Showing posts with label Խաղաղության մարտիկ. Show all posts
Showing posts with label Խաղաղության մարտիկ. Show all posts

05/08/2019

Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին մրցափուլը

Օգոստոսի 4-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:
Մրցափուլի մասնակիցները հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, արգելագոտու ստուգողական կետերում նշումներ կատարել քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի  է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմորոշվելու հմտությունները:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին մրցափուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Իրանի, երրորդը՝ ՌԴ զինծառայողները:
Առջևում են «Պրոֆեսիոնալ» մրցաձևի շրջանակում անցկացվող «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլերը:










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/08/2019

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Օգոստոսի 3-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է. «Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:
Մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`