21/07/2020

«Տեսանելիության դաշտում հայտնված ցանկացած ԱԹՍ արժանանալու է նույն ճակատագրին». Դանիել Բալայան


Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը Երևանում են, սակայն ոչ այն նպատակով, ինչի համար, որ օդ էին բարձրացել։ Այսօր Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտում ցուցադրվում էին վերջին տարիներին խոցված ԱԹՍ-ների մնացորդները։ Տավուշում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ՀՀ պետական սահմանն անցել են թվով տասը հարվածային, երեք հետախուզական և մեկ Hermes 900 տեսակի ԱԹՍ:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք պատրաստ չէինք նմանօրինակ անօդաչու թռչող սարքերի։ Բայց այժմ մենք կարող ենք օդից ցած գցել ցանկացած տեսակի անօդաչուներ։ Մենք օգտագործում ենք ողջ հակաօդային պաշտպանության համակարգը, որի մի շարք զենքերի և տեղակայության մասին հակառակորդը գաղափար չունի», - նշեց Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը։

 Ի պատասխան հակառակորդի՝ Հայկական կողմն օգտագործում է բացառապես տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչ միայն չեն զիջում Ադրբեջանի և Իսրայելի համատեղ արտադրության ԱԹՍ-ներին, այլև որոշ գործառույթներով շատ ավելի հզոր են՝ ավելի բարելավված է տեսանելիության համակարգը և այլն: Հաշվի են առնվում միջազգային չափանիշները: Ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չի հաջողվել խոցել  բացառապես հայկական  արտադրության ԱԹՍ-ները, որոնք հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունների ժամանակ օգտագործվել են առաջին անգամ:
«Մենք շարունակաբար կատարելագործվում ենք, այժմ խոցված ԱԹՍ-ները ենթարկվում են լուրջ ուսումնասիրության, և եթե կան նորամուծություններ և ուժեղ գործառույթներ, մենք օգտագործում ենք դա», - ասաց Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտի պետ Դանիել Բալայանը։
Մարտական գործողության հետևանքով Ադրբեջանի գործի դրած ԱԹՍ-ները ոչ միայն առանձնապես չեն վնասել հայկական կողմին՝ ի շնորհիվ կիրառված ճիշտ մարտավարության, այլև օգուտ են տվել։ Երեք հարվածային անօդաչու թռչող սարքի շուրջ երեսունինը հազար եվրո արժողությամբ շարժիչներ պիտանի են օգտագործման։  
Հետախուզական, հարվածային, տեսակը էական չէ, ՀՀ պետական սահմանն անցած ցանկացած ԱԹՍ-ի սպասվում է հայկական հակաօդային պաշտպանության համակարգի լուրջ դիմադրություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը սկսել էր մարտական գործողություններ հայ- ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ՝ հրետակոծվելով Չինարի, Մովսես և Այգեպար գյուղերը։

Սիմոն Հովհաննիսյան






























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`