17/05/2019

Մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն ՊԲ-ի ենթակայությամբ գործող զորամասերից մեկում

Մայիսի 17-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Նախքան զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկը ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամանատարների հետ անց են կացվել մի շարք ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում բանակի հրամանատարի անմիջական վերահսկողությամբ ներկա հրամկազմը ուսուցանվել է <<Նռնականետային դասակի կիրառումը պաշտպանությունում>>, <<Գումարտակի հրամանատարի կողմից կրակային խնդրի կատարումը այն դեպքում, երբ հրամանատարը չի դիտարկում նշանակետ>> և մարտավարական զորավարժություններին առնչվող այլ թեմաներով:
Ծավալված ուսումնական կետերում համապատասխան աշխատանքների ավարտից անմիջապես հետո մեկնարկել է հրետանային ու տանկային միջոցներով ուժեղացված գումարտակի մարտավարական զորավարժության եզրափակիչ հատվածը: Չնայած զորախաղերի թեման պաշտպանողական էր, խաղարկվել են նաև հակահարձակողական ու գրոհային տարբեր մարտական իրավիճակներ: Զորավարժությունների ժամանակ կիրառվել են անձնակազմի ղեկավարման ու մարտի վարման նոր մոտեցումներ: Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում, ինչպես հրետանային ու տանկային ստորաբաժանումները, այնպես էլ հետևակը կարողացել են ներդաշնակ գործողությունների շնորհիվ պատվով կատարել ուսումնամարտական առաջադրանքները և խոցել նախանշված  թիրախները:




           ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`