24/09/2019

Այսպիսի զորահավաքային վարժանքներ երբևիցե չեն եղել․ Դավիթ Տոնոյան

Ինչպես արդեն Banak.info-ն տեղեկացրել է, այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: 

 «Հպարտանալու բան ունենք, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում այսօր ես ստանում եմ բոլոր զինկոմիսարիատներից տվյալները․ ցանկացած երկրի պաշտպանության նախարար ուղղակի կհպարտանար այս թվաքանակի, անմիջապես զորակոչվողների, զորահավաքման պատրաստության աստիճանից, ճիշտ ազդակներ են ուղարկում»,- լրագրողների հետ զրույցի  ընթացքում ասել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Օրինակ բերելով 2016թ․-ի ապրիլը, նախարարը նշեց, որ Ապրիլյան գործողությունների ժամանակ մենք զորահավաք չենք հայտարարել, զինապարտներ էլ  չեն զորակոչվել․ «Ապրիլյան գործողությունների ժամանակ Երկրապահ Կամավորականների Միությունը  և այլ Հասարակական կազմակերպություններ,  ուղղակի կամավոր իրենց ցանկությունը հայտնեցին՝ ներգրավվելու մեր հայրենիքի պաշտպանության, Արցախի պաշտպանության գործին։ Այսպիսի վարժանքներ, երբ որ մենք հազարավոր մարդկանց ներգրավվում ենք զորահավաքային զորավարժանքներին՝ երբևիցե չի եղել»։
 Դավիթ Տոնոյանը՝ մանրամասնելով նախորդ մի քանի ժամերի  զորահավաքի տվյալները, ասաց, որ իրականում ինքը շատ շնորհակալ է բոլորին, որովհետև պայմանական ռազմական դրություն հայտարարվելուց ընդամենը վեց ժամ հետո՝ մի քանի հազար զինապարտների ներկայացան հավաքակայաններ։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով, երկապահները արագ արձագանքել են զորահավաքի կոչին․ «Ամբողջ Հանրապետության մասշտաբով բաց  պատերազմի դեպքում բազմաթիվ երկրապահներ կկանգնեն մեր բանակի կողքին։ Նրանք մեծ ուժ են, արդեն անցել են պատերազմ և ունեն փորձառություն»,-ասել է նա։

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի առավոտյան՝ ժամը 06.00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը` ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին, ըստ որի զինված ուժերի կառավարման մարմինները և զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի՝ համապատասխան սահմանափակումներով: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ենթակայության տակ են անցել ՀՀ ոստիկանության և սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարելու առաջադրվող խնդիրները:
                                                                                                      

Իննա Թումանյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`