Showing posts with label հայտարարություն. Show all posts
Showing posts with label հայտարարություն. Show all posts

06/06/2019

«Մեկ ծաղիկ՝ մեկ փամփուշտ» նախաձեռնությունը 768․900 դրամ է փոխանցել «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ին․ Դավիթ Թորոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 24-ին ընդառաջ, Արթուր Բաղդասարյանը և Անահիտ Բախշյանը հանդես էին եկել «Մեկ ծաղիկ՝ մեկ փամփուշտ» նախաձեռնությամբ, որին միացել էին 45 հոգի, որոնցից մի քանիսը սփյուռքի մեր հայրենակիցներն են եղել, իսկ մնացածը՝ Հայաստանի քաղաքացիներ: «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նախաձեռնությունը փոխանցել է 768900 ՀՀ դրամ, որը կուղղվի «Ջրի ուսապարկ առաջնագծի դիրքապահներին» ծրագրին, որի հերթական փուլն ավարտվել է օրերս՝ «Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագրով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ծրագրի բոլոր մասնակիցներին և նախաձեռնողներին օժանդակության համար, ինչպես նաև տեղեկացնում, որ ամբողջ գումարը ծախսվելու է նպատակին համապատասխան, թիրախավորված ծրագրերի միջոցով և բացառապես թափանցիկ կերպով՝ ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ՝ Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/06/2019

Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար.ՀՀ ԱԳՆ


Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը: Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով:
Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանն ու դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով:
Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար: Դրանք նաև հարցականի տակ են դնում Ադրբեջանի վստահելիությունը և նրանց կարողությունը հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված և 2019թ. մարտին Վիեննայում վերահաստատված հանձնառություններին: Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով: Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար: 
Ադրբեջանի վերջին վտանգավոր և առճակատման գնացող գործողությունները հիշեցում են իրենց նախկին բռնությունների, վայրագությունների և ագրեսիայի փորձերի և վկայում են Արցախի ժողովրդի կենսական ֆիզիկական անվտանգության ռիսկերի մասին:
Հայաստանը վերահաստատում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որի համար հրադադարի խստագույն պահպանումն էական պայման է: Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունն որևէ հանգամանքում վտանգի չի ենթարկվելու: 
Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խորին ու անկեղծ ցավակցությունն է հայտնում Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի ընտանիքին և հարազատներին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`