13/08/2019

«Ադրբեջանը շատ բան կարող է ասել». նոր մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի և նրա ընտանիքի մասին



«Իսկ ո՞վ է ասել, որ զինծառայողը լքել է մարտական դիրքը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություններ ունեն երեկ մարտական դիրքը լքած 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանից, նրա ընտանիքից, դիրքը լքելու պատճառներից, այսպես արձագանքեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Արայիկ Ղազարյանն այդ գյուղի բնակիչ է: 

Նշենք՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: 

Արթուր Ստեփանյանն ասաց, որ երեկ երեկոյան իմացել են լուրը, որ Արայիկ Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, բայց դիրքը լքելու մասին տեղեկություն չեն ունեցել: Գյուղապետը պատմեց, որ միանգամից այցելել է Արայիկի ընտանիքի անդամներին. «Հակահետախուզության տղաների հետ մենք երեկ երեկոյան եղել ենք նրանց տանը: Հայրը տանը չէր: Նա, լուրը լսելով, միանգամից մեկնել էր Արցախ: Մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող էր, սահմանից իջեցրին, իրեն տեղափոխեցին Վայքի ռազմական կայազոր, իսկ մենք մնացինք տանը: Եղբորն ենք խնդրել, որ լուրն ասի մորը: 

Մենք նման տեղեկություն չունեինք, թե Արայիկ Ղազարյանը դիրքն է լքել, մորն ասեցինք, որ իր որդին գտնվում է Ադրբեջանի տարածքում. հակահետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ եղանակի ոչ բարենպաստ պայմաններում հայտնվել է թշնամու սահմանում: Երբ երեկ երեկոյան Արայիկ Ղազարյանի մայրն իմացավ լուրը, վատացավ, նրան տեղափոխել ենք Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այժմ վիճակը նորմալ է»: 

Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ առողջական խնդիրներ ունի՞ Արայիկ Ղազարյանը, ի՞նչ ընտանիքում է ապրում: Նա նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Իսկ Արայիկ Ղազարյանը առողջական խնդիրներ չի ունեցել. «Արայիկ Ղազարյանն ութ ամիս էր ծառայում, արդեն տասն օրով արձակուրդ էր եկել: Զինվորական ընկերներին շնորհակալ էր, որևէ խնդրի մասին չի պատմել զորամասի հետ կապված: Ադրբեջանական մամուլը, որ ներկայացնում է, թե զինվորը լքել է դիրքը իբր զորամասի անմարդկային պայմանների պատճառով, վարկաբեկում են, ապատեղեկատվություն տարածում: Մենք հո ականատեսն ենք մեր բանակի այսօրվա իրավիճակին: Մի քանի օր առաջ Համահայկական խաղերի առիթով Արցախում էինք, եղանք Մարտակերտի զորամասում, հետաքրքրվեցինք, տեսանք, ամեն ինչ նորմալ էր, սնունդը մաքրությունը, կարգուկանոնը»: 



Նյութը՝ Aravot.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`