Showing posts with label ապրիլյան պատերազմ. Show all posts
Showing posts with label ապրիլյան պատերազմ. Show all posts

03/07/2019

Ապրիլյան պատերազմի մասնակիցը բոլորիս օգնության կարիքն ունի


Ապրիլյան պատերազմի մասնակից 33–ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն Շվեցարիայում։ 
Ապրիլյան քառօրյայի ժամանակ Հայկը բեկորային վնասվածք է ստացել ողնաշարի շրջանում, բեկորն օրի օրի մոտենում է ողնուղեղին: 
Հայկը դիմում է հանրությանը` հուսալով, որ վերականգնողական կուրսի համար անհրաժեշտ 35.000 եվրոն կհավաքվի և օր առաջ իրեն կտեղափոխեն արտասահման բուժվելու։
Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել.



Նյութը՝ Lurer.com կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/04/2019

ՄԻԵԴ-ը արագացված ընթացակարգով քննում է Ապրիլյան պատերազմի հանցագործությունների 23 դրվագներ. Արտակ Բեգլարյան

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո փաստահավաք գործունեության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցներ է հրապարակել, որոնցում գլխավորապես անդրադարձ է կատարվել ռազմական, մարդկության դեմ կատարված հանցագործություններին, խոշտանգման, գլխատման և սպանության դեպքերին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ավելացրել, որ նշված 23 դեպքերի մասով հարազատների հայցերն ընդունվել են քննարկման Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
«Վերջերս ՄԻԵԴ-ի կողմից երկու գործերով եղել է մերժում, որոնք վերաբերել են նյութական վնասների հատուցմանը՝ մեկական Արցախից ու Ադրբեջանից: Այսինքն վնասվել է քաղաքացիների գույքը, և նրանք դիմել էին փոխհատուցման համար, նաև բարձրացվել էր բարոյական փոխհատուցման հարց: ՄԻԵԴ-ը իր որոշմամբ, կարծես թե, շեմ է դրել նմանատիպ գործերի համար, քանի որ ՄԻԵԴ-ը ստացել է հարյուրավոր այդպիսի հայցեր և՛ Արցախից, և՛ Ադրբեջանից: Եվրոպական դատարանը այս գործերը որպես նմուշ է վերցրել՝ ներկայացնելով, որ նմանատիպ բոլոր գործերում առաջնորդվելու են որոշակի չափորոշիչներով և, հետևաբար, դրանցից շատերը չեն ընթացքավորելու: Կարծում եմ՝ նշածս 23 գործերի մասով լինելու է շատ ավելի արագացված ընթացակարգ, քանի որ կյանքի ու խոշտանգումներից զերծ լինելու իրավունքները առաջնահերթություններ են համարվում ՄԻԵԴ-ի կողմից»,- նշել է Ա. Բեգլարյանը։

Նյութը՝ Artsakhpress.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/04/2019

Ապրիլյան պատերազմ ապրածները

Տիգրանն ու Գարիկը
«Պատերազմը մեզ եղբայներ դարձրեց»

«Երբ ապրիլի 1-ի գիշերը տագնապ տվեցին, չէինք հավատում, որ լուրջ է, մտածում էինք՝ երևի ուսումնական տագնապ է:
 Բայց դիրքեր բարձրանալու հրաման եղավ, իսկ հրամանտարն անհանգիստ էր: 
Մեզ պատերազմը չէր վախեցնում, այլ ընկերներին կորցնելու հեռնակարը... Մենք հետախույզներ էինք, ովքեր ամեն պահի պետք է պատրաստ լինեին զոհվելու»,-պատմում է Տիգրան Գևորգյանը, ու ես իր հայացքում կարդում եմ այն չասված խոսքերը, որոնք իր փոխարեն աչքերն էին ասում՝ կռիվ տեսած աչքերը: 
«Պատերազմը սովորեցրեց իրար կյանք փրկել, ամենադժվար պահերին, երբ ընկերդ կողքիդ է, մահվան մասին չես մտածում»,- ասում է Գարիկ Հովհաննիսյանը:

Տիգրանն ու Գարիկը զինակից ընկերներ են, որոնց, ինչպես իրենք են ասում, պատերազմը եղբայներ դարձրեց: 
«Ապրիլյանի մասին խոսելը հեշտ չէ, նույնիսկ էդ բառի մեջ մի տեսակ ցավ կա, փորձում եմ չպատմել, մոռանալ այն ամենը, ինչը տեսանք, բայց բացակա ընկերների վիշտը թույլ չեն տալիս: 
Ինչ էլ պատմեմ կթվա, թե ինչ-որ անհավանական բան է, դա կհասկանա միայն նա, ով անցավ այդ ամենի միջով: Հիշում եմ, երբ կրակում էին Տիգրանի ուղղությամբ, մեզ թվաց, թե փամփուշտը կպավ նրան: էնպիսի զգացողություն է, որ բառերով անհնար է բացատրել. մտածել, որ ամենամոտ ընկերդ կարող է էլ չլինել...»։

Գարիկի մի քանի վայրկյան լռությունն ասում է շատ ավելին, քան կասեին նրա բառերը:
 «Մեզ հրաման էր տրված ազատագրել 116 դիրքը, որտեղ մինչև մեր հասնելը կռիվ էր տվել Աբաջյան Ռոբերտը: Ափսոս մի քիչ ուշ հասանք, թեև հաջողվեց քսան հոգով կռվել հակառակորդի հարյուր հիսուն հոգանոց խմբի դեմ ու հետ գրավել 116 դիրքը»։
Ընկերների արյամբ ու կորստով վիրավոր հողը կրկին հայկական կողմինն է:
 Ի դեպ Տիգրանն ու Գարիկն ապրիլյան պատերազմից հետո կրում են «Արիության համար» մեդալ:

Մերի Գևորգյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/04/2019

«Եթե աղջիկս որոշի զինվորական դառնալ, դեմ չեմ լինի». ապրիլյան պատերազմում զոհվածի այրի

Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանի կինը՝ Անուշ Հյուսնունցը, դեմ չէ, որ դուստրն էլ զինվորական դառնա։
2–ամյա Էլմիրան ծնվել է հոր զոհվելուց հետո՝ 2016թ.–ի նոյեմբերին, Գեղամն այդպես էլ չիմացավ, որ հայր է դառնալու։ Անուշը հղիության մասին իմացել էր, երբ ամուսնու զոհվելու մասին լուրն իմանալուց հետո վատացել էր ու նրան հիվանդանոց էին տեղափոխել։
«Գեղամի հետ ապրեցինք 6 ամիս... նրա զոհվելու օրը լրացավ մեր ամուսնության 6–րդ ամիսը։ Այդ օրը երկուսս էլ հերթապահության էինք, երբ ընդհանուր տագնապ տվեցին, ես չգիտեի, որ Գեղամն արդեն Թալիշում է, հետո եմ իմացել»,– NEWS.am–ին պատմում է երիտասարդ կինը։
Ամուսինները միասին ծառայել են Արցախի Մարտակերտի զորամասերից մեկում։ Գեղամը զոհվել է Թալիշի դիրքերում 2016թ.–ի ապրիլի 3–ին։ Դստեր ծնվելուց հետո Անուշը 2 տարի դադար էր վերցրել, այս հունվարին կրկին վերադարձել է Զինված ուժեր։
«2007թ.–ից եմ ծառայության մեջ, իհարկե, Գեղամի զոհվելուց հետո դժվար էր նորից ծառայության վերադառնալը, բայց ես իմ գործը սիրում եմ, պատասխանատվություն եմ զգում հայրենիքիս առաջ, դրա համար որոշեցի հետ գալ բանակ։ Եթե երեխաս էլ որոշի զինվորական դառնալ, ցանկություն ունենա, ես դեմ չեմ լինի, ինչով կարող եմ, կօգնեմ»,– ասում է Անուշը։
Անուշը ծառայության է անցել Ստեփանակերտի զորամասերից մեկում, դստերը պահելու համար դայակ է վարձել, իսկ հերթապահության օրերին քույրն ու ընկերուհին են օգնում։ Պետությունից որպես օժանդակություն Գեղամի ընտանիքը բնակարան է ստացել։
Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով, ինչպես նաեւ` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը Վետերանների միությունը հանձնել էր այրուն` Գեղամ Մկրտչյանի 30-ամյակի օրը:



Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/04/2019

Մեծարման երեկո նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» և «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի  կազմակերպած «Ոգեղեն ապրիլ» խորագրով մեծարման երեկոն՝ նվիրված  Ապրիլյան պատերաազմի  զոհերի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին  «Հայ ասպետ»   կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի սաներն, ովքեր  իրենց գեղեցիկ   ու հուզիչ խոսքը հղեցին   մարտական գործողությունների զոհերի հիշատակին: Մասնակցում էին նաև հայտնի երգիչ-երգրուհիներ: 
Հյուրերն Ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողներն էին, որոնց, ի պատիվ մեծարման, նվերներ տրվեցին՝  այդպես իրենց երախտիքը հայտնելով վերջիններիս: Ներկա էին նաև պատերազմի մասնակիցներից  շատերն, ովքեր ևս ողջույնի խոսքով հանդես եկան:

Մերի Գևորգյան






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/04/2019

«Այն, ինչ արել եմ ես, կարող էր անել ցանկացած պատրաստված զինվոր»


Ասում է ապրիլյան պատերազմի մասնակից Գեւորգ Մանուկյանը։

Ապրիլյան պատերազմը ցավոտ էջ էր յուրաքանչյուր հայի համար։ Այդ օրերը հիշելիս կրկին իրար են խառնվում կորստի ցավը, հպարտությունն ու հաղթանակի զգացումը։ 2016 թվականի ապրիլ ամսին հերոսացան տասնյակ երիտասարդներ, ովքեր ապրել ու ապրում են մեր կողքին։ Նրանցից մեկը Գեւորգ Մանուկյանն է, ով այդ ժամանակ ծառայում էր Եղնիկներ կոչվող զորամասում։ Գեւորգը ճիշտ պահին նկատել է հակառակորդի ուղղաթիռը, եւ երեք կմ հեռավորության վրա «Իգլա» տեսակի զենքով նշան է բռնել եւ խոցել ուղղաթիռը՝ փրկելով շատերի կյանքը։ Ուղղաթիռը իր անձնակազմի հետ տապալվել էր։ 

– Գեւորգ, մինչ բանակ զորակոչվելը սովորել եք Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում, սակայն զորացրվելուց հետո ուսումը շարունակել եք Իրավագիտության ֆակուլտետում, ի՞նչը ստիպեց ձեզ փոխել ձեր որոշումը։ 
– Յուրաքանչյուրն ուզում է արդարություն լինի ու արդարության կայացման գործում փոքրիկ քայլ արած լինի, մասնակցություն ունենա, երեւի որոշումս փոխելու հիմնական պատճառը դա է եղել։ 

– Սիրո՞ւմ եք զինվորական ծառայության ոլորտը։ 
– Փոքր տարիքից միշտ հետաքրքրվել եմ բանակով։ Հիշում եմ, որ երբեք բաց չէի թողնում «Զինուժ» հաղորդաշարը, անգամ մինչ բանակ զորակոչվելս ցանկացել եմ դեսանտային զորքերում ծառայել, բայց այնպես ստացվեց, որ ծառայեցի ՀՕՊ զորքերում, որից ամենեւին դժգոհ չեմ։ 

Ինչպիսի՞ն էին զգացողությունները, երբ ուսումնական զորամասում ծանոթացար «Իգլա» զինատեսակին, կմտածեի՞ր, որ երբեւէ գործնականում կկիրառես այն։ 
– Եթե տեսնում ես զենքը, ուսումնասիրում ես նրա կառուցվածքը, սովորում ես օգտվել դրանից, մտքի ծայրով պատկերացնում ես, որ այն կիրառվում է ու ինչ-որ ժամանակ հնարավոր է, որ դու եւս այն կիրառես։ Պատկերացրել եմ, որ հնարավոր է պետք լինի կիրառել, ոչ թե պատերազմ լինի ու այդ ժամանակ օգտագործեմ, այլ ասենք՝ ուսումնական զորավարժության ժամանակ։ 

– Ինչպե՞ս է տեղի ունենում ուսուցումը ուսումնական զորամասում։
 – Զենքիս շատ լավ եմ տիրապետել, մեզ զենքի հետ ծանոթացնում էին ոչ թե զինվորա-կաններ, այլ դասախոսները, մեթոդիստները, ովքեր նախկինում ծառայել են զինված ուժերում, նրանք էին սովորեցնում օգտվել զենքից ամենայն մանրամասնությամբ։

– Ծառայության մեծ մասը անց եք կացրել դիրքերում. Ինչո՞վ է տարբերվում սպա-զինվոր հարաբերությունները դիրքերում ու զորամասում։ 
– Հիմնականում տարբերությունը խստությունն է, եթե զորամասում սպայի խստությունը պայմանավորված է արտաքին տեսքի հետ, որի մեջ մտնում է հագուստի, կոշիկների մաքրությունը, սափրված լինելը, օրվա կարգացուցակի պահպանումը՝ տողան, անվանականչ, դիրքերում խստությունը ուղիղ համեմատական է անվտանգության հետ՝ առաջին հերթին սահմանին կանգնած զինվորի, երկրորդ հերթին՝ թիկունքի։ Յուրաքանչյուրը սահմանին պետք է պահպանի իր առջեւ դրված պարտականությունները։ 

– Սահմանին միշտ հնչում են կրակոցներ, ու դրանց բացակությունը զինվորների համար հաճախ անսովոր է լինում։ Անսպասելի՞ էր ադրբեջանական կողմի ապրիլյան հարձակումը։ 
– Առաջին հերթին հետեւանքները մեզ ցույց տվեցին, որ անսպասելի էր, որովհետեւ եթե սպասված լիներ, էդ աստիճան դաժան հետեւանքներ չէինք ունենա։ Սպասելի այնքանով էր, որ եթե ունես թշնամի, նման բանի բացարձակ չսպասելն անմտություն է։ Ընդհանուր առմամբ՝ սպասելի էր, քանի որ եթե ունես հակառակորդ, ուրեմն պիտի գիտակցես, որ կարող է օր լինել, որ նրանք կհարձակվեն։ 

– Ուղղաթիռը խոցելով փրկեցիր շատերի կյանքը, այդ պահին գիտակցո՞ւմ էիր քայլիդ լրջությունը։ 
– Լրջությունը պետք է գիտակցել զորակոչի ծանուցում ստանալու օրվանից։ Պետք չէ տարբերություն դնել քաղաքային զորամասում ծառայության, առաջնագծից հեռու ծառայության, առաջնագծում ծառայության միջեւ, քանի որ բոլորն էլ լուրջ են, իրենց լրջությունն ունեն։ Ծառայության սկսված օրից պետք է լուրջ վերաբերվել ծառայությանը, որպեսզի կարողանաս ճիշտ կազմակերպել քո գործողությունները, ճիշտ կազմակերպել քո անվտանգությունը։ Բայց այդ օրվա, այդ պահի հետ կապված՝ բնականաբար, նման բան չես տեսել, կրակոցներ տեսել ես, լսել ես, արկերի պայթյունը լսել ես, տեսել ես, բայց ինչ-որ բան, որ չես տեսել, այն էլ այդ մասշտաբի, արդեն լրջությունը պատկերացնում ես, մանավանդ որ գիտես, թե որ դեպքերում են այդպիսի զինատեսակներ կիրառվում, այդ ժամանակ զգում ես լրջությունը, ուղղակի նույն լրջությամբ պիտի վերաբերվես տեսածիդ ու ճիշտ պահին անցնես գործողությունների։ 

– Նման իրավիճակներում ի՞նչն է կարեւոր ճիշտ կողմնորոշվելու համար։ 

– Առաջին հերթին կարեւոր է պատրաստվածությունը, հասարակ զինվորն առանց պատրաստվածության հակառակորդի զրահատեխնիկայի, օդուժի դեմ ոչինչ չի կարող անել: Այն, ինչ արել եմ ես, կարող էր անել ցանկացած պատրաստված զինվոր, ուղղակի այդ պահին ես էի այդտեղ։ 


Նյութը՝ Aravot.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/04/2019

Ապրիլյան պատերազմի մասին վտանգավոր միֆեր են շրջանառվում. Տիգրան Աբրահամյան

2016-ի ապրիլից երեք տարի անց էլ շատ հարցերի շուրջ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, տարբեր գնահատականներ են տրվում։ Դրանց ու նախօրեին Արցախի պաշտպանության փոխնախարարի հրաժարականի մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am-Պարոն Աբրահամյան, կրկին շրջանառության մեջ են դրվել լուրերն այն մասին, որ ապրիլյան պատերազմի մասին անհրաժեշտ հետախուզական տեղեկատվությունը ժամանակին փոխանցվել է Արցախին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Տիգրան Աբրահամյան-Չգիտեմ ով և ինչու է փորձում ամեն ինչ բարդել կամ քննադատության սլաքներն ուղղել Արցախի ուղղությամբ, բայց ասեմ, որ դա ոչ մի լավ տեղ չի տանելու, առաջին հերթին հենց իրենց համար: Մի քանի անգամ ասել եմ ու շարունակում եմ ասել, որ տեղեկատվությունն եղել է առաջնագծի տարբեր ուղղություններով դիվերսիոն հետախուզական խմբերի առաջխաղացման մասին, որը հատուկ էր 2014-2016 ժամանակահատվածին: Այնինչ, դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը սկսեց ուղեկցվել Ադրբեջանի զինանոցի գրեթե բոլոր տեսակների ակտիվ աջակցմամբ:

Եվ հասկանալու համար, թե ինչպիսին է եղել ՊԲ-ի գործողությունների արդյունավետությունը, պետք է վերլուծել բոլոր այն գործողությունները, որոնք եղել են Հադրութի հարավային թևից (նախկինում Ջեբրայիլ)՝ վերջացրած հյուսիսային ուղղությամբ (Եղնիկներ):

Ապրիլյան մարտական գործողությունների մասին խոսելիս, տարբեր պատճառներով, միայն քննարկման է դրվում Թալիշի կամ Ջեբրայիլի ուղղությամբ մարտերի հատվածական ուղղությունները: Հազվադեպ է խոսվում այն մասին, թե ինչպես են հետ մղվել ադրբեջանական գործողությունները Տոնաշենի (Եղնիկների) ուղղությամբ կամ Ջեբրայիլի ձախ թևում, երբ ադրբեջանական կողմը ավիացիա կիրառեց,  իսկ արդյունքում երկու ուղղաթիռ կորցրեց, նաև մարդկային ուժ, որոնք փորձում էին ներթափանցել այդ ուղղություններով:

Կենտրոնական ուղղությամբ, ՊԲ ուժերը ժամանակին ֆիքսելով Ադրբեջանի մտահաղացումը, հենց հակառակորդի խորքում խոցեցին՝ ոչնչացնելով Ադրբեջանի զրահատեխնիկայի և հրթիռահրետանային մեծ թվով միջոցներ, ինչպես նաև՝ պատճառելով մարդկային ուժի մեծ կորուստներ: Արդյունքում կանխեցինք հակառակորդի՝ ամենախոշոր օպերացիան, որը չմեկնարկած տապալվեց:

Մարտակերտի ուղղությամբ ծավալված մարտերի արդյունքում ձախողվեց Ադրբեջանի՝ այդ ուղղությամբ պլանավորված ներթափանցումը Մարտակերտ բնակավայրի ուղղությամբ, ինչը հասկանալի է, թե ինչ աղետալի հետևանքներ կարող էր ունենալ:

Առաջնագծի մյուս ուղղություններում ևս հայկական զինուժը տեղային կանխարգելիչ գործողություններ իրականացրեց, ինչի արդյունքում հակառակորդի մտադրությունը ողջ ճակատով գրոհելու՝ վերջնականապես տապալվեց:

Panorama.am-Որպես հիմնական խնդիր, այս տարիների ընթացքում առաջ էր քաշվում կապի համակարգի, սննդի, փամփուշտների սպառման հարցերը: Արդյո՞ք հիմա էլ այդպիսի խնդիր կա:

Տիգրան Աբրահամյան-Կապի համակարգի խնդիրներ անշուշտ եղել են, ինչն անհնար է հերքել: Այսօր մեր կապի համակարգն անճանաչելիորեն փոփոխության է ենթարկվել ու այսօր լրիվ այլ վիճակ ունենք: Ինչ վերաբերում է սննդի ու փամփուշտի հետ կապված լուրերին, ապա դեռ չեմ կարող ասել, թե ով էր այդ խայտառակ ապատեղակտվության հեղինակը, սակայն ոչ մի դիրքում նման խնդիր չի եղել: Ես սա ասում եմ շատ վստահ: Այսպես ասեմ, չի եղել դիրք, որտեղ վերահսկողությունը կորցրել ենք այն պատճառով, որ այդտեղ սննդի կամ փամփուշտի խնդիր է եղել:

Նախ, սննդի մասով. 2016 թվականի մարտական գործողությունների օրերին, մարտական հերթապահություն անցնող ստորաբաժանումները հիմնական սնունդը ստացել են շաբաթական կտրվածքով (բացի մի քանի սննդատեսակից) և անհնար է 2-3 օրվա ընթացքում սննդի սուր խնդիր ունենալ: Իսկ դիրքերում գտնվող ստորաբաժանումների հերթափոխը մեկ օր առաջ էր եղել:

Երկրորդ, գաղտնիք չի, որ առաջին օրվա գործողությունների արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ ավելի շատ մարտական դիրքեր են եղել, քան ապրիլի 5-ի դրությամբ, որովհետև ապրիլի 3-ից հետո, հայկական կողմի հակահարձակողական գործողությունների արդյունքում մեծ թվով դիրքեր վերադարձվել են մեր վերահսկողության տակ:
Այն դիրքերը, որոնք վերադարձրել ենք, մանրամասն ուսումանսիրվել են, այդ դիրքերից որևէ մեկում, որոնք 1-2 օր առաջ կորցրած ենք եղել, և ռազմամթերք է եղել և սնունդ:

Կրկնում եմ՝ չգիտեմ, ով կամ ինչի համար է այդ միֆը զարգացրել, սակայն ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մեր խնդիրը ոչ փամփուշտի պակասն է եղել, ոչ էլ սննդային հարցերը:

Panorama.am-Բայց խոսվում էր, որ հակահարձակողական գործողություններ չեն իրականացվել։

Տիգրան Աբրահամյան-Իսկ ո՞վ է ասել, որ հակահարձակողական գործողություններ չեն իրականացվել, այդ դեպքում ինչպես է՞ հաջողվել, օրինակ՝ Թալիշի ուղղությամբ, ձախ թևում, գործողություններ իրականացնել ու մեծ թվով մարտական դիրքեր հետ բերել մեր վերահսկողության տակ:

Չափազանց վտանգավոր եմ համարում 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների մասին տոտալ ապատեղակատվության տարածումը, որի հիմնական նպատակը զինված ուժերի վարկաբեկումն է: Ոմանք, իհարկե, անիրազեկության արդյունքում են «ընդհանուր ալիքի տակ» հայտնվում, սակայն տեսանելի են նաև խմբեր, ուժեր, որոնք տարբեր խնդիրներ լուծելու ճանապարհին փորձում են խոցման առանցքում պահել մեր բանակը:

Երկրորդ խնդիրը, որ այսօր ես տեսնում եմ՝ ապրիլյան օրերին մարտի դաշտում պայքար, կյանքի ու մահվան ճանապարհով անցած մեր սպաների ու զինվորի արածի նսեմացումն է, ինչը չափազանց վտանգավոր է և ուղիղ հարված է ինչպես մեր բանակին, այնպես էլ հասարակությանը: Դա ուղիղ հարված է մեր պետականությանը:

Panorama.am-Տարբեր թվեր են ներկայացվում նաև զոհերի մասին, ի վերջո, որքան զոհ ենք ունեցել ապրիլյան պատերազմում:

Տիգրան Աբրահամյան-2016 թվականի ապրիլի 2-5-ը՝ մինչև ժամը 12։00-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ, ապրիլի 5-ից մայիսի 20-ը՝ հաշվի առնելով, որ բանավոր պայմանավորվածությունն, ըստ էության, լիարժեքորեն չէր պահպանվում, ունեցել ենք ևս 25 զոհ, որոնցից ոչ բոլորն էին մարտական զոհեր:

Panorama.am-Եվ վերջին հարցը, զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը: Այս ընթացքում տարաբնույթ հայտարարություններ մեկնաբանություններ եղան, ինչպես իր, այնպես էլ 2018 թվականի ընթացքում պաշտոնաթող եղած զինվորականների մասին:

Տիգրան Աբրահամյան-Եկեք տրամաբանության մեջ նայենք: Մեր երկրում ամեն օր խոսում են պատերազմի հավանականության, որոշ դեպքերում՝ նույնիսկ անխուսափելիության մասին: Այդ մասին ավելի հաճախ խոսում են Ադրբեջանում, էլ չեմ ասում միջազգային հեղինակավոր կենտրոնների ոչ լավատեսական զեկույցների մասին:

Սամվել Կարապետյան, Լևոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան. այս անունները կարելի է շարունակել թվարկել: Այս մարդիկ, աննախադեպ մարտական ուղի անցած, անչափ փորձառու զինվորականներ են, ովքեր մեր երկրին անհրաժեշտ էին ինչպես 90-ականների առաջին պատերազմում, մինչև 2016 ապրիլ ու հիմա: Ադրբեջանը պատմության աղբանոցից փնտրում, մարդիկ է գտնում, փոշիները մաքրում, վերածում հերոսի և սերունդ դաստիարակում, իսկ ի՞նչ ենք անում մենք: Մեր հերոսներին վարկաբեկում ենք, խոցելի դարձնում, հետո խոսում համերաշխության կամ միասնության մասին: Չի ստացվի այդպես:

Այս մարդկանց անցած ճանապարհը, հայտարարությունները, մտահոգությունները պետք է դիտարկել Ադրբեջանից մշտապես սպառնացող վտանգի տրամաբանության մեջ: Այս մարդիկ այսօր բանակում չեն միայն թղթի վրա գրած, բայց իրենք այն մարդիկ են, ովքեր անկախ իրենց պաշտոնական դիրքից, հնարավոր պատերազմի կամ դրա վտանգի դեպքում առաջինն են մեկնելու այնտեղ, որտեղ պետք է լինեն. ես դրանում համոզված եմ:

Նյութը՝ Panorama.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/04/2019

Չնահանջել, 4 օր առանց հաց ու ջրի, բայց չնահանջել․ ապրիլյանի մասնակցի մտորումները./Տեսանյութ/


«Անօդաչու թռչող սարքը տեղս ֆիքսել էր ու ինձ նշանի տակ էին առել։ Ռումբ ուղարկեցին իմ ու տեխնիկայիս ուղղությամբ, փառք Աստծո տեխնիկայիս բան չի եղել, բայց ես ծանր վիրավորվացի,  գլխիս մի հատվածը հավաքած է։ 24TV-ի եթերում ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը պատմում է այդ օրերի մասին։
«Չեմ հավատացել, որ կռիվ կսկսվի։ Երբ ասում էին կռիվ-կռիվ չէի հասկանում՝ դա ինչ է։ Մարդը հավատում է դրան , երբ դրա մեջ է»,- պատմել է նա։
Շարունակությունը՝ տեսանյությում։



Նյութը՝ 24news.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախը ջանքեր կգործադրի ապրիլյան պատերազմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար


Ուղիղ երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրված հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողություններ։ Ադրբեջանական զինված ուժերը ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական օդուժի կիրառմամբ հրետակոծման են ենթարկել ոչ միայն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Միայն չորս օր անց՝ 2016 թ. ապրիլի 5-ին, զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանը ստիպված էր ռազմական գործողությունների դադարեցում խնդրել Ռուսաստանի միջնորդությամբ։
Հարձակողական գործողությունների ծավալն ու ինտենսիվությունը, օգտագործված զինտեխնիկայի և կենդանի ուժի քանակը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները վկայում են, որ ապրիլյան իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան նախօրոք ծրագրված ռազմական ագրեսիա։ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում զավթել Արցախի ողջ տարածքը՝ փորձելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով, որը, սակայն չհաջողվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։
Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ուղեկցվում էին միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով և պատերազմական հանցագործություններով։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվել՝ միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին և ատյաններին իրազեկելու իրագործված ոճրագործությունների մասին։ Համոզված լինելով, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Ռազմական գործողությունների ավարտից հետո անցել է երեք տարի, սակայն դեռ արդիական է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապահովելու 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումը։ Անհրաժեշտ է նաև ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ, և հատկապես ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով։
Արցախի Հանրապետությունը վերահաստատում է, որ Ադրբեջանի կողմից հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Եկել ենք մեր ընկած տղաների հիշատակը հավերժ վառ պահելու»․ քայլերթ-մոմավառություն. /Տեսանյութ/

Երևանի Ազատության հրապարակից իրականացվել է քայլերթ-մոմավառություն դեպի Եռաբլուր պանթեոն նվիրված  ապրիլյան պատերազմի  զոհերի հիշատակին: 
«Զգացողությունները ամբողջովին խառնվել են իրար, բայց մի բան հստակ է՝ այստեղ չենք եկել սգալու, այլ եկել ենք մեր ընկած տղաների հիշատակը հավերժ վառ պահելու»,- երթի մասնակիցներն այսպես էին տրամադրված։
Քայլերթ- մոմովառության նախաձեռնողը «Խարույկ արշավական ակումբ»-ն էր, որին մասնակցում էին ըստ ցանկության։ Նախորդ տարի ևս նախաձեռնել են նման միջոցառում։ Ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանի խոսքով իրենց նպատակն է, որ յուրաքանչյուր հայ իմանա «Եռաբլուր»-ի տեղը և ճանաչի մեր հերոսներին։ 
Ապրիլյանի դեպքերից 3 տարի է անցել, մենք ապրում ենք, չէ՞ որ տղաներն ընկան, որ մենք շարունակենք ապրել։

Գոհար Աթաբեկյան 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսների և հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:











Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով». Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ


Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Այնուհետև Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ։ 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահի ցանկությունն ու որոշումը՝ այցելել Թալիշ:

Արցախի նախագահը Հայաստանի նախագահին պատմել է Թալիշի վերականգնման ծրագրի մասին՝ նշելով, որ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։ 

Իր երախտագիտության խոսքն ուղղելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ, արժանապատվորեն և բարեխղճորեն կատարելու համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջև նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները»։ Շնորհակալություն հայտնելով նրանց՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր ես ոչ միայն ասելիք ունեմ, այլև՝ լսելիք։ Եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաև լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարեւոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»։

Ջերմ մթնոլորտում անմիջական ու անկեղծ զրույց է ծավալվել, որի ընթացքում անդրադարձ է եղել թե ապրիլյան գործողություններին, թե դրան հաջորդած իրադարձություններին ու կատարված աշխատանքներին: Հայրենիքն իրենց կյանքի ու առողջության զոհաբերումով, խիզախությամբ ու քաջությամբ պաշտպանած տղաների սխրանքն Արմեն Սարգսյանը հայրենասիրության վառ օրինակ է համարել այսօրվա ու վաղվա սերունդների համար: 

Հայաստանի նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում  նաև՝ ռազմական, ամեն օր սովորելու բան կա։ «Ապրիլյան պատերազմն, իհարկե, մեծ փորձառություն էր։ Ձեզնից՝ զինվորներից ու սպաներից լավ ոչ մեկը չի կարող գնահատական տալ»,-ասել է նախագահը, հիշելով, որ այդ օրերին տարբեր երկրների հայկական շրջանակներում կար զարթոնքի նման մի երևույթ, երբ մարդիկ, հիմնականում երիտասարդներ, ուզում էին հայրենիք գալ, մասնակցել նրա սահմանների պաշտպանությանը, իսկ մյուսները մտածում էին, թե ինչպես օգնել Հայաստանին ու Արցախին։

«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով։ Եթե այդ ոգին ուժեղ է, դրա դեմ ոչինչ անել չես կարող»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նաև հպարտությամբ նշել է, որ Թալիշում մեր համահայկական ներկայությունն է զգում։ «Այստեղ կան Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բազմաթիվ անհատ բարերարների նվիրատվությամբ կառուցված շենքեր։Թալիշը միայն թալիշցիներինը չէ, Թալիշը բոլորինս է, ողջ հայ ժողովրդինը»,- ասել է նախագահ Սարգսյանը։
Խրախուսական նվերներ հանձնելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողներին և ազատամարտիկներին՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց փայլուն ծառայության, հայրենասիրության ու նվիրումի համար:









Այս մասին տեղակացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/03/2019

«Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան

Լրատվամիջոցներից մեկում ՀՀ պաշտպանության նախարարի ներկայիս խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ որոշ հայտարարություններ էր արել, որոնց կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, այժմ՝  Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանից։
– Պարոն Մնացականյան, շուտով կլրանա Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարեդարձը: Տարիներ հետո էլ Ապրիլյան պատերազմի հետ կապված իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվում լրատվամիջոցներում: Մասնավորապես, երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով այդ դեպքերին՝ նշել է.  «…Ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետև 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին: Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հետախուզությունը դարձյալ տեղեկացրել էր Պաշտպանության բանակի ղեկավարությանն ու Արցախի Հանրապետության նախագահին, որն էլ ապրիլի 1-ին՝ գիշերը ժամը 12:00-ին, հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հետախուզության հաղորդածը: Մինչդեռ սահմանափակվել են մասնակի հանձնարարականներով՝ կարևոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը: Այդ մասին ապրիլի 7-ին, այնուհետև՝ ապրիլի 9-ին Արցախի նախագահն ու Պաշտպանության նախարարը ԶԼՄ-ներին պարզաբանում են տվել: Հետևաբար, հանրությանը ապակողմնորոշել ու ասել, թե հետախուզությունն ապրիլին ձախողել է, դա բացահայտ սուտ է և բացարձակ դիտավորություն…»։ Ծանո՞թ եք այս տեքստին, հայտարարություններին:
– Իհարկե, ծանոթ եմ:
– Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Անկեղծ ասած՝ ես արդեն չեմ զարմանում բոլոր այն տարօրինակ մեկնաբանությունների հեղինակներից, որոնք ոչ միայն անտեղյակ են տվյալ օրերի դեպքերի զարգացման իրական ընթացքից, այլև անզոր են գիտակցելու, որ ամեն մի երևակայություն արժանի է ուշադրության, եթե այն չափի մեջ է:  Սակայն առավել քան ցավալի է, երբ նման մեկնաբանությամբ հանդես է գալիս  հանրապետության պաշտպանական գերատեսչության  բարձրաստիճան պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ Պաշտպանության նախարարի խորհրդականը: Երկար տարիների զինվորական իմ կենսագրությունն ու ռազմական գաղտնիքի պահպանման հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումն ինձ հուշում են լինել հավասարակշռված և իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին վերաբերվել համբերատարությամբ: Կարծես թե ոմանց համար հեշտ է լինել խորհրդատու և, «անհրաժեշտության դեպքում», հանդես գալ ինչ-որ մեկի չարածն արածի տեղ ներկայացնողի դերում:
Երևի թե ճիշտ կլինի միտքս ավարտեմ հենց նույն այդ գեներալի մեկնաբանությունների մեջ տեղ գտած իր իսկ կողմից արտաբերված հետևյալ բառերով. «…պետք է խնդրեմ, հորդորեմ որոշ փաստաբանների…, որպեսզի նրանք չափազանց զգուշավոր լինեն իրենց հայտարարություններում, մանավանդ այնպիսի ոլորտների հետ կապված, որտեղ իրենք մասնագիտական առումով՝ բոբիկ են և թյուր պատկերացում ունեն տվյալ ոլորտի գործառույթներից, մասնավորաբար, հետախուզությունից: Խորհուրդ կտամ չմտնել այս դաշտը, այլապես կխայտառակվեն՝ ի ցույց դնելով իրենց անգրագիտությունը և սիրողական մակարդակը…»։
Նյութը՝ 168.am կայքի.

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/03/2019

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Artsakhpress.am կայքը գրում է.
Մինչև 2016 թ.-ի ապրիլյան ռազմագործողություններն Ադրբեջանի զինուժը սահմանին պարբերաբար կազմակերպել է դիվերսիոն-հարձակողական գործողություններ՝ ընդհուպ մինչև ուսումնավարժական թռիչք իրականացնող մեր ուղղաթիռի խոցումը, որ տեղի ունեցավ 2014 թ․ նոյեմբերին։
Սա բոլորս ենք հիշում։ Բայց ի՞նչպես կարելի է մի քանի կորպուսի, բրիգադների, հատուկջոկատայինների և վերջապես գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ իրականացված լայնամասշտաբ և լայնածավալ թշնամական գործողություններն անվանել «դիվերսիա»։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ հակադարձելով այն պնդումներին, որ 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա է նախաձեռնել:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր երկու պայմանական խումբ՝ ռազմական և տեղեկատվական, լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելու համար: Տեղեկատվական բլոկն ակտիվ գրոհի անցավ՝ սկսած 2015 թ․ սեպտեմբերից: Նախ՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը մտցրին ԵԽԽՎ և հաջողությամբ անցկացրին՝ դրանով իսկ փորձելով լեգիտիմացնել հետագա ռազմական գործողություններով այն գրավելու ծրագիրը։ Այնուհետև սահմանային իրավիճակի վերաբերյալ ինտենսիվ ապատեղեկատվության տարածումը նպատակ ուներ հող նախապատրաստելու ռազմական ագրեսիայի համար։ Իսկ արդեն 2016 թ․ սկզբին Ադրբեջանը հրետանային և հրթիռային կրակակետերն սկսեց ակտիվ կերպով մոտեցնել առաջնագծին:
Հիմա անդրադառնամ 2016 թ․ ապրիլին թշնամու գործողությունների բուն պլանին, որ մեզ հայտնի է դարձել ինչպես մի շարք փաստաթղթերի գաղտնազերծումից, այնպես էլ այլ աղբյուրներից: Հարավային թևում թշնամու զորամիավորումները նպատակ ունեին սրընթաց գրոհով հասնել մինչ Կովսական՝ գրավելով Արցախի ամբողջ հարավային թևը, հյուսիսային կողմում առաջին փուլով կամ մինչև ապրիլի 4-ը նրանք պետք է վերահսկողություն սահմանեին Մատաղիսի ջրամբարի վրա: Ըստ նրանց հրամանատարության կանխատեսումների՝ դա պետք է ջլատեր Պաշտպանության բանակի կենտրոնական ուղղությունը, և մեր զորքերը պետք է շարժվեին հարավային և հյուսիսային ուղղությամբ: Իրենք էլ տանկային միավորներով պետք է ճեղքեին կենտրոնական ուղղությունը և վերահսկողություն սահմանեին Ակնա քաղաքի և շրջակա բնակավայրերի ու Ուղտասարի (Շելլի) բարձունքի վրա: Իսկ ապրիլի 5-ին Ակնայի մզկիթի մոտ պետք է տեղի ունենար Իլհամ Ալիևի կողմից պարգևատրման հանդիսավոր արարողություն: Որպեսզի մեր ընթերցողների համար ավելի պատկերավոր լինի, հրապարակեմ մի թիվ, որը մեզ հայտնի է դարձել մինչև 20 կիլոմետր խորությամբ դիտարկում իրականացնող մեր մի քանի տեսադիտարկման սարքերի միջոցով։
Այսպես՝ Ակնայի ուղղությամբ հակառակորդի կողմից մասնակցում էր շուրջ 229 տանկ և զրահատեխնիկա: Այդ շարժը կասեցնելու համար մեր կողմից որոշում է կայացվել, որ 15-17 կմ խորությամբ խոցում իրականացնենք, և մեր հրետանին գերազանց կերպով այդ խնդիրը կատարել է՝ կասեցնելով երկու օր անընդմեջ հակառակորդի առաջխաղացման փորձերը: Հստակ տեղեկություն ունենք նաև, որ մեր հրետակոծության արդյունքում սպանվել է թշնամու բրիգադի հրամանատարը:
Ու ինչպես արդեն նշեցի, հակառակորդը գործի էր դրել իր սպառազինության գրեթե ողջ արսենալը: Օգտագործել են անօդաչու թռչող բոլոր սարքերը՝ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային, օգտագործել են «Սպայկ» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռային միջոցներ, տարբեր տրամաչափի հրետանի, «Սմերչներ»: Սակայն հանդիպելով հայկական կողմի ուժեղ դիմադրությանը և վախենալով հետագա զարգացումներից (հաշվի առնելով, որ ՊԲ-ն արդեն հարձակման գործողությունների էր պատրաստվում)՝ ապրիլի 4-ին Բաքվի իշխանությունները խնդրել են Մոսկվայի միջնորդությունը, որ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքը դադարեցվի:
Սա փաստ է, և կրկնում եմ, որ ինչ-որ մեկի կողմից սա դիվերսիա որակելը նշանակում է չտիրապետել իրավիճակին»,- ասել է Վ. Բալասանյանը:
Անդրադառնալով այն վարկածին, թե զոհվածների և վիրավորների դատաբժշկական փորձաքննությունները ցույց են տալիս, որ մեր զինվորների մեծ մասը դիվերսիոն գործողությունների արդյունքում են զոհվել՝ Վ․ Բալասանյանը կտրուկ հերքեց՝ նշելով, որ վիրավորների 88% ունեցել է բեկորային, 5.5%՝ հրազենագնդակային, 1.5%՝ ականապայթյունային, իսկ 5%՝ միացյալ նյարդահոգեկան խանգարումներ: Բուժումներից հետո նրանց 46% վերադարձել է ծառայության: «Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների դատաբժշկական արդյունքներին, նշեմ, որ ունեցել ենք 106 զոհ, որից 67-ը՝ մարտական գործողությունների ընթացքում: Նրանց մահվան պատճառների 85% եղել է բեկորային, մոտ 5%՝ ականապայթունային, իսկ մնացածը՝ հրազենային վնասվածքներից»,- հավելել է Արցախի հերոսը:
«Սա է իրողությունը, ու թող ոչ ոք չփորձի մարդկանց թյուրիմացության մեջ գցելով ինչ-որ դիվիդենդներ շահել: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլև բարոյական չէ»,- ընդգծել է գեներալ Վ․ Բալասանյանը:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Արցախը մանդատային տարածք դարձնելու գաղափարին՝ Վ. Բալասանյանը շատ կտրուկ պատասխան տվեց․ «Արմատապես դեմ եմ նմանատիպ ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փորձին: Ղարաբաղի հարցը կապված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, և հիմնախդրի լուծման գործում պետք է առաջնահերթություն տալ խաղաղության պայմանագրին և միայն այդ դեպքում սկսել բանակցությունները ցանկացած հարցի շուրջ: Դա վերաբերում է թե՛ տարածքներին, թե՛ փախստականներին, թե՛ նյութական կորուստներին, թե՛ պատերազմի գործոնին: Ուրիշ ֆորմատով այսօր Ղարաբաղը՝ ի դեմս իր բնակչության քվեով ընտրված իշխանությունների, պատրաստ չէ լիազորել իր փոխարեն բանակցելու»:
Խոսելով կողմերի միջև եղած հավասարակշռության մասին՝ Վ. Բալասանյանը նշեց, որ բառիս բուն իմաստով հավասարակշռություն երբևիցե չի էլ եղել՝ սկսած դեռ 1991 թ․-ից՝ լինի դա մարդկային ռեսուրսների, թե նյութատեխնիկական բազայի առումով, բայց պատերազմի արդյունքները այլ բան են ապացուցել:
«Այսօր էլ համոզված եմ, որ պետք չէ, որ որևէ մեկը շահարկի այս թեման: Մենք ունենք բավարար պայմաններ ոչ միայն զսպելու հակառակորդի հավակնությունները և պաշտպանելու մեր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, այլև անհրաժեշտության դեպքում պատմականորեն հայկական նոր տարածքներ ազատագրելու: Ուստի խորհուրդ կտամ, որ սեփական ամբիցիաների պատճառով հանկարծ չփորձեն վախի մթնոլորտ ստեղծել և ահաբեկել մեր ժողովրդին․ այդ իրավունքը որևէ մեկը չի վաստակել»,- եզրափակել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`