30/05/2019

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը շրջանցում է իրական օրակարգերը

Օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայկական կողմից արձակված կրակից ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ banak.info-ն զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

- Պարոն Աբրահամյան, թերևս սկսենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Արդյո՞ք ՊԲ-ն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում, սահմանի ադրբեջանական հատվածում զինծառայող է խոցվել:
- Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում, նմանատիպ սադրանք՝ այս դեպքում տեղեկատվական բնույթի, սպասելի չէր: Ադրբեջանը ամեն քայլի դիմում է Արցախի հարցով իրական օրակարգերը շրջանցելու  և թեման մանր-մունր խորամանկությունների դաշտ տեղափոխելու համար:
 Եթե Ադրբեջանն իրականում շահագրգռված լիներ սահմանի հանգստությամբ, ապա կընդուներ տարբեր փուլերում բանակցությունների սեղանին դրված՝ վստահության ձևավորման ուղղված առաջարկները. դիպուկահարների՝ առաջնագծից դուրս բերում, շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրում և այլն:

- Այս փուլում նման շանս տեսնում ե՞ք, կա՞ հնարավորություն այդ առաջարկներն ընդունելու համար:
- Ինչպես գիտեք, միջնորդների այս առաջարկներին Հայաստանն ու Արցախը դրական են արձագանքել, սակայն Ադրբեջանը ոչ միայն դրանք չի ընդունում, այլ շատ հաճախ փորձում է ցույց տալ, թե այդ առաջարկները առհասարակ գոյություն չունեն։
 Քանի այս ու նմանատիպ հարցերում համաձայնություն չկա, դժվար է խոսել բանակցությունների վերսկսման մասին:

- Գանք հայաստանյան օրակարգին, մասնավորապես խորհրդարանում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Մասնավորապես, փոփոխություններ են նախատեսված «պատիվ ունեմ» ծրագրում, որտեղ ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն դառնում է 2 տարի, խստացվում է նաև ծրագրին մասնակից երիատասարդների ընտրությունը: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն այս հարցում:
- Օրենքում կատարվող ոչ բոլոր փոփոխություններին եմ տիրապետում, սակայն ծրագրի մասնակցության խստացումը անհրաժեշտ եմ համարում:
 Զինված ուժերն իրենց առջև խնդիր չեն դնում, զուտ թափուր տեղերը լրացնելու խնդիր կատարելու համարել, որ գործն արված է, մեր խնդիրը պետք է լինի պատրաստելու կադրեր, ովքեր համապատասխան հաստիքում ծառայություն կրելիս կլուծեն այն խնդիրները, որոնք ծառայության փուլում դրվելու է նրանց առջև:

  Մասնագիտական հանձնաժողովը պետք է ընտրի մասնակիցներ, ովքեր նվազագույնը հրամանատար ձիրք ունեն, կազմակերպված և կարգապահ մարդիկ են. փորձառու զինվորականների համար մասնակիցների որակներին տիրապետելը կարծում եմ բարդ գործ չի:
Ես կարծում եմ, որ անհրաժեշտ պայմանները ստեղծելու պարագայում կարող ենք ակնկալել, որ 2 տարվա ծառայությունից հետո, ծրագրին մասնակից սպաների մի մասը, եթե ոչ 2 տարվա ծառայությունից անմիջապես հետո, ապա հետագա տարիներին կհամալրեն ԶՈՒ շարքերը:
  Այս առումով, ոչ պակաս կարևոր հարց է նաև՝ պահեստազորում որակյալ, փորձառու կադրեր ներկայությունը, որովհետև եթե նույնիսկ ծրագրի մասնակիցները չերկարաձգեն ծառայության ժամկետը, ապա պետության համար նրանց ներկայությունը պահեստազորում ևս օգտակար է:

- Կարող է՞ արդյոք այս ծրագիրը մրցակցել ռազմական բուհերում տրվող կրթությանը:
- Սրանք տարբեր բովանդակություն, տարբեր խորություն և տարբեր նպատակներ լուծող հարթություններ են: Այս պահին դեռ շատ չեմ ծավալվի, սակայն առհասարակ ռազմական կրթության հարցը վերանայումների կարիք է զգում:
   Իհարկե շատ բարդ է լինելու, այն մեծ ռեսուրսներ է ենթադրում՝ ֆինանսականից գաղափարական: Մեծ անելիքներ ունենք այս ուղղությամբ և հուսով եմ, որ գործընթացը արագ ակտիվ փուլ կմտնի:


Լիանա Բրյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`