Showing posts with label ՀՀ. Show all posts
Showing posts with label ՀՀ. Show all posts

16/06/2019

Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը.ՀՀ ԱԳՆ

Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։
Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ  գերակայություններ։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/06/2019

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանի հետ սահմանը պահող զորամաս է այցելել.Ռազմինֆո

Հունիսի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զինված ուժերի հրամանատարության հետ այցելել է Իգդիր քաղաքում տեղակայված 5-րդ սահմանապահ գունդը, որը գործում է Բայազեթ քաղաքի 1-ին մեխանիզացված բրիգադի ենթակայության տակ։ Նշենք, որ այս գունդը, բացի Նախիջևանի սահմանին մոտ լինելուց, պահում է նաև Հայաստանի և Իրանի թուրքական սահմանը։

Այցի մասին պաշտոնական հայտարարություն է հրապարակակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հուլուսի Աքարին ուղեկցել են ԳՇ պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար նավատորմի ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուաքյուզը։ Ըստ հայտարարության՝ այցի եղել է ստուգումների նպատակով։
Այցի ընթացքում Աքարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն Իրանի սահմանից Թուրքիայի դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև ապօրինի միգրացիների դեմ։
Այս այցից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 1-ին, Թուրքիա-Իրան սահմանին հրաձգություն էր եղել, ինչի հետևանքով սպանվել էր՝ 3, վիրավորվել 4 թուրք զինծառայող։ Ըստ Թուրքիայի ՊՆ հաղորդագրության՝ հրաձգությունը եղել էր թուրք զինվորների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների միջև։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/06/2019

Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար.ՀՀ ԱԳՆ


Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը: Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով:
Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանն ու դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով:
Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար: Դրանք նաև հարցականի տակ են դնում Ադրբեջանի վստահելիությունը և նրանց կարողությունը հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված և 2019թ. մարտին Վիեննայում վերահաստատված հանձնառություններին: Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով: Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար: 
Ադրբեջանի վերջին վտանգավոր և առճակատման գնացող գործողությունները հիշեցում են իրենց նախկին բռնությունների, վայրագությունների և ագրեսիայի փորձերի և վկայում են Արցախի ժողովրդի կենսական ֆիզիկական անվտանգության ռիսկերի մասին:
Հայաստանը վերահաստատում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որի համար հրադադարի խստագույն պահպանումն էական պայման է: Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունն որևէ հանգամանքում վտանգի չի ենթարկվելու: 
Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խորին ու անկեղծ ցավակցությունն է հայտնում Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի ընտանիքին և հարազատներին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/05/2019

ԵԱՀԿ ՄԽ-ն արձագանքել է Ադրբեջանի չհայտարարված զորավարժության մասին հայկական կողմի տեղեկացմանը. Տոնոյան

Հունիսի 1–ից պայմանագրային զինծառայողների հավելավճարների տրամադրման գործընթացում հաշվարկվելու են առանձնահատուկ պայմանները, միաժամանակ` հավելավճարը բարձրանալու է` կախված ծառայությունից։
Այս մասին պաշտպանության նախարարության բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով զինծառայողների վարձատրության չափերը բարձրանալու են 10–20%-ով, հայտնում է yerkir.am-ը:
Մեկնաբանելով Բաքվում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն ու արված հայտարարությունը` նախարարն ասաց, որ փորձում են վստահության միջավայր ստեղծել։ «Մենք խնդիր չունենք, զինված ուժերն ապահովում են այդ վստահությունը, որ Հայաստանի ժողովուրդը վստահ լինի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժության անցկացմանը, որի մասին չի տեղեկացվել, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ոչ միայն հայկական կողմին, այլև միջազգային հանրությանը պետք է տեղյակ պահվեր` համապատասխան կարգով, քանի որ դա պարտադիր պարտավորություն է, որը ենթակա է պարտադիր կատարման: 
«Մենք տեղեկացրել ենք միջազգային կազմակերպություններին, ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կա համապատասխան արձագանքը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին սահմանին համեմատաբար անդորր է, հանգիստ։

Նյութը՝ Artsakhress.am  կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/05/2019

Բանակը 6 տարում կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով․ Կարեն Վարդանյան

«Պատրաստվում ենք ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն Սյունիքում՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ: Ունենում ենք հայթեքում 1500 աշխատուժ, այլ ոլորտներում՝ 3 հազար աշխատուժ: Բանակին ապահովում ենք 6 տարվա մեջ 1000 անօդաչուի օպերատոր»,-ասաց Կարեն վարդանյանը՝ հավելելով, որ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով «Արմաթ» աշխատանոցներ կստեղծվեն բոլոր դպրոցներում:
Նա ընդգծեց, որ ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 2,2 մլրդ դրամ, որից կհավաքգրվի 5,5 մլրդ դրամի հարկ:
Համաժողովը վարողը նշեց, որ այսօր Կապանի 20 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների հիմնման հուշագիր է ստորագրվելու:

Նյութը՝ News.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/05/2019

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում./Ռազմինֆո/


Հունուտ գյուղի, ադրբեջանական
 կրակակետերի և հայկական
 դիրքերի պատկերը:
Լուսանկարը արված է մեր դիրքից
Ձմռանը, չկարողանալով ապահովել մատակարարումները, հակառակորդը անցյալ տարվա գործողություններից հետո Նախիջևանի հատվածում՝ Հունուտ գյուղի ուղղությամբ չի կարողացել մի քանի հենակետ ամրացնել:
Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում առաջնագծում իրավիճակին, ասել է ՀՀ ՊՆ հինգերորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը։
Փիլոյանը նշեց, որ ամեն տարի և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից տարվում են դիրքերն առաջ տալու աշխատանքներ։ Ըստ նրա՝ միայն երկու օր առաջ ադրբեջանական կողմը փորձել է միջտարածությունում դիրքերը բարելավել, բայց հայկական կողմը թույլ չի տվել։ Գնդապետը հավելեց, որ այժմ իրավիճակն ավելի հանգիստ է, կրակոցներ կան, բայց դրանք հիմնականում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի ինժեներական աշխատանքների հետ են կապված։

Հիշեցնենք, որ նախորդ տարի, արբանյակային լուսանկարների ուսումնասիրությամբ, հայտնել էինք որ հակառակորդը առաջացել էր 3 ուղղությամբ, այդ թվում՝ նաև Հունուտ գյուղի, որտեղ մի քանի տեղում կատարել էր դիրքավորվելու նախապատրաստական աշխատանքներ: Այն ժամանակ նախապատրաստությունը ենթադրում էր ինժիներական աշխատանքներ, ճանապարհների բացում և առանձին տեղերում հողով լցված պարկերի միջոցով կրակակետերի հիմնում: Դատելով գնդապետի խոսքից՝ առնվազն մի քանիսում ադրբեջանական կողմին չի հաջողվել հենակետ ամրացնել:

Նյութը՝ Razm.info կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/05/2019

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/05/2019

2019-ի աշնանը ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը կանցկացվի Երևանում

Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը հայաստանյան կողմի հրավերով անցկացնել 2019թ. աշնանը՝ Երեւանում: Առաջարկն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի բոլոր անդամների կողմից, ինչի վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում:
Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Օրակարգում ընդգրկված են եղել նաև 2019թ. ՀԱՊԿ-ում Ղրղզական նախագահության առաջնահերթությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում համատեղ մոտեցումների ձեւավորման, 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր:
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/05/2019

ՀԱՊԿ-ը մայիսի 17-ին կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
Նրա խոսքով՝ մայիսի 17-ին տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Կարվեն առաջարկություններ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ներկայացնելու համար։ «Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը»,- ասաց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։ Նա ավելացրեց, որ ԱԳՆ ղեկավարները երաշխավորում են պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնյային։
Ըստ Վալերի Սեմերիկովի, կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Նա հիշեցրել է, որ Բելառուսի հերթը՝ զբաղեցնելու այդ պաշտոնը, հասնում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժոր տեղի ունեցավ։ «Կարծում եմ, մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, եւ շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն եւ կոնկրետ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Նյութը՝ News.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/05/2019

Երեւանին եւ Բաքվին ակտիվ աջակցություն կցուցաբերենք փոխզիջումային հանգուցալուծման որոնումներում. ՌԴ ԱԳՆ


Կիրակի լրանում է Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի համաձայնագրի 25 տարին, եւ այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ մեկնաբանություն է տարածել:
Մեկնաբանության մեջ մասնավորապես նշված է. «Ս.թ. մայիսի 12-ին լրանում է 25 տարին այն օրից, երբ ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդությամբ: Այն թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունը եւ գործարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով: Մայիսի 12-ի համաձայնագիրը մինչեւ հիմա շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը բարդ է: Այն վերելքներ ու անկումներ է ունենում: Կարգավորման գործընթացի մասնակիցներից պահանջվում է ժամանակ ու քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալու համար:
Մենք տեսնում ենք հակամարտող կողմերի՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Այդ մասին են վկայում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման արդյունքները եւ երկու երկրների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները:
Մեր կողմից աջակցություն կցուցաբերենք Բաքվին եւ Երեւանին՝ գտնելու փոխզիջումային հանգուցալուծումներ: Ինչպես եւ նախկինում, շարունակելու ենք հետեւողական միջնորդական ջանքեր ձեռնարկել Մինսկի խմբի շրջանակում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»:

Նյութը՝ News.am կայքի:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/04/2019

ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին.Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Banak.info-ն հայտնել էր, որ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։

«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասել էր ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Այսօր՝ ապրիլի 30-ին Արծրուն Հովհաննիսյանը Banak.info-ի հետ զրույցում ասել է.
«Ի պատասխան երեկ Այգեպար-Բաղանիս ավտոճանապարհի ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակի, հայկական զինված ուժերը բացել են պատասխան կրակ՝ լռեցնելով հակառակորդին. այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատում եմ նորմալ»:

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին ասել է նախքան վիրավոր զինծառայողի մասին տեղեկատվության հայտնի դառնալը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան


Banak.info-ի տեղեկություններով Տավուշի մարզում կա վիրավոր զինծառայող:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Banak.info-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց տեղեկատվութունը, ասելով, որ վիրավորումը եղել է Տավուշի մարզի ուղղությամբ՝ հակառակորդի կողմից և այժմ  զինծառայողին ուղղաթիռով տեղափոխում են Երևան: Նախնական գնահատմամբ վիճակը կայուն ծանր է:

Ստորև ներկայացնում ենք Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»:

    Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/04/2019

Ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ

Ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Panorama.am-ի հետ զրույցում տեղեկությունը  հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նյութը՝ Panorama.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար. զեկույց


2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Այս մասին են վկայում Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները:
Զեկույցում տեղեկություններ չկան Ադրբեջանի եւ Վրաստանի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս հարեւանին՝ Իրանին, ապա Իրանի ռազմական ծախսերը կազմել են 13,2 մլրդ դոլար:
Զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 61,4 մլրդ դոլար, ինչը SIPRI վարկանիշով ըստ ռազմական ծախսերի չափի նրան դարձրել է վեցերորդը: 2017 թվականի համեմատությամբ Ռուսաստանի ռազմական ծախսերը 3,5 տոկոսով կրճատվել են:
2018 թվականին Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 24 տոկոսով՝ մինչեւ 19,0 մլրդ դոլար, ինչը տարեկան ամենաբարձր տոկոսային աճն է աշխարհի 15 խոշոր ռազմական ծախսերով երկրների շարքում:
2018 թվականին ռազմական ծախսերի ամենամեծ բացարձակ աճ է դիտվել ԱՄՆ-ում (27,8 մլրդ դոլար), իսկ ամենամեծ կրճատումը՝ Սաուդյան Արաբիայում (- 4,6 մլրդ դոլար):
Չինաստանը, որը ռազմական ծախսերի մեծությամբ աշխարհում երկրորդ երկիրն է, 2018 թվականին իր ռազմական ծախսերը մեծացրել է 5,0 տոկոսով՝ մինչեւ 250 մլրդ դոլար: Չինաստանի ռազմական ծախսերի աճ է դիտվում 24-րդ տարին անընդմեջ:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականին  ռազմական ծախսերն աճել են մինչեւ 1822 մլրդ դոլար, ինչը 2,6 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին:

Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/04/2019

Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է

Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ:
Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/04/2019

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:
Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:
Միջոցառման երկրորդ օրը ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան հյուրերը այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/04/2019

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ


Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված հերթական դիտարկումից հետո: 
Հայկական կողմը ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը: 

Այս մասին հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի կայքը: Հայկական կողմում դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Օգնեն Յովիչը: Առանց միջադեպերի դիտարկման մասին հայտնել է նաև ադրբեջանական կողմը: 

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 16-ին առաջնագծի այդ հատվածում է եղել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Ղուլիևը: Ապրիլի 15-ին էլ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն էր շրջայց կատարել Տավուշի մարզի մարտական հենակետերում:

Նյութը՝ Razm.info կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2019

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին «Թվիթերում» գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Մնացականյան–Լավրով երկկողմ հանդիպում։ 

Նյութը՝ News.am կայքի:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին դիմում են նաև տեղաբնակները

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» -ի գլխավոր տեսուչն է: Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից միքանիսն իրենց մասնագիտական գործունեություննե ն ծավալում Հալեպիհայ համայնքին պատկանող դարմանատանը: Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչմիայն հայերը, այլնաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները: 














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/04/2019

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։
Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին։ Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահության ընթացքում գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգծառայություն:
Աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչների հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր: Վահան գյուղում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքը պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրաստիճան սպաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են անվտանգային և թիկունքային ապահովման մի շարք հարցեր, որոնց առնչությամբ Դավիթ Տոնոյանն առաջադրել է որոշակի խնդիրներտվել ցուցումներ և հանձնարարականեր։













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`