ վերանորոգման փուլում, շուտով կունենանք բոլորովին նոր բուժհաստատություն:

Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանը նշեց, որ բժշկագիտությունը կանգ չի առնում, Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը, լինելով կարևոր կլինիկական օղակ բժշկագիտության մեջ, այն նաև լուրջ կադրային դարբնոց է:
«Հոսպիտալի կլինիկական ամբիոնում մեր բժիշկները ստանում են համապատասխան վերապատրաստումներ: Այս հարթությունում շատ ակտիվ է միջազգային համագործակցությունը: Մեր մասնագետները վերապատրաստվում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաբժշկական հաստատություններում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության»,-ասաց Արմեն Նազարյանը:
Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը նկատեց, որ իրենք մեծ սիրով ու նվիրումով են աշխատում, իրենց համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը:

«Ամեն օր էլ անհրաժեշտ է լինում մասնագիտական կարողությունները գործի դնել, երբեմն ստիպված ես լինում միայնակ որոշումներ ընդունել, առանց որևէ մեկի օգնությամբ շտապ միջամտություն կատարել: Առաջին հարվածը վերցնում ենք մեզ վրա, կայունացնում ենք վիճակը և հասցնում վերականգնման հաջորդ փուլ»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ մեր ռազմական բժիշկներն անհրաժեշտության դեպքում իրենց աշխատանքը ծավալում են Հայաստանի սահմաններից դուրս: 2019 թվականին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի երկրորդ մակարդակի եզրափակիչ գնահատումը: Հայաստանի շարժական բժշկական գումարտակը պատրաստվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին, ինչը մեծ հեղինակություն է:



Նյութը՝ Armenpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/05/2018

ՀՀ Վարչապետը տեսակցել է օրեր առաջ վիրավորված զինծառայողին

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ս.թ. մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին:
Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է հոսպիտալի հագեցվածության և առկա ենթակառուցվածքների մակարդակին: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/05/2018

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը պատրաստ է ՀՀ համապատասխան կլինիկաներում կազմակերպել Արթուր Հասանյանի բուժումը և վերականգնումը

Մայիսի 16-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցների հետ, ՀՀ ՊՆ էր եկել նաև Ասլի Հասանյանը, ով ՀՀ Պաշտպանության նախարարին հասցեագրել էր դիմում, ըստ որի իր որդին անտեսված է եղել և բուժում չի ստացել: Դիմումատուի որդին ՊԲ N  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Հասանի Հասանյանն է:
Ստորև ներկայացնում ենք դիմումից մի հատված.
- Պարոն նախարար, ես միայնակ մայր եմ, ունեմ չորս երեխա: Իմ միջնեկ որդին ծառայում էր ԱՀ ՊԲ Մարտունի երեքում՝ ավագ սերժանտ, ապրիլյան պատերազմի մասնասկից: Ցավոք թշնամու նռնակից իմ որդին ստացավ վնասվածք ու ձեռք բերեց  ծանր հիվանդություն: Նրան տեղափոխեցին Մուրացանի հիվանդանոց, որտեղ իմ որդին անտեսված էր նախկին վարչապետի ու նախարարի կողմից, ու մինչև նրան ուշադրություն դարձրին՝ ցավոք արդեն ուշ էր: Նրան տեղափոխեցին Կարմիր խաչի հիվանդանոց: Որդուս ձախ ոտքը չի սնուցվում, նրան միայն արտերկիրը կօգներ, որ գնար բուժվեր,բայց չուղցարկեցին, և ոչ մի բանով չօգնեցին: Հիմա ցավը տարածվում է, և ձախ թևն ու աչքը չի սնուցվում: Փոքր որդիս էլ երեք ամսվա ծառայող է, բայց ես ապրում եմ 23.000 դրամ նպաստով: Տնակս վաճառեցի որդուս բուժման համար, բայց ցավոք բոլոր բժիշկները հրաժարվեցին իմ որդուց:
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչությունից հայտնում են, որ շարքային Հասնյանը 22.02.2017թ. ՊԲ  ուղեգրով ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունք: Կատարված նեղ մասնագիտական հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «Սպինալ ամիոտրոֆիա՝ հեմիատրոֆիկ տիպ: Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ՝ կլինիկական ռեմիսիայի շրջանում: Ձախակողմյան վարիկոցելե II-III»
Ախտորոշման ճշտման և բուժման տակտիկայի ընտրության նպատակով կատարվել է նաև ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան, պրոֆեսոր Գ.Ա. Հովհաննիսյանի կոնսուլտացիան, ում կողմից հաստատվել է ախտորոշումը, և պորհուրդ է տրվել շարունակել նշանակված ախտանշանային բուժումը:
Հարկ է նշել, որ Արթուրի մոտ «Սպինալ ամիոտրոֆիա» հիվանդությունը դրսևորվում է ձախ ստորին վերջույթի դիստալ մկանային և ձախ վերին վերջույթի մկանային խմբերի ատրոֆիայով:
Banak.info-ի հետ զրույցում ՀՀ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ ԱՆազարյանն ասաց, որ ՀՀ ԿՌԲՀ-ի  20.03.2017թ.-ի որոշմամբ զինվորը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական  ծառայությանը՝ հիվանդությունը ձեռք է բերվել զինվորական ծառայության ընթացքում եզրակացությամբ:
-Ախտանշանային բուժումն ավարտելուց հետո, Հասանյանը 2017թ.-ի տարբեր ամիսների վերականգնողական բուժօգնություն է ստացել «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազհային վերականգնողական կենտրոնում: Նրա հետագա բուժօգնության կազմակերպման, ինչպես նաև վերականգնման հարցը մշտապես եղել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական  վարչության  ուշադրության կենտրոնում,- ասում է փոխգնդապետ Նազարյանն ու հավելում, որ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության աշխատակիցները պարբերաբար զանգահարել են քաղաքացի Ա. Հասանյանին, տեղեկացել որդու վիճակից և կարիքի դեպքում կազմակերպել են վերականգնողական բուժօգնություն:

Տիկին Հասանյանը դիմումի վերջում գրել էր.
-Խնդրում եմ պարոն Տոնոյան, օգնեք իմ որդուն, ով պայքարում է կյանքի համար, որ հանուն հայրենիքի կորցրեց առողջությունը: Ես հավատում եմ, որ դուք կօգնեք ու չեք անտեսի՝ նախկին նախարարի նման: Ես չեմ կարող 23.000 դրամով պահեմ և բուժեմ իմ որդուն: Նաև չեմ կարող գնալ ու տեսնել մյուս որդուս: Հուսով եմ, և հավատում եմ, որ դուք կօգնեք որդիս ապրի:
Այս մասով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունն այժմն էլ պատրաստ է ՀՀ համապատասխան կլինիկաներում կազմակերպել Արթուր Հասանյանի բուժումը և վերականգնումը.
-Սրա վերաբերյալ մենք բազմիցս գրավոր պատասխանել ենք դիմումատուին, չնայած որ նա ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաների հետ պարբերաբար ունենում է հեռախոսային կապ:
Banak.info-ն հիշեցնում է, որ Ասլի Հասանյանը որդու բուժօգնության   խնդրանքով բազմիցս դիմել է ՀՀ Նախագահին, Վարչապետին, Արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին, լրատվամիջոցներին և ՀՀ կառավարության շենքի մոտ լրագրողներին հարցազրույց է տվել:


Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`