04/08/2019

Այսօր Արամ Գրիգորյանի մահվան 5-րդ տարելիցն է



Գյումրի 04.08.2019թվ.Banak.info
2014թվ. օգոստոսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, Արամ Մկրտիչի Գրիգորյանը։
Արամը ծնվել էր 1971թվ. Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում։
Տեղի դպրոցն ավարտել էր 8-ամյա կրթությամբ, հետո շարունակել Ներքին Մասնաշենի դպրոցում։ Ավարտել և ծառայության էր անցել Խորհրդային բանակում։ 1991թվ. զորացրվել էր, իսկ օրեր անց մեկնել Արցախ։
Արամ Գրիգորյանը մասնակցել է Արցախյան պատերազմին։ Կռվել է Պետրոս Ղևոնդյանի ջոկատում, Ժիրայր Սեֆիլյանի` «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի և Կարո Քեհքեջյանի` «Խաչակիրներ» ջոկատներում։ Մասնակցել է Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլիի մարտերին: 
Արցախյան ազատամարտի ավարտից հետո էլ Արամը չլքեց հայկական բանակի շարքերը և շարունակեց ծառայել, որպես պայմանագրային զինծառայող։
2000թվ. Արամն ամուսնացել է, ունի երեք երեխա։
2002թվ. ընտանիքը բնակության էր մեկնել Արցախի Քարվաճառի շրջանի Հավսթաղ գյուղ։
Արամ Մկրտիչի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Նյութի տվյալները վերցված են Արմինե Կարախանյանի  ֆեյսբուքյան էջից

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`