16/04/2019

Սահմանից այս կողմ փրկել մեկին, նշանակում է փրկել ինքդ քեզ

 «Կնոջ համար երեխաներից թանկ աշխարհում ոչինչ չկա, բայց երբ մայրը, երեխաներին թողած գնում է հայրենիք պաշտպանելու, նշանակում է նա հայրենիքն ավելի վեր է դասում իր երեխաներից ու սեփական կյանքից»:

 1992 թվականին բուժքույր (այժմ՝ գնդապետ) Աիդա Սերոբյանը, երբ հեռուստացույցով լսում է, որ պատերազմի դաշտում նույնիսկ հասարակ վիրավորում ունեցող զինվորը, առաջին բուժօգնություն չստանալու պատճառով մահացել է, երեխաներին հանձնել է մոր խնամքին ու գնացել առաջնագիծ: 

 92-ին Հաթերքի պարտիզանական ջոկատում Աիդա Սերոբյանը անցնում է ծառայության՝ մի ձեռքում առաջին բուժօգնության արկղը, մյուսում՝ զենքը: Երկու ամսով ռազմաճակատ մեկնած 34-ամյա կինը 4 ամիս ևս մնաց այնտեղ: «Իրականում էնտեղ անցկացրած 6 ամիսներից հետո նոր միայն սկսվեց իսկական պատերազմը, ու ես հասկացա, որ տուն գնալու մասին խոսելը դեռ վաղ է: Այդպես ես Արցախում մնացի շուրջ 4 տարի, ամեն անգամ մի նոր կյանք փրկելիս ավելի էի հասկանում այնտեղ լինելու կարևորությունը: 
Թեև անսահման կարոտել էի երեխաներիս, բայց ռազմաճակատը թողնել չէի կարող»: 

Հիշում է, թե ինչպես 18-20 տարին հազիվ բոլորած մի զինվոր ականի պայթյունից կորցնում է ոտքերը, իսկ ինքը շտապում է արագ օգնություն ցուցաբերել, վիրակապում է, հաղորդիչով խնդրում պատգարակ բերեն զինվորի համար: Սերոբյանը հետո, մոռանալով, որ այդ տարածքն ականապատ է, առաջանում է և գտնում զինվորի ոտքերը:
 «Երբ մատներիս վրա զգացի, որ ոտքի ջլերը շարժվում են, սարսռացի, բայց որոշել էի՝ էդտեղ չպետք է թողնեի»:
 Փորձում է աչքերին շողացող արցունքները պահելով պատմել այդ ամենը, բայց տեսածն ու ունեցած ապրումները թույլ չեն տալիս: 
Գնդապետ Սերոբյանը լուռ է, կարծես մտովի մարտի դաշտ է մեկնել ու նորից զինվորին օգնելու, փրկելու պատրաստակամությամբ: 
Ինչ-որ բան հիշելով հանկարծ ժպտում է ազատամարտիկը. 
«Աղջիկս հաճախ ինձ հարցնում է.
 -Մամ դու ո՞նց չես գժվել այդ ամենը տեսնելիս, 
-Ժամանակ չկար բալե՜ս, կռվել էր պետք, փրկել, ժամանակ չկար: Ինքս 4 անգամ վիրավորվել եմ ՝փրկելով զինվորների կյանքեր: 
Այնտեղ դու հաշվի չես առնում՝ ում ես փրկում, սահմանից այս կողմ փրկել մեկին, նշանակում էր փրկել ինքդ քեզ։

Հիշում եմ՝ երկար ճանապարհ էի անցնելու դիրքեր հասնելու համար, սովից ուժասպառ էի եղել, մեքենա չկար, ստիպված էի ոտքով գնալ,մեր մեքենայի սարքելուն չսպասեցի. բա որ մի զինվոր իմ կարիքն ունենար, ո՞նց մենակ թողնեի: 
Ճանապարհի եզրին նստած մի պապիկից հաց խնդրեցի, ասաց՝ նստեմ, ուտեմ, նոր շարունակեմ ճամփաս, բայց չէի համբերում, թե երբ դիրքեր կհասնեմ: 
էդպես ուտելով շարունակեցի բավական երկար, մինչև մի տանկի հանդիպեցի»: 

Երկար լռությունից հետո նորից մտովի գնում է Արցախ.
 «Կանգնած էի մարտի դաշտում, արդեն անհույս, որ երբևէ կավարտվի այս պատերազմը, երբ քարինտակցի մի զինվոր՝ ինձնից ահագին հեռու, գոռում է. -Դոխտուր, աչքդ լույս ինի՜, կռիվը պրծալա՜…
 -Չի կարող պատահի, չի կարող պատահի՜… 
Չեմ էլ հիշում, թե ինքնաբերաբար քանի անգամ կրկնեցի այս բառերը: 
Զինվորի այդ մի նախադասությանը կարծես մի ամբողջ կյանք էի սպասել: 
Այդ պահին ես հասկացա, որ իմ հայրենիքի համար արել եմ այն, ինչն իմ ուժերից վեր չի եղել, ինչ կարողացա՝ լիովին արեցի»,-ասում է գնդապետ Սերոբյանը:
 «Երբ Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված գիրք ստացա մարտական ընկերոջիցս, որտեղ սխալմամբ ինձ մահացածների մեջ էին ընդգրկել, կարծես սկսեցի հետմահու ապրել: Միշտ մտածել եմ՝ եթե մահանամ, ի՞նչ կգրեն իմ մասին, ու երբ կարդացի ինձ նվիրված տողերը, ուրախությանս չափ չկար: Իմ բազմաթիվ շքանշաններից ավելին էին ինձ համար այդ տողերը՝ երախտիքի խոսքերը. իմ վաստակի գնահատականն էին …»:

 Հպարտ հայացք, խրոխտ կեցվածք, ազնվություն ու ինքնավստահություն. ես այդ հայացքը տեսել եմ միայն պատերազմ ապրածների դեմքին: 

Մերի Գևորգյան





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`