15/08/2019

Այսօր Ռուբեն Ալեքսանյանի տարեդարձն է


Գյումրի 15.08.2019թվ.Banak.info
2015թ. դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունեցել է 4 վիրավոր զինծառայող:
Ռուբենը, Աղասին և մյուս զինծառայողները անհավասար մարտում քաջաբար կռվել են թշնամու դեմ թույլ չտալով իրականացնել մարտական խնդիրը։
Այսօր՝ օգոստոսի 15-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Ռուբեն Ալեքսանյանը կդառնար 23 տարեկան։
Ռուբենը ծնունդով Լոռու մարզի Կաթնառատ գյուղից էր։ Ընտանիքը որոշ ժամանակ հետո մշտական բնակություն էր հաստատել Տաշիր քաղաքում։
2014թվ. Ռուբենը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես հետախույզ։
Ռուբենը ծառայության էր մեկնել երկվորյակ եղբոր հետ, ծառայության ընթացքում երկուսն էլ աչքի են ընկել իրենց որակական լավ հատկանիշներով։ Ռուբենը աչալուրջ ու նվիրված զինվոր էր։
Ռուբեն Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել են ՀՀ նախագահի կողմից «Արիության համար» և ԱՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`