Showing posts with label ՀՀ Վարչապետ. Show all posts
Showing posts with label ՀՀ Վարչապետ. Show all posts

16/11/2019

Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/09/2019

ՀՀ վարչապետը հետևել է զորավարժությունների ընթացքին


Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։
Դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ վարչապետը նշել է.
«Զորավարժությունների հարգելի մասնակիցներ,
Պաշտպանության մեծարգո նախարար,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեծարգո նախարար,
Զինված ուժերի գլխավոր շտաբի մեծարգո պետ,
հարգելի սպաներ, սիրելի զինվորներ,
Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ: Ի՞նչ գործնական նպատակ ունեն այս զորավարժությունները և ինչի՞ համար են անցկացվում: Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր Զինված ուժերի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում և կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են:
Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Ըստ էության, այժմ մեծ ուրախությամբ արձանագրվում է, որ զորավարժությունների հայտարարումից, մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ: Եվ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքել և ստանձնել են իրենց պարտքի կատարումը հայրենիքի առաջ: Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է և մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում:
Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք մասնակցություն են ունեցել և ունեն զորավարժությունների անցկացմանը: Մենք, ըստ էության, այս զորավարժություններով ստուգում ենք նաև, թե ինչ աստիճանի փոխգործակցություն գոյություն ունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչքանով է հղկված, ինչքանով է մշակված:
Գիտեք, որ նախորդ տարի մենք իրականացրինք «Շանթ» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց արդյունքներն ամփոփելով մենք արեցինք որոշակի վերլուծություններ, որոշակի շտկումներ: Այս զորավարժությունները ցույց տվեցին, որ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ ունենք, ինչը նույնպես մեզ վստահություն է տալիս մեր երկրի պաշտպանունակության առումով:

Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենալու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունենալու կրակային և տեսական պարապմունքներ, ներդաշնակեցում և այդպես շարունակ: Եվ ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ զորավարժությունների մասնակիցներին տեսնում եմ բարձր մարտական տրամադրությամբ, տեսնում եմ դուխով և նվիրված հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ նաև ձեր ընտանիքներին շնորհակալություն հայտնել, որոնք այս ընթացքում առանց տրտնջալու և նույնիսկ գոհունակությամբ են արձանագրում, որ իրենց ամուսինները, որդիները, հայրերը մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, ես հիմա արդեն համոզված եմ, որ զորավարժություններն արդեն իսկ ունեն լավ արդյունքներ և բոլորդ այստեղից ձեր քաղաքացիական կյանքին կվերադառնաք բարձր տրամադրությամբ, մարտունակության, միասնականության, կամքի և վճռականության ոգին տարածելով նաև քաղաքացիական կյանքում: Չնայած հիմա մենք ոչ քաղացիական կյանքում, ոչ էլ զինված ուժերի շրջանում նման մթնոլորտի պակաս չունենք, բայց այդ մթնոլորտների ներդաշնակեցումը, համակցությունը, համադրումը շատ կարևոր է մեր երկրի համար:
Զորավարժությունների սիրելի մասնակիցներ, պարոնայք սպաներ, գեներալներ, կառավարության հարգելի անդամներ, ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիս շնորհավորել այս մասշտաբային միջոցառման կապակցությամբ և արձանագրել, որ մեր երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց տվեց իր մարտունակությունը, ցույց է տալիս իր կենսունակությունը և ցույց է տալիս պետություն-կառավարություն-հանրություն համագործակցության և վստահության բացառիկ բարձր աստիճան, ինչը մի երևույթ է, որի համար մենք իսկապես պետք է միմյանց շնորհավորենք: Ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները: Շնորհակալ եմ»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։
Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի:















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/09/2019

Զինծառայողների ծնողները պետպատվերի շրջանակում կարող են օգտվել նորագույն թանկարժեք բոլոր միջամտություններից. Թորոսյան


Առողջապահական ի՞նչ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ծնողները: Այս հարցը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքային քննարկման ժամանակ:
«Պետպատվերի ամենալայն փաթեթից կարող են օգտվել, որի մեջ մտնում են նորագույն թանկարժեք բոլոր միջամտությունները. սրտի վիրահատությունները՝ բաց և ստենտավորման, սրտի ռիթմավար սարքերը, գլխուղեղի անոթային վիրահատությունները, երիկամների քարափշրումը»,- ասաց Թորոսյանը:
Հետո վարչապետն արձագանքեց.
«Այսինքն՝ մեր զինվորները կարող են հանգիստ լինել, որ մեր միջավայրում ամենահայտնի, ամենաէքստրեմալ հիվանդությունների դեպքում պետությունը կհոգա այդ կարիքները»:


Նյութը՝ Shantnews.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար

ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար:
Այս առնչությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2019

Զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում․ Ն․Փաշինյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: 
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: 





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ավարտական փաստաթղթերի և սպայական դաշույնների հանձնման հանդիսավոր արարողությունը


Հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա շրջանավարտների` ավարտական փաստաթղթերի և սպայական դաշույնների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ավարտական միջոցառմանը ներկա է գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ Զինված ուժերում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում: Այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ ունեն: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում:
Սպայական ծառայությունը թերևս կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է անվերապահ կամք և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է: Եվ այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող ծանրություն: Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ, լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, հրամանները պետք է լինեն արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և հրամանները պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն Հայաստանի զինված ուժերին, Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը, ավելին՝ ուսադիրները, ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկամամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:
Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, մաղթում եմ, որ լինի առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրավվածությունը, որն արդեն բավական երկար տարիներ տեղ ունի մեր զինված ուժերում: Սա մեր հանրության վերափոխման կարևոր ցուցիչ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կանայք ունեն հսկայական ներուժ, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են և մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, Զինված ուժերում պետական ծառայության, տնտեսության մեջ և ամենուր: Հասկանալով, որ ոչ բոլորը կհասնեն այդպիսի հաջողության՝ ուզում եմ ձեզ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ և ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական:
Սիրելի՛ ներկաներ,
Ուզում եմ խոսել նաև խաղաղության մասին: Հայատանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է և խաղաղության հիմնական երաշխիքը մեր Զինված ուժերն են, մեր բանակը, բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի Զինված ուժեր, մեզ հարկավոր է այնպիսի պետություն, մեզ հարկավոր է այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը և Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս անկախ նրանից ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային Ժողով և կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը, մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները և կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները:
Եվ ուրեմն կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը և փա՛ռք մեր նահատակներին, և փա՛ռք մեր սպաներին ու զինվորներին, և փա՛ռք մեր սերունդներին, որոնք կրելու են մեր հաղթանակների պատիվը, որոնք բազմապատկելու են մեր հաղթանակները: Փա՛ռք ձեզ բոլորիդ և փառապանծ ծառայություն: Շնորհակալ եմ»:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների բակալավրի կրթական ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա և համալսարանների մեկամյա սպայական դասընթացների 2019 թվականի, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայի 260 շրջանավարտ:





















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/07/2019

Վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին: Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: «Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում»,- ասել է վարչապետը:
Ողջունելով զինծառայողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի կուրսանտներ, ձեր կյանքում, թերևս, սկսում է ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության եք անցնում հայրենիքին: Ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել և այդ հորդորներից կարևորագույնը, թերևս, եղել է պատվով ծառայել, լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ, բացի այն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակի լավ ծառայել հայրենիքին:
Ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորական գործը, զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն հաճախ զինվորական ծառայությունը, բնականաբար, ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, տեխնիկական, նյութատեխնիկական այլ հարցերի համատեքստում, որը չափազանց կարևոր է, սակայն շատ հաճախ չենք նկատում, որ զինվորական գործն ամենաինտելեկտուալներից մեկն է: Եվ, հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում, ես ուզոմ եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա. ի՞նչն է մեր զինվորի, ընդհանրապես, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս և ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում՝ հատկապես ուսումնական զորամասում, մեր զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել, անկախ նրանից, դուք հետագայում զինվորական գործով կզբաղվեք, թե՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը զինծառայողների ուշադրությունն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: «Եվ մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչև զինվորական ծառայությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ զինծառայողներին կոչ անելով հատկապես ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնել և հարստացնել գիտելիքները, փորձել հասկանալ, թե ինչ է զինվորական գործը: 
«Սա ձեզ համար մեծ շանս է սովորել ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը: Ռազմավարական ու մարտավարական մտածողությունը միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ, որովհետև մեր ամբողջ կյանքը, գործունեությունն, անկախ նրանից զինվորական է, քաղաքացիական, թե որևէ այլ գործ, մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական և ռազմավարական որոշումներ կայացնելու հմտություններից, իրավիճակը գնահատելու հմտությունից, իրավիճակում կողմնորոշվելու հմտությունից: Սրանք են այն հենասյուները, որոնց վրա կառուցվում է զինվորական գործը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության ընթացքում զինվորների ձեռք բերած հմտությունները նրանց պետք է օգնեն ողջ կյանքի ընթացքում:
«Հետևաբար, մեր կառավարության, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հիմնական խնդիրն է, որ այդ հմտությունները, մարտավարական, ռազմավարական մտածողությունը, իրադրությունը գնահատելու հնարավորությունը, որոշումներ կայացնելու ընդունակությունը ձեզ ամբողջ կյանքում ուղեկցի, որովհետև ձեր հետագա կյանքի որակը կախված է լինելու նրանից, թե ինչքանով եք դուք կարողանում ահա այսպիսի մտածողության բանաձևերով գործել քաղաքացիական կյանքում, ինչքանով եք կարողանում որոշումներ կայացնել, ինչքանով եք կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը: Եվ իհարկե, այս հմտությունները շատ ավելի կարևոր են առնվազն զինվորական ծառայությունն իրականացնելիս, մարտական հերթապահություն իրականացնելիս, հայրենիքը պաշտպանելու գործի ընթացքում»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ դա պետք է օգնի զինծառայողներին հաղթել ոչ միայն հակառակորդին, այլև հետագայում կյանքի բոլոր մարտահրավերները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: 
«Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը և զինված ուժերը պետք է կարողանան օգնել ձեզ, որպեսզի ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի: Եվս մեկ նկատառում. կարծում եմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում այսպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ և ասենք, այո, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այս խնդիրը լուծելու համար ես ճանապարհը տեսնում եմ հետևյալ կերպ. Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Որպեսզի սա լինի՝ հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը զինծառայողներին հաջողություններ է մաղթել հայրենիքի ծառայության ընթացքի մեջ և նշել, որ հայրենիքին ծառայությունն ընդամենը ժամկետային զինծառայության երկու տարով չէ որ ավարտվում է: 
«Մեզանից յուրաքանչյուրն, ի վերջո, նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին, անկախ նրանից՝ ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է, որովհետև չկա ավելի մեծ առաքելություն քան հայրենիքին ծառայելու առաքելությունը և չկա ավելի մեծ բերկրանք, քան հայրենիքի դրոշի ներքո կրած հաղթանակի բերկրանքը, քան հանուն հայրենիքի կրած հաղթանակի բերկրանքը: Ես տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք և դուք զինվոր եք: Պատվով կրեք զինվորի կոչումը և այնպես արեք, որ ոչ միայն մենք բոլորս, այլև դուք ինքներդ ամբողջ կյանքում հպարտանաք այդ համազգեստը կրելու համար, որ ձեր երեխաները հպարտանան ձեզանով, որ դուք այդպիսին եք: Ես այսօր հպարտանում եմ ձեզանով և շնորհակալ եմ, որ դուք այդպիսին եք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը ճաշել է զինծառայողների հետ, միաժամանակ ծանոթացել նոր սննդակարգին: Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշել է, որ նախկինի համեմատ տարբերությունն ահռելի է: «Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/05/2019

Վարչապետը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող: Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:
Այնուհետև վարչապետը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումը և մայիսյան հերոսամարտերի պատմությունը» խորագրով ցուցահանդեսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր Ամենայն Հայոց կաթողիկոս,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Հայաստանում հավատարմագրված հարգելի դեսպաններ,
Պարոնայք սպաներ, գեներալներ, պետական այրեր, սիրելի ժողովուրդ,
Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետությունը: Դա տեղի ուենցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության: 1.5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական և հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար:
Եվ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի իր պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը և հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որևէ հավակնությունից: Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է`կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ, որն արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը:
Մեր հայրենիք թշվառ, անտեր
Յուր թշնամյաց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ կանչում է
Հանել յուր վրեժ քեն ու ոխ:
Մեր հայրենիք, շղթաներով
Այսքան տարի կապկպված
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված:
Մենք այսօր կանգնած են սուրբ հողի վրա, սիրելի հայրենակիցներ, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար։ Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը և այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է և նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք միասին հավաքվում ենք այստեղ, մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ, մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդել իրենք իրենց անասելի զոհողություններով ու սխրանքներով:
Մենք գալիս ենք ասելու Առաջին Հանրապետության պետական այրերին, որ ահա ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ ամենևին, այլ ծածանվում է որպես Հայաստանի անկախ Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ: Մենք գալիս ենք ասելու, որ նրանց գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և նրանց երազանքը պիտի իրագործվի:
Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչեք խաղաղությամբ Առաջին Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ Առաջին Հանրապետության չորս վարչապետերի՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան: Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումայն, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր:

Ձեր սխրանքներով են ոգեշնչվել արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչև Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչ Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաներն ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գյուղացիները, ովքեր ամուր կառչած են ձեր կողմից իրենց ժառանգած հողին և բուրաստան են դարձնում տափաստաններն ու ճահճուտները: Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գործարարները, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով ամեն օր նոր կերպար են հաղորդում մեր հայրենիքին, նրա ամեն քաղաքին, ամեն գյուղին, ամեն փողոցին և պարտաճանաչ հարկ են վճարում հանուն հայրենիքի բարօրության:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն դասախոսն ու ուսուցիչը, ովքեր իրենց գործը համարում են երիտասարդ սերնդին թռչելու թևերով օժտելը, ձեր սխրանքներով են ոգեշնչված այն մարզիկները, ովքեր ամեն օր բարձրացնում ու բարձրացնում են հայոց երկրի և պետականության և հայ ժողովրդի պատիվը՝ Լևոն Արոնյանից մինչև Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյանից մինչև Սիմոն Մարտիրոսյան:
Ձեր սխրանքներով են ոգեշնչված այն գիտնականն ու ինժեները, ով չի համակերպվում հնարավորի սահմանի գոյության հետ, ում առաքելությունն անհնարը հնարավոր և առօրեական դարձնելն է, այնպես, ինչպես դուք հնարավոր դարձրիք անհնարը:
Ձեր սխրանքներով է ոգեշնչված Հայաստանի Հանրապետության ազատ և հպարտ քաղաքացին, ով իր սեփական իշխանությունն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ով տեր է դարձել Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին:
Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ, թե Ազգային ժողովի պատգամավոր, համայնքի ղեկավար, թե դատավոր և պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին և Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնված ազգային միասնություն:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`