11/06/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի տարեդարձն է


Գյումրի 11.06.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունիսի 11-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Բագրատը կդառնար 24 տարեկան։
Ծնունդով Երևան քաղաքից էր։
Սովորել էր Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 84 դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարան։
Բագրատը որոշել էր ընտրել խոհարարի մասնագիտությունը և 2011թվ. ընդունվել էր հայ-հունական պետական քոլեջ։
Բագրատի ընտանիքը երկար տարիներ ապրել էր ՌԴ-ում, Բագրատն էլ վերադարձել էր ծառայության մեկնելու նպատակով։
2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես շարքային նռնակաձիգ։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձունքներից մեկը  թշնամու կողմից ենթարկվել էր գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքարել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Ժամկետային զինծառայողներին օգնության են հասել սպաներից բաղկացած խումբը։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Բագրատը մարտական գործողությունների ընթացքում իրեն դրսևորել է որպես քաջ ու անվախ զինվոր, պայքարել մինչև վերջին շունչը։
Բագրատը դեռ փոքրուց ստեղծագործում էր, նրա զոհվելուց հետո լույս է տեսել  նրա ստեղծագործությունների ժողովածուն, որը կոչվում է «Վերադարձ»։
Բագրատ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`