13/09/2019

Այսօր Հրանտ Մանգասարյանի տարեդարձն է


Գյումրի 14.09.2019թվ.Banak.info
2017թվ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գ. Հյուսնունցը և Ս.  Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
2018թվ. օգոստոսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գ.Հյուսնունցին, ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ մայոր Ա.Գրիգորյանին:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը դեռ  շարունակվում է:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հրանտը կդառնար 22 տարեկան։
Հրանտը ծնունդով Սպիտակի շրջանի Շիրակամուտ գյուղից էր, սակայն ընտանիքը երկար տարիներ բնակվել է Երևանում։ 
Պարտադիր զինվորական ծառայության էր անցել 2016թվ. հունվարին, սկզբնական շրջանում ՀՀ ՊՆ ուսումնական զորամասերից մեկում, որից հետո ծառայությունը շարունակել էր Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում, որպես դիպուկահար: 
Ծառայության ընթացքում Հրանտը բազմաթիվ պատվոգրերի ու խրախուսանքների էր արժանացել իր մասնագիտական բարձր պատրաստվածության համար,  ինչպես փաստում է Հրանտի մայրը՝ Տիկին Նունեն, որդին նաև մասնակից է եղել 2016թվ. ապրիլյան ռազմական գործողություններին, որի մասին նրանք ավելի ուշ են իմացել:
2018թվ. հունվարի 28-ին Հրանտ Մանգասարյանը հետմահու պարգևատրել է   ՀՀ նախագահի կողմից   «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`