Showing posts with label Նիկոլ Փաշինյան. Show all posts
Showing posts with label Նիկոլ Փաշինյան. Show all posts

04/07/2020

ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել  են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: 

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն մենք ժամանակ առ ժամանակ զինված ուժերի կիրառման պլանը քննարկում ենք ամենատարբեր ֆորմատներով: Ես այսօրվա քննարկման մեկնարկին շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ ունենք այսօր: Ուզում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն, որովհետև այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդն ըստ էության որդեգրել և հայատարարել է, դրանք կարող են իրականություն դառնալ ու շանս ունենալ, եթե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի են արձագանքել բոլոր մարտահրավերներին: Ընդ որում, մենք նկատի ենք ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ առումով ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական մարտահրավերները: 

Բայց և ուզում եմ ընդգծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը և այսօր որդեգրված զարգացման տեմպը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես առիթ ունեցա այդ թեմայով խոսելու և արձանագրելու, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք և այն նպատակադրումները, որ մենք, ըստ էության, ունենք գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների բերումով, ծառայում են ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, կայունության ապահովմանը, այլև ակամա, թե կամա ստացվել է այնպես, որ ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: Եվ ես ուրախ եմ, որ մենք հենց այս շեշտադրումներով ենք ընկալում մեր և մեր Զինված ուժերի առաքելությունը Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում»:   






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/05/2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ


Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային հսկայական տառապանքների, զոհողությունների, աննախադեպ խիզախության ու համառության շնորհիվ:
Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցավ այդ հաղթանակի կերտման և որպես հետևանք՝ ֆաշիզմի արհավիրքից եվրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում ավելի քան կես միլիոն հայ մասնակցեց պատերազմին: Հազարավոր հայեր մարտնչում էին եվրոպական երկրների դիմադրության շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կյանք դրեց հաղթանակի զոհասեղանին: Ընդամենը քառորդ դար առաջ ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար դա աներեւակայելի մեծ թիվ էր, որը համեմատելի էր միայն մեծ տերությունների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի ավարտին Խորհրդային Հայաստանի բնակչությունը նվազել էր ավելի քան 13 տոկոսով, այն դեպքում, երբ մեր հողի վրա պատերազմական գործողություններ բնավ տեղի չէին ունեցել:
Մենք այսօր խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջև, բայց նաև հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝ այն բարձրագույն պարգևին, որը տրվում էր բացառիկ սխրագործությունների համար: Առանձնահատուկ պարծանքի է արժանի նաև հաղթանակի համար Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի զավակների և հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրած նշանակալից նյութական ավանդը:
Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ և կենարար աշխատանքի միջոցով: Միևնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն և հարկ եղած դեպքում վերստին մարտնչել մեր ազատության և արժանապատվության համար:
Զուգադիպություն, կամ գուցե նախախնամությամբ կանխորոշված օրինաչափություն է, որ այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը: Իրադարձություններ, որոնք բացառիկ նշանակություն ունեցան մեր նորագույն պատմության համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակվելով փայլուն հաղթանակով՝ այն իր հերթին դարձավ մեր ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղության պահպանության առհավատչյան: Այսօր ևս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար:
Հիշենք և արժանին մատուցենք Շուշիի և ողջ Արցախի ազատագրման համար զոհված մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նույնքան ամուր, որքան իրենց պապերը մոտ կես դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հիշենք Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին և կամքը։
Փա՛ռք հայ ժողովրդի ազատության համար մարտնչած բոլոր հերոսներին:
Կեցցե՛ հավիտենական Հայաստանը:


Աղբյուր՝ Primeminister.am


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մայիսյան եռատոնն Արցախում


Չնայած համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումներին, որոնք հնարավորություն չեն տվել Եռատոնին հատուկ տոնական շունչն ու հաղթական տրամադրությունները հասանելի դարձնել Արցախի բոլոր քաղաքացիներին, այնուամենայնիվ պահպանվել են օրվա խորհրդին հարիր արարողակարգային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումներով:
Տոնական միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների շրջանակում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել  և ոգեկոչման արարողություն են իրականացրել նաև Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի և Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/01/2020

Այց ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր


Հունվարի 28-ին հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, մասնակցել են հյուսիսային ուղղությամբ տեղակայված զինվորական ավաններից մեկում նորակառույց շենքի բացման արարողությանը: Ինչպես նշել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, նոր բնակարանները կնպաստեն նշված ուղղությամբ իրականացվող խնդիրների որակի բարձրացմանը՝ պայմաններ ստեղծելով շահառու զինվորականների համար ծառայողական հարցերին շատ ավելի մեծ ուշադրություն դարձնելու առումով:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու ՊԲ-ի հրամանատարը ներկա են գտնվել նաև հյուսիսային հատվածում գործող զորամասերից մեկում նորակառույց զորանոցի բացման արարողությանը: Զինվորականները բարձրաստիճան հյուրերին վստահեցրել են, որ ստեղծված կենցաղային պայմանները կարճ ժամանակահատվածում իրենց բարերար ազդեցությունը կունենան հետագա ծառայողական ու մարտական խնդիրների ցուցանիշների վրա:







ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/11/2019

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային շրջայցով եղել է Արցախում


Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային շրջայց են իրականացրել հյուսիսային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զորամասերում, եղել առաջնագծում, տեղերում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել այն բոլոր աշխատանքներին, որոնք ավարտվող բանակային տարվա ընթացքում իրականացվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության ծրագրով:
 Բարձրաստիճան հյուրերը շնորհակալություն են հայտնել զինվորականներին հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար և խրախուսել առավել աչքի ընկած զինվորականներին: Վերջիններս էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ինչպես առայսօր, այսուհետ ևս պատրաստ են անթերի կատարել առաջադրված մարտական խնդիրները և օպերատիվ-մարտավարական իրադրության յուրաքանչյուր զարգացման դեպքում անխախտ պահել մեր երկրի սահմանները:
   Աշխատանքային շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նախանշել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային պետք է լինեն ռազմաքաղաքական համագործակցության հետագա ժամանակահատվածում:






ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/11/2019

Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/09/2019

ՀՀ վարչապետը հետևել է զորավարժությունների ընթացքին


Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։
Դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ վարչապետը նշել է.
«Զորավարժությունների հարգելի մասնակիցներ,
Պաշտպանության մեծարգո նախարար,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեծարգո նախարար,
Զինված ուժերի գլխավոր շտաբի մեծարգո պետ,
հարգելի սպաներ, սիրելի զինվորներ,
Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ: Ի՞նչ գործնական նպատակ ունեն այս զորավարժությունները և ինչի՞ համար են անցկացվում: Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր Զինված ուժերի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում և կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են:
Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Ըստ էության, այժմ մեծ ուրախությամբ արձանագրվում է, որ զորավարժությունների հայտարարումից, մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ: Եվ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքել և ստանձնել են իրենց պարտքի կատարումը հայրենիքի առաջ: Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է և մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում:
Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք մասնակցություն են ունեցել և ունեն զորավարժությունների անցկացմանը: Մենք, ըստ էության, այս զորավարժություններով ստուգում ենք նաև, թե ինչ աստիճանի փոխգործակցություն գոյություն ունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչքանով է հղկված, ինչքանով է մշակված:
Գիտեք, որ նախորդ տարի մենք իրականացրինք «Շանթ» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց արդյունքներն ամփոփելով մենք արեցինք որոշակի վերլուծություններ, որոշակի շտկումներ: Այս զորավարժությունները ցույց տվեցին, որ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ ունենք, ինչը նույնպես մեզ վստահություն է տալիս մեր երկրի պաշտպանունակության առումով:

Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենալու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունենալու կրակային և տեսական պարապմունքներ, ներդաշնակեցում և այդպես շարունակ: Եվ ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ զորավարժությունների մասնակիցներին տեսնում եմ բարձր մարտական տրամադրությամբ, տեսնում եմ դուխով և նվիրված հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ նաև ձեր ընտանիքներին շնորհակալություն հայտնել, որոնք այս ընթացքում առանց տրտնջալու և նույնիսկ գոհունակությամբ են արձանագրում, որ իրենց ամուսինները, որդիները, հայրերը մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, ես հիմա արդեն համոզված եմ, որ զորավարժություններն արդեն իսկ ունեն լավ արդյունքներ և բոլորդ այստեղից ձեր քաղաքացիական կյանքին կվերադառնաք բարձր տրամադրությամբ, մարտունակության, միասնականության, կամքի և վճռականության ոգին տարածելով նաև քաղաքացիական կյանքում: Չնայած հիմա մենք ոչ քաղացիական կյանքում, ոչ էլ զինված ուժերի շրջանում նման մթնոլորտի պակաս չունենք, բայց այդ մթնոլորտների ներդաշնակեցումը, համակցությունը, համադրումը շատ կարևոր է մեր երկրի համար:
Զորավարժությունների սիրելի մասնակիցներ, պարոնայք սպաներ, գեներալներ, կառավարության հարգելի անդամներ, ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիս շնորհավորել այս մասշտաբային միջոցառման կապակցությամբ և արձանագրել, որ մեր երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց տվեց իր մարտունակությունը, ցույց է տալիս իր կենսունակությունը և ցույց է տալիս պետություն-կառավարություն-հանրություն համագործակցության և վստահության բացառիկ բարձր աստիճան, ինչը մի երևույթ է, որի համար մենք իսկապես պետք է միմյանց շնորհավորենք: Ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները: Շնորհակալ եմ»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։
Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի:















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/09/2019

Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը


Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար

ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար:
Այս առնչությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ավարտական փաստաթղթերի և սպայական դաշույնների հանձնման հանդիսավոր արարողությունը


Հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա շրջանավարտների` ավարտական փաստաթղթերի և սպայական դաշույնների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ավարտական միջոցառմանը ներկա է գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ Զինված ուժերում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում: Այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ ունեն: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում:
Սպայական ծառայությունը թերևս կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է անվերապահ կամք և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է: Եվ այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող ծանրություն: Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ, լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, հրամանները պետք է լինեն արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և հրամանները պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն Հայաստանի զինված ուժերին, Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը, ավելին՝ ուսադիրները, ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկամամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:
Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, մաղթում եմ, որ լինի առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրավվածությունը, որն արդեն բավական երկար տարիներ տեղ ունի մեր զինված ուժերում: Սա մեր հանրության վերափոխման կարևոր ցուցիչ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կանայք ունեն հսկայական ներուժ, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են և մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, Զինված ուժերում պետական ծառայության, տնտեսության մեջ և ամենուր: Հասկանալով, որ ոչ բոլորը կհասնեն այդպիսի հաջողության՝ ուզում եմ ձեզ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ և ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական:
Սիրելի՛ ներկաներ,
Ուզում եմ խոսել նաև խաղաղության մասին: Հայատանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է և խաղաղության հիմնական երաշխիքը մեր Զինված ուժերն են, մեր բանակը, բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի Զինված ուժեր, մեզ հարկավոր է այնպիսի պետություն, մեզ հարկավոր է այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը և Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս անկախ նրանից ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային Ժողով և կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը, մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները և կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները:
Եվ ուրեմն կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը և փա՛ռք մեր նահատակներին, և փա՛ռք մեր սպաներին ու զինվորներին, և փա՛ռք մեր սերունդներին, որոնք կրելու են մեր հաղթանակների պատիվը, որոնք բազմապատկելու են մեր հաղթանակները: Փա՛ռք ձեզ բոլորիդ և փառապանծ ծառայություն: Շնորհակալ եմ»:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների բակալավրի կրթական ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա և համալսարանների մեկամյա սպայական դասընթացների 2019 թվականի, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայի 260 շրջանավարտ:





















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/07/2019

Վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին: Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: «Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում»,- ասել է վարչապետը:
Ողջունելով զինծառայողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի կուրսանտներ, ձեր կյանքում, թերևս, սկսում է ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության եք անցնում հայրենիքին: Ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել և այդ հորդորներից կարևորագույնը, թերևս, եղել է պատվով ծառայել, լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ, բացի այն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակի լավ ծառայել հայրենիքին:
Ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորական գործը, զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն հաճախ զինվորական ծառայությունը, բնականաբար, ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, տեխնիկական, նյութատեխնիկական այլ հարցերի համատեքստում, որը չափազանց կարևոր է, սակայն շատ հաճախ չենք նկատում, որ զինվորական գործն ամենաինտելեկտուալներից մեկն է: Եվ, հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում, ես ուզոմ եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա. ի՞նչն է մեր զինվորի, ընդհանրապես, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս և ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում՝ հատկապես ուսումնական զորամասում, մեր զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել, անկախ նրանից, դուք հետագայում զինվորական գործով կզբաղվեք, թե՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը զինծառայողների ուշադրությունն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: «Եվ մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչև զինվորական ծառայությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ զինծառայողներին կոչ անելով հատկապես ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնել և հարստացնել գիտելիքները, փորձել հասկանալ, թե ինչ է զինվորական գործը: 
«Սա ձեզ համար մեծ շանս է սովորել ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը: Ռազմավարական ու մարտավարական մտածողությունը միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ, որովհետև մեր ամբողջ կյանքը, գործունեությունն, անկախ նրանից զինվորական է, քաղաքացիական, թե որևէ այլ գործ, մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական և ռազմավարական որոշումներ կայացնելու հմտություններից, իրավիճակը գնահատելու հմտությունից, իրավիճակում կողմնորոշվելու հմտությունից: Սրանք են այն հենասյուները, որոնց վրա կառուցվում է զինվորական գործը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության ընթացքում զինվորների ձեռք բերած հմտությունները նրանց պետք է օգնեն ողջ կյանքի ընթացքում:
«Հետևաբար, մեր կառավարության, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հիմնական խնդիրն է, որ այդ հմտությունները, մարտավարական, ռազմավարական մտածողությունը, իրադրությունը գնահատելու հնարավորությունը, որոշումներ կայացնելու ընդունակությունը ձեզ ամբողջ կյանքում ուղեկցի, որովհետև ձեր հետագա կյանքի որակը կախված է լինելու նրանից, թե ինչքանով եք դուք կարողանում ահա այսպիսի մտածողության բանաձևերով գործել քաղաքացիական կյանքում, ինչքանով եք կարողանում որոշումներ կայացնել, ինչքանով եք կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը: Եվ իհարկե, այս հմտությունները շատ ավելի կարևոր են առնվազն զինվորական ծառայությունն իրականացնելիս, մարտական հերթապահություն իրականացնելիս, հայրենիքը պաշտպանելու գործի ընթացքում»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ դա պետք է օգնի զինծառայողներին հաղթել ոչ միայն հակառակորդին, այլև հետագայում կյանքի բոլոր մարտահրավերները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: 
«Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը և զինված ուժերը պետք է կարողանան օգնել ձեզ, որպեսզի ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի: Եվս մեկ նկատառում. կարծում եմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում այսպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ և ասենք, այո, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այս խնդիրը լուծելու համար ես ճանապարհը տեսնում եմ հետևյալ կերպ. Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Որպեսզի սա լինի՝ հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը զինծառայողներին հաջողություններ է մաղթել հայրենիքի ծառայության ընթացքի մեջ և նշել, որ հայրենիքին ծառայությունն ընդամենը ժամկետային զինծառայության երկու տարով չէ որ ավարտվում է: 
«Մեզանից յուրաքանչյուրն, ի վերջո, նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին, անկախ նրանից՝ ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է, որովհետև չկա ավելի մեծ առաքելություն քան հայրենիքին ծառայելու առաքելությունը և չկա ավելի մեծ բերկրանք, քան հայրենիքի դրոշի ներքո կրած հաղթանակի բերկրանքը, քան հանուն հայրենիքի կրած հաղթանակի բերկրանքը: Ես տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք և դուք զինվոր եք: Պատվով կրեք զինվորի կոչումը և այնպես արեք, որ ոչ միայն մենք բոլորս, այլև դուք ինքներդ ամբողջ կյանքում հպարտանաք այդ համազգեստը կրելու համար, որ ձեր երեխաները հպարտանան ձեզանով, որ դուք այդպիսին եք: Ես այսօր հպարտանում եմ ձեզանով և շնորհակալ եմ, որ դուք այդպիսին եք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը ճաշել է զինծառայողների հետ, միաժամանակ ծանոթացել նոր սննդակարգին: Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշել է, որ նախկինի համեմատ տարբերությունն ահռելի է: «Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`