Showing posts with label Իննա Թումանյան. Show all posts
Showing posts with label Իննա Թումանյան. Show all posts

31/07/2020

Բանակը կյանքի կարևոր օղակներից է, ու այն պիտի կոփի ինձ. «Զինվորից 5 պակաս»


«Զինվորից 5 պակաս» շարքը մոտենում է ավարտին: Վերջին զինակոչիկը Banak.info կայքի լրագրող Սիմոն Հովհաննիսյանն է:
Ապագա զինվորը մի քիչ շատախոս է, բայց մտերիմներն ասում են, որ հետաքրքիր զրուցակից է. «Շփվող եմ, մի քիչ բարի, վերլուծում եմ գրեթե ամեն ինչ ու փորձում եմ ամեն ինչին նայել երկու կողմից։ Ես սիրում եմ ստեղծագործել, շփվել ընկերներիս հետ, նկարներ խմբագրել հեռախոսով և այլն»,- ասում է Սիմոնն ու հավելում, որ նաև ինքնավստահ ու բծախնդիր է:

Ծառայության դժվարությունների մասին շատ է մտածել, բայց հաշվի առնելով ծառայության առավելություններն ու այն՝ ինչ տալու է իրեն ծառայությունը, երբևէ չի  մտածել խուսափելու մասին. «Հաշվի առնելով ծառայության կարևորությունը տղայի կյանքում, գիտակցված ու հոգեբանորեն պատրաստվելով՝ անցկացնում եմ նախազինվորական օրերս»։ 
Սիմոնի կարծիքով կարևորը կոփվելն ու հայրենիքին ծառայելն է, իսկ թե որտեղ, արդեն էական չէ։ Հայկական բանակում տեղի ունեցող փափոխություններին զորակոչիկը հետևում է լրատվամիջոցների օգնությամբ. «Բացի այդ սնունդի, հագուստի և այլնի մասին փոփոխությունները տեսել եմ, իսկ մնացածի մասին կգնամ, անձամբ կտեսնեմ ու կհամեմատեմ լսածս՝ տեսածիս հետ»։  
Սիմոնի ընտանիքի անդամներն իր նման են մտածում. «Բանակը կյանքի կարևոր օղակներից է ու այն պիտի կոփի ինձ։ Գուցե ներքուստ տանը նեղվում են, բայց ցույց չեն տալիս»,- պատմում է ապագա զինվորն ու մյուս զորակոչիկներին մաղթում՝ լինեն վստահ, անկոտրում և ազնիվ. «Պետք է գիտակցել բանակի կարևորությունը»։ 

Բլից հարցում.

1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
- Զոռով կուտեմ:

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
- Կսպասեմ հնարավորության, կամ կփորձեմ ինքս ստեղծել այն:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Կծառայեի։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
- Կփորձեմ հնարավորինս ընկերական տոնով դիմել հենց իրեն` սերժանտին։

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Չեմ մտածել այդ մասին, երևի կուրախանամ ու կփորձեմ հնարավորինս լավ սերժանտ լինել զինվորների համար:

6․ Եթե փախուստի հնարավորություն ունենաս…
- Ցանկություն հաստատ չեմ ունենա։

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
- Ինձ նորմալ կպահեմ, հարկ եղած դեպքում կշփվեմ:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կուրախանամ:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
- Հիմա մտածում եմ, որ գուցե շատ ուրախ լինեմ, բայց հնարավոր է կապվածության հետևանքով նաև շատ տխրեմ:

                                                                               
Իննա Թումանյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/07/2020

Ոչ ոք պարտք չունի սեփական հայրենիքի հանդեպ,որովհետև պարտքը սիրով չեն տալիս.«Զինվորից 5 պակաս»


Banak.info-ն հուլիսյան մարտերից հետո նորից շարունակում է «Զինվորից 5 պակաս» շարքը, զրուցելով  մի երիտասարդի հետ, որն ինչպես ինքն է ասում՝ հանուն հայրենիքին ծառայելու, ծնողներին թողել է Ռուսաստանում ու փախել Հայաստան:
Տղայի փախուստն անշուշտ վշտացրել է ծնողներին, նեղացել են, բայց հպարտ են, որ նման որդի ունեն, քանզի Միհրան Կոստանյանը համառ է, ըմբոստ ու միևնույն ժամանակ հանդուրժող: Նա ցանկանում է արժանի զավակ լինել նաև իր հայրենիքի համար:
Նրա համար զինվորական համազգեստ կրելը պատիվ է. «Համազգեստն ինձ հուշում է, որ ես պարտավոր եմ ոչինչ չխնայել հանուն հայրենիքիս և պատվով մեռնել հանուն նրա, եթե հարկ լինի։ Զինվորի առաքելությունը մարտի դաշտում սեփական անձը զոհելու մեջ է, քանզի պարտված ապրելը նվաստացնում է ազգային արժեհամակարգդ, իսկ արժանապատվորեն մեռնելը՝ բարձրացնում սերունդներիդ ոգին»,- վստահորեն ասում է զորակոչիկն ու հավելում, որ վիճակահանությամբ ինչ թերթիկ էլ իրեն բաժին ընկնի, ամեն ինչ անելու է, որ Արցախում հայտնվի:
Միհրանն ապագա արաբագետ է, ստեղծագործում է, երազում տպագրվելու մասին ու պարում ազգագրական պարեր, բայց դրանք նրան չեն խանգարել, որ հետաքրքրվի հայկական բանակով: Ասում է, որ բանակը վերազինելու գլխավոր միջոցը հոգեպես զինելն է սեփական զինվորին.
 «Մարտունակ բանակ ունենալու նախադրյալների հիմքում պետք է դնել ազգային ինքնագիտակցությունը, նժդեհյան գաղափարախոսություն է մեզ հարկավոր»:
Ապագա ծառայակից ընկերներին Միհրանը խորհուրդ է տալիս լինել հանդուրժող, պահպանել ազգայինն ու սեփականը. 
 «Պետք է հասկացնել մնացած զորակոչիկներին,որ ոչ ոք պարտք չունի սեփական հայրենիքի հանդեպ, որովհետև պարտքը սիրով չեն տալիս»:

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
- Կվարվեմ Դուշմանի պես. կվերցնեմ մի բուռ հող, զինընկերներիս մոտ կուտեմ ու կապացուցեմ,որ նույնն է, ինչ մայրական կաթը։

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
- Չեմ պահի:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Պարտադիր կծառայեի ու իմ որդիներին էլ կստիպեի ծառայել հայրենիքին։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
-Կփորձեմ ընկերաբար շտկել։

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Ամեն բան կանեմ՝ պաշտոնում եղած ցանկացած պարտականություն, պատվով կատարելու համար:

6․ Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս…
- Չեմ փախչի, առհասարակ չեմ դիմի նման քայլի:

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
-Կհարգեմ՝ որպես զինվորի:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կհպարտանամ ու իրենց կընդունեմ իմ քույրերի պես:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
-Կտխրեմ:


Իննա Թումանյան 

                                                                                 
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/07/2020

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ամփոփվեց սահմանային այսօրվա իրավիճակը

«Կեսօրից հետո ըստ էության Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական, հարվածային անօդաչու թռչող սարքեր»,-  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ առաջնագծի օպերատիվ իրավիճակը ներկայացնելիս, հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ հարվածներից մեկով վիրավորվել է քաղաքացիական բնակիչ, որից հետո մեքենայով օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, իսկ մյուս հարվածը հասել է ԱԻՆ ավտոմեքենային, բայց բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ չկան:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-երը թույլ են տվել ադրբեջանական ԶՈՒ-երի ներկայացուցիչներին, որ նախօրեի գիշերը  իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանեն տարածքից. «Այս մասին ՊՆ-ն պաշտոնապես էլ հայտարարեց, հստակ նշումներով լուսանկարներ ցուցադրվեցին: Հարկ է նշել, որ սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-երի զինծառայողների դիակներ կան»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց և առաջացել է զավեշտալի հակասություն. «Եթե այդ տարածքները իրենց տարածքում էին, ապա ինչու  էին մնացել  այդքան ժամանակ, կամ ինչպես էին մեր վերահսկողության տակ և պետք էր մեր կողմից թույատվություն կամ կրակի դադարեցում, որպեսզի այդ դիակները հանվեն»:
Ըստ Հովհաննիսյանի, օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով. «Պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ կողմից, ի պատասխան մեր հայկական տիրույթում տարբեր մասնավոր, անհատ մարդկանց հայտարարություններին՝ հարվածներ հասցնելու Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին, պաշտոնապես հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին, որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ հայտարարություն ՀՀ ԶՈՒ-երի մարմինների կողմից չի եղել, որևէ քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈՒ-երի կողմից»:


Լիանա Բրյան
 Իննա Թումանյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/07/2020

Կեսգիշերից սկսած՝ կրակոցների գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ՝ 18։00-ից սկսած, խոշոր տրամաչափի զենքեր ակտիվ չեն կիրառվել, իսկ կեսգիշերից սկսած, կրակոցների գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել։ Մինչև այդ ժամը եղել են որոշակի կրակոցներ և մեր ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են  հակառակորդի երկու ԱԹՍ, դրանից հետո անդորր է»,- Իջևան քաղաքում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում՝ ներկայացնելով օպերատիվ իրավիճակը, հայտնեց  Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ այս պահին ևս շարունակվում է այդ վիճակը․ «Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել ու որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»։
Հովհաննիսյանը ցավակցական խոսք ասաց մեր չորս զոհերի մասին, ապա նշեց, որ հակառակորդը 12 կորուստների անուններ էր շրջանառում։

Հիշեցնենք, որ արդեն  երկու օր է լարված իրավիճակ է ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի հատվածում, որտեղ ադրբեջանական կողմը իրականացնում է սադրիչ գործողություններ` կիրառելով ականանետներ, ծանր հրետանի, տանկեր, հետախուզական և մահապարտ ԱԹՍ միջոցներ։


Իննա Թումանյան 

         

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Քսան վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է


Հուլիսի 12-ից սկսած, մենք ունեցել ենք մոտավոր երկու տասնյակ վիրավոր։ Նրանցից կեսն  ունեցել են աննշան վնասվածքներ  և վերադարձել են շարունակելու ծառայությունը․ «Փաստացի բուժվում են 10 վիրավորներ, որոնցից 5-ի վիճակը թեթև ծանրության է, իսկ մյուս 4-ինը՝  միջին։ Բժիշկների հավաստմամաբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում,- հավելելով, որ միայն մեկ զինծառայող գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։


Իննա Թումանյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/07/2020

Տանեցիները տխուր են, բայց ցույց չեն տալիս. «Զինվորից 5 պակաս»


Գյումրեցի զորակոչիկը՝ Հովհաննես Ջուհարյանը, քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին անցումը չի պատկերացնում, ուղղակի ոգևորված սպասում է այն պահին, երբ վերջապես համազգեստ կհագնի. «Ավարտել եմ Շիրակի պետական համալսարանը, ծրագրավորող եմ ու շատ կուզեմ Կիբեռ բանակում ծառայել, որ իմ մասնագիտությանը մոտ լինեմ»,-պատմում է ու հավելում, որ նախկինում բանակով շատ քիչ է հետաքրքրվել, բայց որոշ փոփոխություներ՝ այնուամենայնիվ նկատել է. «Շատ եմ լսել, որ սնունդը լավացել է, ասում են նաև, որ միջկանոնադրային հարաբերություններն ավելի են բարելավվել»: 
Հովհաննեսի խոսքով, տանեցիները տխուր են, բայց ցույց չեն տալիս: Ինքն անհամբեր է, պլանավորում է ծառայելուց հետո անպայման շարունակել սովորել և/կամ աշխատել իր մասնագիտությամբ: Մյուս նորակոչիկներին ապագա զինվորը մաղթում է, որ դուխով լինեն. 
«Թող հիշեն, որ բանակն էդքան էլ սարսափելի բան չի, նենց կանցնի, չեն էլ հասկանա»:

Բլից հարցում.

1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Սոված կմնամ։

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
-Կկարոտեմ:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը:
- Մեկ տարով կգնայի, բայց երկուսը՝ շատ եմ համարում (մասնագիտությանը խանգարելու առումով)։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես… 
-Եթե ինձ վերաբերվի, կխոսեմ իրենց հետ, եթե չէ, չեմ կարծում, որ կխառնվեմ:

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Կուրախանամ, երևի:

6․ Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս…
- Դուխ չեմ անի փախնեմ (ծիծաղում է)։

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
- Մի կերպ կծառայեմ:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Չեմ հավատա:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
- Կասեմ այ մարդ, էս ո՞նց թռա՜վ էս երկու տարին։


Իննա Թումանյան 
                                                                          


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/07/2020

Հայաստանում բացվեց AK-103 ինքնաձիգի հավաքման արտադրամաս /տեսանյութ/

Հայաստանում բացվեց ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման արտադրամաս։ Ձեռնարկությունը հիմնվել է Նեյտրոն գիտաարտադրական միավորում ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի  համագործակցության պայմանագրի հիման վրա։ Մանրամասները` ստորև ներկայացվող տեսանյութում։

Իննա Թումանյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2020

«Լսարանից խրամատ անցումը պարտավորեցնող է». «Զինվորից 5 պակաս»

    «Եթե գնամ խորը արմատներ, ապա կարող եմ ասել որ ծուռ սանսունցի եմ»,-հպարտությամբ պատմում է «Զինվորից 5 պակաս» շարքի մեր հաջորդ զրուցակիցը՝ Արմեն Բեգանյանը, որն այժմ ապրում է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:
 Արմենը սովորել է Ուջան գյուղի երաժշտական դպրոցում, ապա սերը դեպի երգն ու երաժշտությունը՝ նրան տարել են Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ. «Նոր եմ ավարտել 3-րդ կուրսը, սակայն բանակից վերադառնալուց հետո շարունակելու եմ ուսումս ևս մեկ տարի, որպեսզի ավարտեմ քոլեջը»,- պատմում է ու հավելում, որ սիրում է նորարարություններ անել տարբեր երաժշտական գործիքներով. «Սկզբում ակորդեոն, ապա գալարափող, շեփոր, սինթեզ, բոլորովին վերջերս սկսել եմ կիթառ նվագել սովորել։ Շա՜տ ժամանակ եմ անցկացնում ականջակալներով` Կոմիտաս, Բոչելլի, Պավարոտի, Կոկեր լսելով»:

Ապագա զինվորն իրեն նկարագրելիս չափազանց անկեղծ է. «Բռնկուն եմ, ինքնամփոփ, ընկերներիս հետ կատակասեր եմ, բայց աշխատասեր չեմ»:
Դեռ մանուկ հասակից հիշում է, որ մայրը մտահոգվում էր, թե տղան մի օր բանակ է գնալու, իսկ հայրը շարունակ կրկնում էր, որ տղան ամեն դեպքում պետք է հաստատ ծառայի. «Ինքս էլ երբեք չեմ մտածել ծառայությունից խուսափելու մասին։ Դեռ ավելին՝ անգամ չուզեցի մեկ տարով ևս հետաձգել։ Քոլեջում պետք է սովորեմ 4 տարի, անվճար եմ ու կար հնարավորություն ծառայության մեկնելու ոչ թե այս տարի, այլ մյուս, երբ կավարտեի, սակայն ինքս եմ որոշել չհետաձգել ծառայությունը»:
«Լսարանից խրամատ անցումը պարտավորեցնող է: Իսկ ծնողներիս տխրությունը, վստահ եմ՝ գերակա չէ նրանց զգացած հպարտությանը»,- ասում է Արմենը

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Մի քանի անգամ գուցե սոված մնամ, հետո կհարմարվեմ։

2Եթե հնարավորություն չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու

- Կկարոտեմ կամ էլ թղթի միջոցով նամակ կգրեմ:

3 Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
- Կարծում եմ, այնուամենայնիվ կլիներ ծառայելու ցանկություն։

4 Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կտխրեմ:

5Եթե ինքդ սերժանտ դառնաս
-Պարտավորված կլինեմ առավել անթերի ծառայել:

6 Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս
- Փախուստի դիմողները մինչև զորակոչվելն են փախչում։

7 Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու
- Ուրախ կլինեմ, բոլորի հետ հնարավոր է լեզու գտնել:

8 Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու
- Շատ աղջիկ երեխաներ կունենամ:

9 Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես
- Չեմ կարող ասել ինչ կանեմ, կամ կզգամ. կուրախանամ, կտխրեմ, կլարվեմ։

                                                                
                       Իննա Թումանյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2020

«Իմ պարտքն եմ համարում ծառայել հայրենիքիս»․ մեկնարկում է «Զինվորից 5 պակաս» շարքը

  2020թ.-ի ամառային զորակոչի ընթացքում, Banak.info-ն վերսկսում է իր ամենամյա՝ «Զինվորից 5 պակաս» շարքը, որում տեղ են գտել հայկական բանակ զորակոչվող մի շարք երիտասարդների հետ զրույցներ:
Մեր առաջին զրուցակիցը գյումրեցի Տիգրան Մկրտչյանն է, որը վերջերս ավարտել է Շիրակի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինը ու շուտով բանակ է զորակոչվելու: Ապագա ծառայակից ընկերներից տարիքով մի փոքր ավելի մեծ լինելու փաստը նրան չի մտահոգում, կարծում է, որ և՛ հեշտ կլինի, և՛ դժվար. ամեն դեպքում նա շատ լավ է տրամադրված:
Տիգրանի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է. «Սիրում եմ զբաղվել ձկնորսությամբ, հետաքրքրված եմ ֆուտբոլով և մասնավորապես՝Բարսելոնա ակումբով»,-ասում է ու հավելում, որ համակարգչային նորագույն տեխնոլոգիաները իր տարերքն են:
Ինքն իրեն մեկ բառով բնութագրելիս, ասում է, որ համբերատար է: Նա իր ողջ գիտակից կյանքում հետաքրքրվել է բանակով ու երբևէ չի մտածել ծառայությունից խուսափելու մասին. «Իմ պարտքն եմ համարում ծառայել հայրենիքիս ու կարծում եմ, կապ չունի, թե որտեղ կծառայեմ, միայն ուզում եմ գիտելիքներս ճիշտ օգտագործելով նպաստել մեր բանակի հզորացմանը»:
Անցումը լսարանից՝ խրամատ, Տիգրանի կարծիքով պետք է որ շատ հետաքրքիր լինի, բայց գիտի, որ ծնողների համար սկզբնական շրջանում մի քիչ դժվար է լինելու համակերպվելը. «Այնուամենայնիվ ես կարծում եմ հպարտ կլինեն, որ իրենց որդին ծառայում է հայոց բանակում»:
Ապագա զինվորի համար, հայկական բանակում կատարված փոփոխություններն ակնհայտ են ու ահռելի՝ սկսած սննդից, մինչև զենքերի արդիականացում: «Կցանկանամ, որ բոլորի ծառայությունը հեշտ անցնի», - ասում է Տիգրանը, երբ հարցնում եմ, թե ինչ կմաղթի մյուս նորակոչիկներին ու անցնում ենք մեր զրույցի հետաքրքիր մասին:

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Ինձ թվում է որ կլինեն:

2Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
- 21-րդ դարում կապ պահելը շատ հեշտ է, չեմ կարծում, որ նման խնդիր կունենամ։

3 Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
-Ծառայել, բայց մեկ տարով։

4 Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կփորձեմ խորհուրդներ տալ թերությունները շտկելու համար։

5Եթե ինքդ սերժանտ դառնաս
-Լավ կլինի:

6 Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս
-Չեմ փախչի։

7 Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
-Կփորձեմ վերաբերմունքս փոխել իր հանդեպ:

8 Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կարծում եմ՝ անհնար է այդքան աղջիկ նույն հագուստով:

9 Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
-Կուրախանամ կամ կտխրեմ:

                                                                     
Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/06/2020

Այսօր Արմեն Հովհաննիսյանը կդառնար 26 տարեկան

  Հերոս չեն ծնվում, այլ դառնում են, որովհետև կյանքով լցված երիտասարդը դժվար թե պատկերացներ, որ մի ակնթարթում՝ առանց մտածելու, կշեռքի նժարին կարող է դնել ամենաթանկը՝ հենց կյանքը...
Հունիսի 30-ը Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Ամեն տարի՝ փոփոխվող թվերի հետ, ցավն ավելի ու ավելի է մեծանում, որովհետև նրան շնորհավորելու, գրկելու փոխարեն մենք դեմ ենք առնում նրա գերեզմանաքարին:

Քայլերս էլի տանում են Եռաբլուր, մի վայր, որտեղ ակամայից ժպտում եմ ու խաղաղվում: 
Ոտքերիս տակ հողը տաք է, երբեմն նույնիսկ ոչինչ չեմ զգում: 
2014թ.-ին Արմենն իր մարմնով փակեց փամփուշտի ճամփան, բայց պատերազմի դուռը մինչ օրս կիսաբաց է մնացել...
Այսօր ես նայում եմ երկնքին ու հասկանում, որ տղաները մեր հաղթանակն են, քանզի նրանք խլացնում են իրենց գլխավերևով անցնող փամփուշտների ձայները, որ մեր գլխավերևում թռչունները խաղաղության երգեր երգեն։

Ծնունդդ շնորհավո՜ր, եղբայր, թող հոգիդ սավառնի լույսերի մեջ, փառք ու պատիվ քեզ...

Ստորև Banak.info-ն ներկայացնում է ֆոտոշարք՝ Եռաբլուր զինվորական պանթեոնից:
              

         Իննա Թումանյան


















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/05/2020

Շուշիի ազատագրման հիմքերը. անցել է 28 տարի


Շուշիի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ ներկայիս  լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ:
Կոմանդոս կամ ռազմական մտքի հեղափոխական: Նրան նկարագրելիս կարելի է ասել, որ Նա ապացուցեց՝ անհնարինը կարող է դառնալ հնարավոր:
Հրամանատարը հետագայում պատմում է, այդ օրերի մասին.

«Մեկ օրում՝ 26․5 ժամում մենք ազատագրեցինք Շուշիի ամրոցն ու դրա մերձակա տարածքը։ Հաղթանակը ապահովվել է մեր ազատագրող զինվորների մարտական պատրաստվածության շնորհիվ»։
Գործողությանը նախապես տրվել էր  «ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ» անվանումը:
Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դարիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռաֆայել Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը:
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են  եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավորուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: 
Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով հետաձգվել էր: ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում:
Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը։
Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։
Դուշման Վարդանն առաջիններից էր, որ, Աշոտ Բեկորի հետ մտավ Շուշի:

Ասում են, Շուշին ազատագրելուց հետո, Վարդանը «բետեէռ» է նստում ու բանտի դուռը ջարդելուց և հայ գերիներին ազատելուց հետո, Շուշիի եկեղեցու մեջ շրջելուց ու բոլոր քարերը համբուրելուց հետո, մի պահ տեսնում են, որ նա չկա: Մտածում են՝ դարանակալած թուրք կա, ու մի բան է պատահել, բայց Վարդանին գտնում են հայկական գերեզմանոցում. Նա  այնտեղ կաթիլ- կաթիլ գինու շշից կաթեցնում է նահատակների շիրիմներին ու բարձր գոռում.
 -Մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է, հանգստացեք…
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Արցախյան ազատագրական պայքարում Շուշի քաղաքի ազատագրումը պատմական լուրջ նշանակություն ունեցող իրադարձություն էր, որը համարվեց հայոց պատմության հերոսական պայքարի էջերից մեկը: Քաղաքի ազատագրումը ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ այն բեկումնային դարձավ պատերազմի ողջ ընթացքի համար:



Իննա Թումանյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`