28/06/2019

Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել. Արշավիր Ղարամյան

Արցախի նախագահի հրամանագրով՝ հունիսի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ:
- Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում:
- Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են:
Մեր անվտանգության համար առաջին սպառնալիքը Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են, Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք ներկայացված չլինելը: Սրանով և մի շարք գործոններով պայմանավորված՝ բարձր է մնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, հատկապես, որ դրա մասին ուղիղ խոսում են Ադրբեջանում:
Մյուս կողմից, աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները ևս վատ ազդակներ են փոխանցում, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման կամ դրանք նվազագույնի հասցնելու գործում, տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում:
Արտաքին և ներքին վտանգները՝ որպես կանոն, իրար հետ շաղկապված են: Օրինակ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման կամ արտաքին ուժերի կողմից Արցախի վրա տարատեսակ ներգործողությունների մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մարտադաշտում չեն արտահայտվում: Հիբրիդային պատերազմի կանոներին համահունչ՝ նկատելի են հակառակորդի գործողությունները քաղաքական, տնտեսական, տեղեկատվական հարվածների առումով, որոնք, միգուցե, առաջին հայացքից դիտարկվում են ներքին անվտանգային ռիսկերի տեսանկյունից, սակայն իրականում արտաքին հետք են պարունակում:
Ներքին անվտանգության առումով, իհարկե, խնդիր ունենք՝ մեծացնելու մեր տնտեսական զարգացման ցուցանիշները, պետական կառավարման համակարգը դարձնելու առավել ճկուն, նպաստելու ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, հասարակական առողջ հարաբերությունների հաստատմանը: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում գերխնդիր եմ համարում մեր ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ռեսուրսների մոբիլիզացիան, առանց որի շատ բարդ կլինի:
- Դուք ասացիք, որ Հայաստանն ու Արցախը անվտանգային առումով միևնույն համակարգում են: Ի՞նչ համագործակցություն եք ակնկալում Հայաստանի հետ:
- Հայաստանն ու Արցախը միևնույն հայրենիքի տարբեր հատվածներն են, և միայն մեր ներդաշնակ գործունեությունը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հարատև կենսագործունեությունը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջև, ժառանգել ենք հայրենիք և արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին:
- Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակումն առաջին հերթին պայմանավորվեց Արցախի շուրջ ծավալվող արտաքին սպառնալիքների խորացմամբ, ի՞նչ նոր անելիքներ եք տեսնում այս հարցում:
- Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել՝ սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, 1990-ակաների ռազմական գործողություններին իմ ակտիվ մասնակցությունից, մինչև առաջնագծում նոր սերնդի տեխնիկական հագեցվածության նախաձեռնությունները կյանքի կոչելը, անկախ այն բանից՝ պաշտոնյա եմ եղել թե ոչ:
Պաշտոնական կարգավիճակս երբեք չի ավելացրել այն շարժառիթը, որն ունեցել եմ, քանի որ մեր պայքարը գոյություն, արժանապատվություն, ինքնություն և արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`