10/04/2019

«Մարաղայում իրականացվածը պարզապես ռազմական հանցագործություն չէր, այլ ցեղասպանական գործողություն». Տարոն Հովհաննիսյան

1992 թվականի ապրիլի 10-ին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի համար ամենաողբերգականը եղավ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում: Այդ մասին ենք զրուցել ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ:

- Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ է իրականում կատարվել Մարաղայում:
-1992թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի և միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՈՆ) ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ։ Այս ռազմական հանցագործության արդյունքում գյուղում մնացած 118 մարդուց՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, սպանվեց ավելի քան 50 խաղաղ բնակիչ, գերեվարվեց՝ 49-ը, այդ թվում՝ 9 երեխա և 19 կին, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Գյուղն ամբողջությամբ հրկիզվեց։ 

- Արդյո՞ք սա եզակի դեպք է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատմության մեջ:
 -Այս ոճրագործությունն առանձնանում է նրանով, որ փաստացի սա արդեն նորանկախ Ադրբեջանի կողմից իրականացված առաջին նմանատիպ ռազմական հանցագործություններ էր: Ականատեսներից մեկը նշում է, որ իրենց վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներից մեկն ասել է, որ իրենց նպատակը ոչ թե հայ խաղաղ բնակչությանը գյուղից դուրս հանելն է՝ այլ «մինչև վերջին մարդը ոչնչացնելը»: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Մարաղայում իրականացվածը պարզապես ռազմական հանցագործություն չէր, այլ ցեղասպանական գործողություն: Հարկ է առանձնապես ընդգծել այն հանգամանքը, որ Մարաղայում իրականացված ցեղասպանական գործողությունից հետո Ադրբեջանը պարգևատրել է ռազմական հանցագործներին: Այդ թվում գործողությունը ղեկավարած հրամանատարներից մեկը՝ Շահին Թաղիևը, առաջինների թվում է, որոնք ստացել են նորանկախ Ադրբեջանի «ազգային հերոսի» կոչում: Փաստացի Ադրբեջանի իշխանությունները դեռևս այդ ժամանակ ցույց են տվել, որ իրենք խրախուսում են մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունները: Սա արդեն իսկ փաստում է, որ այդ ամենը իրականացվել է Ադրբեջան պետության անմիջական ներգրավմամբ և խրախուսմամբ ու չի կրել լոկալ բնույթ: Նաև հետագա տարիներին Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նշված ձեռագիրը չի փոխվել: 2004 թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը այսօր իբրև «լավ օրինակ» է ներկայացվում Ադրբեջանում՝ ամենաբարձր մակարդակով: Բացի այդ, 2016 թ. ապրիլին Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների դեմ անմարդկային ռազմական հանցագործություններ իրականացրած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ևս պարգևատրվել են: Ըստ որում բազմիցս փաստված է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներին գլխատած առնվազն երկու ադրբեջանցի զինծառայող պարգևատրվել է անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ընդ որում մեկը՝ «արիության համար»: Նշվածը մեկ անգամ ևս ի ցույց է դնում, որ այս ամենը հարկավոր է դիտարկել իբրև շարունակական գործողությունների շղթայի մասեր, որոնք կազմում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության բաղադրիչները: Նշված գործողությունները և Ադրբեջանի Հանրապետության որդեգրած դիրքորոշումը մեկ անգամ ևս ապացուցում են, որ Արցախի բնակչության ինքնորոշումը և Ադրբեջանից անկախ պետականության կայացումը այլընտրանք չունի՝ հաշվի առնելով հակառակ դեպքում Արցախի բնակչությանը սպառնացող ցեղասպանման և բնաջնջման վտանգը:

- Տեղեկատվական պատերազմների ընթացքում այս թեման ի՞նչ լույսի ներքո է ներկայացվում և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ադրբեջանական կողմը:
 -Մարաղայում իրականացված խաղաղ բնակչության ջարդերը պատերազմից առաջ, ընթացքում և հաջորդած շրջանում իրականացված շատ այլ դեպքերի տարբերվում են նրանով, որ փաստերն անհերքելի են: Հաշվի առնելով այն փաստը, որ Մարաղայում հայկական խաղաղ բնակչության կոտորածն իրականացվել է ապրիլի 10-ին, իսկ նույն օրը գիշերը գյուղն ազատագրվել է՝ առկա են բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ, որոնք հստակ կերպով փաստում են կատարվածը: Կոտորածից անմիջապես հետո գյուղ է այցելել նաև Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը և նա ևս ականատես է եղել ոճրագործության հետևանքներին: Նրա խնդրանքով սպանված խաղաղ բնակիչների մարմինները արտաշիրիմվել են և այդ ամենը տեսանկարահանվել է: Այդտեղ պարզ երևում է ինչպես են խոշտանգել մարմինները, այրել մարդկանց: Այս ամենը ըստ էության Ադրբեջանի համար անհնարին է դարձնում հակափաստարկների ներկայացումը, ինչը ևս հավանաբար իր ազդեցություն ունեցել է, որ այդ պետությունը այս ուղղությամբ ակտիվ հակաքարոզչական աշխատանքներ չի իրականացրել: Սակայն հայկական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տանի թե՛ հայկական հասարակության շրջանում, թե՛ միջազգային հանրության շրջանում նշված իրադարձությունների վերաբերյալ առկա տեղեկատվությունը տարածելու համար: 

 -Իսկ հայկական կողմը մինչ այժմ ի՞նչ աշխատանք է տարել այս ամենի իրավական գնահատակնները ամրագրելու և իրավական պատասխանատվության կանչելու համար:
 -Մարաղայում կատարվածին իրավական գնահատական տալու և միջազգային մակարդակով այս ամենը ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել: Մինչ օրս բավականին մեծ աշխատանք է տարվել հասարակական կազմակերպությունների մակարդակով, մասնավորապես՝ Լարիսա Ալավերդյանի հիմնադրած «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ջանքերով: Բավականին ծավալուն հետազոտություններ իրականացրել է նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Մարինա Գրիգորյանը, սակայն պետական մակարդակով միջազգային հանրության շրջանում և առավելապես միջազգային դատական ատյաններում գրեթե աշխատանքներ չեն իրականացվել: 2019 թ. ապրիլի 10-ին հենց նշված երկու կառույցների՝ ՀՀ վարչապետին առընթեր ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի և ԸԻԿ ՀԿ-ի կազմակերպմամբ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեցին նաև Մարաղայի ցեղասպանության թեմայով լսումներ, որի ընթացքում նշված հարցերը քննարկվեցին: Լսումներին մասնակցում էին նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի ազգային ժողովի ներկայացուցիչներ, փորձագետներ: Այստեղ ևս հստակորեն ընդգծվեց այն, որ պետական մակարդակով այս ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ քաղաքականություն մշակել և հստակ աշխատանքներ տանել: Կարծում եմ, որ այս և նմանատիպ այլ խնդիրներով, որպես մեկ ցեղասպանական գործողության բաղադրիչներ, ակտիվ աշխատանքներ պետք է տանեն ՀՀ ազգային ժողովը, արտգործնախարարությունը, ինչպես նաև համապատասխան պետական այլ գերատեսչությունները՝ աշխատելով կատարվածին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լիանա Բրյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`