Showing posts with label հարցազրույց. Show all posts
Showing posts with label հարցազրույց. Show all posts

15/03/2019

«Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է». Դավիթ Փախչանյան

Մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Դավիթ Փախչանյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Այդ պաշտոնում Դավիթ Փախչանյանը նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին: Մինչ այդ, 2016 թվականի հունիսի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Փախչանյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։

Դավիթ Փախչանյանը «Այբ» եւ «Արար» հիմնադրամների հիմնադիրներից է:

- Թեթեւությո՞ւն եք զգում, պարոն Փախչանյան։

- Շատ։ Անչափ։

- Լուրը հայտնվելուն պես՝ ենթադրություններից բացի, նաեւ «դավադրության տեսություններ» են հրապարակվել՝ հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառների մասին։

- Ծառայությունից դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, որը համաձայնեցված էր վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ:

Ես պաշտոնը ստանձնեցի 2016-ի մայիսին՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Բոլորս բանակին որեւէ կերպ օգտակար լինելու պարտքի զգացում ունեինք։ Երբ Սերժ Սարգսյանից առաջարկը ստացա, շատ դժվար էր մերժելը, բայց ես նաեւ հասկանում էի, որ պետական կառավարման համակարգում իմ երկար գտնվելն արդյունավետ չի կարող լինել։ Պատճառն այն է, որ նույնիսկ բիզնեսում իմ դերակատարությունն ես տեսնում եմ ոչ թե որպես մենեջեր, այլ որեւէ ստարտափ կամ նախաձեռնություն մտահղացող, հիմնադրող, բայց եւ այն փոխանցող։

Առաջարկին համաձայնելիս՝ ասացի, որ պաշտոնը կստանձնեմ երկու տարով, եւ իմ գլխավոր խնդիրը «սայլը տեղից պոկելն» ու ուղղություն տալն է լինելու։ Երբ դա հաջողեի, պետք է այն փոխանցեի այն մարդկանց, որոնք պետական կառավարման համակարգում պատրաստ են մնալ երկար տարիներ եւ կատարել  նմանատիպ աշխատանք։

Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է։ Թերահավատությունը շատ մեծ էր, որովհետեւ կար կարծրատիպ՝ եթե հայկական է, ուրեմն լավը չէ։ Միջոցներ չկային, բայց պետք էր ապացուցել։ Ես գնացի ապացուցելու լուծումներ գտնելու ճանապարհով, եւ այն, ինչ արվեց, հիմնականում ոչ պետական միջոցներով էր։ Հետո, երբ առաջին ապացույցները ներկայացվեցին, 2017-ի աշնանը կառավարությունը որոշեց գիտահետազոտական աշխատանքների բյուջեն ավելացնել՝ մեր գումարը 1,5 միլիարդ դրամից դարձավ 2,4 միլիարդ՝ այն միտումով, որ ամեն տարի որոշակի ավելացում պետք է լինի։ Երկու տարին լրացավ 2018թ. մայիսին։ Քաղաքական իրադարձությունների արդյունքում, երբ զրուցեցինք նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը տեղյակ էր իմ պայմանավորվածության մասին, որովհետեւ այն ժամանակ ՊՆ առաջին փոխնախարարն էր, հասկացանք, որ անցումային շրջանում իմ դուրս գալն այնքան էլ ճիշտ չէ։ Պայմանավորվեցինք, որ ես որոշ ժամանակ էլ կմնամ։

Այս ընթացքում վարչապետի հետ քննարկումների ժամանակ ծագեց այն գաղափարը, որ ռազմարդյունաբերության զարգացման համար ավելի նպատակահարմար է, որ ոլորտը պաշտպանության նախարարությունից դուրս գա։ Կառավարության վերջին նիստի ժամանակ սա հաստատվեց, եւ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում օրենսդրական փոփոխությունը տեղի կունենա։

Այսպիսով, պաշտպանության նախարարությունում իմ ստանձնած ուղղությունն ավարտվեց։ Գործն այս մասով արված է, փոխանցված է, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով, բայց շատ բան է արվել՝ գործը սկսել ենք, հավատ ներշնչել, որ Հայաստանում կարող ենք ստանալ այնպիսի ռազմական տեխնիկայի նմուշներ կամ համակարգեր, որոնք առաջնագծում կարող են իրավիճակ փոխել։

Որոշման պատճառների հիմքում կար նաեւ անձնական հարց։ Ընտանիքս՝ կինս եւ դուստրս 2.5 տարի է Մոսկվայում են բնակվում։ Այս ընթացքում, իհարկե, հանդիպել ենք, բայց կարող եք պատկերացնել այդ հանդիպումների քանակն ու տեւողությունը։

- Եվ ի՞նչ եք անելու արդեն հաջորդ շաբաթ, մեկնելո՞ւ եք Մոսկվա։

- Մոսկվա մեկնելու եմ։ Բայց ժամանակիս 40 տոկոսն անցկացնելու եմ Հայաստանում, որովհետեւ կան որոշ նախագծեր, որոնցով զբաղվում էի մինչեւ պաշտպանության նախարարություն գալը, եւ հիմա պլանավորում եմ մեծացնել դրանց ծավալները։

Դրանց մի մասը վերաբերում է պաշտպանության ոլորտին՝ անվտանգության նախագծերին, որոնք մենք իրականացնում էինք «Արար» հիմնադրամի շրջանակներում։ Այն պաշտպանության նախարարությանն աջակցում էր մինչեւ իմ՝ նախարարությունում հայտնվելը, որտեղ գալուն պես սառեցրեցի իմ  մասնակցությունը եւ դուրս եկա հոգաբարձությունից, հիմա կվերականգնեմ։ Այնտեղ ունենք խոշոր ծրագրեր:

Նաեւ հասարակական եւ բիզնես այլ նախագծեր կան: Բիզնես նախագծերը լինելու են քաղաքացիական ոլորտում, ոչ թե պաշտպանական։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/12/2018

«Հպարտ եմ, քանի որ ինձ վստահում են անձնակազմ, սահման, հայրենիք». Արթուր Աղասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է:  Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ երկուշաբթի օրը մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում։

Ավագ լեյտենանտ Արթուր Աղասյան. Ծնվել է Արցախում, 1997թ.-ի ապրիլի 7-ին։ Ապրիլյան պատերազմի մասնակից է։ Այդ օրերին եղել է Արցախի հյուսիսում` Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագը և նրա կազմակերպած քայլերի շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախել են դիրքից, իսկ դիրքում հերթափոխ իրականացնող տղաներն ունեցել են ընդամենը մեկ վիրավոր: Իր սխրագործության  համար Արթուր Աղասյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այժմ Արթուրը Ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է։

Հայրենիքը սկսվում է… մեր երեխաներին ճիշտ դաստիարակելուց։

Այն պետք է սիրել այնպես… ինչպես սիրում ես քո սեփական ընտանիքը։

Զինվորի մեջ պետք է սերմանել… հայրենասիրություն և ուժեղ կամք, որպեսզի թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակում կարողանա դիմակայել յուրաքանչյուր դժվարության։

Հայ զինվորները մեր ... հպարտությունն ու պաշտպաններն են։

Երբ ես շարքային զինվոր էի… մի բան էր առաջնային ինձ համար` ծառայել իսկական հայրենասերի նման, որ ընտանիքս հպարտանա ինձնով։

Պատիվ ունեմ… ծառայելու հայրենիքիս։

Ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ որպես սպա, ես… հպարտ եմ, քանի որ ինձ վստահում են անձնակազմ, սահման, հայրենիք։

Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որ… պետք է ոչինչ աչքաթող չանել, այլ ուսումնասիրել ամեն ինչ, որպեսզի ունենալ հաղթանակած բանակ։

Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթե… բոլոր զինվորները լինեն հայրենասեր և մեծ պատասխանատվությամբ մոտենան իրենց պարտականություններին։

Կարևոր են բոլոր դիրքերը (պազիցիաները), բայց ամենակարևորը… միասնականությունն է։

Առանց հակաօդային պաշտպանության… մենք ոչինչ ենք։

Շատ կարևոր է, որ սպաները… ճիշտ հրամաններ արձակեն, ապահովեն զինվորների անվտանգությունն ու յուրաքանչյուր իրավիճակ կարողանան ճիշտ գնահատել։

Երազում եմ…որ արցունքները լինեն միայն ուրախության։

Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայի… նոր զինտեխնիկային և Զինված ուժերում ճիշտ կադրերի նշանակմանը։

Սոնա Սաֆարյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/12/2018

«Ընկերներս գնում են, ես մնամ ի՞նչ անեմ». Գոռ Բաբայան

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին նվիրված հարցազրույցների մեր հաջորդ զրուցակիցը Գոռ Բաբայանի մայրիկն է՝ Գայանե Բաբայանը։ 
Գոռ Բաբայանը ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Զբաղվել է սպորտով, արժանացել բազում մրցանակների։ Սովորել է ուսումնարանում, ստացել վարորդի և ավտոփականագործի որակավում։2005թվ. Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։

- Ինչպիսի՞ մանկություն է ունեցել: 
- Գոռս շատ լավ մանկություն է ունեցել, աշխույժ, չարաճճի, բարի տղա է եղել: Շատ են իրեն սիրել: Իրեն ու եղբորը նոր կոշիկներ էինք առել, վերցրեց նստեց առվի մեջ, եղբոր կոշիկները գցեց ջուրը ու ասեց, թե տես, իմ կոշիկները նոր են, քոնը չէ: Իրան որ շոր էինք առնում, մենակ չէր հագնում: Մի անգամ նոր շորեր էինք առել, հորեղբոր տղու հետ փոխել էր, նկարվել էին էդ շորերով: 

- Դպրոցական տարիքում ինչպիսի՞ն է եղել: 
- Էլի աշխույժ էր, շատ համարձակ, որ իրանց դասարանի աղջիկներից մեկին նեղացնեին, էդ նեղացնողին կծեծեր, կապ չունի ինչ էր եղել: Աբովյանի թիվ 4 դպրոցում ռազմագիտության դասասենյակը Գոռիս անունով է կոչվել: Շատ էին սիրում իրեն, որ դասարանում ասեր, որ դասերից հետո հավաքվելու են ուրախանան, բոլորը համաձայնվում էին: Աղջիկների ծնողներից որ չէին թողնում գնան հավաքույթին, Գոռս գնում անձամբ խոսում էր, թողնում էին: Ու վերջում ինքը բոլորին տանում էր տուն, որ խոսքի տերը լիներ:

- Ինչո՞վ էր սիրում զբաղվել ազատ ժամանակ:
- Իրավաբանական էր ուզում ընդունվել: Շատ էր սիրում ու վստահ էր, որ կընդունվի: Գոռս շատ ազատ ժամանակ չէր ունենում, բայց որ ունենում էր սիրում էր ընկերների հետ քեֆ անել, պարել ու ուրախանալ: Բոքսի, քինգ բոքսի ու կարատեի է գնացել: Գոռիս պատվին իր մարզիչները հուշամրցաշար են կազմակերպել, շատ էին սիրում Գոռիս:

- Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք նրա հետ կապված։ 
- Դպրոցական տարիներն էին: Առավոտ ուղարկեցի դպրոց ու անցա իմ գրրծերին: Մեկ էլ զանգ եկավ, դպրոցից էր, ասեցին Գոռը չի եկել դասի, զարմացա, ասեցի, որ ուղարկել եմ: Գնացի դպրոց, ընկերների հետ էր եղել: Հասա դպրոց, գնացի տեսա դասարանում նստած է: Ընկերուհի ուներ, շատ էր նրան սիրում, որ նեղացնում էին, էդ օրը վատ էր ավարտվում իրանց համար: 

- Ուզու՞մ էր ծառայել։ 
- Հա, շատ էր սիրում ծառայությունը: Իր գնալու ժամանակ զինկոմիսարյատում էի աշխատում, իր ընկերներին տանում էին բանակ, եկավ ասեց. «մամ կլինի՞ մտնես, խոսաս ինձ էլ հետները ուղարկեն, ընկերներս գնում են, ես մնամ ի՞նչ անեմ»: Ուզում էր 6 ամիս շուտ գնար բանակ: Որ գնում էր բանակ, ավտոբուսի մոտ ընկերոջն ասեց, ով բարձրացավ ավտոբուս ու լացեց, 2 տարի հետո գառ պիտի պատիվ անի: Եկավ ինձ գրկեց, ասեց մամ ջան լացել չլինի, գալու եմ: Ընկերը մորը գրկեց ու լացեց, Գոռս բարձր ասեց «Արտակ, դու պարտվեցիր»: Ու գնացին: Էս տարի դեկտեմբերի 9-ին Գոռիս մահվան տարելիցն է: Ավետիսյան Արտակը, իր ընկերն է, իրար հետ էին գնացել ծառայության, իր կողմից հուշարձան է կանգնեցրել Գոռիս պատվին:

- Բանակային կյանքից երբևէ չի՞ դժգոհել: 
- Չէ, երբեք: Շատ ճարպիկ է եղել, երբեք մեզ չի ասել իր խնդիրների մասին: Բանակում էլ է չարաճճի եղել, տեղում նստող չէր: Ամեն հարց ինքն էր լուծում։ Մինչև հիմա իր հրամանատարի սենյակում Գոռիս նկարը կախված է: Որ մեր մոտից էնտեղ զինվոր է գնում, Գոռիս պատվին 5-7 օրով թողնում են գալիս է տուն: 

- Գոռի եղբոր որդին կրում է հորեղբոր անունը, նմա՞ն են իրար։ 
- Շատ նման են իրար: Ինքը հորեղբորը նման է ամեն ինչով: Գոռս երբեք մենակ հաց չի կերել, Գոռիկս էլ է այդպես: Հորեղբոր բոլոր հատկանիշներով օժտված է, ընկերասեր, չարաճճի ու շատ բարի է: 

Հիշենք, որ 2005թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Արև Ավետիսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/11/2018

«Սպաները երկրի կառուցման հենասյուներն են». Մարատ Երզնկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է:  Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ երկուշաբթի օրը մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում։


Ավագ լեյտենանտ Երզնկյան Մարատը 2012թվ. ընդունվել է Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ 4 տարի սովորելուց հետո 2016թվ. լեյտենանտի զինվորական կոչումով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 2018թվ. ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող N զորամասերից մեկում։

Հայրենիքը սկսվում է… ընտանիքից։

Այն պետք է սիրել… անձնվիրաբար ու ծառայել պատվով։

Հանուն հայրենիքի… մեր պապերը տվել են իրենց կյանքը։ Ես ևս կտամ ունեցածս ամենաթանկը` կյանքս։

Պատիվ ունեմ… ծառայելու ՀՀ ԶՈւ-երում և հպարտ եմ, որ հայ եմ ու չգիտեմ, թե ինչ է նշանակում պարտվել։

Հայ զինվորները մեր... ուժն են, մեր ներկան ու ապագան։

Զինվորի մեջ պետք է սերմանել… մեր փառահեղ անցյալի օրինակները, որպեսզի ապագան ևս նույնքան փառահեղ լինի։

Երբ ես շարքային զինվոր էի… մտածում էի ապագայի ու հզոր հայրենիքի կառուցման կարևոր գործում իմ ներդրումն ունենալու մասին։

Ծառայությունը կարևոր է և անհրաժեշտ տղաների համար… քանի որ ծառայելով, հետագայում նրանք ավելի պատրաստված կլինեն, ավելի հեշտությամբ կհաղթահարեն դժվարություններն ու կստեղծեն սեփական ընտանիքը։

Ծառայելով ՀՀ զինված ուժերում որպես սպա, ես… ունեմ մեծ պատասխանատվություն աշխատանքիս և ծառայության նկատմամբ։ 

Մեր սպաները… երկրի կառուցման հենասյունն են։

Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որ… ամբողջը թվարկելու համար մի քանի մեծ հատոր անհրաժեշտ կլինի։

Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթե… հիմքում գաղափարը լինի, ոչ թե պարտականությունները։

Մենք ուժեղ ենք… միասին։

Եթե չլինեի սպա… բարդ հարց է, չգիտեմ։ (խմբ. ժպտում է)

Երազում եմ… որ իմ հայրենիքում միշտ խաղաղություն լինի։

Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայի… նորարարությանը։

Սոնա Սաֆարյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/11/2018

«Մամ ջան, ոնց որ դաչա գնացած լինեմ». Տիգրան Բերակչյան


Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ն հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին նվիրված հարցազրույցների շրջանակներում  զրուցել է Տիգրան Բերակչյանի մայրիկի՝ Եվգինե Բերակչյանի հետ:
Տիգրանը ծնվել է 1997թվ. Երեվանում: Սովորել է Քանաքեռի Կոստան Զարյանի անվան N 117 հիմնական դպրոցում։ Մինչ զորակոչվելը Տիգրանը ուսման հետ համատեղ աշխատել է ցանկանալով օգնել ծնողներին։
Զուսպ ու հավասարակշռված երիտասարդ էր, դեռ փոքրուց հասակակիցներից ավելի հասուն էր։

-Տիկին Եվգինե,կբնորոշե՞ք ազգանվեր մարդու: Ազգանվեր մարդը պետք է լինի ազնիվ, սիրի իր ընտանիքը, չէ որ ընտանիքը սկսվում է հայրենիքից:
 -Տիգրանն այդպիսի՞նն էր։
Այո, դրա համար, երբ 17տարեկան էր, մեզ համոզում էր, որ կա այնպիսի օրենք, որով դեռ 18 տարին չլրացած տղաները ծնողների համաձայնությամբ ծառայության կարող են անցնել, ասում էր՝ համաձայնություն տվեք, թե չէ անիմաստ 1 տարի էլ պիտի դպրոց գնամ, ավելի լավ է գնամ ծառայեմ, իսկ  ծառայելուց հետո ուզում էր դառնալ  պայմանագրային զինծառայող:

-Ինչպիսի՞ երեխա է եղել։
 -Տիգրանը շատ չարաճճի, աշխույժ, խելացի, հիշողությունը պայծառ երեխա է եղել, 5 տարեկանից  վարժ կարողանում էր ռուսերեն խոսել:
Ազնիվ , ընկերասեր, մեծերին շատ հարգող էր, հարևանուհիներից որևէ մեկը որ  ծանր տոպրակներով տուն էր գալիս, անմիջապես ձեռքից վերցնում էր , և նույնիսկ խորհուրդ էր տալիս, որ նույն  ճանապարհով էլ չգնա, որովհետև այդ կողմերը լույս չի վառվում, խմած մարդիկ կարող են  հարձակվել :

-Մանկական ի՞նչ երազանք ուներ։
 -Երազանքները շատ էին, ուզում էր լավ տուն ունենալ, մեքենա, իսկ շատ փոքր տարիքում, երբ չունեինք համակարգիչ, ճիշտ է մեր հարևանները ունեին, բայց չէին թողնում օգտվել իրենց համակարգչից: Շատ էր ուզում, որ ունենար,  մի օր տանը ունեինք կոնֆետի  դատարկ մի տուփ, որը պիտի դեն նետեինք աղբը, նա վերցրել և գեղեցիկ  ձևով իր համար սարքել էր նոթբուք և մի չաշխտող մկնիկ էլ կպցրել էր, նաև ստեղնաշարն էլ գեղեցիկ ձևով գծել ու գրել, եղբորն էլ կատակում էր՝ շատ չխաղաս, կփչացնես :

-Ասացիք, որ մեծ սեր ուներ համակարգիչների հանդեպ: Նպատակ չունե՞ր ծրագրավորող դառնալ:
 -Այո, նա նույնիսկ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ էր ընդունվել, վճարովի բաժին, 1 տարի սովորեց, ասում էր իրեն տեղափոխենք ավագ դպրոց որովհետև նույն դպրոցի թեմաներն են քոլեջում սովորում:

-Բանակային կյանքից ի՞նչ էր պատմում։
 -Ոչինչ, իր ծառայության ժամանակ  մեզ բացարձակ բան չի պատմել, նույնիսկ ես իրեն մի օր հարցրեցի, երբ արդեն դիրքեր էին բարձրանում, թե ինչպիսի տեղ է, ասաց մամ ջան, ոնց որ դաչա գնացած լինեմ, նույնիսկ մենք իրար հետ գաղտնաբառերով էինք խոսում, անմիջապես հասկանում էր: Նույնիսկ, երբ գնացել էինք երդմնակալության արարողությանը, այդ ժամանակ բոլոր զինվորները միանման  էին, ես կորցրել էի Տիգրանիս և  խորամանկություն արեցի, շատ շոգ էր, ձեռքիս անձրևանոցը սկսեցի վեր ու վար անել, և զգացի, որ շարքերի միջից ինչ-որ մեկը գլխարկն է վեր ու վար անում ՝ Տիգրանս էր:

-Տիգրանը ծառայության ընթացքում որոշել էր մնալ բանակում ու զինվորական դառնալ։Դեմ չէ՞իք նրա որոշման հետ։
 -Ես դեմ էի, բայց ինքը շատ էր ուզում, սիրում էր  զինվորական համազգեստ  կրել: Դպրոցական տարիքում ինձ համոզում էր,  որ ընդունվեր Փոքր Մհեր վարժարան։

-Ի՞նչ հատկանիշներ կառանձնացնեք, որ միայն նրան է բնորոշ:
 -Բարի էր, խղճով, որ հետս տարել եմ խանութ երբեք չի ստիպել ինչ-որ բան գնեմ: Երբ 5-6 տարեկան էր մի օր եկավ բակից ու ասաց ՝ մամա, 100 դրամ կտա՞ս ձողիկ առնեն, ասացի չունեմ, ասաց լավ 50 դրամ, ասացի էլի չունեմ, ասաց 10 դրամ էլ չունես որ ծամոն առնեմ, և մի քիչ լռեց ու ասաց՝ իզուր հայտնվեցի ձեր առջև, ձեր տղան դարձա, ես էլ հարցրեցի, բա ո՞ւմ տղան կուզեիր, ասաց Սոնա տոտայի՝ մեր բակի խանութի տերն էր:
Շատ խելացի էր մանկուց և շատ ընդունակ, բայց վստահ էր իր վրա, որ մի անգամ կարդար, անգիր կսովորեր, բայց չէր ցանկանում սովորել:Նույնիսկ անգիրները թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն, դպրոցում մի քանի հոգի ասում էին, ինքն էլ լսում ու պատասխանում էր և 9 ստացած գալիս էր, ես էլ զարմանում էի։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձունքներից մեկը  թշնամու կողմից ենթարվել էր գրոհի։ Թեժ ու անհավասար մարտում Տիգրանն իրեն դրսևորել է որպես քաջ ու անվախ զինվորի։ Տիգրան Բերակչյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» և ՀՀ նախագահի կողմից «Արիության» մեդալներով։
  

Արև Ավետիսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/11/2018

«Հանդիպածս դժվարությունները սովորեցրեցին պայքարել». Անժելա Աֆյան


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է: Յուրաքանչյուր երկուշաբթի մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները Բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում:

Անժելա Աֆյան. Կոչումը` ենթասպա։ Ավարտել է ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը, մասնագիտացումը` անձի հոգեբան։ Արդեն 2 տարի է, ծառայում է ՀՀ զինված ուժերում։


Հայրենիքը սկսվում էարյան կանչից։
Այն պետք է սիրել այնպեսոր երկրորդ անգամ ծնվելու հնարավորության դեպքում ընտրես նույն հայրենիքը։
Ծառայությունն ընտրած կանանց թիվը գերակշռող չէ, որովհետևնախապատվությունը տրվում է տղամարդկանց։
Բայց ևտեսնում եմ շատ կին զինծառայողների, ովքեր իրենց ծառայությունը իրականացնում են շատ ավելի արդյունավետ և ռեսուրսային։
Հետևաբարկին զինծառայողները մի շարք պաշտոններում անփոխարինելի են, անհրաժեշտ է նրանց ներկայությունը բանակում։
Ես ընտրեցի ծառայությունը, քանի որցանկանում եմ հետազոտել, ուսումնասիրել և գիտական աշխատանք գրել այս բարդ ոլորտի հոգեբանական կողմերի վերաբերյալ։
Ընտանիքիս անդամները, երբ տեղեկացան որոշմանս մասինմայրս կողմ էր, հայրս` դեմ, բայց նա մոռացել էր, որ ես իր դուստրն եմ, իսկ նա իմ ոգեշնչման աղբյուրը։
Առաջին իսկ հանդիպածս դժվարությունըսովորեցրեց ինձ պայքարել ինչ էլ որ լինի։
Ես պատրաստ եմանցնել իմ ընտրած ուղին և երբեք ուշադրություն չդարձնել մարդկանց, ովքեր գոռում են` «Չես կարող»։
Ես սիրում եմ համազգեստըմիայն այն դեպքում, երբ այն կրողը մշտապես աշխատում է իր անձի վրա և չի կորցրել իր անհատականությունը։
Հայրենասիրությունը... ուժ է` միավորելու, գործելու, հաղթելու։
Լսում եմ-ը, ճիշտ այդպես-ն ու ոչ մի կերպ-ը իմ առօրյայում են ևհպարտ եմ իմ գործունեությամբ։
Ծառայությունը չի կոպտացնում աղջկան/կնոջըծառայությունը հասունացնում է։
Զինվորներն ամենաշատը կարիք ունենհոգեբանական պատրաստվածության։
Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որպետք է վերջապես խոսել դրանց մասին։
Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթեդրական ամրապնդումները հաճախ լինեն։
Երազում եմապրել բարեկեցիկ երկրում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/11/2018

«Տղերք տեսա՞ք ինչ հրաշքով փրկվեցի». Արամ Մեժլումյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին նվիրված շարքի շրջանակներում այս անգամ զրուցել ենք կրտսեր սերժանտ Արամ Մեժլումյանի մայրիկի՝ Լաուրա Բարսեղյանի հետ:
1989թվ. Արարատի մարզի Շահումյան գյուղում Մեժլումյանների ընտանիքում ծնվում է նրանց արու զավակը՝  Արամը։ Սովորել և ավարտել է տեղի Ա.Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2006թվ. մեկնել է ՌԴ, սակայն վերադարձել է իր պարտքը տալու հայրենիքին։

-Ինչպե՞ս է անցել Արամի մանկությունը:
 -Արամիս մանկությունը անցել է շատ անհոգ: Տան միակ տղան է եղել, միշտ շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, սիրված է եղել շրջապատի կողմից: Միշտ աչքի է ընկել իր համեստությամբ ու խելացիությամբ, դպրոցում լավ է սովորել: Դասերից հետո միշտ օգնում էր մեզ, միշտ օգնում էր մեծահասակներին ինչով որ կարողանում էր:

-Ինչպե՞ս էր ծնվել սերը բնության, կենդանիների ու թռչունների հանդեպ:
 -Սերը բնության, կենդանիների ու թռչունների նկատմամբ  առաջացել է նրա մարդ տեսակից, նա շատ խղճով երեխա էր, եթե մի վիրավոր կենդանի տեսներ՝ անպայման պետք է օգներ: Շատ էր սիրում հատկապես աղավնիներին:

-Նշեցիք, որ Արամը աղավնիներ շատ էր  սիրում, արդյոք նմա՞ն էր խաղաղության խորհրդանիշ համարվող աղավնիներին:
 -Շատ նման էր, Արամս խաղաղասեր էր: Բարի ու կամեցող երեխա է եղել:

-Որոշել էր վերադառնալ Հայաստան, որպեսզի ծառայության անցներ:Դեմ չէի՞ք նրա որոշման հետ:
 -Այո, Արամս վերադարձավ Հայաստան, իր պարտքը տալու հայրենիքին: Նա շատ խիզախ տղա էր: Մենք դեմ չէինք, մենք մեծ հույսով ու նպատակով մեր միակ որդուն բանակ ճանապարհեցինք:

-Իսկ ծառայությունից երբևէ չի՞ դժգոհել:
 -Տղաս ծառայության առաջին օրվանից գոհ է եղել, երբևէ չի բողոքել: Միշտ հպարտ է եղել, որ ծառայում է: Ասում էի, Արամ ջան դժվար չի՞, ասում էր՝ չէ, մամ ջան, մի մտածի, եթե դժվար էլ լինի՝ ոչինիչ, դժվարությունը տղու համարա: Շատերն էին ասում ինչի հետ եկար, որ գնացել էիր՝ պիտի մնայիր, ասում էր՝ ո՞ւմ ա պետք, որ պիտի փախած ման գամ, 2 տարի ա էլի:

-Արամի  քրոջ որդին կրում է քեռու անունը: Բնավորությամբ նմա՞ն են նրանք:
 -Այո, շատ նման է, ամեն  ինչով: Շատ կապված է իմ հետ, աղջիկս ասում է, երբ տանը չեմ լինում, իմ հագուստը գրկում է նոր քնում: Արամս իր քեռուն նման է բարությամբ ու հոգատարությամբ:

-Ծառայության ընթացքում բանաստեղծություն է գրել Ձեզ նվիրված։ Ինչպե՞ս եք իմացել այդ  բանաստեղծության մասին։
 -Այո, բանաստեղծություններ է գրել նամակներում: Հիմնականում նվիրված են եղել ինձ և ամուսնուս: Նրա սերը մեր հանդեպ այնքան մեծ է եղել, որ երևի թղթի միջոցով է այն արտահայտել։
               
                                Թռիր նամակ նետի պես,
                                Բացվիր նամակ վարդի պես,
                                Խոսիր նամակ ինչպես ես,
                                Համբուրում եմ մայրիկ քեզ:

 -Ի՞նչ էին պատմում նրա մասին ծառայակիցները:
 -Արամիս ծառայակիցները պատմում էին նրա հոգատարության մասին, թե ինչքան ուշադիր է եղել իր զինվորների հանդեպ: Պատմում են, որ զինվորներին հանձնարարված գործը Արամս անում էր նրանց հետ միասին, որ մի կոնֆետը կիսում էր հավասար մասերի ու տալիս զինվորներին: Սահմանը հատած վիրավոր շանը խնամել է, ասել են Արա՛մ, կսատկի բաց թող, թող գնա, ասել է. «Տղերք, տեսե՛ք հեսա ինչ շուն է դառնում»:
Ասում են, շան ոտքը վիրակապել է, ու իր ասածով էլ եղել է, լավացել է ու մեծացել: Պատմում են, որ տղայիս դեպքից հետո, շունը կապը կտրել ու նորից հատել է սահմանը:
Երբ արձակուրդ էր եկել, ասում էինք, Արամ ջան, ինչի՞ ես շտապում գնաս, ասում էր՝ գնամ տղերքս մենակ են, գնամ հասնեմ իրանց:

-Ի՞նչ նպատակներ ուներ ապագայի հետ կապված:
 -Արամս կյանքով լեցուն տղա էր,ասում էր. «Մամ ջան, ծառայեմ գամ, առաջինը պիտի աշխատանք գտնեմ, տունը սարքեմ ու մի լավ ավտո առնեմ»:

-Արամը մի անգամ հրաշքով փրկվել էր թշնամու գնդակից։ Իմացե՞լ էիք այդ մասին։               -Այո, իմացել ենք: Դեպքից հետո, երբ Արամիս իրերը բերեցին, մի թզբեխ կար, պատրաստել էր հոր համար, բայց կիսատ էր մնացել: Պատմեցին, որ թշնամու արձակած գնդակը, որը մխրճվել էր պատի մեջ, Արամս իր ձեռքով փորել է ու հանել պատի միջից, ու ասել է. «Տղերք, տեսա՞ք ինչ հրաշքով փրկվեցի»:

2009թվ. օգոստոսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արամ Միշայի Մեժլումյանը։ Արամը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, ինչպես նաև ծառայության ժամանակ արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։


Արև Ավետիսյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/10/2018

«Երազում եմ տեսնել Արցախը Հայաստանի կազմում».Արամ Սարդարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է: Յուրաքանչյուր երկուշաբթի մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները Բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում:

Ավագ լեյտենանտ Արամ Սարդարյան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև, 2015թ՝ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի 1-ամյա սպայական դասընթացը: Ծառայության կարճ ժամանակահատվածում կարողացել է դրսևորել իրեն որպես պատրաստված, կարգապահ, բանիմաց սպա։ Ժամկետային զինծառայությունից հետո որոշել է, որ պետք է վերապատրաստվի և դառնա սպա։



Հայրենիքը սկսվում է… ընտանիքից:
Հայրենիքը  պետք է սիրել այնպես,…որ թշնամին վախենա (Մ.Մելքոնյան):
Զինվորի մեջ պետք է սերմանել… նվիրվածություն հայրենիքին:
Հայ զինվորները մեր ... հենասյունն են:
Երբ ես շարքային զինվոր էի…հպարտ էի, որ ծառայում եմ հայրենիքիս:
Պատիվ ունեմ… կրելու հայոց բանակի սպայի համազգեստը:
Ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ որպես սպա, ես...  դարձել եմ ավելի ուժեղ:
Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որ…պետք է լինել չափազանց զգոն:
Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթե…բացակայի անարդարությունը:
Կարևոր են բոլոր դիրքերը, բայց ամենակարևորը…հայրենի հողի ամեն մի թիզն անգամ կարևոր է:
Առանց հակաօդային պաշտպանության…չկա ժամանակակից մարտ:
Մենք ուժեղ ենք երբ միասին ենք:
Եթե չլինեի սպա,… կլինեի ուսուցիչ:
Երազում եմ… տեսնել Արցախը Հայաստանի կազմում:
Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայի…կրթության որակի բարձրացմանը։

Սոնա Սաֆարյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`