12/08/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված սանհրահանգիչ Սաշա Գալստյանի տարեդարձն է


Գյումրի 12.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 12-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սաշան կդառնար 23 տարեկան։
Սաշան ծնունդով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, սակայն ընտանիքը բնակվել է Մեծամոր քաղաքում։
Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Արմավիրի պետական բժշկական քոլեջ, իսկ 2014 թվ. ընդունվել էր Երևանի Հայբուսակ համալսարան: 

2015թվ. Սաշան անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես կրտսեր սերժանտ, սանհրահանգիչ։
Սաշայի ծառայակից ընկերը՝ Վահեն, մեզ հետ զրույցում պատմում է, որ ծանոթացել են Արցախ գնալու ճանապարհին, այդպես էլ շարունակվել է իրենց ընկերությունը, հիշում է շատ ժպիտով ու կատակասեր էր, ուշադիր բոլորի հանդեպ։
Սաշան որպես սանհրահանգիչ չափազանց ուշադիր է եղել, իր պարտականությունները ժամանակին բարեխղճորեն կատարել։ Ծնողներից ժամանակ առ ժամանակ իր տղաների համար մուրաբաներ է ուզել, որ կարողանա տնական միջոցներով էլ բուժել։

2016թվ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Մեխակավանի բարձունքներից մեկի ուղղությամբ հակառակորդի գրոհները կասեցնելիս Սաշան զոհվել է, մարտի ընթացքում օգտագործելով այնպիսի զինատեսակներ որոնցից երբևէ չէր կրակել։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը,  Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։

 «Մեծ ցավ եմ ապրում, միևնույն ժամանակ հպարտ եմ շատ, որ այսօր ամբողջ աշխարհն է խոսում իմ տղայի և իր ընկերների մասին։ Բայց չէի ուզի, որ էսպես լիներ։ Երանի ոչ ոք չճանաչեր իմ Սաշին։ Ես նրա ապրած կյանքով  էլ էի շատ հպարտ»,-Banak.info կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Սաշա Գալստյանի մայրը՝ Տիկին Սոֆին։

Սաշա Վաչագանի Գալստյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից  «Մարտական ծառայունթյուն», ՀՀ Նախագահի կողմից «Արիություն», Վետերանների միության կողմից  «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`