05/10/2019

Տեղի ունեցավ «Իմ խաչը» ֆիլմի պրեմիերան. ֆոտոռեպորտաժ

Հոկտեմբերի 4-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Իմ խաչը» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է:
1991-1992 թվականներին՝ արցախյան ազատագրական շարժման տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը: Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում՝ մեկը մյուսի հանդեպ անհատակ նվիրումով։
Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար, իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլ նաև վիրավոր հոգին։
Լայնամաշտաբ այս կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝  «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում մեծ դերասանական կազմով՝  Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։
Ինչպես նաև ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը:  
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան), իսկ ֆիլմում հնչող «Վերադարձ» երգի հեղինակներն են՝ Ռաֆֆի Ալթունյանը (երաժշտության հեղինակ) և  Արթուր Սաֆարյանը (խոսքերի հեղինակ):
Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։  

Ստորև ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ՝ ֆիլմի պրեմիերայից.



























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`