26/07/2019

«Բոլոր «պոստերում» ջրամատակարարում է լինելու մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը».Արմեն Գրիգորյան


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ոլորտում կատարված աշխատանքներին, նախ նշեց, որ անվտանգությունը միայն ռազմականը չէ, այլ նաեւ կառավարման համակարգի արդյունավետությունն ու ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Ի՞նչ բարելավում է տեղի ունեցել անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղարը պատասխանեց.«Սպառազինության մասով՝ նոր զենքեր են ձեռք բերվել, 2019-ի վերջին ՍՈՒ-երն արդեն պատրաստ կլինեն, 2020-ին արդեն ձեռք կբերենք: Բացի սրանից, այլ սպառազինություն է ձեռք բերվել, որի մասին պաշտպանության նախարարը, եթե անհրաժեշտություն լինի՝ կխոսի»: Գրիգորյանը նաեւ հիշեցրեց՝ զորացրված սպաների բնակարանային խնդիրը ԱԽ-ն մեկ որոշումով լուծել է, զինվորականների աշխատավարձն է 10%-ով բարձրացվել.«Այս պահին մենք ունենք քաղաքական որոշում ենթակառուցվածքների մասով՝ բոլոր «պոստերում» ջրամատակարարում է լինելու մինչեւ 2020 թվականի հոկտեմբերը: Սրա համար ֆինանսական հատկացումներն ու  տեխնիկական  մասը կապահովվի, քաղաքական որոշումը կա»: Գրիգորյանը նաեւ ասաց՝ հանրության բարձր վստահությունը կառավարության եւ վարչապետի հանդեպ թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարման համակարգ ունենալ.«Այս տարի նախատեսվում է  62 միլիարդ  հավելյալ եկամուտ ունենալ: Սա նշանակում է՝ այս եկամուտների մի մասն ուղղվելու է անվտանգության համակարգի ենթակառուցվածքները զարգացնելուն եւ զինծառայողների սոցիալ-տնտեսական վիճակը  բարելավելուն»: 


Նյութը՝ Aravot.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`