13/06/2019

Առաջնագծում իրավիճակային փոփոխություն կա՝ բացասական ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան

Առաջնագծում ստեղծված վիճակի, հնարավոր զարգացումների եւ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների մասին NEWS.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Արցախի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Այդ պահի դրությամբ ի՞նչ վիճակի է շփման գծում:
Ընդհանուր իրավիճակի գնահատական տալու համար պետք է մի քանի գործոն հաշվի առնել: Առաջին, եթե նույնիսկ ռազմական ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը չեն հատում սահմանը, բայց դրանք թռչում են առաջնագծի մերձակա հատվածներում՝ 5-10 կմ-ի վրա, արդեն իսկ իրենց մեջ մեծ ռիսկեր են պարունակում, նպաստում լարվածության աճին:
Երկրորդ, կարևոր է հասկանալ, թե դրանց զուգահեռ ինչ գործընթացներ են ընթանում առաջնագծում: Օրինակ՝ դրան զուգահեռ Ադրբեջանը սահմանին սկսել է կիրառել զինատեսակներ, որոնք վերջին 6 ամսվա ընթացքում գրեթե չեն կիրառվել՝ ականանետեր, հաստոցավոր նռնականետեր. աճել է նաև խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը:
Քանական առումով, կիրառվող զինատեսակները լուրջ վտանգ դեռևս չեն առաջացրել, ուղղակի մեզ թույլ են տվել արձանագրելու, որ իրավիճակային փոփոխություն կա՝ բացասական ուղղությամբ:
Այդ դեպքում, ինչ քայլեր են ձեռնարկում հայկական կողմերը:
Այս փուլում մեր քայլերն ուղղված են՝ կանխելու Ադրբեջանի հնարավոր ակտիվություն առաջնագծում:
Հերթական անգամ ադրբեջանական կողմը խախտում է սահմանված թռիչքային գոտին, բայց կարծես միջազգային հանրությունն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների չի տալիս համարժեք գնահատական:
Կարծում եմ՝ հայկական կողմն այս պահին աշխատում է այդ ուղղությամբ: Եթե միջնորդները նույնիսկ հրապարակային գնահատական չտան, սակայն դիվանագիտական խողովակներով անհրաժեշտ աշխատանք տանեն ու կանխեն հետագա բարդացումները՝ վատ արդյունք չի լինի:
Որքանո՞վ հավանական եք համարում իրավիճակի սրում շփման գծում:
Դա մեծ թվով գործոններից է կախված, առաջնագծում հակառակորդի որոշակի ակտիվացումը այդ գործոններից մեկն է: Շատ բան կախված է, թե ինչպես կընթանան աշխատանքները դիվանագիտական հարթությունում, ստեղծված իրավիճակում ինչ լուծումներ և քայլեր կձեռնարկեն միջնորդ երկրները: Ի վերջո, արդյո՞ք կձևավորվի այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա վերսկսելու բանակցությունները:
Իրավիճակի հետագա ընթացքի վրա ազդող գործոններ են նաև ներքին իրավիճակը Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, էլ չեմ խոսում ռեգիոնալ գործընթացների մասին, որոնք բավականին վատ ֆոն են ուրվագծում:
Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`