Showing posts with label Լիանա Բրյան. Show all posts
Showing posts with label Լիանա Բրյան. Show all posts

13/08/2020

Banak.info կայքում առաջիկա օրերին գիշերային ժամերին հնարավոր են տեխնիկական խափանումներ


Ուշադրություն.
 Հարգելի ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ www.banak.info կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում, այդ պատճառով ժամանակ առ ժամանակ գիշերային ժամերին հնարավոր են տեխնիկական խափանումներ, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: 
 Օգոստոսի 25-ի 9:00-00:00 կայքը չի գործի, իսկ օգոստոսի 26-ից հնարավորություն կունենաք արդեն տեխնիկապես ավելի հզոր և ֆունկցիոնալ մի շարք առավելություններով կայքում հետևելու մեր գործունեությանը:



«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լիանա Բրյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/07/2020

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը հանուն Տավուշի սահմանապահ 8 գյուղերի


 «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Նեյտրոն» ԳԱՄ-ը համատեղ իրականացնում են բարեգործական ծրագիր՝ նախատեսված Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի խաղաղ բնակչությանը ապաստարաններում  անհրաժեշտ իրերով ապահովելուն:  

«Ադրբեջանական կողմը առաջին և վստահաբար վերջին անգամը չէ, որ թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այդ պատճառով մեր հերթական ծրագիրն ուղղված է խաղաղ բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։

 Մասնավորապես Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չորաթան, Արծվաբերդ,  Բերդ և Տավուշ համայնքների ռմբապաստարանների վերակահավորման ծրագրի գնումների ընդհանուր բյուջեն կազմել է 606.000 դրամ, որից 441.071դրամ հանգանակել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և 180.000 դրամ հատկացրել է «Նեյտրոն» ԳԱՄ-ը։

«Մենք մշտապես թարմացնում և համալրում ենք ապաստարաններն անհրաժեշտ իրերով, սակայն մարտական գործողությունները ցույց տվեցին, որ կան որոշակի կարիքներ։ Շարունակելով կարիքների գնահատումը այս պահին կարելի է ասել առաջնային էր լույսի խնդիրը և նաև առաջին բուժօգնության պարագաները։ Ուստի ստացած օգնությունը կարևոր էր, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում»,- նշեց Տավուշի մարզի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։
Գնված պարագաներն այսօր արդեն Տավուշում են, իսկ հատկացումներն ըստ անհրաժեշտության կկատարեն պատկան մարմինները։

Լուսանկարները՝ ստորև։


Լիանա Բրյան







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/07/2020

Ադրբեջանական «փառապանծ» բանակը արդյունավետ չի գործում


 Եթե դիտարկենք վերջին օրերին ադրբեջանական կողմի զինտեխնիկան կիրառման տեսանկյունից, ապա կտեսնենք, որ բավական հաճախ կիրառվում են ԱԹՍ-ներ՝ մահապարտ և հետախուզական: Հայկական ԶՈՒ-ն արդեն ոչնչացրել է հակառակորդի 14 ԱԹՍ, որից մեկը ՊԲ-ն: 
 «Անզեն աչքով էլ երևում է, որ ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ-ների դեմ հայկական զինված ուժերը՝ թե ԱՀ ՊԲ-ն, թե ՀՀ ԶՈՒ-ն լավ են պայքարում»,- այսօր տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանը:
 Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էին սիրում խոսել իրենց նախգահն ու պաշտպանության նախարարը, ցույց տվեց որ իրենց զորատեսակներից ոչ մեկն ըստ էության բարձր մարտունակություն ու արդյունավետություն չեն դրսևորել, անգամ հատուկ նշանակության զորքերը: Այս պարագայում հակառակորդի համար երևի թե լավագույն միջոցը ԱԹՍ-ների կիրառումն էր: 
 «ԱԹՍ-ները բավականին թանկ են ու հիմնականում ձեռք են բերվում Իսրայելից: Սակայն ինչպես տեսնում ենք մեծ արդյունք չեն տալիս և այս թանկ զինտեխնիկան ձեռք բերելու համար գումարը վերցնում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից և ծախսում այդ ուղղությամբ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
 Հակառակորդի մարտական քայլերն ըստ էության կանխագուշակել հնարավոր է. հաճախ մեկ, երկու օր տևած մարտերից հետո կարծես հակառակորդի մասնագիտական որակներն սպառվում են և միշտ դիմում են գործընկերներին՝ Թուրքիայից ինքնաթիռ եկավ, իսկ ավելի ուշ մեդիայում տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելական մասնագետներ են ժամանել Բաքու: 


Լիանա Բրյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՊԲ-ում ադրբեջանական ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում մոդեռնիզացված ՕՍԱ-ԱԿՄ-ով


Հուլիսի 18-ի առավոտյան Իջևանի տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին հարաբերական անդորր է եղել։ 
Վիրավորներն ունեն դրական դինամիկա, բացառությամբ մեկի, որի վիճակը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծայրահեղ ծանր է։ 
Անդրադառնալով ՊԲ-ի առավոտյան տարածած այն հայտարարությանը, որ խոցվել է ադրբեջանական կողմի «ORBITER-3» տիպի ԱԹՍ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց որ այն ոչնչացվել է Հայաստանում մոդեռնիզացված ՕՍԱ-ԱԿՄ-ով։ 
«Արցախում ԱԹՍ-ի խոցումը դեռ չի նշանակում, որ մարտական  գործուղությունները տեղափոխվել են այնտեղ։ Արցախում ժամանակ առ ժամանակ լինում են նման դեպքեր և դա անհանգստանալու տեղիք չի տալիս»,- հավելեց արծրուն հովհաննիսյանը։ 


Լիանա Բրյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/07/2020

Հուլիսի 17-ին սահմանային լարումներ չեն արձանագրվել


«Ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում  եղել է հանգիստ, քիչ են եղել կրակոցները: Կրակոցներ եղել են միայն հրաձգային զենքերից»,-  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը, ապա հավելոց, որ այսօր այցելել է զորամասերից մեկը. 
 «Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։ Մենք տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը ու եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանան արժանի հակահարված»:

 Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերջին օրերի սահմանային լարումները չեն ազդել զորակոչի և զորացրման վրա. այդ գործընթացն իրականացվում է բնականոն հունով ու մտահոգությունների տեղիք չկա:
Հայ-ռուսական համատեղ  զորախմբի կիրառմանն  անդրադառնալով՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զորախումբն ունի իր գործողություններին համապատասխան պլանը, թատերաբեմը, ուղղությունը. «ՀՀ ԶՈՒ-երը ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի և այլ հարցերով լիովին բավարար են, ինքնաբավ են և կարող են ինքնուրույն կատարել իրենց առջև դրված խնդիրը»:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որն այսօր շրջայց է կատարել գյուղերում, փաստեց, որ օրն իրոք խաղաղ է անցել.
  «Բնակիչներն ասում էին արդյոք չենք շտապում վերանորոգել տները, բա որ էլի հրետակոծություններ լինեն և այլն, իմ պատասխանը հետևյալն է եղել՝ ո՛չ, մենք պետք է անմիջապես անցնենք վերականգնողական աշխատանքների: Մեր քաղաքացիները պիտի իմանան, որ քաղաքակիրթ վիճակն իրենց արժանի վիճակ է: Սահմանին ապրող մարդը պիտի առավելություններ ունենա»։


Լիանա Բրյան
 Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հուլիսի 16-ի լույս 17-ին սահմանային լարումը նվազել է


 Վաղ առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
Ավելի ուշ Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ կրակոցներ են եղել ոչ միայն մարտական գործողությունների բուն հատվածում, այլև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի մարզի, 2-րդ, 4-րդ, 5-րդ բանակային կորպուսների պահպանության տեղամասերի ուղղությամբ։
Վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Իսկ վիրավորում ստացած քաղաքացու վիճակը կայուն է։
Արցախում ևս նույն իրավիճակն է եղել, կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց ըստ էության լարվածություն չկա։


Լիանա Բրյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/07/2020

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ամփոփվեց սահմանային այսօրվա իրավիճակը

«Կեսօրից հետո ըստ էության Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական, հարվածային անօդաչու թռչող սարքեր»,-  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ առաջնագծի օպերատիվ իրավիճակը ներկայացնելիս, հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ հարվածներից մեկով վիրավորվել է քաղաքացիական բնակիչ, որից հետո մեքենայով օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, իսկ մյուս հարվածը հասել է ԱԻՆ ավտոմեքենային, բայց բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ չկան:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-երը թույլ են տվել ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչներին, որ նախօրեի գիշերը  իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանեն տարածքից. «Այս մասին ՊՆ-ն պաշտոնապես էլ հայտարարեց, հստակ նշումներով լուսանկարներ ցուցադրվեցին: Հարկ է նշել, որ սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-երի զինծառայողների դիակներ կան»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց և առաջացել է զավեշտալի հակասություն. «Եթե այդ տարածքները իրենց տարածքում էին, ապա ինչու  էին մնացել  այդքան ժամանակ, կամ ինչպես էին մեր վերահսկողության տակ և պետք էր մեր կողմից թույատվություն կամ կրակի դադարեցում, որպեսզի այդ դիակները հանվեն»:
Ըստ Հովհաննիսյանի, օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով. «Պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ կողմից, ի պատասխան մեր հայկական տիրույթում տարբեր մասնավոր, անհատ մարդկանց հայտարարություններին՝ հարվածներ հասցնելու Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին, պաշտոնապես հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին, որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ հայտարարություն ՀՀ ԶՈՒ-երի մարմինների կողմից չի եղել, որևէ քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈՒ-երի կողմից»:


Լիանա Բրյան
 Իննա Թումանյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/07/2020

ՀՀ ԶՈՒ-երը ընդհանուր առմամբ խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ

Իջևանում տեղակայված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի վերջին ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ՝ հուլիսի 12-ից մինչև 14-ի կեսգիշեր, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Վերջինիս խոսքով սա բարձր ցուցանիշ է արդյունավետության տեսանկյունից: Ճեպազրույցին ներկա էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Վերջինս վստահեցրեց, որ ՀՀ ՊՆ-ի հետ ձևավորված է շատ արդյունավետ համագործակցություն, որր թույլ է տալիս օպերատիվ կապ հաստատել:
Մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը: Եվ այսօր իրականացրել ենք այց Տավուշի մարզ ոչ միայն քաղաքացիական բնակավայրերի մարդկանց, այլև զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերով:   
Ճեպազրույցի ընթացքում նշվեց նաև, որ ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել, այլ է հարցը, որ վերջիններս բնակավայրերում ունեն զինտեխնիկա, որոնք հաճախ ենթակա են ոչնչացման:
 Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը իրենց ծանր զրահատեխնիկան տեղակայել են բնակավայրերում՝ թիրախավորելով բնակչությանը։


Լիանա Բրյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2020

«Նեյտրոն» ԳԱՄ-ը նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին

 «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումն իրեն կից գործարանով նորույթ է ստեղծում հայկական նորագույն տեխնոլոգիաների, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց արտադրության ոլորտում: Գործարանն այժմ զբաղվում է Կալաշնիկովի AK-103 ինքնաձիգի հավաքմամբ՝ օգտագործելով ռուսական պահեստամասեր, լրակազմ: Ինքնաձիգները շուտով կլինեն ՀՀ Զինված ուժերում նպաստելով ոչ միայն երկրի անվտագության ու ներուժի հզորացմանը, այլև՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խթանմանը:
  
«Գործարանում ինքնաձիգների հավաքմամբ զբաղվում են կադրային զինվորականներ, որոնք իրենց գործի գիտակներն են: Իսկ արտադրության հետ կապված՝ ապահովելով անհրաժեշտ քանակ երկրի ներսում գործառնելու համար, ապագայում նախատեսում ենք զբաղվել նաև արտահանմամբ՝ ընդգրկելով երրորդ երկիր», - նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը:  
  2007 թվականից՝ սեփականաշնորհումից հետո մեծ թափ են առնում գործարանի արտադրական բաժինները, իսկ 2018 թվականին Ռոյալս ինժիներինգ ընկերության և Կալաշնիկով կոնցեռնի միջև ընքվում է պայմանագիր, ինչն ամրապնդում է ընկերության արտադրական աշխատանքների շարունակականությունը:
   Չնայած ընկերության բացումը տեղի կունենա շուտով, բայց այն հասցրել է իր ներդրումն ունենալ Զինված ուժերում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործում: Ընկերությունը Զինված ուժերին նվիրաբերել է 170.000 դոլլար ընդհանուր արժեքով միջոցներ՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր:
Ստորև ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ հավաքման արտադրամասից։


Նյութը՝ Լիանա Բրյանի 
Լուսանկարները՝ Դավիթ Թորոսյանի



























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/07/2020

«Չեմ սիրում մնալ թիկունքում». Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը սպասում է իր նոր կուրսանտներին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամեն ուսումնական տարի՝ ժամանակի մարտահրավերներին զուգընթաց թարմացվում են ուսումնական ծրագրերը: Կուրսանտները համալրում են բանակի շարքերը ոչ միայն ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ, այլև ռազմական հարուստ գիտելիքներով: Մանրամասները՝ տեսանյութում։

Լիանա Բրյան





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/04/2020

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ՄԻ ՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



 Երբեմն մի լուսանկարի մեջ է ամփոփվում մի ամբողջ պատմություն, դառնում հիշողությունների համախումբ: Լուսանկարներում, որտեղ զինվորներ ենք տեսնում հաճախ ասոցացնում ենք մեր եղբոր, բարեկամի ու սիրելիի հետ, այդ միջոցով մեղմելով կարոտը: Ստորև ձեզ ենք ներկայացնում համացանցում մեծ տարածում գտած լուսանկարների պատմություններ: Լուսանկարները համոզված եմ ձեզ ևս ծանոթ են, իսկ թե ինչպես են ծնվել դրանք և ովքեր են այնտեղ՝ կարդացեք նյութում:


  Լուսանկարի ժպտացող զինվորը Գուրգեն Մելքոնյանն է, ով գրկել է ծառայակից Արթուր Հակոբյանին: Լուսանկարն արվել է ԱՀ-ի Եղնիկներ կոչվող զորամասի պահպանության տակ գտնվող դիրքերից մեկում Ապրիլյան պատերազմի ժամանակ:
- Լուսանկարիչը խնդրեց նկարել մեզ: Արթուրը խուսափեց նկարվելուց ու ստացվեց այս լուսանկարը: Կարծում եմ ավելի հաջող ու ամենակարևորը անկեղծ նկար եղավ: Երևի պատերազմի միակ լուսավոր կողմն այն եղավ, որ գտա իսկական ընկեր: Արթուրն իմ ամենալավ ընկերն է եղել ու կա:

Լուսանկարը՝ Հակոբ Հակոբյանի


 Լուսանկար, որին նայելիս դժվար է չհուզվել, հատկապես երբ կարդաք դրա պատմությունը: «Հարսանքի թիկունքում» ներկայացման ժամանակ կապիտան Գաբրիելյանն է իր զինվորի՝ Արման Օրդուբեկյանի հետ: Ներկայացման ժամանակ տեսանյութ է ցուցադրվում, որտեղ Արման Օրդուբեկյանի հայրը, ով կամավոր էր Ապրիլյան պատերազմի ժամանակ, ասում է՝ «եկել եմ որդուս մոտ, բայց այստեղ բոլորն իմ տղաներն են»:
 Ապրիլյան պատերազմի ժամանակ Արմանի մեծ եղբայրը՝ Արայիկը, ծառայում էր Ջաբրայիլում, հայրը մեկնել էր այնտեղ որպես կամավորական: Հայր ու որդի անցնում են Ապրիլյան պատերազմի միջով, սակայն 2016 թվականի սեպտեմբերին Արայիկը զոհվում է հակառակորդի կրակոցից:
Լուսանկարն արվել է հոր՝ վերը նշված խոսքերի ժամանակ: Թեև Արման Օրդուբեկյանն արդեն ավարտել է ծառայությունը, սակայն կապիտան Գաբրիելյանը հիշում է իր նախկին զինվորին.
-Հայրենիքին նվիրված, կարգապահ զինվոր էր: Միշտ ուզում էր ծառայել նույն զորամասում, որտեղ իր եղբայրն է եղել:  
 Արմանի հետ զրուցելիս նա ևս խոսեց այս մասին. ցավոք չստացվեց ծառայել նույն զորամասում, նույն դիրքում, որտեղ եղբայրն էր ծառայել: Իսկ կապիտան Գաբրիելյանի հետ կապված Արմանը միայն լավ հիշողություններ ունի.
-Նրա պես իսկական սպաներ պետք են մեր բանակին: Միշտ զինվորի կողքին էր թե՛ ծառայողական, թե՛ անձնական հարցերում:

Լուսանկարը՝ Դավիդ Ղահրամանյանի


Արամ Մուրադյանն ու Վահան Ստեփանյանն են ՊԲ-ի ենթակայության տակ գտնվող դիրքերից մեկում: Ծառայակից ընկերներին Ապրիլյան պատերազմն էլ ավելի մտերմացրեց ու դարձրեց մարտական ընկերներ: Արամը հիշում է. 
«Խրամատում քայլում էինք, իսկ նկարահանող խումբը գալիս էր մեր հետևից: Առաջ բերեցի Վահանի գլուխն ու համբուրեցի սաղավարտը»:
 Տղաներն այն դիրքից էին, որտեղ խոցվեց հակառակորդի ուղղաթիռը: Արամը հիմա, երբ նայում է նկարին չի հավատում, որ այնտեղ ինքն է: Կարոտով է հիշում այդ օրերն ու ասում.
«Պատերազմը սովորեցրեց, որ կյանքում ամեն ինչ հաղթահարելի է. մահ ու կռիվ տեսնելուց հետո ոչ մի փորձության առաջ կանգ չես առնի»: 
 Պատերազմը Արամի կյանքին այլ ընթացք տվեց: Երբ Արցախում մարտական գործողություններ էին ընթանում, սփյուռքահայությունն ամեն առումով աջակցում էր հայրենիքին: Հենց այդ ժամանակ Արամի մոր հետ համացանցի միջոցով մի աղջիկ ծանոթացավ՝ Արցախից նորություններ իմանալու և զինվորի մորը կողքին լինելու համար: Արամի զորացրվելուց մի տարի հետո նրանք հանդիպեցին ու սկսվեց մի սիրո պատմություն։

Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի («Զինուժ»)


Նկարում ձախից Վաչո Պետոյանն է, Զարզանդ Զաքարյանն ու Արմեն Գաբրիելյանը: Համացանցում հաճախ էր շրջում այն լուրը, որ լուսանկարում են հայր, որդի և թոռ, բայց ինչպես արդեն նկատեցիք ազգանուններից նրանք չունեն արյունակցական կապ: Նկարն արվել է Թալիշում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ: 
 Արմենն ասում է՝ երբ իմացան, որ օգնող ուժեր են միանալու իրենց, սկզբում անհանգստացան՝ չուզելով իրենցից ավագներին տեսնել պատերազմական իրավիճակում, սակայն, երբ կամավորականները եկան, ամեն ինչ փոխվեց: 
 -Յուրաքանչյուրից ամեն վայրկյան սովորելու բան ունեինք, նրանց տված փորձը, խորհուրդները երբեք չէր սպառվում: Մենք ավելի ուժեղ էինք, որովհետև նրանք մեզ հետ էին:   
 Իսկ թե ինչ փոխվեց պատերազմից հետո իր կյանքում՝ Արմենը երկար լռելուց հետո ասում է.
 -Պատերազմը ինձ տվեց և տարավ ինձնից մարտական շատ ընկերներ: Դրանից հետո ես սկսեցի վերարժևորել կյանքը, ժամանակը: Հասկացա, որ պետք է մարդկանց օգնել առանց պատճառի՝ փոխադարձ ակնկալիքներ չսպասելով: Սկսեցի ավելի շատ սիրել աշխարհը, մարդկանց, նույնիսկ ծաղիկները, սիրել այն ամենը, ինչին նախկինում կարևորություն չէի տա:

Լուսանկարը՝ Photolur.am-ի


  Իսկ ծաղիկներով հայտնի զինվորը Համազասպ Ասլանյանն է: Վերջինս ասում է՝ դեռ մանկուց դաշտային ծաղիկներ էր հավաքում ու տոն օրերին նվիրում իրենց մեծ ընտանիքի կանանց: 2015 թվականի մարտի ութն էլ բացառություն չէր, բայց քանի որ անձամբ չէր կարող նվիրել՝ ծնվեց այս լուսանկարը: 
 -Փունջը հազիվ թե 200 դրամանոց կոպեկի չափ լիներ: Տվեցի տղերքից մեկին, իրեն նկարեցի, որ հասկանա թե ոնց պիտի նկարի: Իսկ հաջորդ օրը քրոջիցս իմացա, որ նկարը տարածվել է ամբողջ համացանցով: 
 Ասում է՝ երբևէ չի մտածել, որ նկարի մեկնաբանություններն իրեն են ուղղված: Նկարում ամենքն իրենց հարազատին են տեսնում, իրենց զավակին, եղբորն ու սիրած տղային: 
 Համազասպը ծառայել է Արցախի հարավ-արևելյան զորամասերից մեկում: Լուսանկարում դիրքերում է՝ մարտական հեթապահություն իրականացնելիս: Ինչպես ինքն է ասում՝ բոլորիս կյանքի ամենաերջանիկ օրերը եղել են դիրքերում:

Լուսանկարը՝ Արամայիս Բրյանի (ծառայակից ընկեր)


  Լուսանկարում Նարեկ Մանուկյանն է Ապրիլյան պատերազմից օրեր հետո: Նարեկը լավ է հիշում այդ օրը և առհասարակ ամեն ինչ՝ կապված ծառայության հետ: Պատմում է, որ երբ տեսավ համացանցում արդեն տարածված լուսանկարը հիասթափվեց ինքն իրենից, ինչպես ինքն է ասում «գեշ ու կեղտոտ վիճակից»: Բայց երբ զորացրվեց որոշեց, որ պետք է ինքը հրապարակի լուսանկարը.
 -Կյանքում շատ-շատ մարդիկ կան, ովքեր դժգոհում են փոքր խնդիրներից: Տանել չեմ կարողանում կյանքը չսիրողներին, թուլամորթներին: 
 Նարեկը նկարի միջոցով ուզեցել է ցույց տալ, որ կյանքում պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի, ընդունել կատարվածն ու երբեք չբողոքել քեզ բաժին հասած կյանքից: 
-Հարազատ տան անկողնում քնելը այս կյանքում ամենամեծ շռայլանքներից մեկն է, ու ես ամեն օր գնահատում եմ դա:
 Հիմա էլ երբեմն Նարեկի մտքերը գնում ու հասնում են դիրքեր, նույն մահճակալին, որտեղ ինքն էր պառկում ու մտածում տուն գալու մասին: 
-Հավանաբար հիմա նույն տեղում նույնն է երազում մի ուրիշ զինվոր:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի (News.am)


Լուսանկարում Սարգիս Հովհաննիսյանն է: 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում: Լուսանկարը մեծ տարածում գտավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն այն արվել է 2014 թվականի դեկտեմբերին, երբ զինվորը մարտական հերթապահություն էր իրականացնում Նախիջևանի սահմանին: Լուսանկարը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների. ցուցադրվել է Երևանի քաղաքապետարանում, եվրոպական մի քանի երկրներում ու Մոսկվայում: Սարգիսը հիշում է. 
«Լուսանկարիչը խնդրեց մի պահ շրջվել ու առաջին իսկ կադրից ստացվեց այս լուսանկարը, իսկ նման մեծ տարածման չէի սպասում»:

   Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի


 Ծաղիկներով հայտնի լուսանկարի մյուս զինվորը Կարո Մխիթարյանն է: 2016 թվական, ապրիլի 7, Թալիշի դիրքեր. այս ժամանակ միակ միջոցը ընկերուհուն տոնի առթիվ շնորհավորելու՝ ծաղիկներն էր, այսպես էլ ծնվեց լուսանկարը: 
-Խառը ժամանակներ էին, բայց գտա մի տարբերակ ու ինձ օգնեցին դրքերի կարմիր կակաչները:  
Կարոն մտովի հետ է գնում, հիշում պատերազմն ու ասում, որ կարծես 20 տարով մեծացած լինի:
- Պատերազմ տեսած աչքերը տարբերվում են: Դրանից հետո ամեն մանրուք սկսում ես տեսնել ու գնահատել:

Լուսանկարը՝ Էմին Սաֆարյանի (ծառայակից ընկեր).



Լուսանկարիչների և լրատվամիջոցների անունների հետ կապված անճշտության հանդիպելիս գրեք մեր ֆեյսբուքյան էջին:  


Լիանա Բրյան 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2020

Նորակոչիկների հանդիսավոր երդման արարողություն ուսումնական N զորամասում․ ֆոտոռեպորտաժ

ՀՀ ՊՆ զորամասերում շարունակվում են նորակոչիկների երդման արարողությունները: ՀՀ ՊՆ ենթակայության ուսումնական N զորամասում ևս տեղի ունեցավ երդման արարողությունը, որով նորակոչիկները «պաշտոնապես» անցան զինվորական ծառայության: Նորակոչիկները, մինչև երդման արարողությունը,մի քանի շաբաթ շարունակ անցել են պատրաստություն, ծանոթացել զինվորական առօրյային, իսկ երդման հանդիսավոր արարողությունից հետո զինվորները քայլերթով ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ անցան շարահրապարակով: Banak.info կայքը և Հանուն հայ զինվորի ՀԿ-ն շնորհավորում են նորակոչիկներին ու մաղթում խաղաղ ծառայություն: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ երդման արարողությունից։






































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`