Showing posts with label ՀՀ ԱԳՆ. Show all posts
Showing posts with label ՀՀ ԱԳՆ. Show all posts

13/09/2019

ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում։
Ինչպես ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, այս փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության եւ ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա։ Հայկական կողմը կշարունակի հետեւողական քայլերը նման իրավիճակը բացառելու համար։
Պատասխանելով նախօրեին Երեւանում ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի՝ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ համագործակցության հնարավորության մասին հնչեցրած կարծիքի վերաբերյալ հարցին՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ գոյություն ունի կազմակերպության Կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են չափորոշիչներն ու պահանջները, որոնք ներկայացվում են դիտորդների եւ գործընկերների թեկնածուներին։ Երկու դեպքում էլ թեկնածու երկիրը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հետ, ձգտի նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, իսկ երկրորդ դեպքում չունենա հակամարտություններ անդամ երկրների հետ։
«Ցանկացած պարագայում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ Առանց Հայաստանի համաձայնության նշված բոլոր կարծիքները կարծիք են մնում»,- ամփոփել է Աննա Նաղդալյանը։ 


Նյութը՝ News.am կայքի




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/09/2019

Շարունակելու ենք գործուղել բոլոր հնարավոր ջանքերն Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի հարցով լուծումներ գտնելու համար. Զոհրաբ Մնացականյան


 Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին հետ վերադարձնելու հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում մյուս գործընկեր կառույցների, մասնավորապես` պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով` սա շատ անհանգստացնող հարց է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ: «Մեզ համար անհանգստացնող հանգամանք է Արայիկ Ղազարյանի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակը պահանջում է  զգուշավորություն, և մենք շարունակելու ենք գործուղել բոլոր հնարավոր ջանքերը լուծումներ գտնելու համար»,- ավելացրել է ՀՀ ԱԳ նախարարը:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/09/2019

Այց զորամաս


Աշխատանքային այցով Արցախում գտնվող արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր:
     Դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում, շփվել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/08/2019

ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն


Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/08/2019

Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը. Զոհրաբ Մնացականյան


Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը          խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
«Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները, և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը, և, ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի, և ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար»,- նշեց Մնացականյանը:


Նյութը՝ Armenpress.am կայքի 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/08/2019

Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան


Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», - ասաց նա։

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են։

«Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ամփոփեց արտաքին գերատեսչության ղեկավարը։


Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/07/2019

«Դիպուկահարների ներգրավմամբ իրականացվել են սադրիչ գործողություններ». ՀՀ ԱԳՆ-ն՝ Արդբեջանի գործողությունների մասին

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման  Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և  ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:
Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2019

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել եւ մնում է կարեւորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան

Մեր կարեւորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս  մասին  ԱՀ   նախագահի  հետ  հանդիպումից  հետո   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝  նշելով, որ հարցը  վերաբերում  է  Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  անվտանգությանը:
«Լեռնային   Ղարաբաղը  քաղաքական  միավոր  է, որն  ունի    բնակչության  կողմից  ընտրված   իր  իշխանությունները: Սեփականության   զգացումի   ամրապնդումը  բանակցային    խաղաղ   գործընթացի  կոնտեքստում   բոլորիս  համար   կարեւոր   հարց  է:  Այդ  կոնտեքստի  շրջանակներում եմ  ես  այսօր  Արցախում: Անհրաժեշտ  է, որ շարունակվի  երկխոսությունը  Լեռնային  Ղարաբաղի  իշխանությունների  հետ: Բանակցային   խաղաղ   գործընթացը   շարունակաբար   տեղի  է  ունենում, եւ   այդ  առումով  ՀՀ-ը, որպես  այդ  գործընթացի  մասնակից,  երբեք  չի  հապաղել   ու  չի  դանդարեցրել   բանակցային գործընթացը:  Լեռնային  Ղարաբաղի  հիմնահարցը  մեզ  համար    եղել  եւ  մնում  է    կարեւորագույն  գերխնդիր: Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  էքզիստենցիալ   անվտանգությունից  է  բխում    ԼՂ  ստատուսի  հարցը: Արցախի 150  հազար  բնակիչները  ողջ  հայության  ինքնության պահապաններն  են»,-մասնավորապես  ասել է  Զ. Մնացականյանը:
Նա  տեղեկացրել է նաեւ, որ   վաղը՝  հուլիսի  5-ին, ինքը  հանդիպում է   ունենալու  նաեւ  ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանի  հետ:

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2019

Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա. ՀՀ ԱԳՆ


Միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից չեն լինի։ Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է այն մթնոլորտի հաստատման կարեւորությունը, որը կնպաստի խաղաղ լուծում գտնելուն։ Այս համատեքստում նա նշել է, որ Դուշանբեում ձեռք բերված ուղիղ կապը պարունակում է միջադեպերի կանխման տարրեր, ինչը չափազանց կարեւոր է։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման պայմանավորվածությունները ձեռք են բերվել Վիեննայում երկու հանդիպումների եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում, հայտնում է News.am-ը։
«Մենք չենք հավատում հրադադարի խախտման պայմաններում առաջընթացի հնարավորությանը։ Կարծիքը, թե Հայաստանը կարող է բանակցություններ վարել սպառնալիքի ներքո, հղի է հետեւանքներով։ Հայաստանը չի գնա միակողմանի զիջումների, որոնք սպառնալիքի տակ կդնեն Արցախի անվտանգությունը։ Միակողմանի զիջումների տարբերակը բացառվում է»,- ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ առայժմ չունի տվյալներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ այցելության ժամկետի մասին։

Նյութը՝ Artsakhpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/06/2019

Գերիներ են փոխանակվել, բայց ոչ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով․ ԱԳՆ. /Ռազմինֆո/

Հունիսի 28-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է հայրենադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ղազախի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը։ Գերիների փոխանակման պլանով Ադրբեջան է վերադարձել նաև 2019թ. մարտի 16-ի գիշերը սահմանին վնասազերծված ադրբեջանցի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։
Այս տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Վերջինս նշեց, որ այս փոխանակումը, սակայն, չի եղել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։
Հիշեցնենք, որ Զավեն Կարապետյանը գերի էր ընկել հունիսի 20-ին։ Նրա մասին հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբր «դիվերսիա են կանխել և գերի վերցրել»: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կարապետյանը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել էին մարտական բաճկոն:

Արդեն հունիսի 22-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/06/2019

Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Մամեդյարովի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:
«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:
Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-ըստ ԱԳՆ-ի՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Մամեդյարովը Բաքվում երեկ կայացած ասուլիսում նշել է, որ ղարաբաղյան համակարտության լուծումը պետք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին, հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:
«Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,-ասել է Մամեդյարովը:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/06/2019

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Այս մասին facebook-յան  իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/06/2019

Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը.ՀՀ ԱԳՆ

Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։
Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ  գերակայություններ։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/06/2019

Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար.ՀՀ ԱԳՆ


Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը: Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով:
Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանն ու դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով:
Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար: Դրանք նաև հարցականի տակ են դնում Ադրբեջանի վստահելիությունը և նրանց կարողությունը հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված և 2019թ. մարտին Վիեննայում վերահաստատված հանձնառություններին: Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով: Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար: 
Ադրբեջանի վերջին վտանգավոր և առճակատման գնացող գործողությունները հիշեցում են իրենց նախկին բռնությունների, վայրագությունների և ագրեսիայի փորձերի և վկայում են Արցախի ժողովրդի կենսական ֆիզիկական անվտանգության ռիսկերի մասին:
Հայաստանը վերահաստատում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որի համար հրադադարի խստագույն պահպանումն էական պայման է: Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունն որևէ հանգամանքում վտանգի չի ենթարկվելու: 
Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խորին ու անկեղծ ցավակցությունն է հայտնում Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի ընտանիքին և հարազատներին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/05/2019

Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները Բրյուսելում կարճ զրույց են ունեցել

Մայիսի 13-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճ զրույց են ունեցել: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Գագաթնաժողովի կուլուարներում կարճ հանդիպում է տեղի ունեցել: Նախարարները ձեռքսեղմումով են փոխանակվել: Հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ պաշտոնական բանակցություններ չեն լինի», - նշել է նա:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան նույնպես հաստատել է տեղեկությունը:

Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2019

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին «Թվիթերում» գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Մնացականյան–Լավրով երկկողմ հանդիպում։ 

Նյութը՝ News.am կայքի:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/03/2019

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ՄԽ համանախագահների հանդիպումը

Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 29-ին, Վիեննայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/03/2019

Օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրիխաղաղ կարգավորման գործընթացումՀայաստանի մոտեցումները և սկզբունքայինդիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում:
ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ Լեռնային Ղարաղաբի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/03/2019

Բաքվի առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները դատապարտելի են. ԱԳՆ խոսնակ



News.am կայքը գրում է.
Բաքվի առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները դատապարտելի են։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ:

Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների:

Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման:

Նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ:

Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական:»,– գրել է Աննա Նաղդալյանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/02/2019

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները

Artsakhpress.am կայքը գրում է.

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող կարևոր հենք:

Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում քննարկում է ծավալվել ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման շուրջ:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`