01/07/2019

Մեկնարկել է ամառային զորակոչը


Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները:
Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է նաև զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`