31/05/2019

Մարտական մեքենաների բաքերից դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել ավագ լեյտենանտին և պարտադիր ժամկետային երկու զինծառայողներին.ՀՀ ՔԿ


Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա.Ղամբարյանը, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում՝ որպես պահակախմբի պետ, գողություն կատարելու նպատակով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ միասին մուտք է գործել  զորամասի պահակակետ և չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ պահակային ծառայություն իրականացնող պահակակետի ժամապահ, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ.Հովհաննիսյանին կարգադրել է չմիջամտել և չխանգարել իրենց գործողություններին, որից  հետո վերջինս, խախտելով պահակային ծառայությունների կանոնագրքի կանոնները, հեռացել է պահակային ծառայություն կրելու վայրից:

Այնուհետև` Ա.Ղամբարյանը, Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել զորամասի մարտական մեքենաների համար որպես կայանատեղի օգտագործվող շինություններ, որտեղ կայանված թվով 11 մարտական մեքենաների վառելիքի բաքերից ռետինե խողովակի միջոցով գաղտնի հափշտակել ընդհանուր 240 լիտր դիզվառելիք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 375-րդ հոդվածի 1-ին մասով, Ռ.Սարուխանյանին և Վ.Աբրահամյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Ռ.Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ղամբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`