04/08/2019

10 տարի առաջ 2009թվ. օգոստոսի 4-ին զոհվել է Արամ Մեժլումյանը


Գյումրի 04.08.2019թվ.Banak.info
2009թվ. օգոստոսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի պահպանության տեղամասում, թշնամու կողմից դիպուկահարի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արամ Միշայի Մեժլումյանը։
Արամը ծնունդով Արարատի մարզի Շահումյան գյուղից էր։
2007թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Մարտակերտի շրջանի N զորամասում։ Ծառայության առաջին օրվանից Արամն աչքի էր ընկել իր նախաձեռնող բնավորությամբ, կարճ ժամանակահատվածում արժանացել էր եֆրեյտորի, ապա կրտսեր սեժանտի զինվորական կոչման։

 -Արամիս ծառայակիցները պատմում էին նրա հոգատարության մասին, թե ինչքան ուշադիր է եղել իր զինվորների հանդեպ: Պատմում են, որ զինվորներին հանձնարարված գործը Արամս անում էր նրանց հետ միասին, որ մի կոնֆետը կիսում էր հավասար մասերի ու տալիս զինվորներին: Սահմանը հատած վիրավոր շանը խնամել է, ասել են Արա՛մ, կսատկի բաց թող, թող գնա, ասել է. «Տղերք, տեսե՛ք հեսա ինչ շուն է դառնում»:
Ասում են, շան ոտքը վիրակապել է, ու իր ասածով էլ եղել է, լավացել է ու մեծացել: Պատմում են, որ տղայիս դեպքից հետո, շունը կապը կտրել ու նորից հատել է սահմանը:
Երբ արձակուրդ էր եկել, ասում էինք, Արամ ջան, ինչի՞ ես շտապում գնաս, ասում էր՝ գնամ տղերքս մենակ են, գնամ հասնեմ իրանց. Banak.info կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Արամի մայրը՝ Տիկին Լաուրան։

 Արամ Միշայի Մեժլումյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, ինչպես նաև ծառայության ընթացքում արժանացել էր բազմաթիվ խրախուսանքների, «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`