23/11/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է բարերար Վիգեն Կարապետյանին


Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ 
Իրականացված վերջին խոշորածավալ ծրագիրը Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության,  «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի և «Փարոս» հիմնադրամի կողմից նախաձեռնած շարժական ատամնաբուժարանն է, որն արդեն մեկ ամիս անվճար ծառայություններ է մատուցում հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքներում և զորամասերում։ 
Դավիթ Տոնոյանն ու Վիգեն Կարապետյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության միջև։ Մասնավորապես՝ քննարկվել է շարժական ատամնաբուժարանների ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն արդեն հաջորդ տարի, ամռանը, Վայոց Ձորում գտնվող Սիրանույշ-Անահիտ ճամբարում ռազմաբժշկական ստոմատոլոգների համար վերապատրաստման ընդգրկուն ծրագիր իրականացնելու շուրջ, որին կմասնակցեն Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միությանն անդամակցող փորձառու ատամնաբույժները։ 
Արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալելու, ՀՀ զինված ուժերին, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անշահախնդիր օգնության համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարերար Վիգեն Կարապետյանին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով։ 
Վիգեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրման և իր նախաձեռնած ծրագրերին աջակցելու համար, ընդգծել, որ ՀՀ զինված ուժերին և սահմանամերձ համայնքներին իր օժանդակությունը լինելու է շարունակական։ 





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`