Showing posts with label Արգիշտի Գաբոյան. Show all posts
Showing posts with label Արգիշտի Գաբոյան. Show all posts

14/05/2019

Խոստանում ենք հիշել ու վրեժխնդիր լինել. Արգիշտի Գաբոյանը կդառնար 28 տարեկան./Ֆոտոշարք/

Գյումրի 14.05.2019թվ. Banak.info
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղը անմասն չմնաց հայրենիքի պաշտպանությունից, սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող գյուղը երեք զոհ տվեց՝ ՊԲ սպաներ՝ Արգիշտի Գաբոյանը, Բենիամին (Մոնթե) Եղոյանը և ՊԲ ժամկետային զինծառայող`  Արման Անդրասյանը։

Մայիս ամիսը իր խորհրդանշական օրերի մեջ առանձնացնում է նաև 1991թվ. մայիսի 13-ը, այդ օրը ծնվել է կապիտան Արգիշտի Գաբոյանը, ով կդառնար 28 տարեկան։
Արգիշտիի հայրը՝ Արծվի Գաբոյանը, ով Արցախյան պատերազմ անցած ազատամարտիկ է, հետագայում արդեն պայմանագրային զինծառայող պատմում է, երբ որդին 6 տարեկան էր, Արցախում հանդիպել էր Վազգեն Սարգսյանին, գրկախառնվել, երկար զրուցել էին, երևի թե այդ զրույցն ու հանդիպումը հիմնովին փոխել էին Արգիշտիի կյանքը։

Հարազատների հետ զրույցից տեղեկանում ենք, որ Արգիշտիի սիրելի ուսուցչուհիներից մեկը Լուսինե Մուքոյանն է, ով դպրոցում պատմություն առարկան է դասավանդում։
Դպրոցում կազմակերպված փոքրիկ միջոցառման ավարտից հետո հանդիպում ենք ընկեր Մուքոյանին, փորձում հասկանալ, թե ինչպիսին էր Արգիշտին իր համար.
  «Յուրաքանչյուր դաս իր համար մեծ ճակատամարտ էր, մի խիզախ հերոսական օրինակ, որը նա նախապես թղթի վրա գծագրում էր բոլոր ճակատամարտերը և հատուկ մարտավարություն մշակում, թե ինչու որ զորավարը սխալվեց և պարտվեց, գալիս էր այդ գծագրով դասարանին ու ինձ բացատրում, թե ինչպես կարող էինք հաղթել և ինչպես կարող էր նաև թշնամին մարտ վարել»։
Ընկեր Մուքոյանը նաև հիշում է, թե ինչ մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էր Արգիշտին համադասարանցիներին պատմում, թե ինչպես է հանդիպել հոր մարտական ընկերներին, լսել նրանց անցած մարտական ուղու պատմություններն ու անձամբ ծանոթ է նրանց հետ։

 Մարտավարական փայլուն   մշակված գիտելիքները, հայրենասիրությունը, սովորելու մղումը Արգիշտիին տարան դեպի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ 2008-2013թթ. սովորել և լեյտենանտի զինվորական կոչմամբ անցել էր ծառայության Արցախի՝ Թալիշ գյուղի N զորամասում։
Արգիշտիի հետ նույն զորամասում ծառայող զինվորներից մեկը պատմում է.
«Բացառիկ հայրենասեր սպա էր, միշտ զգոն, երբեք չէր հանդուրժում անարդարությունն ու կամայականությունը, շատերիս համար հայրենասիրության վառ օրինակ էր»։
Ծառայության տարիներին Արգիշտին որոշել էր զորամասում Վազգեն Սարգսյանին նվիրված անկյուն ստեղծել, հավաքագրել էր նկարներ նյութեր, որոնք պիտի դառնային իր հերոսի՝ սպարապետի անկյունը։

2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 4-ին սկսված ուժեղ հրաձգության արդյունքում մարտական գոծողություններ իրականացնելու ժամանակ Արգիշտի Գաբոյանը զոհվել է գիտակցաբար նետվելով մարտի։
Արգիշտի Արծվիի Գաբոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԱՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար», ինչպես նաև ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 







































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/05/2018

«Ես կարգատիպն եմ իմ բախտի և ղեկավարն իմ հոգու» Արգիշտի Գաբոյան

Գյումրի 14.05.2018թվ.Banak.info
Մայիսի 13-ին կլրանար Թալիշում ապրիլյան պատերազմի ժամանակ արիաբար զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանի ծննդյան 27-րդ ամյակը ։
1991թվ. Մեծ Մանթաշում ծնված Արգիշտին գիտեր, որ հայրենիքը կարևոր արժեք է, որի համար պայքարում են ու դառնում նրա արժանի զավակը։
2008թվ. ավարտելով տեղի դպրոցը ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ:
Արգիշտին դեռ շատ փոքրուց էր կողմնորոշվել իր մասնագիտության հարցում` դեռ այն ժամանակ, երբ հայրը նրան հաճախակի Արցախ էր տանում։ Արգիշտին իր կյանքում մշտապես կարևոր տեղ է հատկացրել Սպարապետին, նա յուրահատուկ սեր ու հարգանք էր տածում նրա հանդեպ և ով իմանար, որ տարիներ հետո պիտի շարունակեր նրա արդար պայքարը։
Արգիշտին ուժեղ ու համառ բնավորությամբ օժտված մարդ էր, նա ամեն ինչի հասնում էր սեփական ուժերով, ջանք ու եռանք չխնայելով։
Ավարտելուց հետո ծառայութան է անցել ԱՀ` Թալիշում,որպես հրաձգային վաշտի հրամանատար:
Արգիշտին խիստ ու պահանջկոտ էր, զինվորի համար կյանքը տվող հրամանատար։
Ծառայության ժամանակ բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի է արժանացել, լավ ու բարեխիղճ ծառայության համար կապիտանի կոչում ստացել, ինչպես նաև ծառայության ընթացքում ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվել է` «Մարտական ծառայություն» մեդալով:
2016թվ.ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ողջ երկայնքով, օգտագործելով ծանր զինտեխնիկա։
Ապրիլի 4-ին սկսված ուժեղ հրաձգության ժամանակ անհավասար մարտում զոհվել են Արգիշտիի մարտական ընկերները, նա զինվորներին հրամայել է կրակով պահել իր թիկունքը, որպեսզի նա դուրս բերի զոհված ընկերներին:
Կրակի դադարից հետո Արգիշտիին էլ ոչ ոք չտեսավ։ 
Արգիշտիի ծննդյան 27-րդ ամյակը նշվեց հարազատ՝ Մեծ Մանթաշ գյուղում, առաջին հերթին ներկաները այցելեցին հերոսի շիրիմին, խնկարկեցին ու հարգանքի տուրք մատուցեցին։
Որից հետո ներկաները այցելեցին Մեծ Մանթաշի եռասերունդ հուշահամալիր-թանգարան ,որտեղ լուսանկարներ, անձնական իրեր ու պատմության դրվագներ են ներկայացված մանթաշցի քաջերի մասին, ովքեր Հայրենական պատերազմի , Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմին են զոհվել պահելով մեր հայրենիքը։
Միջոցառումը շարունակվեց գյուղի դպրոցում որտեղ ռազմահայրենասիրական միջոցառում էր կազմակերպվել, որը ուղեկցվում էր ազգային երգ ու պարով, մասնակիցները հյուրերին ներկայացրեցին համագյուղացիներ՝ Արգիշտի Գաբոյանի, Մոնթե Եղոյանի և Արման Անդրասյանի կերպարներին ու անցած ուղին։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան սպաներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, հարազատներ, համագյուղացիներ, Արգիշտիի մարտական ընկերները և նրա զինվորը՝ Ավետիս Զարգարյանը, ով ծանր վիրավորում էր ստացել ու հրաշքով փրկվել։ Երբ Ավետիսին խոսելու հնարավորություն տրվեց դահլիճում բոլորը շունչները պահել ու հուզված սպասում էին Ավետիսի խոսքերին.
«Ես հպարտ եմ որ նման հրամանատար եմ ունեցել և պատիվ եմ ունեցել նրա հետ կռվելու, ցավոք ինքը ֆիզիկապես մեր հետ չի, բայց ինքը միշտ մեր հետ է։
Հայրենասեր ու բացառիկ սպա էր, կցանկանամ, որ հայոց բանակում նման սպաներ շատ լինեն, որպեսզի մեր բանակը բարգավաճի։
Շնորհավորում եմ ծնունդդ Արգիշտի, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև սա մեր հպարտությունն է, մենք պիտի այսօր հպարտ լինենք»։
Արգիշտի Արծվի Գաբոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԱՀ Նախագահի կողմից`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև ԱՀ՝ «Արիության համար» մեդալով:
Արգիշտին իր հորից սովորել էր երբեք թշնամու առաջ չնահաջել ու չպարտվել և իրականում նա երբեք էլ չպարտվեց թշնամուն այլ իր հաղթանակով դասվեց քաջորդիների շարքերը, որպես մի արի ու խիզախ սպա։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան





















































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`