02/08/2019

Անորսալի գայլի վերջին մարտը.2014թվ. օգոստոսի 2


Գյումրի 02.08.2019թվ.Banak.info
 «Неуловимый одинокий волк» ռազմանունը թերևս հակառակորդին շատ բան է ասում, հենց նրանք էին այսպես բնորոշում Զորիկ Գևորգյանին, ով մարտական խնդիրները հաճախ կատարում էր միայնակ, հեշտությամբ հակառակորդին ցույց տալով իր ներկայության ու գործողության մասին, մեկ անգամ չէր որ թշնամին սեփական մասշկի վրա զգացել էր Զորիկի բազկի ուժը։ 

 «2014 թ. օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Զորիկ Գևորգյանի հետախուզական վաշտին վստահվեց պաշտպանելու այն դիրքը, որի ուղղությամբ օրեր առաջ տեղի էր ունեցել թշնամու դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։
Երեկ­յան 22:00-ի սահմաններում զորամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը գնացել է հետախուզական վաշտի պաշտպանած դիրք ու նոր գիշերային նշանոց տրամադրել Զորիկին՝ հարցնելով, թե որն է ավելի լավը՝ հինը, թե նորը։ Փորձարկելով նշանոցը՝ հմուտ հետախույզը պատասխանել է՝ «70 մետրի վրա թնամու շարժը տեսնում եմ, շատ լավն
է»: Հրամանատարը հարցրել է՝ «Իսկ եթե թշնամին առջևդ դուրս գա՞»։ «Կսատկացնեմ»,- իրեն բնորոշ կենսախնդությամբ պատասխանել է Զորիկը։ Խոսքից զատ Զորիկը նաև գործնական միջոցների էր դիմել՝ կանխավ իր ԱԿ-74 գիշերային նշանոցով զենքի պահունակը փոխարինելով ձեռքի գնդացրի 45 փամփշտանոց պահունակով:

 Գիշերը՝ ժամը 02:10­ի սահմաններում, թշնամու դիվերսիոն խմբին հաջողվում է տեղորոշել հետախուզական վաշտի պահպանած դիրքը և առաջանալ այդ ուղղությամբ։ Թշնամու ուժեղացված խումբն առաջացել է երկու խմբով՝ գրոհող և ապահովող։ Այդքան բազմաքանակ խումբն իր հետ բերել էր նաև գծային կապի մալուխ և ձեռնաշղթաներ. միով բանիվ՝ թշնամու նպատակը մաքսիմալ էր՝ ոչնչացնել կամ գերեվարել հայկական դիրքի անձնակազմին և գրավել դիրքը։ Սրանով Ադրբեջանը փորձում էր սրբել նախորդ գիշերը կրած խայտառակությունը, երբ հայկական հատուկ նշանակության խմբի կողմից ոչնչացվել էին միանգամից ութ ադրբեջանցի կոմբատանտ։

 Գիշերային նշանոցով նկատելով թշնամու մոտ լինելը՝ Զորիկը հրամայում է արթնացնել հանգստացողներին, դիրքավորվել և պատրաստ լինել հակառակորդի հարձակմանը։ Գիտակցելով, որ երիտասարդ զինվորների համար բարդ է իսկույն մարտի մեջ մտնելը՝ Զորիկը գլխի շրջանում մահացու խոցում է փշալարը քանդել փորձող թշնամու մեկ գրոհայինի։ Թշնամին սկսում է կրակ բացել Զորիկի կրակած ուղղությամբ։ Զորիկը շարունակում է կռիվը՝ հմտորեն փոխելով դիրքը և մեկական թիրախային կրակոցներ ուղղելով թշնամու ուղղությամբ։ Քաջարի սպան թշնամու կենդանի ուժի երկրորդ թիրախը խոցում է սրտի շրջանում։ Կռիվը բարդ էր նրանով, որ նախորդ դիվերսիայից հետո տվյալ դիրքում տակավին չէին իրականացվել ինժեներատեխնիկական անհրաժեշտ աշխատանքներ, և թշնամին կարողացել էր կիսաշրջանաձև թևանցել Զորիկի և իր հրամանատարության տակ եղած զինծառայողների պահպանած դիրքը հարևան երկու դիրքերից:
 Այնուամենայնիվ, անգամ նման պայմաններում Զորիկը կարողանում է շարունակել մարտը՝ անընդհատ փոխելով դիրքը։ Հավաստանշելով Զորիկի տեղը՝ թշնամին խոցում է հայ սպային ոտքից, քիչ անց` նաև կողքից։ Ծնկած դիրքում վերստին փոխելով տեղը և նկատելով թշնամու առաջացող խմբին՝ Զորիկը նռնակ է նետում վերջիններիս ուղղությամբ։ Թշնամին, խուճապի մատնվելով, աստիճանաբար սկսում է նահանջել՝ մարտադաշտից հանելով նաև վիրավորներին։ Ընդհանուր առմամբ Զորիկի զենքից այդ գիշեր թշնամու ուղղությամբ արձակվեց 29 կրակոց։ Զորիկի զենքը չէր լռի, եթե թշնամու դիպուկահարը, զննադիտարկելով հայկական դիրքից տեղացող կրակների ուղղությունն ու օրինաչափությունը, հարևան դիրքից չխոցեր հերոսին գլխի շրջանում:
  Նահանջող թշնամին ՌՊԳ-26 միանգամյա օգտագործման հակատանկային նռնականետով խոցում է հայկական դիրքերը: Ընդհանուր առմամբ ամբողջ մարտը տևեց 15 րոպե։ Զորիկի հետ հավասար հարևան խրամաբջջից թշնամու դեմ կրակ էր տեղում ժամկետային սերժանտ Սարգիս Մովսիսյանը, ով նույնպես վիրավորվել էր մարտում։ 
Նկատելով, որ Զորիկի կողմից տեղացող կրակը դադարել է, իսկ այնուհետև, որ բռնկվել է զինանոցը՝ Սարգիսը վիրավոր վիճակում շտապում է հրամանատարի մոտ՝ ցանկանալով ապահովել վերջինիս դին թշնամու վրեժխնդրությունից։ Սարգիսն այդ ժամանակ ստանում է երկրորդ վիրավորումը։ Սարգիս Մովսիսյանը մահանում է օգոստոսի 3-ին հոսպիտալում։

 Միայնակ Գայլի և Վաշտի Հսկայի՝ Սարգսի անօրինակ սխրանքի շնորհիվ ձախողվում է թշնամու նախօրոք մշակված ռազմական պլանը։ Զորիկն ու Սարգիսը բարձր պահեցին հայ զենքի պատիվը՝ ապահովելով Հայաստանի հաղթանակն օգոստսսյան հնգօրյա միկրոպատերազմում». Հատվածը Էդգար Էլբակյանի «Հայ-ադրբեջանական պատերազմ և մերօրյա հերոսներ» գրքիրց։

 Ծավալված գործողությունները հակառակորդին մեծաքանակ վնասներ պատճառեցին, հայկական կողմը իր զգոնության ու ճիշտ մարտերի արդյունքում տապալեց հակառակորդի նախապես ծրագրված գործողությունները։ 

 Զորիկը ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից էր, սակայն ընտանիքը բնակություն է հաստատել Վանաձոր քաղաքում։
Զորիկը 2006-2010թթ.սովորել և ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը (ներկայումս համալսարան), և ծառայության անցել Արցախում, Զորկը հետախուզական վաշտի հրամանատարն էր։
Զինվորականի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը Զորիկը ժառանգել էր հորից, ով նույնպես զինվորական է, երբեք չփուսափելով դժվարություններից նա ընտրեց զինվորական գործի ամենաբարդ ուղղվածությունը, որը հաղթահարեց պատվով։

  Զորիկ Ժիրայրի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալով, ինչպես նաև շնորհվել է կապիտանի զինվորական կոչում։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Նյութի տվյալները վերցված են Էդգար Էլբակյանի «Հայ-ադրբեջանական պատերազմ և մերօրյա հերոսներ» գրքից:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`