Showing posts with label Մերի Գևորգյան. Show all posts
Showing posts with label Մերի Գևորգյան. Show all posts

24/06/2019

ՏՏ ոլորտում մասնագիտական հմտություններ ունեցող զինակոչիկները մասնակցեցին հերթական մրցույթին


Այսօր հունիսի 24-ին Մերգելյան ինստիտուտում տեղի ունեցավ մրցույթ՝ ՀՀ ԶՈւ-ն՝  «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ պաշտպանության համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման,  դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր  ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

«Մրցույթին մասնակցում են 200-ից ավելի երիտասարդներ, որոնցից  մոտավորապես ընտրվում են 50 մասնակից, ովքեր բաժանվում են համապատասխան  ստորաբաժանումներում, որտեղ կանցկացնեն  պարտադիր զինվորական ծառայությունը»,- նշեց   «Հայտեք»  կիբեռանվտանգության կենտրոնի գործադիր տնօրեն  Լևոն Պետրոսյանը։
Հանձնաժողովի կողմից հարցազրույցի միջոցով իրականացվում է համապատասխան որակավորում՝ հետևյալ մասնագիտություններից.

1. Ծրագրավորում
2. Կիբեռանվտանգություն
3. Ցանցային/ համակարգային ադմինիստրացիա։

Մրցույթն անցկացվում է համանատասխանաբար A,B,C   փուլերով, որոնցից յուրաքանչյուրն հաղթահարած զինակոչիկները կընտրվեն և կդառնան մրցույթի հաղթող։
Հիշեցնենք, որ մրցույթի  մյուս փուլը կշարունակվի  հաջորդ օրը։

Մերի Գևորգյան






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/04/2019

Ապրիլյան պատերազմ ապրածները

Տիգրանն ու Գարիկը
«Պատերազմը մեզ եղբայներ դարձրեց»

«Երբ ապրիլի 1-ի գիշերը տագնապ տվեցին, չէինք հավատում, որ լուրջ է, մտածում էինք՝ երևի ուսումնական տագնապ է:
 Բայց դիրքեր բարձրանալու հրաման եղավ, իսկ հրամանտարն անհանգիստ էր: 
Մեզ պատերազմը չէր վախեցնում, այլ ընկերներին կորցնելու հեռնակարը... Մենք հետախույզներ էինք, ովքեր ամեն պահի պետք է պատրաստ լինեին զոհվելու»,-պատմում է Տիգրան Գևորգյանը, ու ես իր հայացքում կարդում եմ այն չասված խոսքերը, որոնք իր փոխարեն աչքերն էին ասում՝ կռիվ տեսած աչքերը: 
«Պատերազմը սովորեցրեց իրար կյանք փրկել, ամենադժվար պահերին, երբ ընկերդ կողքիդ է, մահվան մասին չես մտածում»,- ասում է Գարիկ Հովհաննիսյանը:

Տիգրանն ու Գարիկը զինակից ընկերներ են, որոնց, ինչպես իրենք են ասում, պատերազմը եղբայներ դարձրեց: 
«Ապրիլյանի մասին խոսելը հեշտ չէ, նույնիսկ էդ բառի մեջ մի տեսակ ցավ կա, փորձում եմ չպատմել, մոռանալ այն ամենը, ինչը տեսանք, բայց բացակա ընկերների վիշտը թույլ չեն տալիս: 
Ինչ էլ պատմեմ կթվա, թե ինչ-որ անհավանական բան է, դա կհասկանա միայն նա, ով անցավ այդ ամենի միջով: Հիշում եմ, երբ կրակում էին Տիգրանի ուղղությամբ, մեզ թվաց, թե փամփուշտը կպավ նրան: էնպիսի զգացողություն է, որ բառերով անհնար է բացատրել. մտածել, որ ամենամոտ ընկերդ կարող է էլ չլինել...»։

Գարիկի մի քանի վայրկյան լռությունն ասում է շատ ավելին, քան կասեին նրա բառերը:
 «Մեզ հրաման էր տրված ազատագրել 116 դիրքը, որտեղ մինչև մեր հասնելը կռիվ էր տվել Աբաջյան Ռոբերտը: Ափսոս մի քիչ ուշ հասանք, թեև հաջողվեց քսան հոգով կռվել հակառակորդի հարյուր հիսուն հոգանոց խմբի դեմ ու հետ գրավել 116 դիրքը»։
Ընկերների արյամբ ու կորստով վիրավոր հողը կրկին հայկական կողմինն է:
 Ի դեպ Տիգրանն ու Գարիկն ապրիլյան պատերազմից հետո կրում են «Արիության համար» մեդալ:

Մերի Գևորգյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/04/2019

ՆՈՐ ԴԱՐ ՝ ՆՈՐ ՀԱՅ․․․․ՄԵԿ ԾԱՂԻԿ + ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏ = ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ․․ "

Այս նշանաբանով կապանցի Արթուր Հ․ Բաղդասարյանի կոչն իրականացնելու նպատակով Անահիտ Բախշյանը «Ամերիա» բանկում հաշվեհամար է բացել,  որպեսզի այս կոչին արձագանքողները ու գաղափարը կիսողները, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում դրվող մեկ ծաղկի գումարը   փոխանցեն այդ հաշվեհամարին:

Այս թեմայով  կապ հաստատեցինք  հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի հետ.
«Այս կոչը կապանցի Արթուր Հ․ Բաղդասարյանը հրապարակեց ֆեյսբուքում, որին միացա անմիջապես ու Արթուրի հետ սկսեցինք քննարկել իրականացման մեխանիզմները։ Հասկացանք, որ հաշվեհամարը մեզանից մեկը պետք է բացի ու Արթուրի առաջարկով որոշեցինք որևէ բանկում իմ անունով հաշվեհամար բացել և դիմել մեր հայրենակիցներին։ Կոչի նպատակն է՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում դրվող ՄԵԿ ծաղկի գումարը փոխանցելով այդ հաշվեհամարին, ոչ միայն մեր նահատակների հիշատակը վառ պահելն է, այլև Ո՛Չ ասելով ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ՝ մեր մեջքը վերջնականապես ուղղելն ու մեր ԲԱՆԱԿԻ ու ՊԵՏՈՒԹՅԱՆ կողքին կանգնած լինելու փաստն արձանագրելն է։ Գումարն ամբողջովին կփոխանցվի ՊՆ-ին։ Այս նախաձեռնության նպատակը, մեր կարծիքով, ոչ այնքան ՊՆ-ին օգտակար լինելն էր, որքան մեր ազգային պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը, բավակա՛ն է, զոհի կարգավիճակից պետք է դուրս գալ։ Ու ինչպես մեկնաբանել էր ֆեյսբուքի ընկերս՝ Անահիտ Մարգարյանը․ «զոհի մի ծաղկի գումարը դառնում է պատիվ ու արժանապատվություն պաշտպանող մեկ փամփուշտ», որի հետ, կարծում եմ համամիտ են շատերը։ Այնպես որ, այս նախաձեռնությունն ավելի շատ մեզ է պետք է, քան՝ բանակին»։

Հիշեցնենք, որ այս ծրագրի ինֆորմացիոն աջակիցը banak.info կայքն է, որը պատրաստ է լուսաբանել այն և ապահովել ծրագրի թափանցիկությունը՝ ցուցակների հրապարակմամբ ու մանրամասն տեղեկատվությամբ:

ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆ Է՝ 1570023941850100 Անահիտ Բախշյանին " ՆՈՐ ԴԱՐ ՝ ՆՈՐ ՀԱՅ․․․․ՄԵԿ ԾԱՂԻԿ + ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏ = ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/04/2019

Սահմանից այս կողմ փրկել մեկին, նշանակում է փրկել ինքդ քեզ

 «Կնոջ համար երեխաներից թանկ աշխարհում ոչինչ չկա, բայց երբ մայրը, երեխաներին թողած գնում է հայրենիք պաշտպանելու, նշանակում է նա հայրենիքն ավելի վեր է դասում իր երեխաներից ու սեփական կյանքից»:

 1992 թվականին բուժքույր (այժմ՝ գնդապետ) Աիդա Սերոբյանը, երբ հեռուստացույցով լսում է, որ պատերազմի դաշտում նույնիսկ հասարակ վիրավորում ունեցող զինվորը, առաջին բուժօգնություն չստանալու պատճառով մահացել է, երեխաներին հանձնել է մոր խնամքին ու գնացել առաջնագիծ: 

 92-ին Հաթերքի պարտիզանական ջոկատում Աիդա Սերոբյանը անցնում է ծառայության՝ մի ձեռքում առաջին բուժօգնության արկղը, մյուսում՝ զենքը: Երկու ամսով ռազմաճակատ մեկնած 34-ամյա կինը 4 ամիս ևս մնաց այնտեղ: «Իրականում էնտեղ անցկացրած 6 ամիսներից հետո նոր միայն սկսվեց իսկական պատերազմը, ու ես հասկացա, որ տուն գնալու մասին խոսելը դեռ վաղ է: Այդպես ես Արցախում մնացի շուրջ 4 տարի, ամեն անգամ մի նոր կյանք փրկելիս ավելի էի հասկանում այնտեղ լինելու կարևորությունը: 
Թեև անսահման կարոտել էի երեխաներիս, բայց ռազմաճակատը թողնել չէի կարող»: 

Հիշում է, թե ինչպես 18-20 տարին հազիվ բոլորած մի զինվոր ականի պայթյունից կորցնում է ոտքերը, իսկ ինքը շտապում է արագ օգնություն ցուցաբերել, վիրակապում է, հաղորդիչով խնդրում պատգարակ բերեն զինվորի համար: Սերոբյանը հետո, մոռանալով, որ այդ տարածքն ականապատ է, առաջանում է և գտնում զինվորի ոտքերը:
 «Երբ մատներիս վրա զգացի, որ ոտքի ջլերը շարժվում են, սարսռացի, բայց որոշել էի՝ էդտեղ չպետք է թողնեի»:
 Փորձում է աչքերին շողացող արցունքները պահելով պատմել այդ ամենը, բայց տեսածն ու ունեցած ապրումները թույլ չեն տալիս: 
Գնդապետ Սերոբյանը լուռ է, կարծես մտովի մարտի դաշտ է մեկնել ու նորից զինվորին օգնելու, փրկելու պատրաստակամությամբ: 
Ինչ-որ բան հիշելով հանկարծ ժպտում է ազատամարտիկը. 
«Աղջիկս հաճախ ինձ հարցնում է.
 -Մամ դու ո՞նց չես գժվել այդ ամենը տեսնելիս, 
-Ժամանակ չկար բալե՜ս, կռվել էր պետք, փրկել, ժամանակ չկար: Ինքս 4 անգամ վիրավորվել եմ ՝փրկելով զինվորների կյանքեր: 
Այնտեղ դու հաշվի չես առնում՝ ում ես փրկում, սահմանից այս կողմ փրկել մեկին, նշանակում էր փրկել ինքդ քեզ։

Հիշում եմ՝ երկար ճանապարհ էի անցնելու դիրքեր հասնելու համար, սովից ուժասպառ էի եղել, մեքենա չկար, ստիպված էի ոտքով գնալ,մեր մեքենայի սարքելուն չսպասեցի. բա որ մի զինվոր իմ կարիքն ունենար, ո՞նց մենակ թողնեի: 
Ճանապարհի եզրին նստած մի պապիկից հաց խնդրեցի, ասաց՝ նստեմ, ուտեմ, նոր շարունակեմ ճամփաս, բայց չէի համբերում, թե երբ դիրքեր կհասնեմ: 
էդպես ուտելով շարունակեցի բավական երկար, մինչև մի տանկի հանդիպեցի»: 

Երկար լռությունից հետո նորից մտովի գնում է Արցախ.
 «Կանգնած էի մարտի դաշտում, արդեն անհույս, որ երբևէ կավարտվի այս պատերազմը, երբ քարինտակցի մի զինվոր՝ ինձնից ահագին հեռու, գոռում է. -Դոխտուր, աչքդ լույս ինի՜, կռիվը պրծալա՜…
 -Չի կարող պատահի, չի կարող պատահի՜… 
Չեմ էլ հիշում, թե ինքնաբերաբար քանի անգամ կրկնեցի այս բառերը: 
Զինվորի այդ մի նախադասությանը կարծես մի ամբողջ կյանք էի սպասել: 
Այդ պահին ես հասկացա, որ իմ հայրենիքի համար արել եմ այն, ինչն իմ ուժերից վեր չի եղել, ինչ կարողացա՝ լիովին արեցի»,-ասում է գնդապետ Սերոբյանը:
 «Երբ Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված գիրք ստացա մարտական ընկերոջիցս, որտեղ սխալմամբ ինձ մահացածների մեջ էին ընդգրկել, կարծես սկսեցի հետմահու ապրել: Միշտ մտածել եմ՝ եթե մահանամ, ի՞նչ կգրեն իմ մասին, ու երբ կարդացի ինձ նվիրված տողերը, ուրախությանս չափ չկար: Իմ բազմաթիվ շքանշաններից ավելին էին ինձ համար այդ տողերը՝ երախտիքի խոսքերը. իմ վաստակի գնահատականն էին …»:

 Հպարտ հայացք, խրոխտ կեցվածք, ազնվություն ու ինքնավստահություն. ես այդ հայացքը տեսել եմ միայն պատերազմ ապրածների դեմքին: 

Մերի Գևորգյան





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/04/2019

Մեծարման երեկո նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» և «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի  կազմակերպած «Ոգեղեն ապրիլ» խորագրով մեծարման երեկոն՝ նվիրված  Ապրիլյան պատերաազմի  զոհերի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին  «Հայ ասպետ»   կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի սաներն, ովքեր  իրենց գեղեցիկ   ու հուզիչ խոսքը հղեցին   մարտական գործողությունների զոհերի հիշատակին: Մասնակցում էին նաև հայտնի երգիչ-երգրուհիներ: 
Հյուրերն Ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողներն էին, որոնց, ի պատիվ մեծարման, նվերներ տրվեցին՝  այդպես իրենց երախտիքը հայտնելով վերջիններիս: Ներկա էին նաև պատերազմի մասնակիցներից  շատերն, ովքեր ևս ողջույնի խոսքով հանդես եկան:

Մերի Գևորգյան






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/03/2019

Լույս տեսավ Մարտիկյանի մատենաշարի 12-րդ հատորը

Ռադիոհաղորդավար, հրապարակախոս, ակնարկագիր Գոհար Մարտիկյանի  «Ապրելու բանաձևը» մատենաշարն  արդեն ունի 12-րդ հատորը:
Հերթական հատորի շնորհանդեսն այս անգամ  կայացավ մայր բուհում, որտեղ  ուսանել է հեղինակը: Միջոցառումն սկսվեց  Մարտիկյանի մասին պատմող ֆիլմով, որտեղ  ներկայացվեց  առաջինից  մինչև 12-րդ հատորները՝ սկսած հերոս որդուց մինչև հայրենիքի համար կյանքը զոհած մյուս նվիրյալները:
Մարտիկյանն իր  հատորներում  անդրադարձել է և´  Հայաստանի, և´ Արցախի   տարբեր տարածաշրջանների հերոսների կյանքի ու կռվի պատմությունը: Հերոսների մասին պատմելիս Մարտիկյանը մեծ տեղ է հատկացնում նրանց ծննդավայրին, տոհմի պատմությանը, ինչպես հաճախ է  սիրում  կրկնել՝   նախնիների և հայրենի հողի պաշտամունքը ուժի աղբյուր է նրա համար: 12-րդ հատորում նա այսպես ասած հասել է  Արարատի մարզ՝  ներկայացնելով Արարատի  նվիրյալներին: Մարտիկյանը, երբ այցելում է հերոսների ընտանիք՝ նոր  պատմություններ  վավերացնելու, ասում  է, որ չի եկել մխիթարելու, այլ եկել է ասելու, որ նա էլ իրենց պես հպարտ ու ամուր  կանգնած է հողին :

Իր մատենաշարի առաջին  հատորը սկսվում է որդու՝  հատուկ նշանակության գնդի առաջին ջոկի հրամանատար Աշոտ Չախոյանի պատմությամբ, ով, Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալով, զինվորագրվում է՝ հայրենիքին իր ծառայությունը մատուցելու:  1994թ հունվարի 31-ին հատուկ նշանակության գնդի մարտիկներին   շրջապատման վտանգից ազատելու համար Քարվաճառի բարձունքում Աշոտը միայնակ կռվեց, փակեց  թշնամու առաջխաղացման ճանապարհն ու մեկուկես ժամ անց  դարձավ հավերժի ճամփորդ: Ռադիոհաղորդման հետագայում նաև մատենաշարի գաղափարը եղել է որդու մահվանից հետո, երբ որոշել է հերոսների պատմությունը հետագա սերունդներին ներկայաացնել:
« 2002 թվականից՝ 17 տարի շարունակ,    Հանրային  ռադիոյի եթերում   հերոսի մոր շուրթերով ու գրչով հնչում  ու գրքի էջերում  անմահանում է  հազարավոր  հերոսների ապրելու բանաձևը: Հեղինակն հույս ունի, որ  12-րդ հատորը վերջինը չի լինի, նա նույն նվիրումով ու նույն  պատրաստակամությամբ կշարունակի սկսած գործը: Միջոցառմանը հնչեցին հեղինակի գործերից հատվածներ, երախտիքի խոսքեր՝ արված աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև հնչեց հայրենասիրական երգեր:

 «Այստեղ խոսվեց իմ   արած աշխատանքի մասին և խոսվում է այնպես, որ ես անկեղծ եմ ասում փոքրանում եմ խեղճանում, բայց ուժ, եռանդ  և նվիրում եմ հավաքում՝ շարունակելու աշխատանքը: Շատերը լալիս են տղաների կենսագրությունը կարդալիս, ես հիմա հպարտ եմ, որ  նրանցից յուրաքանչյուրը՝ անուն առ անուն  հայտնվել են  մատենաշարի հատորներում, նրանց կհիշեն պատմության մեջ: Ինչու ես արեցի այս աշխատանքը՝ հիմա ես պարզ ճակատով կարող եմ ասել. ես երազում եմ այն օրվա մասին, որ այս աշխատանքը կլինի աշակերտների, ուսանողների սեղանին և նրանք կդարձնեն դա դասագիրք՝  անուն առ անուն հիշելով բոլոր հերոսներին,կսովորեն  հայոց պատմություն, որպեսզի  հպարտ քայլելեն  հայոց հողի վրա»,-այս խոսքերով միջոցառումը եզրափակեց հեղինակը:


Մերի Գևորգյան 


Լուսանկարներ՝ Vahe Aghamyani ֆեյսբուքյան էջից։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/02/2019

Կիպրոսի ՊՆ նախարարի այցը Հայաստան. 13 համագործակցության ոլորտներին այսօր գումարվել է նաև 2-ը

Այսօր  Պաշտպանության նախարարությունում  կայացավ  ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և Կիպրոսի հանրապետության ՊՆ նախարար Սավաս Անգելիդիսի  մամուլի համատեղ ասուլիսը:
Տոնոյանը ողջունեց Կիպրոսի՝ իր պաշտոնակցին և իր գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ  իր վերանշանակվելուց հետո սա  պաշտպանության նախարարի առաջին այցն է:
«Հայ-կիպրական երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է 2 երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա: Ուստի ունի լուրջ հեռանկարներ»,-ասում է Դավիթ Տոնոյանն ու ավելացնում, որ  համագործակցությունն հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա և իրականացվում է ամենամյա ծրագրերի ձևաչափով:
Հանդիպման ժամանակ խոսվել է համագործակցության ներկա վիճակի ու ընդլայնման հնարավորությունների մասին:
Նշենք նաև, որ մինչ այս գործող 13 համագործակցության ոլորտներին այսօր գումարվել է նաև 2-ը:
Առաջինը՝ ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր  Արևելքում բավականին լուրջ իրադարձություններին:
Հաջորդը, որը ևս նոր է  մեր համագործակցության մեջ, ժամկետային պարտադիր ծառայության կազմակերպումն է:
«Կիպրոսը Եվրամիության այն  քիչ երկրներից է, որը պահպանում է ժամկետային պարտադիր ծառայությունը»,-նշում է Տոնոյանը և ավելացնում, որ ի ուրախություն մեզ,  ստեղծվել է փորձի փոխանակման հնարավորություն, քանի որ նրանք ևս մեզ հետ միասին կիսում են պարտադիր  զինվորական ծառայության կազմակերպման բոլոր դժվարությունները:
Տոնոյանը նշեց նաև, որ համագործակցելու  են համատեղ վարժանքների, ռազմաարդյունաբերության, ռազմատեխնիկական և շատ այլ ոլորտներում:
«Մեր 2 երկրները կիսում են միևնույն հետաքրքրությունները տարածաշրջանային հարցերում, մենք հակված ենք տարածաշրջանային    խաղաղության և միջազգային օրենքների պահպանմանը,-նշեց Կիպրոսի  հանրապետության ՊՆնախարար Սավաս Անգելիդիսը»,-ասելով, որ շատ ուրախ է նման համագործակցության համար,քանի որ սա կարևոր  է 2 երկրների համար:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/02/2019

Հայոց բանակի 27-րդ տարեդարձի միջոցառումները շարունակվում են

Այսօր    Աջափնյակ վարչական շրջանի Պեյո Յավարովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում նշեցին Հայոց բանակի օրը:
4-րդ դ դասարանի աշակերտները՝ դասղեկ Նարինե Հակոբյանի գլխավորությամբ  կազմակերպել էին հայրենասիրական ասմունք, երգ ու պար:
Ներկա էին մի շարք զինվորականներ, ովքեր միջոցառման ավարտին իրենց ողջույնի խոսքն ասեցին դպրոցին նման միջոցառման համար:
Դպրոցի տնօրեն  Սուսաննա Դավթյանը  նշում է, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը փոքր տարիքի երեխաների մասնակցությամբ շատ կարևոր է, քանի որ հայրենասիրությունը պետք է փոքրուց սերմանել երեխաների մեջ, այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում:
Ներկա էին նաև զինվորների հարազատներ,  միջոցառման մասնակից  աշակերտների ծնողներ,  ուսուցիչներ և այլք:
                                         

                                                                      Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/01/2019

«Մեզ արիություն է պետք այսօր»

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 109 ավագ դպրոցում  կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված  Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին:
Դպրոցի՝ ռուսերենով  ուսուցմամբ  11-րդ  դասարանի աշակերտները դասղեկ Մարո Խաչատրյանի  գլխավորությամբ  կազմակերպել էին  միջոցառում, որի ժամանակ  հնչեց հայրենասիրական ասմունք, երգ ու պար:
Այն սկսվեց դպրոցի տնօրեն  Սամվել Թադևոսյանի ողջույնի խոսքով:
Միջացառմանը ներկա էին մի շարք զինվորականներ, ովքեր   պատմում էին իրենց զինվորական կյանքի, դրա կարևորության մասին:

Ինչպես նշում է դասղեկ Մարո Խաչատրյանը  նմանատիպ միջոցառումներն օգնում են Հայաստանից դուրս  ծնված, բայց այժմ Հայաստանում ապրող, ինչպես նաև դպրոցում սովորող  այլ ազգի  երեխաներին  հայի պատմությունը  ներկայացնելու  նպատակով:
 «Նմանատիպ միջոցառումները այս դպրոցում նորություն չեն, հաճախակի են կազմակերպվում հայրենասիրական միջոցառումներ, այցեր  զորամասեր, զինվորական հոսպիտալ և  այլ  նմանատիպ վայրեր, կազմակերպվում է նաև զինավարժություններ, սպորտային միջոցառումներ՝ աշակերտների և զինվորականների մասնակցությամբ»,-ասում է փոխտնօրեն Հասմիկ Ծառուկյանը:

Տնօրեն  Սամվել  Թադևսյանը ևս նշում է, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են  պատերազմ տեսած և  պատերազմական իրադրություններում գտնվող երկրների համար՝ ինչպիսին է նաև Հայաստանը:
«Որքան էլ զինադադար լինի մենք պարտավոր ենք զգոն լինել և չմոռանալ մեր անցյալը, այն մեզ օգնում է սթափ լինել: Մեզ արիություն է պետք այսօր, ինչպես  այն ժամանակ, որի արդյունքում կերտեցինք բազմաթիվ հաղթանակներ»,-ասում է տնօրենը:
Միջոցառման ավարտին զինվորականները մայոր Մանուչարյանի գլխավորությամբ պատվոգրեր  հանձնեցին դպրոցի տնօրենին, դպրոցի զինղեկ, նախկինում հատուկ նշանակության 5-րդ բրիգադի հրետանավոր Հենրիկ Սիմոնյանին՝ բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մերի   Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/01/2019

Ծնունդդ շնորհավոր կապիտա՜ն


«Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»
Ա. Ուրֆանյան

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երևանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով և  ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետևակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Ուրֆանյանը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում: 
Այսօր նա կդառնար  29 տարեկան:

 2016թ-ի  Ապրիլյան պատերազմի ժամանակ  Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձև պաշտպանության դիրք գրավել և ընդունել է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ մարտական դիրքը հանձնելը կնշանակեր  մյուս մարտական դիրքերի շրջափակում ևս: Ուրֆանյանի գլխավորությամբ  7 մարտիկները կարողացել են կասեցնել թշնամու ներթափանցման փորձը՝խփելով 1 տանկ:  Հաջորդ  փորձի ժամանակ  թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը կրկին նահանջել է: Սակայն 3-րդ փորձը ճակատագրական էր,թշնամու մեծաքանակ զորքը հարձակվում է 7 հոգանոց խմբի վրա և սկսում հրետակոծությունը:
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաև ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:

Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորների:

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Մերի Գևորգյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2018

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի տարեդարձն է

Երևան 04.12.2018թվ.Banak.info
Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Ազատը կդառնար 22 տարեկան:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ազատը ծառայում էր  Ջրականում (Ջաբրայիլ): 
Ծնողների հետ վերջին անգամ հեռախոսով խոսել էր ապրիլի 1-ին ու բարձրացել դիրքեր:
Դրանից հետո ընտանիքի անդամները 10 օր շարունակ տղայից ոչ մի լուր չեն ունեցել, ինչն էլ Ազատի հորը ստիպել   է գնալ Արցախ՝  Ջրական, փորձել ինչ-որ բան իմանալ տղայի մասին:
Ազատ Սիմոնյանի անունը  18 անհայտ կորածների ցանկում է եղել:
Ապրիլի 10-ին նրա աճյունը ևս  մնացածի հետ  հանձնվել է հայկական կողմին:
Ազատի պատվին գյուղում հաճախ  են տեղի ոնենում միջոցառումներ, վերջերս Կամարիսի միջնակարգ  դպրոցն անվանակոչվեց նրա անունով, գյուղում  կառուցվել է նաև հուշարջան-աղբյուր ի պատիվ նրա:

Մերի Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/11/2018

Ծնունդդ շնորհավոր Ավո՜




«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»  Մոնթե Մելքոնյան

Այսօր  ազատամարտիկ, գրող, գիտնական, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրն է:
Նրա  անցած  մարտական ուղին եղել է բավական դժվար, ու չնայած դրան, նա պատմության մեջ կերտել է յուրօրինակ հերոսի  կերպար:
1991-ին Մոնթեն  ժամանում է  Հայաստան` իր նպաստը բերելու հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը:   Եվ այդ նույն  թվականին առաջին անգամ նա  հայտնվեց  Արցախում եւ սեպտեմբերի 14-18-ը մասնակցեց Էրքեջի, Բուզլուխի եւ Մանաշիդի ազատագրական մարտերին:
Դրանից որոշ ծամանակ անց Ավոն արդեն Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարն էր, նրան շատ ժամանակ  չէր  պահանջվել սիրելի դառնալ բոլորի համար, ու դա նրա  պարզ ու անկեղծ բնավորության շնորհիվ:

Մոնթեն մեծ ներդրում է ունեցել Մարտակերտի ազատագրման եւ Քարվաճառի կրակակետերի ոչնչացման գործողությունների կազմակերպման ու իրականացման գործում:

Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինը եղավ Ավոյի համար, բայց չնայած դրան նա  իր մարտական ընկերներին, Արցախի ժողովրդին թողեց բազմաթիվ  սխրանքներ, բարի անուն, որը իր ուրույն դերն ու նշանակությունն է գտել Արցախի ազգային ազատագրական պայքարի տարեգրության մեջ:

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի եւ Արցախի հերոսի կոչումների, պարգեւատրվելով "Հայրենիք" եւ "Ոսկե Արծիվ", ինչպես նաեւ ԼՂՀ "Մարտական խաչ" առաջին աստիճանի շքանշաններով: Սակայն ամենավսեմ պարգևը Ավոյի համար ազատագրված Արցախն է, պատմական հայրենիքի մի բեկորի փրկությունը, իբրև  սկիզբ Հայոց միասնական Հայրենիքի լիովին ազատագրման:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մեր օգնության կարիքն ունի


2012թ-ին՝ Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադում  ծառայության ժամանակ, որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու հետևանքով տեղափոխվում է «Մուրացան» հոսպիտալ, որտեղ էլ  նրան վիրահատում են: 

Սակայն վիրահատությունն անհաջող է անցել:  Մեկ անհաջող վիրահատությանը  մի քանի ժամի տարբերությամբ հետևում է հաջորդ անհաջող վիրահատությունը, որի հետևանքով վերջինս  հայտնվել է կոմայի մեջ:

-Օրեր շարունակ կոմայի մեջ մնալուց հետո, երբ  արթնացա  չէի ճանաչել նույնիսկ ծնողներիս, խոսել ևս չէի  կարողանում, իսկ հետագայում որոշ ժամանակ կակազելով էի խոսում, մեկ տարի էլ   գամված եմ  եղել հաշմանդամի սայլակին:
Դեռ ամենասկզբից դիմել ենք  շատ  կառույցների՝ ակնկալելով օգնություն թե´  ծանր վիճակիս, թե´ սխալ վիրահատության  համար:

Դավիթը մինչ օրս չի հասկանում թե վիրահատությունն ինչի համար է արվել, կարծում է, որ բժիշկները խնդիրն այլ են ընկալել, հետևաաբար  էլ կատարել սխալ  վիրահատություն: 
Նա պնդում է, որ  երկուսն էլ եղել են ոչ ճիշտ և ոչ  տեղին:

Ինչպես նշում է Դավիթը, նրան ՊՆ-ում խոստացել են ուղարկել Գերմանիա բուժվելու՝ պայմանով, որ չբողոքի  վիրահատող բժիշկ Գագիկ Թունյանի  դեմ:
Սակայն մինչ օրս նրան չեն ուղարկել բուժվելու:

Չնայած Պաշտպանության նախարարությունը նախկինում գումարային որոշ աջակցություն ցուցաբերել է, սակայն դա բավարար չի եղել լիարժեք բուժման համար:
Դավիթն արդեն 2 տարի   բուժում է ստանում  վերականգնողական կենտրոնում, սակայն նշում է, որ դրանից վիճակը դեպի  լավը չի գնում: Վերջերս վերականգնողական կենտրոնում  այց կատարած ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին ևս  դիմել  է, սակայն  ինչպես ասում է Դավիթը վերջինս նույնպես որևէ նոր խոստում չի տվել:

Նա  այժմ էլ  ունի լուրջ առողջական խնդիրներ, ձախակողմյան թուլություն: Նրան  անհրաժեշտ է մեր աջակցությունը, որպեսզի արտերկրում   բուժում ստանա: Դավիթի  անունով  բացվել է հաշվեհամար, ցանկացողները կարող են փոխանցում կատարել ստորև նշված  հաշվեհամարներին:

Մերի Գևորգյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/10/2018

«Ամեն մի գիրք մի փամփուշտ է, որով մեր զորքն ու զինվորը հզորանալու են»

«Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ «Լուսնի ասպետը» գրքի շնորհանդեսը: Այն նվիրված է Ապրիլյան պատերազմում արիաբար զոհված Հայկ Թորոյանին: Գիրքը տպագրելու միտք սկզբից չի եղել, սակայն ինչպես նշում է գրքի հեղինակ Արմինե Մուրադյանը, Հայկ Թորոյանի տուն այցից հետո ոգևորված որոշում է կայացրել ՝ գիրքը հանձնել տպագրության: Հարցին, թե ինչու՞ է վիպակը վերնագրել «Լուսնի ասպետ», ասաց. «Լուսինն իմ ստեղծագործական մուսան ու տարերքն է։ Վիպակում շատ պատկերներ եմ ներառել կապված լուսնի հետ։ Այն ինձ համար հավերժության խորհրդանիշ է։ Իսկ հերոսը, որը պայքարել է հայրենիքի համար , հավերժական ասպետ՝ լուսնի ասպետ»։ Հայկ Թորոյանին երբեք չի տեսել հեղինակը, իրեն հաճախ է հարցրել՝ ինչու՞ հենց Հայկի մասին գրել. «Ինչ-որ անբացատրելի ուժ ինձ ուղղորդեց, որ գրեմ հենց իր մասին։ Եվ հետագայում ես հասկացա, որ իզուր չէ, որ հենց իր մասին պետք է գրեի, քանի որ Հայկը բոլոր նրանց համար, ում հետ զրուցել եմ իր մասին, նկարագրել են իրեն՝ որպես անձնվեր ու յուրահատուկ մարդու և զինվորականի,-ասում է»։ Գիրքը գրվել է Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո ՝ մի գիշերվա մեջ՝ լիալուսնի տակ:

«Չեմ էլ հիշում ինչպես եմ սկսել և ինչպես ավարտել»։ Գրքի բովանդակությունը միևնույն ժամանակ իր մեջ պարունակում է սեր և´ հայրենիքի հանդեպ և´ սիրած էակի. «Առաջին հայացքից սիրո մասին վիպակի հտևում թաքնված է հայրենասիրությունը, անձնվիրությունը և ինքնամոռաց նվիրվածությունն այն ամենին, ինչին տրվում ես քո ամբողջ հոգով և սրտով։ Վիպակում նկարագրված է անպարտելի և իրական տղամարդու կերպարը՝ հանձին Հայկի , և ժամանակի հորձանուտում կարևորը երկրորդականից չզատող աղջիկը՝ Անին, ով սակայն վերջում է միայն գնահատում հերոսի պատկերացրած կյանքի արժեքները, թեև արդեն ուշ է լինում»։ Գրքի հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Ապրիլյան պատերազմում վիրավորված Հրայր Բաղդասարյանին,ով այժմ ունի վիրահատության կարիք. «Հրայրը կռվել է Թալիշի դիրքերից մեկում, որտեղ Հայկը զինամթերք էր տանում, սակայն չհասցրեց: Գումարը փոխանցվելու է Հրայրին՝ Հայկի չհասցրած զինամթերքի փոխարենԱմեն մի գիրք մի փամփուշտ է, որով մեր զորքն ու զինվորը հզորանալու է»,-ասում է հեղինակը: Միջոցառման հյուրերն էին Հայկ Թորոյանի ընտանիքի անդամներն ու բարեկամները, Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից մի քանիսը, հեղինակի ընկերները, ինչպես նաև գրքի լույսընծայմանն աջակցող մարդիկ և այլք: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքերով հանդես եկան գրքի տպագրմանն աջակցած մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և կանգնել են հեղինակի՝ Արմինե Մուրադյանի կողքին: Ելույթ ունեցավ նաև Հայկ Թորոյանի հայրը՝ Վահան Թորոյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց գրքի ստեղծման համար: Նշենք նաև, որ գիրքը թարգմանվել է անգլերեն լեզվով:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`