20/05/2020

Ոլորտում մեծ անելիքներ ունենք. Արծրուն Հովհաննիսյան

 Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս ընդունեցիք մամուլի խոսնակից Հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ անցնելու որոշում-հրամանը: Կա՞ր ցանկություն, թե՞ հրամանները չեն քննարկվում:
 Նախ հրամանները չեն քննարկվում, բայց ես առնվազն 2 տարի մեծ ցանկություն ունեի անցնել ռազմակրթական ոլորտ, այնպես որ մեծ սիրով ընդունեցի:

Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք մոտ 20 տարի անց համալսարան վերադառնալով:
Շատ հետաքրքիր, հակասական զգացողություններ ունեցա, որովհետև սա ինձ համար Մայր ռազմական բուհն է, որը ես ավարտել եմ 2001 թվականին: Մի կողմից հիշողություններ, մյուս կողմից հպարտություն, որովհետև տարիների ընթացքում հսկայական բան է փոխվել այստեղ: Միջավայրը հարազատ է, քանի որ դեռ կան դասախոսներ, որոնք ինձ են դասավանդել կուրսանտական տարիներին, կան մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք հրամանատար- ենթակա հարաբերություններով, իսկ այսօր գործընկերներ ենք: Այնպես որ ինձ համար շատ նոր ծրագրերով, ցանկություններով լեցուն միջավայր է:

Իսկ ապագայում ի՞նչ պլաններ կան ռազմական կրթության բարեփոխումների հետ կապված:
Ռազմակրթական բարեփոխումները շատ լայն են, որովհետև մի կողմից մենք մեր բանակի, զինված ուժերի ստեղծման հետ զուգահեռ,  ստեղծում ենք սեփական ռազմագիտական դպրոց, մյուս կողմից էլ ամբողջ աշխարհում ռազմական կրթությունը զարգանում է, ծնվում են նոր լուծումներ, նոր մոտեցումներ։ Մենք բոլորովին վերջերս ենք ամբողջացրել  ռազմական կրթության աստիճանավորումը, այսինքն՝ բոլոր աստիճանի ռազմակրթական արտադրությունները արդեն Հայաստանում, հետևաբար անելիքներ շատ կան, դրանք բովանդակային հագեցնելու, մասնագիտական բարձր  որակի  բարձրացնելու, ինչպես նաև  համաշխարհային միտումների հետ համապատասխանեցնելու համար:

Իսկ կա՞ն կոնկրետ առարկայական ծրագրեր:
 Մենք ուզում ենք հայկական ռազմական կրթության բոլոր օղակները, որոնք տարիների ընթացքում ստեղծվեցին, ավագ դպրոցից հասնելով մինչև ակադեմիական բարձր դասընթացների, եզրափակենք ռազմական գիտությունների խորհրդով: Բացի այդ նպատակներ կան խորացնելու մագիստրոսական ծրագրերը, կոնկրետ Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների գիտելիքները: Հետաքրքիր ծրագրեր ունենք նաև 16 շաբաթյա, 24 շաբաթյա դասընթացների մասով: Նախագծեր շատ կան, որոնք բոլորն էլ միտված են ռազմական կրթության բարելավմանը:

Այստեղ շատ կան նաև մարտական գործողությունների մասնակիցներ, կամ այսպես ասած տեսականը գեներացնողներ: Ինչպիսի՞ հակասություններ կամ բանավեճեր են ծավալվում պրակտիկայի և տեսության մեջ:
Այո, ընդհանուր առմամբ դա միայն մեզ չի վերաբերում, դա համաշխարհային թրենդ է: Հիմնականում Սառը պատերազմի ժամանակվա ռազմական գիտության, տեսության վերանայման ակտուալ խնդիրներ կան, որը մեզ մոտ շատ դեպքերում բարձրացնում են հենց խրամատներից եկածները, որոնք տեսել են առօրյա բարդ ծառայություն, պատերազմ, մարտական գործողություններ: Եվ շատ հաճախ դասախոսները, տեսաբանները, ովքեր սրա վրա աշխատում են պիտի մշտապես մասնակցեն սեմինարների, բանավեճերի, մրցապայքարի մեջ լինեն, որպեսզի ծնվի այդ վերջնական ժամանակակից ռազմական գիտությունը: Բայց պետք է ասեմ, որ  սա ամբողջ աշխարհում ևս վերջնական տեսքի չի եկել, անցումային փուլում ենք գտնվում: Իսկ մենք, քանի որ կիսապատերազմող պետություն ենք, մենք ինքներս ապրում ենք այս պրոցեսը:
Դասապրոցեսի ժամանակ կուրսանտները երբեմն դասախոսին կանգնեցնում են հստակ փաստի առաջ, որ մարտավարական, տեսական ինչ-որ հին լուծումներ այլևս չեն համապատասխանում նոր մարտահրավերներին, և դու ստիպված ես լինում միշտ պրպտել, մտածել, ինչը ամբողջ աշխարհում առարկայական նշանակություն ունի ռազմական կրթության և ընդհանրապես գիտության ու կրթության մեջ:


Դավիթ Թորոսյան, Լիանա Բրյան 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: Տեղեկացրու՛ ընկերներիդ`