11/04/2019

«Յուրաքանչյուր դժվարություն ավելի ուժեղ դառնալու միջոց է». Արմինե Գրիգորյան

 Զինվորական ծառայությունը նախկինում համարվել է միայն տղամարդկանց մասնագիտություն, սակայն Առաջին աշխարհամարտի տարիներին հայտնվեցին առաջին կին զինծառայողները և ժամանակի ընթացքում կոտրեցին բոլոր կարծրատիպերը: Ավելին՝ այսօր բազմաթիվ երկրներում զինվորական ծառայությունը պարտադիր է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց համար: Հայաստանը ևս անմասն չի մնացել ռազմական ոլորտում կանանց ներգրավման գործընթացին. հայաստանյան ռազմական համալսարանները նույնպես պատրաստում են կին սպաներ:

  Նյութիս հերոսուհին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ոսկե մեդալով ավարտած, այժմ սպա՝ դասակի հրամանատար, լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Ծնվել է Ռուսաստանի Դաշնության Պոդոլսկ քաղաքում, ապրել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, սովորել տեղի դպրոցում: Երրորդ դասարանից զբաղվել է սպորտով՝ արևելյան մարտարվեստով: Մեծացել է ուսուցիչների ընտանիքում: Արմինեն դեռ վաղ տարիքից ուզում էր շարունակել ծնողների գործն ու ուսուցիչ դառնալ մինչև այն պահը, երբ դպրոցում սովորելու տարիներին ՆԶՊ առարկայի շրջանակներում մասնակցեց հանրապետական օլիմպիադաների ու բազմաթիվ ռազմամարզական խաղերի: Որոշեց դառնալ զինվորական՝ մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ: Հիշում է համալսարանում հայտնվելու առաջին օրը. իրեն նայող զարմացած աչքերին ըմբռնումով էր մոտենում:

 «Յուրաքանչյուր դժվարություն ավելի ուժեղ դառնալու միջոց է: Միշտ չէ, որ մեր հաջողություններով բոլորն են ուրախանում: Ես բացասական կարծիքները ժպիտով եմ ընդունում», - ասում է Արմինեն:
 Այժմ ծառայում է հարազատ Տավուշում: Ինչպես ռազմական համալսարանում սովորելու տարիներին, այնպես էլ ծառայության ընթացքում հաճախ է մասնակցել տարածաշրջանային ու միջազգային մրցույթների. «դրանք լավագույն միջոցն են ինքս ինձ ապացուցելու, որ ավելիին կարող եմ հասնել»:

 2017 թվականին մասնակցել է Մինսկում կայացած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթին: 2018 թվականին նույն մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Արմինեն այս տարի նույնպես մասնակցել է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի համաբանակային փուլին ու գրավել առաջին տեղը: Այժմ պատրաստվում է Հայաստանում՝ օգոստոսին կայանալիք միջազգային մրցույթի հաջորդ փուլին: Ասում է՝ «երբ սիրում ես մասնագիտությունդ ու քեզ չես դնում շրջանակների մեջ ցանկացած ոլորտում կարող ես դառնալ լավ մասնագետ»:
 Աղջիկների ծառայության մասին խոսելիս Արմինեն այն համոզմունքին է, որ Հայաստանում դեռ կա այն կարծրատիպը, որ բանակը կանանց տեղը չէ, ու դեռ երկար կշարունակվի:

 «Կարծում եմ, որ միայն իրենց մասնագիտական էությունը գիտակցող ու նպատակասլաց աղջիկները պետք է ծառայեն: Միայն այս դեպքում կարող ենք ապացուցել, որ զինվորական ոլորտում կանայք նունպես կարող են լինել ղեկավարներ, և ինչու ոչ ավելի զգոն ու պարտաճանաչ, քան տղամարդիկ»:
 Զինվոր- սպա փոխհարաբերության մեջ լեյտենանտը կարևորում է փոխադարձ հարգանքը, իսկ դրան հասնելու համար պետք են մասնագիտական բարձր պատրաստվածություն և հոգեբանորեն ճիշտ մոտեցում: Արմինեի՝ զինվորների հետ արդյունավետ աշխատանքի հաջողության բանալին յուրաքանչյուր զինվորի անհատական վերաբերմունք ցուցաբերելն է: 

 Արմինեի համար դժվար չի եղել զինվորական առօրյային հարմարվելը, իսկ զինվորական համազգեստ հաճույքով է կրում դեռ կուրսանտական տարիներից: Ժպիտով ասում է, որ իր ընկերական շրջապատում այժմ տղաներն են գերակշռում, իսկ վերջիններիս հետ շփման մեջ զավեշտալի դեպքեր շատ են լինում.
 «Հիշում եմ՝ սպորտմասսայական միջոցառման ժամանակ կուրսընկերներս ասացին՝ մինչև Արմինեն չկանգնի վազքի ժամանակ, մենք չենք կանգնելու: Բայց երբ շատ հոգնեցին, կանգնեցին ու բարկացան՝ թե ինչու՞ ես չեմ հոգնում»:

 Զինվորականին հատուկ գաղտնապահությամբ ու խստությամբ լռում է իր ծրագրերի ու ապագայի մասին հարցնելիս. «Ինչպես ասում են՝ պլանների մասին պետք չէ խոսել, պետք է գործով ապացուցել»:
 Ծառայությանը կից սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի միջազգային հարաբերություն բաժնում: Լինելով ռազմական ոլորտում ու մրցումների ընթացքում շփվելով բազմաթիվ օտարազգի զինվորականների հետ Արմինեն ասում է, որ դեռ շատ զարգանալու տեղ ունենք. բանակում պետք է բարձրացվի հրամանատարի դերը՝ որպես ղեկավար:

 Տարեց տարի ռազմական համալսարաններում աղջիկ կուրսանտների հանդեպ վերաբերմունքը փոխվում է, ինչի ապացույցը նրանց զգալի թվով շատանալն է: Արմինեն մեկն է այն աղջիկներից, որոնք հաղթահարելով թե՛ ուումնական դժվարությունները, թե՛ բացասական կարծիքները իրենց մասնագիտության մասին, այսօր համալրել են հայոց բանակի շարքերն ու կրում են զինվորականի բարդ ու պատասխանատու կոչումը:
                                                                                                                Լիանա Բրյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`