Showing posts with label Էդգար Գրիգորյան. Show all posts
Showing posts with label Էդգար Գրիգորյան. Show all posts

25/02/2019

Հունվարի 1-ին մահացած զինծառայողի գործով նորություն չկա. մայրը մտադիր է դիմել Փաշինյանին

News.am  կայքը գրում է.
Հունվարի 1-ին հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի գործով դեռ ոչ մի նորություն չկա։ NEWS.am-ի հետ զրույցում Էդգարի մայրը՝ Ալինա Սարգսյանը, ասաց, որ որոշ ժամանակ անց նորություն չլինելու դեպքում կդիմի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Դեռ ոչ մի նոր բան չկա, չգիտեմ՝ ինչի է էսքան ձգձգվում։ Հույսս էլ է արդեն կտրվել, որ ինչ-որ բան կփոխվի։ Արդեն 2 ամիս է անցել ու ոչ մի բան, ինչպե՞ս է հնարավոր։ Որոշ ժամանակ անց կդիմեմ վարչապետին, կհարցնեմ՝ ինչքան պետք է այսպես շարունակվի, ինչքան պետք է ես լռեմ, սպասեմ, ինչի 9 հոգուց ոչ մեկ չի պատմում, ինչու են բոլորը լռում, իրենց ձեռք չի՞ տալիս, որ սենց լռում են։ Ոնց կարող են էդ մարդիկ մի սենյակում կատարված բանը չիմանան»,- ասաց Էդգարի մայրը՝ նշելով, որ կասկածի տեղիք տալիս նաեւ այն, որ սկզբում մի բան են ասել, հետո՝ մեկ այլ բան։
Տիկին Ալինան ասաց, որ ինքը խոսել է գործով քննիչի հետ, նա էլ հորդորել է սպասել. «Ես գիտեմ, որ դա իմ տղան չի արել, դա բացառվում է»։
Մահացած զինծառայողի մայրը հավելեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն էլ դեռ չեն ստացել։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Պնախարար Դավիթ Տոնոյանն հայտարարել էր, որ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ տեղեկատվություն, և դա չի արել տարիներ շարունակ:
«Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչի հետ է կապված եղել, որովհետեւ հաշվի առնելով, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- հավելել էր նա:
ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Նշենք, որ Էդգար Գրիգորյանը 5 ամսվա պայմանագրային զինծառայող էր, ընտանիքի միակ տղան, 3 անչափահաս երեխաների հայր:

«Վստահ եմ՝ տղայիս սպանել են». հունվարի 1-ին մահացած զինծառայողի մայրը չի հավատում ինքնասպանության վարկածին 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/02/2019

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել». Դավիթ Տոնոյան

Այսօր Կիպրոսի ՊՆ նախարարի և ՀՀ ՊՆ նախարարի մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ  Տոնոյանը Նոր տարվա գիշերը Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը թաքցնելու մասին  լրագրողների հարցին ի պատասխան ասաց՝ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել եւ դա չի արել տարիներ շարունակ:

«Այժմ ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված: Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»:
Ինչպես նշում է  Տոնոյանը,  լրագրողները  տեղեկատվություններ ստանում են տարբեր գերատեսչություններից, այդ թվում Պաշտպանության նախարարությունից, սակայն ավելացնում.

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»:
Հիշեցնենք նաև, որ տվյալ դեպքի մասին  չէր տեղեկացվել: Լրագրողների՝ ՊՆ-ին հարցման արդյունքում է հաստատվել տեղեկությունը:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով: 

Մերի Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2019

Չենք հրապարակել, բայց եւ չենք թաքցրել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորի մահվան լուրը չհայտնելու մասին

News.am  կայքը գրել է.
Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան մասին տեղեկություն չեն հրապարակել, բայց եւ չեն թաքցրել։ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է պարզաբանել, թե ինչու նախարարությունը չի հայտնել զինծառայողի մահվան մասին։
Նույն խնդրին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը․ «Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր»,- ասել է նա՝ հավելելով․ «Նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»։
Նա համաձայնել է լրատվամիջոցի դիտարկմանը, որ նախկինում այսպիսի ուշացում չէր եղել, բայց եւ պնդել է, որ «հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Եթե այդ ժամանակ տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝ քննությանը խանգարեր. ՊՆ փոխնախարարը՝ զինվորի մահվան դեպքը չհայտնելու մասին

Tert.am կայքը գրում է.
Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 31-ին զինծառայողի մահվան դեպքը չհայտնելուն։
«Տեսե՛ք՝ նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»,- ասաց Գաբրիել Բալայանը։
Դիտարկմանը, որ սովորաբար տեղեկատվությունը լինում էր զինծառայողների մահվան մասին հենց դեպքի հաջորդ օրը կամ հաջորդող օրերին, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս անց, ՊՆ փոխնախարարը նշեց. «Այո, սովորաբար Պաշտպանության նախարարությունը հնարավորինս հաղորդում է, բայց հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։
Հիշեցնենք, որ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել համապատասխան կառույցներին։
Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Հարցին, թե այս դեպքից հետո հասարակությունում չե՞ն կարող կասկածներ առաջանալ, որ բանակում մահվան այլ դեպքերի մասին ևս չի հաղորդվում, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետև ամփոփ տվյալները հրապարակվում են որոշակի պարբերականությամբ»։
«Եվ վերջում նաև հաշվի առե՛ք, որ բոլոր դեպքերում մարդկային ճակատագրի և հարազատների հետ կապված որոշակի նրբություններ կան, որոնք միանգամից հրապարակելը կարող է խնդիր առաջացնել ոչ միայն քննության, այլև ընկալման համար»,- նշեց փոխնախարարը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ամանորի գիշերը ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն դեպքի մասին չեն հայտնել

Tert.am կայքը գրում է.

Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ:

Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ ուղարկեց համապատասխան կառույցներին:

Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցերին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը, պատասխանել են.

«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

ՊՆ-ից առաջարկել են լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին:

Նշենք,որ Tert.am-ը ՊՆ-ին հարցում ուղարկելուն զուգահեռ գրավոր հարցում է ուղարկել նաև վարույթն իրականացնող Քննչական կոմիտեին:

ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել:

Tert.am-ի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը երեք երեխայի հայր էր:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`