Showing posts with label նկարներ. Show all posts
Showing posts with label նկարներ. Show all posts

15/04/2020

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ՄԻ ՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



 Երբեմն մի լուսանկարի մեջ է ամփոփվում մի ամբողջ պատմություն, դառնում հիշողությունների համախումբ: Լուսանկարներում, որտեղ զինվորներ ենք տեսնում հաճախ ասոցացնում ենք մեր եղբոր, բարեկամի ու սիրելիի հետ, այդ միջոցով մեղմելով կարոտը: Ստորև ձեզ ենք ներկայացնում համացանցում մեծ տարածում գտած լուսանկարների պատմություններ: Լուսանկարները համոզված եմ ձեզ ևս ծանոթ են, իսկ թե ինչպես են ծնվել դրանք և ովքեր են այնտեղ՝ կարդացեք նյութում:


  Լուսանկարի ժպտացող զինվորը Գուրգեն Մելքոնյանն է, ով գրկել է ծառայակից Արթուր Հակոբյանին: Լուսանկարն արվել է ԱՀ-ի Եղնիկներ կոչվող զորամասի պահպանության տակ գտնվող դիրքերից մեկում Ապրիլյան պատերազմի ժամանակ:
- Լուսանկարիչը խնդրեց նկարել մեզ: Արթուրը խուսափեց նկարվելուց ու ստացվեց այս լուսանկարը: Կարծում եմ ավելի հաջող ու ամենակարևորը անկեղծ նկար եղավ: Երևի պատերազմի միակ լուսավոր կողմն այն եղավ, որ գտա իսկական ընկեր: Արթուրն իմ ամենալավ ընկերն է եղել ու կա:

Լուսանկարը՝ Հակոբ Հակոբյանի


 Լուսանկար, որին նայելիս դժվար է չհուզվել, հատկապես երբ կարդաք դրա պատմությունը: «Հարսանքի թիկունքում» ներկայացման ժամանակ կապիտան Գաբրիելյանն է իր զինվորի՝ Արման Օրդուբեկյանի հետ: Ներկայացման ժամանակ տեսանյութ է ցուցադրվում, որտեղ Արման Օրդուբեկյանի հայրը, ով կամավոր էր Ապրիլյան պատերազմի ժամանակ, ասում է՝ «եկել եմ որդուս մոտ, բայց այստեղ բոլորն իմ տղաներն են»:
 Ապրիլյան պատերազմի ժամանակ Արմանի մեծ եղբայրը՝ Արայիկը, ծառայում էր Ջաբրայիլում, հայրը մեկնել էր այնտեղ որպես կամավորական: Հայր ու որդի անցնում են Ապրիլյան պատերազմի միջով, սակայն 2016 թվականի սեպտեմբերին Արայիկը զոհվում է հակառակորդի կրակոցից:
Լուսանկարն արվել է հոր՝ վերը նշված խոսքերի ժամանակ: Թեև Արման Օրդուբեկյանն արդեն ավարտել է ծառայությունը, սակայն կապիտան Գաբրիելյանը հիշում է իր նախկին զինվորին.
-Հայրենիքին նվիրված, կարգապահ զինվոր էր: Միշտ ուզում էր ծառայել նույն զորամասում, որտեղ իր եղբայրն է եղել:  
 Արմանի հետ զրուցելիս նա ևս խոսեց այս մասին. ցավոք չստացվեց ծառայել նույն զորամասում, նույն դիրքում, որտեղ եղբայրն էր ծառայել: Իսկ կապիտան Գաբրիելյանի հետ կապված Արմանը միայն լավ հիշողություններ ունի.
-Նրա պես իսկական սպաներ պետք են մեր բանակին: Միշտ զինվորի կողքին էր թե՛ ծառայողական, թե՛ անձնական հարցերում:

Լուսանկարը՝ Դավիդ Ղահրամանյանի


Արամ Մուրադյանն ու Վահան Ստեփանյանն են ՊԲ-ի ենթակայության տակ գտնվող դիրքերից մեկում: Ծառայակից ընկերներին Ապրիլյան պատերազմն էլ ավելի մտերմացրեց ու դարձրեց մարտական ընկերներ: Արամը հիշում է. 
«Խրամատում քայլում էինք, իսկ նկարահանող խումբը գալիս էր մեր հետևից: Առաջ բերեցի Վահանի գլուխն ու համբուրեցի սաղավարտը»:
 Տղաներն այն դիրքից էին, որտեղ խոցվեց հակառակորդի ուղղաթիռը: Արամը հիմա, երբ նայում է նկարին չի հավատում, որ այնտեղ ինքն է: Կարոտով է հիշում այդ օրերն ու ասում.
«Պատերազմը սովորեցրեց, որ կյանքում ամեն ինչ հաղթահարելի է. մահ ու կռիվ տեսնելուց հետո ոչ մի փորձության առաջ կանգ չես առնի»: 
 Պատերազմը Արամի կյանքին այլ ընթացք տվեց: Երբ Արցախում մարտական գործողություններ էին ընթանում, սփյուռքահայությունն ամեն առումով աջակցում էր հայրենիքին: Հենց այդ ժամանակ Արամի մոր հետ համացանցի միջոցով մի աղջիկ ծանոթացավ՝ Արցախից նորություններ իմանալու և զինվորի մորը կողքին լինելու համար: Արամի զորացրվելուց մի տարի հետո նրանք հանդիպեցին ու սկսվեց մի սիրո պատմություն։

Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի («Զինուժ»)


Նկարում ձախից Վաչո Պետոյանն է, Զարզանդ Զաքարյանն ու Արմեն Գաբրիելյանը: Համացանցում հաճախ էր շրջում այն լուրը, որ լուսանկարում են հայր, որդի և թոռ, բայց ինչպես արդեն նկատեցիք ազգանուններից նրանք չունեն արյունակցական կապ: Նկարն արվել է Թալիշում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ: 
 Արմենն ասում է՝ երբ իմացան, որ օգնող ուժեր են միանալու իրենց, սկզբում անհանգստացան՝ չուզելով իրենցից ավագներին տեսնել պատերազմական իրավիճակում, սակայն, երբ կամավորականները եկան, ամեն ինչ փոխվեց: 
 -Յուրաքանչյուրից ամեն վայրկյան սովորելու բան ունեինք, նրանց տված փորձը, խորհուրդները երբեք չէր սպառվում: Մենք ավելի ուժեղ էինք, որովհետև նրանք մեզ հետ էին:   
 Իսկ թե ինչ փոխվեց պատերազմից հետո իր կյանքում՝ Արմենը երկար լռելուց հետո ասում է.
 -Պատերազմը ինձ տվեց և տարավ ինձնից մարտական շատ ընկերներ: Դրանից հետո ես սկսեցի վերարժևորել կյանքը, ժամանակը: Հասկացա, որ պետք է մարդկանց օգնել առանց պատճառի՝ փոխադարձ ակնկալիքներ չսպասելով: Սկսեցի ավելի շատ սիրել աշխարհը, մարդկանց, նույնիսկ ծաղիկները, սիրել այն ամենը, ինչին նախկինում կարևորություն չէի տա:

Լուսանկարը՝ Photolur.am-ի


  Իսկ ծաղիկներով հայտնի զինվորը Համազասպ Ասլանյանն է: Վերջինս ասում է՝ դեռ մանկուց դաշտային ծաղիկներ էր հավաքում ու տոն օրերին նվիրում իրենց մեծ ընտանիքի կանանց: 2015 թվականի մարտի ութն էլ բացառություն չէր, բայց քանի որ անձամբ չէր կարող նվիրել՝ ծնվեց այս լուսանկարը: 
 -Փունջը հազիվ թե 200 դրամանոց կոպեկի չափ լիներ: Տվեցի տղերքից մեկին, իրեն նկարեցի, որ հասկանա թե ոնց պիտի նկարի: Իսկ հաջորդ օրը քրոջիցս իմացա, որ նկարը տարածվել է ամբողջ համացանցով: 
 Ասում է՝ երբևէ չի մտածել, որ նկարի մեկնաբանություններն իրեն են ուղղված: Նկարում ամենքն իրենց հարազատին են տեսնում, իրենց զավակին, եղբորն ու սիրած տղային: 
 Համազասպը ծառայել է Արցախի հարավ-արևելյան զորամասերից մեկում: Լուսանկարում դիրքերում է՝ մարտական հեթապահություն իրականացնելիս: Ինչպես ինքն է ասում՝ բոլորիս կյանքի ամենաերջանիկ օրերը եղել են դիրքերում:

Լուսանկարը՝ Արամայիս Բրյանի (ծառայակից ընկեր)


  Լուսանկարում Նարեկ Մանուկյանն է Ապրիլյան պատերազմից օրեր հետո: Նարեկը լավ է հիշում այդ օրը և առհասարակ ամեն ինչ՝ կապված ծառայության հետ: Պատմում է, որ երբ տեսավ համացանցում արդեն տարածված լուսանկարը հիասթափվեց ինքն իրենից, ինչպես ինքն է ասում «գեշ ու կեղտոտ վիճակից»: Բայց երբ զորացրվեց որոշեց, որ պետք է ինքը հրապարակի լուսանկարը.
 -Կյանքում շատ-շատ մարդիկ կան, ովքեր դժգոհում են փոքր խնդիրներից: Տանել չեմ կարողանում կյանքը չսիրողներին, թուլամորթներին: 
 Նարեկը նկարի միջոցով ուզեցել է ցույց տալ, որ կյանքում պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի, ընդունել կատարվածն ու երբեք չբողոքել քեզ բաժին հասած կյանքից: 
-Հարազատ տան անկողնում քնելը այս կյանքում ամենամեծ շռայլանքներից մեկն է, ու ես ամեն օր գնահատում եմ դա:
 Հիմա էլ երբեմն Նարեկի մտքերը գնում ու հասնում են դիրքեր, նույն մահճակալին, որտեղ ինքն էր պառկում ու մտածում տուն գալու մասին: 
-Հավանաբար հիմա նույն տեղում նույնն է երազում մի ուրիշ զինվոր:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի (News.am)


Լուսանկարում Սարգիս Հովհաննիսյանն է: 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում: Լուսանկարը մեծ տարածում գտավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն այն արվել է 2014 թվականի դեկտեմբերին, երբ զինվորը մարտական հերթապահություն էր իրականացնում Նախիջևանի սահմանին: Լուսանկարը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների. ցուցադրվել է Երևանի քաղաքապետարանում, եվրոպական մի քանի երկրներում ու Մոսկվայում: Սարգիսը հիշում է. 
«Լուսանկարիչը խնդրեց մի պահ շրջվել ու առաջին իսկ կադրից ստացվեց այս լուսանկարը, իսկ նման մեծ տարածման չէի սպասում»:

   Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի


 Ծաղիկներով հայտնի լուսանկարի մյուս զինվորը Կարո Մխիթարյանն է: 2016 թվական, ապրիլի 7, Թալիշի դիրքեր. այս ժամանակ միակ միջոցը ընկերուհուն տոնի առթիվ շնորհավորելու՝ ծաղիկներն էր, այսպես էլ ծնվեց լուսանկարը: 
-Խառը ժամանակներ էին, բայց գտա մի տարբերակ ու ինձ օգնեցին դրքերի կարմիր կակաչները:  
Կարոն մտովի հետ է գնում, հիշում պատերազմն ու ասում, որ կարծես 20 տարով մեծացած լինի:
- Պատերազմ տեսած աչքերը տարբերվում են: Դրանից հետո ամեն մանրուք սկսում ես տեսնել ու գնահատել:

Լուսանկարը՝ Էմին Սաֆարյանի (ծառայակից ընկեր).



Լուսանկարիչների և լրատվամիջոցների անունների հետ կապված անճշտության հանդիպելիս գրեք մեր ֆեյսբուքյան էջին:  


Լիանա Բրյան 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/02/2020

Տիգրան Պողոսյանը դարձավ 28 տարեկան /Ֆոտոշարք/


Գյումրի 22.02.2020թվ. Banak.info
Փետրվարի 21-ին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Տիգրան Պողոսյանը կդառնար 28 տարեկան։
Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ծնված կապուտաչյա Տիգրանը դեռ դպրոցական տարիներից էր որոշել, որ զինվորական է դառնալու, նրա այդ որոշմանը ոչ ոք դեմ չէր եղել։
2010 թվականին Տիգրանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի Ռազմական ինստիտուտ, ուսանելու տարիներին մշտապես աչքի ընկել իր նվիրված ծառայությամբ, պարտաճանաչությամբ ու կարգապահությամբ։
2014թվականին ավարտելով համալսարանը ծառայության է անցել Մարտակերտի N զորամասում լեյտենանտի զինվորական կոչմամբ, որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատար։
2016 թվականի ապրիլին հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը հակառակորդի հրթիռակոծման հետևանքով Տիգրանը զոհվում է։
Տիգրան Մխիթարի Պողոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով և ավագ լեյտենանտի զինվորական կոչմամբ։

Ինչպես ամենտարի, այս տարի ևս Տիգրանի ծննդյան օրը տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։
Երևանի Արշավիր Շավարշյանի թիվ 40 դպրոցի դասասենյակներից մեկում, որը կրում է Արցախյան գոյամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի անունը, բացվեց Տիգրան Պողոսյանին նվիրված Փառքի անկյուն։
Տիգրանի ծնողները այցելեցին Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոն, հանդիպեցին հայրենիքի պաշտպանության ժամանակ տարբեր ժամանակներում վիրավորում ստացած զինվորներին։
Օրվա ավարտին տեղի ունեցավ «Մի կտոր հաղթանակ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ՝ Վարդուհի Գասպարյանը։ Գրքում զետեղված է Տիգրանի անցած ուղղին, հերոսական կերպարն ու մարդ տեսակը։
Ֆոտոշարքը ստորև։


Դավիթ Թորոսյան, Ալվինա Հարությունյան






























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2020

Նորակոչիկների հանդիսավոր երդման արարողություն ուսումնական N զորամասում․ ֆոտոռեպորտաժ

ՀՀ ՊՆ զորամասերում շարունակվում են նորակոչիկների երդման արարողությունները: ՀՀ ՊՆ ենթակայության ուսումնական N զորամասում ևս տեղի ունեցավ երդման արարողությունը, որով նորակոչիկները «պաշտոնապես» անցան զինվորական ծառայության: Նորակոչիկները, մինչև երդման արարողությունը,մի քանի շաբաթ շարունակ անցել են պատրաստություն, ծանոթացել զինվորական առօրյային, իսկ երդման հանդիսավոր արարողությունից հետո զինվորները քայլերթով ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ անցան շարահրապարակով: Banak.info կայքը և Հանուն հայ զինվորի ՀԿ-ն շնորհավորում են նորակոչիկներին ու մաղթում խաղաղ ծառայություն: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ երդման արարողությունից։






































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`