14/05/2020

Վաշտային մարտավարական ցուցադրական զորավարժություն ՊԲ-ում


Հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները մայիսի 13-ին ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղերում, որոնց նպատակն էր կատարելագործել ընդգրկված ուժերի ներդաշնակման մակարդակը, գործնական ունակություններն ու դաշտային վարժվածությունը, ինչպես նաև ճշտել մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու ձևավորել մարտական գործողությունների իրականացման միասնական մոտեցումներ:

Ուսումնական կետերում նախատեսված աշխատանքների ավարտից հետո մարտական իրադրությանն առավել մերձեցված պայմաններում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ, որոնց ընթացքում անձնակազմին հաջողվել է կասեցնել մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը և, օգնության եկած ուժերի հետ միասին, հակագրոհի անցնելով վերականգնել նախկինում պայմանականորեն կորցրած բնագծերը:

Մարտական հրաձգությամբ ցուցադրական զորախաղերի ընթացքում անձնակազմի ցուցաբերած հստակ ու ներդաշնակ գործողությունները փաստել են, որ զինծառայողներն ունեն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և պատրաստ են ոչ միայն զորավարժությունների, այլև իրական մարտական գործողությունների ընթացքում կատարել իրենց պարտականություններն ու հրամանատարության կողմից առաջադրված մարտական խնդիրները:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`