28/06/2019

Գերիներ են փոխանակվել, բայց ոչ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով․ ԱԳՆ. /Ռազմինֆո/

Հունիսի 28-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է հայրենադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ղազախի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը։ Գերիների փոխանակման պլանով Ադրբեջան է վերադարձել նաև 2019թ. մարտի 16-ի գիշերը սահմանին վնասազերծված ադրբեջանցի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։
Այս տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Վերջինս նշեց, որ այս փոխանակումը, սակայն, չի եղել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։
Հիշեցնենք, որ Զավեն Կարապետյանը գերի էր ընկել հունիսի 20-ին։ Նրա մասին հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբր «դիվերսիա են կանխել և գերի վերցրել»: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կարապետյանը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել էին մարտական բաճկոն:

Արդեն հունիսի 22-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`