24/07/2019

Արայիկ Մարտինյանն այսօր կդառնար 22 տարեկան


Գյումրի 24.07.2019թվ.Banak.info 
2017թվ. հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Այսօր՝ հուլիսի 24-ին, զոհված Արայիկ Մատինյանը կդառնար 22 տարեկան։ Արայիկը ծնունդով Լոռու մարզի Շնող գյուղից էր։ 
Քույրը` Արփինեն, մեզ հետ զրույցում պատմում է, որ եղբայրը դպրոցն ավարտելուց հետո մեկնել էր ՌԴ, սակայն ծառայության անցնելու նպատակով վերադարձել էր Հայաստան։ 2016թվ. ձմռանը անցել էր պարտադիր զինվորական ծառայության, Արցախի Մարտունու շրջանի N զորամասում։

Ծառայության ընթացքում մասնակցել էր դիպուկահարների համար նախատեսված դասընթացների, մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի էր արժանացել, խրախուսական արձակուրդներ ստացել։ Զոհվելուց հետո էլ հրամանատարական կազմից պատմել են, որ Արայիկը լավագույն դիպուկահարներից մեկն էր։
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։ 
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։



Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`