05/05/2019

Արցախում վիրավորված զինծառայողը Մուրացան զինվորական հոսպիտալում է, վիճակը շարունակում է ծանր մնալ. ՊՆ մամուլի խոսնակ


Նախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ, «պետք է հասկանալ զինծառայողի առողջական վիճակի դինամիկան ինչպիսին է, որից հետո կորոշվեն հետագա քայլերը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ագանիկ Զորոգլյանը գտնվում է ծանր վիճակում եւ նրան կտեղափոխեն Երևան։
Հիշեցնենք, որ մայիս 4-ին ժամը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում Էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
NEWS.am-ի տեղեկություններով, Ագանիկ Զորոգլյանը վիրահատվել էր եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ. զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում:
21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում:
Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն՝ 1 տարի 4 ամիս առաջ:

Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`